Գրքեր

«Աշխարհի վրա հաղթանակ տանողը մեր հավատն է»

«Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից  եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև Ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում» (Հովհաննես 15:19):

Քրիստոնեության տարածման սկզբնաշրջանում քրիստոնյաներին հալածում և սպանում էին՝ Քրիստոսի հետևորդը լինելու պատճառով: Քրիստոնյաների դեմ հալածանքը ձգվել է ավելի քան երեք դար: Բազմաթիվ էին նրանք, ովքեր հանձն էին առնում չարչարվել և սպանվել, քան հրաժարվել իրենց հավատից: Ժողովրդին սարսափեցնելու նպատակով հրապարակային մահապատիժներ էին կազմակերպվում, բայց քրիստոնյաների թիվն օրեցօր ավելանում էր: Ի վերջո, հեթանոսական դաժան աշխարհը հաղթվեց քրիստոնեական սիրո, խոնարհության և հնազանդության կողմից:

Այսօր հիմնականում քրիստոնյային ոչ ոք չի հետապնդում, չի զրկում քաղաքացիական իրավունքից և ազատությունից, բայց չգիտես ինչու որոշ քրիստոնյաներ ազատ չեն իրենց հավատքի դրսևորման մեջ. անհարմար են զգում անծանոթ միջավայրում ճաշից առաջ աղոթել, եկեղեցու մոտով անցնելիս խաչակնքվել, իրենց հոգևոր զգացումների և ապրումների մասին որևէ մեկի հետ զրուցել, երբեմն աղջիկներն ու կանայք խուսափում են եկեղեցում գլխաշոր կրել: Ո՞րն է խնդիրը, արդյո՞ք քրիստոնյան ամաչում է իր հավատքից կամ վախենում է, որ իրեն կանվանեն «հավատացյալ», անուն, որ այսօր սխալմամբ վերագրում են աղանդավորներին: Այսինքն՝ նա ցանկանում է լինել այնպիսին, ինչպիսին այդ պահին իր միջավա՞յրն է: Որտե՞ղ ենք ապրում, ինչպիսի՞ն է ժամանակակից աշխարհը, ինչո՞վ է ապրում և ինչի՞ն է ձգտում: Հնարավո՞ր է քրիստոնեական իդեալները հաշտեցնել ժամանակակից աշխարհի արժեքների հետ: Քրիստոնեության և ժամանակակից աշխարհի անհամատեղելիությունը նկատելի է նույնիսկ անզեն աչքով: Աշխարհը եսակենտրոն է, իսկ քրիստոնեության հիմքում ինքնազոհողությունն է: Աշխարհիկ մարդն ապրում է իր համար, իսկ քրիստոնյան պատրաստ է զոհողության՝ հանուն իր մերձավորների: «Ինչպես ջուրը և հուրը չեն կարող միասին լինել, այնպես էլ Աստծո սերն ու աշխարհի սերը չեն բնակվում մեկ սրտում» (Բեռնարտոս):

Նախկին բացահայտ հալածանքներին այսօր փոխարինել են չարի թաքուն և ծպտված հալածանքները: Ճշմարիտ քրիստոնեական կյանքին ձգտող անձը քրիստոնյա երկրում հնարավոր է խնդիրների առջև կանգնի միայն այն պատճառով, որ ցանկանում է քրիստոնեաբար ապրել: Սա էլ հալածանքի մեկ այլ ալիք է, որի դեպքում ճշմարիտ քրիստոնեական կյանքին ձգտողը պետք է քաջաբար պայքարի, որ երբեմն-երբեմն ահագնացող այդ ալիքը չհեռվացնի իրեն ճշմարիտ հավատքից: Աշխարհին վրդովեցնում են քրիստոնեական «անտեղի» ճշմարտությունները՝ խոսքով և գործով արտահայտված, որոնցից հնարավոր կլիներ խուսափել ստի միջոցով: Քրիստոնյայի համար իր ներքին աշխարհի անաղարտությունն ու ողջախոհ կենսակերպն ավելի գերադասելի է, քան արտաքին բարեկեցությունը: Այս պատճառով քրիստոնյային շրջապատող մարդկանց համար նրա արարքներն անհասկանալի են և տարօրինակ:

Եկեղեցու հայրերը նշում են, որ աշխարհի ատելությունը բնական է և սովորական, այդ պատճառով այն չպետք է վախեցնի մարդուն: Հակառակը՝ այդ ատելության համար Քրիստոսի հետևորդները պետք է շնորհակալ լինեն, քանի որ դրա առկայությունը պարզորոշ վկայում է այն մասին, որ նրանք ճիշտ ուղու վրա են և վարակված չեն աշխարհի մեղքերով: Քրիստոսի հետևորդները պետք է մխիթարվեն և զորանան այն միտքն ունենալով, որ աշխարհի թշնամությունն ու ատելությունն, ըստ էության, ուղղված են Քրիստոսի և Երկնավոր Հոր դեմ և, հետևաբար, եթե նրանք չարչարվում են այդ ատելության և թշնամանքի արդյունքում, ապա չարչարվում են հանուն Քրիստոսի և Երկնավոր Հոր, ինչի համար Տերը մեծ պարգևների կարժանացնի նրանց:   

Իսկ երանելի արքեպիսկոպոս Թեոփիլակտոս Բուլղարացին, ավետարանական վերոնշյալ հատվածը մեկնելով, նշել է. «Տերը, մխիթարելով Իր առաքյալներին, ասել է՝ եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել (Հովհաննես 15:18): Այդ պատճառով դուք պետք է մխիթարվեք նրանով, որ, կրելով ատելությունը, դարձել եք Ինձ չարչարակից: Ապա կցում է մխիթարական այլ միջոց, դուք հակառակը՝ պետք է տխրեք այն դեպքում, եթե աշխարհը, չար մարդիկ սիրեն ձեզ: Քանի որ, եթե նրանք ձեզ սիրում են, դա նշանն է նրա, որ հաղորդակից եք իրենց չարությանն ու նենգությանը: Իսկ այժմ, երբ չար մարդիկ ձեզ ատում են, ուրախ եղեք: Քանի որ նրանք ձեզ ատում են առաքինի լինելու պատճառով, եթե դուք չլինեիք առաքինի, աշխարհը կսիրեր իրենը»:  

«Ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Եվ աշխարհի վրա հաղթանակ տանողը մեր հավատն է» (Ա Հովհաննես 5:4):

 

Կարինե Սուգիկյան

02.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․