11 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

Աշխարհամատրան կամ կանաչ կիրակի

Սիրելինե՛ր,

Այսօր, երբ բնությունը Քրիստոսի հարության կենդանի ու ակնառու մարմնավորումն է` ձմեռային անկենդանությունից հետո վերստին կենդանանալով ու խամրած գույները զմրուխտով փոխարինելով, երբ բուսական աշխարհի երակներում կրկին կյանք առած ավիշի կենդանարար շրջապտույտի ձայն անգամ կարող ես լսել զարթոնքի շունչն առած բնության գրկում, մեր Մայր եկեղեցին նշում է Կանաչ կիրակին: Առաքելահիմն մեր սուրբ եկեղեցին այս կիրակին նշում է նաև Աշխարհամատրան անունով` հիշատակելով աշխարհի առաջին մատուռը` երուսաղեմյան վերնատունը, որ նախատիպն է առաքելահաստատ բոլոր եկեղեցիների: Այստեղ Քրիստոս հավաքեց Իր առաքյալներին` նրանց հետ կիսելու զատկական ընթրիքն ու հաստատելու սուրբ Հաղորդության խորհուրդը` սեփական մարմինն ու արյունը ընծայելով՝ որպես Նոր ուխտի պատարագ: Այստեղ Նա հանդիպեց աշակերտներին Իր փառաշող հարությունից հետո` տալով կյանքի հաղթանակի ավետիսը: Այստեղ Քրիստոսի հետևորդները ստացան Սուրբ Հոգին, որն էլ մշտապես ուղեկցեց նրանց` մխիթարելով, ուղղելով, օգնելով և զորացնելով աստվածապատգամ այն գործում, որին կոչվեցին հարուցյալ և համբարձյալ Տիրոջից:

Ինչպիսի՜ երանություն, որ մենք ևս ունենք այդ վերնատունը` Հոր տունը, որտեղ մշտապես ներկա է Հոգին և որտեղ մեզանից յուրաքանչյուրի հետ հանդիպմանն է սպասում Որդին: Սակայն արդեն տևական ժամանակ է՝ չենք գալիս: Ինչո՞ւ: Որովհետև վերնատան դռները փակ են մեր առջև: Ինչո՞ւ են փակ: Որովհետև ինչ-որ մեկը մահաբեր վարակ է ստեղծել ու տարածել ամբողջ աշխարհում: Կամ չի ստեղծել, այլ ուղղակի ինչ-որ մեկի անփութության պատճառով արդեն եղած վարակը տարածվել է: Կամ որովհետև ինչ-որ մեկը ժամանակին չի փակել սահմանները և այն տարածվել է: Եթե ես հիմա լռեմ, վստահ եմ դուք սիրով կշարունակեք` առաջ քաշելով մեղադրյալի ձեր թեկնածուներին:

Մենք շարունակում ենք մեղավորներ փնտրել ու գտնել ամենուր և ամեն մեկի մեջ` մեզանից բացի: Այսպես կարող են վարվել աշխարհի որդիները, որոնց մեղքերի համար դեռ չի մեռել Քրիստոս: Սակայն դո՞ւք: Ձեզ ի՞նչ է սովորեցնում Քրիստոս Աստված արդեն երկու հազար տարի: Ի՞նչ է սովորեցնում առաքելաշավիղ եկեղեցին: Ի՞նչ են սովորեցնում սրբերն ու եկեղեցու հայրերը. քեզանից բացի այլ մեղավորներ մի՛ փնտրիր: Միակ մարդը, որի մեղքերը կարող ես քննել` դու ես և ոչ մեկին դատելու իրավունք չունես՝ անգամ քեզ, քանի որ միակ դատավորն ու միակ դատավճիռ կայացնողն Աստված է: Ուստի միակ բանը, որ յուրաքանչյուր իրավիճակում կարող է և պետք է անի մեզնից ամեն մեկը` իր սեփական մեղքերը տեսնելն է ու Ամենակալից ողորմություն աղերսելը:

Հիմա կասեք, թե ձեր մեղքերն ի՞նչ կապ ունեն համավարակի հետ: Ասեմ՝ կապ ունեն այնքանով, որքանով որ զրկվել եք ինչ-ինչ բաներից, որ պարզվում է՝ թանկ են ձեզ համար: Այս պարագայում կոնկրետ` եկեղեցի հաճախելուց: Եվ կրկին հաստատում եմ քիչ առաջվա խոսքս` պատճառը յուրաքանչյուրը թող իր մեջ փնտրի, իսկ ես կօգնեմ:

