Գրքեր

Արտաքսման կիրակիի քարոզ

«Մի՛ կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա՛ ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մատթ. Ե 17)

Մեծի Պահոց մեր ապաշխարության և ինքնաքննության ընթացքին մեջ այսօր երկրորդ կիրակին է, որ մեր Եկեղեցին կոչել է Արտաքսման կիրակի: Մեր նախահայրերու դրախտեն վտարման պատմության մեջ մենք կոչված ենք մեր ապաշխարանքի ճիշտ ուղին գտնելու, հասկանալու, թե ինչո՞ւ ենք ապաշխարում, մանավանդ ի՞նչ պետք է անել, որպեսզի ապաշխարանքը իր լիարժեք իմաստն ստանա:

Իրոք, մեր Եկեղեցին Աստծո ընտանիքն է, ուր եկող ամեն մի հավատացյալ, իր փրկության հույսը իր հոգու պայծառության մեջ և հոգու կրթության մեջ տեսնելով, այդ փրկությունը, շնորհը կջանա իր առօրյա կյանքին մեջ իրագործել: Այդ իմաստով մեր եկեղեցին իր հավատացյալների հանդեպ ինչպիսի զգայուն վերաբերմունք է ցույց տալիս, երբ մեր ամբողջ ապաշխարության կյանքը փորձում է առաջնորդել միայն ու միայն Տիրոջ խոսքերով, Նրա պատվիրաններով և Նրա՝ մեզի տված շնորհներով: Որովհետև ոչ մեկ պատվիրան ինքնանպատակ չէ: Այդ պատվիրանները եղել են մի ուղի, որ մենք մեր Աստծո տունը գտնենք: Նրա շնորհքով առաջ գնանք, Նրա ուժը, Նրա իմաստությունը մեր մեջ հանգչի: Որովհետև, ինչպես ասում է մեր մեծ խորհող աստվածաբան Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետը, «Հավատով Աստված մեր մեջ կհանգչի, և մարդը դեպի Աստված կուղվի»:

Տեսնենք, թե այսօր մեր հայրերը ինչ են վերապահել, ինչ ավետարանական հատվածներ են մեր ուշադրությանը հրավիրում, որպեսզի մենք այդ ապաշխարության շրջանի հիմնական նպատակը իրագործենք: Ս. Ավետարանի ընթերցման պահուն Հիսուս՝ ամենամեծ ուսուցիչը Եկեղեցու, Որուն Վարդապետ անունն էլ կտանք, իբրև կրթիչ, դաստիարակիչ և ծնող ամենքիս՝ ասում է. «Մի’ կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա՛ ջնջելու, այլ՝ լրացնելու»:

Մեր Տերը առաջին հերթին օրենքի կարևորության մասին է մեզ հետ խոսում շատ մտերմիկ շեշտով: Ինչո՞ւ: Շատ պարզ է: Հիմա, որ եկեղեցուց դուրս գաք, ի՞նչ փորձառության պիտի հանդիպեք: Այսօր մարդիկ օրենքը գործադրելու մասին չէ, որ մտածում են: Կարծեք՝ հերոս դառնալու համար պետք է օրենքին դեմ գնալ: Այդպես է մարդկային բնությունը: Ինչո՞ւ վտարվեցին մեր նախահայրերը: Աստված ամեն ինչ տվեց նրանց, դրախտը տվեց, որուն կարոտը մենք ունենք հիմա: Մի օրենք սակայն դրեց, ասաց, որ բարվո և չարի իմացության ծառից մի կերեք: Մեր հայրերը հակառակ գնացին այդ միակ օրենքին: Օրենքը, ըստ Հիսուսի, Աստծո ընտանիքը, աշխարհը պահելու այն կանոնակարգումն է, որի մեջ բոլորս կարող ենք միասին գործակցել և իրար օգնելով ապրել: Երևակայեցեք, որ օրենքը չկա, ի՞նչ պիտի լինի մեր կյանքը՝ քաոս: Հիմա, քիչ ետք, տուն պիտի գնաք: Որևէ մեկ անցորդ, որևէ մեկ ավտոմեքենա օրենքը պահո՞ւմ է: Քիչ կմնա՝ մեզ տրորեն: Մենք չենք պահում նույնիսկ եկեղեցի իսկ գալու օրենքները, թե պետք է պատշաճ հագնվիլ, պետք է լուռ մնալ: Պահո՞ւմ ենք օրենքը: Ո՛չ, առաջին խախտողներն ենք բոլորս:

Մարդու բնության մեջ կա օրենքին չհնազանդվելը: Բայց մեր Տերը ասում է, որ օրենքը կարևոր է, որովհետև ինքնանպատակ չի: Օրենքի պատվիրանի միջոցով, որ Աստված տվել է, մենք մի կարևոր բան ենք անում՝ Աստծուն ենք ճանաչում: Առանց Նրա խոսքը լսելու, պատվիրանները լսելու մենք ինչպե՞ս Աստծուն պիտի հանդիպենք: Ամեն մեկ պատվիրանի միջոցավ դուք Աստծո ձայնն եք լսում, Աստծո պատկերն եք տեսնում, Աստծո հոգին եք ընկալում, Նրա շնորհքի, Նրա իմաստության մեջ եք լինում, և այդ իսկ պատճառավ Հիսուս ասում է. «Ես եկել եմ ոչ միայն օրենքը գործադրելու, այլ եկել եմ օրենքը կատարելագործելու, ամբողջացնելու»:

Մեր Եկեղեցու հավատացյալներին պարտավորությունը չէ միայն պահոց օրենքները գործադրել, այլ դրա իմաստը գիտնալով այդ օրենքը կատարելագործել: Իրավամբ հարց պիտի տաք, թե ինչպե՞ս ենք օրենքը կատարելագործում, ինչպե՞ս ենք օրենքը լրացնում: Հիմնական սկզբունքը կրկին մեր Տերը Ինքն է բացատրում՝ ասելով. «Արդ, դուք կատարյալ եղեք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրը կատարյալ է»: Ի՞նչ պիտի հասկանանք այս խոսքերից, ի՞նչ պիտի անենք, որ Աստծու պես կատարյալ լինենք:

Մեր Տերը մեզ անուղղակիորեն հուշում է և թելադրում, որ մտածենք, թե երեխանները ինչպես են մեծանում և իմաստություն և փորձառություն ձեռք բերում: Մի պահ եթե այդ մասին խորհենք, պիտի տեսնենք, որ նրանք փորձում են նմանվել իրենց հորը, մորը կամ դաստիարակին: Նրանց ասածներն ու արածներն են կրկնօրինակում: Իրենց ծնողաց և դաստիարակին սիրուց մղված լսում են նրանց խրատներին, հետևում թելադրված կենսաոճին և շնորհալի, օգտակար և գիտակից քաղաքացիներ են դառնում:

Մեծահասակներս նույնը չե՞նք անում: Փորձում ենք նմանվել անվանի, հարուստ, ազդեցիկ և ղեկավար մեծ մարդկանց: Ավելի վատ, նույնիսկ փորձում ենք նմանվել հեռուստացույցի մեջ մեր տեսած կինոնկարների և սերիալների հերոսներին: Նրանց նման ենք քայլում, նրանց նման ենք խոսում, նրանց նման ենք հագնվում և նրանց վարքն ենք ընդօրինակում:

Նմանվելու ցանկությունը կա, բայց արդյո՞ք միշտ դեպի բարին և լավն ենք ուղղորդվում: Ո՛չ երբեք: Մենք աշխարհով մեկ դարձել ենք նույն տիպի մարդեր: Մեկը մի բան արեց, մենք ալ պիտի նույնը անենք: Մոռանում ենք ամեն օր, որ ամեն րոպե, ամեն վայրկյան Աստված ինչ է անում, և չենք նմանվում մեր Աստծուն: Պատվիրանի միջոցով, Աստծու դրած օրենքների հնազանդության միջոցով մենք նմանվում ենք Նրան:

Եկեք՝ հարց տանք: Ինչպե՞ս պատահեց, որ աղքատ, մուրացիկ, գերի, ստրուկ առաջին դարու քրիստոնյաները Հռոմեական կայսրությունը նվաճեցին: Քրիստոնյա ստրուկը անում էր իր գործը, բայց այդ գործը անում էր իր երկնավոր Տիրոջ հանդեպ հավատարմությամբ և այդու իսկ տարբերվում էր մյուս ստրուկներից: Հռոմեացիները, ազնվականները կանչում էին և հարց տալիս, թե դու ո՞վ ես, ինչո՞ւ գործդ այլոց պես չես անում: Այդ ստրուկները նաև զարգացած մարդիկ էին և դաստիարակում էին ազնվականների երեխաներին: Տանուտերերն ասում էին, թե ուրիշ ուսուցիչ բերել ենք մեր զավակներին կրթելու, բայց դուք տարբեր եք: Քրիստոնյաները ասում էին. մեր Տերը այսպես է դաստիարակել մեզ, Իր հրամանը այս է, հնազանդվիր տիրոջդ, հնազանդվիր օրենքին: Ոչ թե մի գործ անել ու անցնել, այլ ամբողջ սրտով աստվածահաճո գործ անել: Եվ այսպես Աստծո գործերով ամբողջ Հռոմեական կայսրության ուժին հաղթեցին:

Իրավամբ մեր հոգևոր ուժին աղբյուրը աստվածանմանությունն է և ապաշխարանքը՝ Աստվածճանաչողություն է: Եթե կուզեք մեր Տերը լավ ճանչնալ, եթե կուզեք Իրեն նմանվելու ճիգը հաջողցնել, այսօր մեր Եկեղեցու թելադրանքն է՝ Ավետարան կարդալ, մեր Տիրոջ խոսքը լսել, ճիշտ հասկանալ այդ խոսքերը, որպեսզի մեր Աստծուն հարազատ պատկերը կարողանանք լիարժեք ցոլացնել:

Մեր Եկեղեցու զավակները պիտի նկատեն, որ պահոց օրերին մեր հավաքական աղոթքների ընթացքին Աստվածաշնչական ընթերցումներ շատ ենք կատարում՝ երբեմն երկար և ձանձրացուցիչ շատերի համար: Բայց Եկեղեցին գիտի, որ այս օրերին մեր ժողովուրդը Աստվածաշունչ չի կարդում: Առանց Աստվածաշնչի չկա Աստվածճանաչողություն: Աստվածաշունչը պետք է մեր բարձի գիրքը ընել, պետք է մեր գրասեղանի գիրքը լինի, մեր աշխատանքի ուղեցույցը, որովհետև մենք ի վերջո Ավետարանի քարոզիչներն ենք և Ավետարանի կյանքը տարածողները:

Ասվածը ընդհանրացնելու համար, վերադառնանք այսօր եկեղեցում մեր կատարած աղոթքներին:

Շարականագիր վարդապետը ասում է. «Սուրբ պահքը Աստծու օրենքն է», և տեսանք, որ մեր նախահայրերը մի օրենք որ չպահեցին, ինչ եղավ դրա հետևանքը: Մենք վտարվեցինք դրախտից, ինչպես շարականագիրն է ասում. «Սուրբ պահքի օրենքը նախապես, սկզբնապես, դրախտի մեջ անգամ Դու դրիր, Տեր, և ավանդեցիր մեր նախահայրերին: Արդ, նրանք երբ չպահեցին, գացին արգելված՝ մահաբեր պտուղ ճաշակեցին, դրա համար մահվան դառնությունը ճաշակեցին: Ուստի, Տեր, Քեզանից մի խնդրանք ունենք կարևոր, Դուն պատվիրաններուդ քաղցր լինելը մեզի սովորեցրու»:

Երկրորդ կարևոր աղոթքը, որ շարականների երգեցողությամբ արեցինք, հետևյալն է: Ճիշտ է, մեր նախահայրերը իրենց անհնազանդության հետևանքով արտաքսվեցին դրախտից, բայց Դու, Ով Տեր, չես ուզում մեզ դրախտից արտաքսել: Դրա համար Քո սիրով, Քո պատվիրաններով մեզ խրատեցիր, մեզ իմաստություն շնորհեցիր, որ Դրախտ վերադարձի ապաշխարության ճանապարհը գտնենք: Մեր նախահայրերը օձին լսեցին և նրա մահաբեր թույնը ճաշակեցին: Իսկ մեզ Դու տվեցիր անմահական կենաց ճաշակը և նրանով մեզ փրկության առիթ շնորհեցիր:

Իրոք, այս է Եկեղեցու իսկական առաքելությունը: Դա այն անլռելի զանգակատունն է, որ մարդկանց ավետում է՝ Աստված չի ցանկանում որևէ մեկին արտաքսել դրախտից: Նա ցանկանում է անմահական դրախտի կարոտը արթնացնել յուրաքանչյուր մարդու հոգվույն և սրտին մեջ, որպեսզի նրան հնարավորություն տա վերադառնալու իր Հոր տունը:

Իբրև Աստծո տուն այսօր մեր ժողովուրդը պիտի հավատա, որ Աստծո պատվիրանները զրկանք չեն, մեզ աղքատացնող և նվաստացնող դրույթներ չեն: Պահքը այս կամ այն կերակուրը ուտելը չի, այլ Աստծո հնազանդ լինելու քաղցրությունը վայելելն է, Իր մեջ լինելու, Նրա հետ ապրելու մեր ճիգին արտահայտությունն է:

Մեր Եկեղեցին ցանկանում է, որ մենք Աստծո կարոտով սնվենք, որպեսզի մի օր Իր տունը վերադառնալու առիթն ունենանք և Նրա քաղցրությունը ճաշակելու, Նրա հրաշք կյանքը ժառանգելու իրավունքը ձեռք բերենք:

Անառակ որդին ինչպե՞ս փրկվեց: Կարոտեց իր Հոր տունը, կարոտեց իր հորը, կարոտեց իր հալալ, արդար աշխատանքը: Այսքան անօրինականությանց մեջ, այսքան օրենքների խախտումից ինչ ենք մենք շահում, պատվական ժողովուրդ հայոց: Այսօր Աստծո և մեր Եկեղեցու կոչն է՝ օրենքի քաղցրությունը զգալ, կարոտել Նրան, մեր Տերը լավ ճանաչելով, Նրա կյանքը տարածել այս աշխարհում:

Օրենքը պահեք, որովհետև Եկեղեցվո օրենքները դառը չեն, ինչպես ասում է շարականագիրը՝ քաղցր են նրանք: Այդ քաղցրությունը այսօր Եկեղեցին ցանկանում է տալ ձեզ, որպեսզի կատարյալ, արդար Աստուծո բարի զավակները լինեք այժմ և հավիտյանս. Ամեն:

 

Տ. Տաթև արք. Սարգսյան

(քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում Արտաքսման կիրակիին մատուցված Ս. Պատարագին, 25 փետրվարի 2007 թ.)

 

10.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․