Գրքեր

«Ասֆալտի վրա ապրող երեխաների տներում արդեն հայ երգ չկա»

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունը «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում առիթ է ունենում մասնակիցը լինելու տարաբնույթ բանախոսությունների և քննարկումների՝ հոգևորականների և մշակութային գործիչների բանախոսությամբ:

Հոկտեմբերի 10-ին՝ Սբ. Թարգմանչաց տոնին, եկեղեցու կից սրահում  հերթական հանդիպման հյուրը «Շողակն» ֆոլկ անսամբլի մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստուհի Հասմիկ Հարությունյանն էր: «Ճանապարհ դեպի Հայաստան» խորագիրը կրող հանդիպումը համահունչ էր Սբ. Թարգմանչաց տոնի ոգուն՝ պահել և պահպանել այն արժեքները, որ բխել են հայի ինքնությունը կերտող ակունքներից:

Բանախոսությունը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սկսվեց «Տերունական աղոթք»-ով, ապա Տեր Հայրը համառոտակի ներկայացրեց «Եկեղեցին մենք ենք» ծրագիրը և նրա նպատակը: Օրվա բանախոսին ուրախություն էր պատճառել հրավերքը, ինչը վկայում է, որ կա հետաքրքրություն այն երաժշտության հանդեպ, որ հայկական է, ավանդական, մաքուր, հարուստ և բազմագույն: Մշեցու արմատները կրող նահապետական ընտանիքի ժառանգը նախ անդրադարձավ իր նախնիների պատմությանը՝ նշելով, որ Մեծ Եղեռնն իրենց մեծ գերդաստանից կենդանի էր թողել միայն իր տատիկին և նրա մորաքրոջ տղային: Վառ են երգչուհու հիշողությունները. տատը մեծ ուրախությամբ և նախանձախնդրությամբ փորձում էր իր ընտանիքին, թոռներին, բոլոր ծանոթ և անծանոթներին փոխանցել ազգային երգի հարստությունը, որ անցնելով գաղթի դաժան ճամփան՝ դեռ կենսունակ էր և ուզում էր ապրել:

Հասմիկ Հարությունյանի ուսումնառության ուղին շատ պատահական է իրեն ուղղորդել դեպի Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, ապա՝ հանգամանքների բերումով Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի  ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ: Վերջինս իր նպաստն էր ունեցել երգչուհու համար, քանի որ արվեստի մեջ կարևոր է տրամաբանությունից բխող գործունեությունը: Մինչ 1995 թ-ին «Շողակն» ֆոլկ անսամբլի հիմնադրելը, ինը տարի երգել է «Ակունք» ազգագրական անսամբլում, ապա նաև հիմնադրել է «Հայրիկ Մուրադյան»-ի անվան ավանդական երգի և պարի  մանկական անսամբլը: Հասմիկ Հարությունյանը թողարկել է նաև հայկական օրորոցային, հայկական ավանդական աշխատանքային և հարսանեկան երգերի ձայնասկավառակներ: Դասավանդել է նաև հանրակրթական դպրոցներում, այժմ էլ դասավանդում է Հայաստանում հավատարմագրված դեսպանատների աշխատակիցների զավակներին՝ սովորեցնելով, թե ո՞վ է հայը, ի՞նչ մշակույթ է կրում և ի՞նչ ներդրում ունի համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Անդրադառնալով «Շողակն» համույթի գործունեությանը՝ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ  օտար երկրների  հրավերներով օտարերկրյա բեմերում ելույթներից բացի, նրանք տեղի հալասարաններում դասախոսություններ են անցկացնում՝ ներկայացնելով հայկական ավանդական երաժշտական գործիքները:

«Որոշ երկրներում ընգծված հետաքրքրությունը ֆոլկլորի հանդեպ կայանում է նրանում, որ հրավիրվեն երաժիշտներ այն երկրներից, որ դեռևս պահպանել են իրենց հին մշակույթը՝ փորձելով օգնել իրենց ժողովրդին գտնելու իրենց իսկ արմատները»,- ասաց երգչուհին:

Ի՞նչ ենք փոխանցելու մեր սերնդին

Կարևոր մի հարցադրում, որին անդրադարձավ օրվա բանախոսը, կարևորելով այն հանգամանքը, որ երեխային դեռ օրորոցից պետք է փոխանցել ազգային հարուստ ժառանգությունը: Օրորոցային երգերի հավաքագրումը հետաքրքիր ճանապարհ է անցել Հասմիկ Հարությունյանի կյանքում. եղբոր երեխաների համար սկսել է օրորոցային երգել, բայց նրանք անընդհատ նորն են ցանկացել լսել:

Ժանրի այս տեսակի հետ կապված նա ասաց, որ օրորոցայիններն էպիկական ժանրի մեղեդիներ են և տիեզերական խորհուրդ ունեն: Օրորոցի մոտ նստած մայրն երկինք-երկիր տիեզերական խորհրդով էր երեխայի կյանքի ճանապարհի սկիզբը դնում:

Երգչուհու մտահոգությունն էր. «Ասֆալտի վրա ապրող երեխաների տներում արդեն հայ երգ չկա: Իմ ընտանիքում հայ երգը ձեռք եմ բերել միջավայրի շնորհիվ: Հորս խորհրդով մեր տուն եկող ամեն մի հյուրին երգ ու պարով էինք ճանապարհում»:

Օրորոցայինի կատարումով Հասմիկ Հարությունյանը տիեզերական խորհրդի մասնակիցը դարձրեց ներկաներին, նրանցից շատերն առաջին անգամ էին ունկնդրում օրորոցային: Ապա երգչուհու հետ բոլորը միասին երգեցին «Վարդան զորավար» ազգային երգը:

Հանդիպման մյուս հատվածը ծավալվեց համայնքի և երիտասարդաց միության անդամների կողմից երգչուհուն ուղղված հարցերի շուրջ:  Հանդիպումն եզրափակվեց Տեր  Գրիգորի և ներկաների երգչուհուն ուղղված շնորհակալական խոսքով, նաև Տեր Հոր առաջարկությամբ, որ շաբաթական մեկ օր հնարավորություն ունենան անդրադառնալու հայ երգի մաքուր ակունքներին՝ բացահայտելու համար հայ երգի փիլիսոփայությունը:

 

Կարինե Սուգիկյան

10.10.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․