«Մենք աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք», «Մենք հայ քրիստոնյա ենք», ճի՞շտ է: Ճի՛շտ է: Սակայն սրանք, ցավոք, լոկ պաստառներ են, որ ժամանակ առ ժամանակ պահարանից հանում ենք օտարներին ցույց տալու և կրկին այնտեղ պահելու համար: Քանի որ, եթե իսկապես լինեինք այն, ինչ ասում ենք, ապա մեր եկեղեցիները չէին բավարարի բոլոր հայ քրիստոնյաներին տեղավորելու համար: Որովհետև տեսե՛ք` Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ բնակչության գերակշիռ մեծամասնությունը նույն ազգին է պատկանում և նույն կրոնի հետևորդ է: Մեր ժողովրդի մեծամասնությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում մկրտված է, ուստի և հետևորդ է համարվում: Բայց ո՞ւր եք դուք, սիրելի՛ հայ քրիստոնյաներ: Չէ՛, ձեր շուրջը մի՛ նայեք` մեղավոր գտնելու նպատակով, քանի որ Քրիստոս ասաց՝ աչքիդ գերանը թողած, եղբորդ աչքի շյուղը մի՛ հանիր (Հմմտ. Մտթ. 7:3-5):

Ամեն կիրակի Քրիստոս` Ինքը Տերն ու Արարիչը կանչում է ձեզ Իր Հոր տուն` հանդիպման: Ամե՛ն կիրակի, ամե՛ն պատարագի: Իսկ դու ո՞ւր ես, սիրելի՛ հավատացյալ: Երբ եկեղեցու զանգերը հնչում են, սարկավագը ձեզ չի կանչում, ես չեմ կանչում, այլ Քրիստոս է ձեզ կանչում վերնատուն: Գիտենալով, որ յուրաքանչյուր կիրակի վերնատանը Քրիստոսին հանդիպելու անգին հնարավորություն ունեք՝ չեք գալիս: Ու կրկին ասում եմ ձեզ` ուրիշի աչքի շյուղը չէ պատճառը, այլ սեփական թերահավատությունը, ծուլությունը, անտարբերությունը, մեծամտությունն ու ամբարտավանությունը: Յուրաքանչյուրն անկեղծ ու ազնիվ ինքնաքննության դեպքում կգտնի իր գերանը կամ գերանները:

Կամ, եթե անգամ ֆիզիկապես գալիս եք եկեղեցի, ապա հոգին ու միտքը չեն գալիս. միտքը սավառնում է առևտրի ու ժամանցի կենտրոններում, աշխատավայրում, ծանոթ-բարեկամի տանը, հոգին էլ իրեն ցանկությունների ու կրքերի ինչ աղբով ասես լցնում է, միայն թե անգամ Քրիստոս չկարողանա այդ աղբակույտի տակ Իր պատկերով ստեղված հոգին տեսնել ու մոտ գալ: Միգուցե սա՞ է պատճառը, որ այսօր եկեղեցիների դռները փակ են ձեր առջև, սիրելինե՛ր, մտածե՛ք:

Փա՜ռք Տիրոջը, որ ի վերջո հնարավորություն ընձեռվեց՝ այս կարևոր հարցերի մասին խոսելու, որովհետև Ամենակալի ողորմությամբ այս փորձությունն էլ կանցնի, կրկին կբացվեն եկեղեցիների դռներն ամենքի առջև և ես ուզում եմ, որ այս անգամ դուք լիովին գիտակցված գաք եկեղեցի: Որովհետև մինչ այս, եթե անգամ գալիս էիք, ապա վա՛յ այդ գալուն:

Ինչո՞ւ էիք գալիս եկեղեցի, սիրելի՛ հավատացյալներ, և ինչպե՞ս: Արդյո՞ք հստակ գիտակցում էիք, որ սա Տիրոջ տունն է երկրի վրա, Սուրբ Հոգու բնակության վայրը: Սրանք լոկ պատկերավոր խոսքեր չեն, քրիստոսյաննե՛ր, այլ եկեղեցին այն միակ վայրն է աշխարհի երեսին, որտեղ կենդանի ու կենդանարար Աստված սպասում է քեզ, և դու եկեղեցի պիտի գաս միայն Աստծու հետ հանդիպման ցանկությամբ: Վե՛րջ: Ուրիշ նպատակ չկա: Ոչ թե սիրելի հոգևորականին հանդիպելու, հավատակից քույր, եղբայրների հետ զրուցելու և հաճելի ժամանակ անցկացնելու, գեղեցիկ շարական լսելու կամ առողջության աղոթքի թերթիկ տալու համար: Ո՛չ: Սրանք բոլորը հավելյալ, ուղեկից երևույթներ են միայն: Գլխավոր նպատակը հոգուդ հանդիպումն ու միավորումն է իր Արարչի ու Փրկչի հետ: Ուստի մտածե՛ք, թե ինչպես եք պատրաստվում այդ հանդիպմանը, և արդյո՞ք ամեն անգամ հավուր պատշաճի պատրաստվում եք: Կասկածում եմ:

Այժմ, երբ տանն եք, այդտեղից նայե՛ք ձեզ եկեղեցում, երբ գալու հնարավորություն ունեիք: Գտե՛ք ձեզ ձեր եղբայրակիցների մեջ ու նայե՛ք: Մասնակցում եք պատարագին, բայց ինչպե՞ս: Տիեզերքի Արարչի հետ հանդիպման երկյուղածությամբ ու հուզմունքո՞վ, ձեր Փրկչի հանդեպ տածած երախտագիտությամբ ու ակնածանքո՞վ, ձեզ անվերջ սիրող ու ներող Հոր հանդեպ ունեցած սիրով ու ձգտումո՞վ: Ավաղ՝ ոչ: Եկեղեցու գաղափարից շատերիդ մոտ մնացել են պատերը միայն, այն էլ, որովհետև սովորել եք այդ պատերին կամ էլ այստեղ լավ «աուրա» կա: Մեղա՜ Քեզ, Տե՛ր Աստված: «Աուրան» ո՞րն է: Արևելյան փիլիսոփայությունների ու կրոնների հրամցրած էներգետիկ դա՞շտը: Ամո՛թ է, սիրելիներ: Եկեղեցին աստվածային շունչ ու ոգի ունի, և ոչ երբեք «աուրա»: Եվ մեղք ու հանցանք է ասելը, թե մի եկեղեցում այդ շունչը կա, իսկ մյուսում ոչ. եթե եկեղեցում սուրբ սեղան կա, եթե այնտեղ մատուցվել ու մատուցվում է սուրբ պատարագ, ուրեմն դո՛ւ, սիրելի՛ քրիստոնյա, պարտավոր ես ամենայն խոնարհությամբ ու ակնածանքով վերաբերվել տվյալ սրբավայրին: Եվ պետք է անվերջ փառաբանես բարեգութ Աստծուն, որ եկեղեցի գնալու անգին հնարավորություն ունես ու վազքո՛վ, վազքո՛վ գնաս եկեղեցի, այլ ոչ թե՝ ըստ ցանկության և ընտրողաբար… Խնդրեմ, որ խոսքս ամենևին էլ որպես կոչ չընդունեք՝ այժմ եկեղեցի գալու, քանի որ դա ոչ թե ձեր հավատի ապացույցը կլինի, այլ անհնազանդության՝ ձեր եկեղեցու առաջնորդի՝ տանն աղոթելու հորդորին:

Ուզում եմ, որ հիշես քեզ քարոզի ընթացքին, սիրելի՛ քրիստոնյա: Ի՞նչ ես անում: Ասեմ: Եկեղեցում գտնվողների ուղիղ կեսը թիկունքով շրջվում է քարոզիչ քահանային ու դուրս գալիս եկեղեցուց… Երբ գնում եք բժշկից ապաքինման խորհուրդ ու դեղատոմս ստանալու, կամ բարձրաստիճան պաշտոնյայից օգնություն խնդրելու, մարդու խոսքը բերանին, դո՞ւրս եք գալիս՝ ջուր խմելու, մի քիչ զբոսնելու կամ ծանոթների հետ զրույցի բռնվելու… փրկության թեմայով իհարկե… Մենք՝ հոգևորականներս, ո՞ւմ խոսքն եք քարոզում: Մե՞ր: Քավ լիցի: Մենք Տիրոջ կենդանարար խոսքն ենք քարոզում`լսողի դարձի, բժշկության ու փրկության համար: Ուստի, միգուցե զրկվել եք Տիրոջ խոսքը լսելուց, քանի որ ձեր ողջ կեցվածքով ցույց եք տվել, որ այն պետք չէ՞ ձեզ: Մտածե՛ք:

Կամ ինչպե՞ս եք վերաբերվել ձեզ համար զոհված Քրիստոսի Մարմնին ու Արյանը, որն աշխարհի մեծագույն սրբությունն է, ամենազորեղ բալասանն ու փրկությունը: Գեթ մեկ արցունք թափե՞լ ես մեղքերիդ բազմությունը հոգուցդ մաքրելու համար, սիրելի՛դ իմ քրիստոնյա, անկեղծ զղջումի գեթ մեկ զարկ հասցրե՞լ ես կրծքիդ, որպեսզի անարժանորեն չմոտենաս սրբության սրբոցին: Թե՞ աստվածապարգև այս անգին գոհարները հասանելիության պատճառով ձեզ համար դարձել են սովորական, քանի որ երբեք չեք մտածել, թե ինչ անգին պարգև ունեք Աստծուց: Եվ միայն այժմ, երբ զրկվել եք այդ ամենից, հասկացել եք այն խոսքի ճշմարտացիությունը, թե` մինչև չկորցնես, չես հասկանա, թե ինչ ես ունեցել: Մեկը զրկվել է ծնողին տեսնելու հնարավորությունից, մյուսը՝ զավակին, երրորդը՝ սիրելի մարդուն կամ հարազատին ու ընկերոջը: Դուք, այս ամենին գումարած, այժմ զրկված եք նաև եկեղեցում գտնվելու անգին շնորհից: Մտածե՛ք, աղո՛թք արեք ու վերագնահատե՛ք ձեր կյանքը:

Մի մարդ կա, որ ասում է, թե շատ է սիրում ու գնահատում իր ծնողին, սակայն նրան այցելելու այնքան էլ մեծ ցանկություն չունի: Իսկ եթե գնում էլ է նրա տուն, ապա չի խոսում նրա հետ, այլ նստում է մի քիչ, պատերի նկարները նայում, երբեմն համբուրում դրանցում պատկերված ծնողին կամ հարազատներին, մի քիչ զրուցում է քույր-եղբայրների հետ ու գալիս տուն: Տարօրինակ մարդ է, կասեք: Իսկ միգուցե՝ անմի՞տ: Իսկ դուք, եկեղեցի գալիս, խոսո՞ւմ էիք ձեր Երկնավոր ծնողի հետ: Չէ՞ որ եկեղեցի գալ ու չաղոթել, այսինքն՝ չխոսել Աստծու հետ, ուղղակի անմտություն է: Եվ Տերն էլ ասաց. «Իմ տունը աղոթքի տուն է» (Ղուկ. 19:46):

Մի պարզ կին է գնում ծերի մոտ ու ասում. «Հա՛յր սուրբ, անգրագետ կին եմ, չեմ կարողանում աղոթքներ կարդալ, մի՞թե ես չեմ փրկվի»: Ծերը հարցնում է. «Ընդհանրապես չես աղոթո՞ւմ, զավակս»: «Իմ իմացած ձևով աղոթում եմ, բայց չգիտեմ, արդյո՞ք դա ճիշտ է»,- ասում է կինը: «Իսկ ինչպե՞ս ես աղոթում»,- հարցնում է ծերը: «Հատակն ավլելիս ասում եմ՝ Տե՛ր Աստված, Դու էլ այսպես հոգիս մաքրիր և թող դա հաճելի լինի Քեզ այնպես, ինչպես մաքուր տունն է ինձ հաճելի: Կամ երբ շոր եմ լվանում, ասում եմ՝ Տե՛ր, Դու էլ հոգիս լվա, սպիտակեցրու այնպես, ինչպես ես եմ այս շորը լվանում»: Ծերն ասում է. «Գնա՛, դուստր իմ, և շարունակիր ողջ կյանքում աղոթել այնպես, ինչպես անում ես»: Այսինքն՝ մաքուր ու անկեղծ սրտից ծնված աղոթքը, որով հարատև զբաղված է միտքդ ու սիրտդ, տանում է քեզ հանդիպման այն Միակի հետ, Որին ուղղված են խորհուրդներդ: Օրվա մեջ արթնության տասնչորս, տասնվեց ժամից գոնե կես ժամը հատկացրեք Աստծու Խոսքին, Նարեկացու մատյանին և ձեր ունեցած աղոթագրքերին, իսկ մնացած ժամանակ թող ձեր միտքն ու սիրտը ձեր բառերով խոսեն Աստծու հետ՝ փառաբանելով Նրան ու ողորմածություն հայցելով: Եվ թող այդ զրույցը լինի այնպես բաղձալի, ինչպես սիրելիի հետ զրույցն է, որին ավելի շատ սերդ ու նվիրվածությունդ ես պատմում, երախտագիտություն հայտնում, որ կողքիդ է, քան տրտնջում ես խնդիրներիդ պատճառով: Բացե՛ք ձեր հոգու տաճարի դռները բաղձալի Քրիստոսի առջև, սիրելինե՛ր, նախ ձեր հոգում հանդիպեք Նրան և այն ժամանակ Ողորմած ու Բազմագութ Տերը ևս Իր տան դռները կվերաբացի ձեր առջև՝ ասելով. «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ» (Մտթ. 11:28). ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

26.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․