5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Աշխարհսիրության և արծաթսիրության մասին

1. Մի վայելիր աշխարհի հաճույքները, այլապես կմեռնես անարգ մահով (Անտոն Անապատական):

2. Ատիր ամենայն աշխարհայինը և հեռացրու դրանք քեզանից, հակառակ դեպքում դրանք կհեռացնեն քեզ Աստծուց (Անտոն Անապատական):

3. Եթե արհամարհես ամենայն աշխարհայինը, կլինես ավելի թանկագին, քան ինքը` աշխարհը (Հովհան Ոսկեբերան):

4. Դժբախտ է նա, ով ապագան զոհում է ներկային (Հովհան Ոսկեբերան):

5. Եթե թողնես աշխարhի բաները, ամեն բան կգտնես: Թող մեղավոր ցանկություններդ ու հոգու հանգստություն պիտի գտնես (Հովհան Ոսկեբերան):

6. Հնարավոր չէ միաժամանակ սիրել թե հոգին, և թե հարստությունը (Հովհան Ոսկեբերան):

7. Աբրահամը կանչվելով Աստծո կողմից մի երկրից մի ուրիշ երկիր, ցույց տվեց այնպիսի հնազանդություն, որ ոչ մի արգելք չկարողացավ նրան կասեցնել, այլ վազում էր և շտապում, ինչպես առույգ երիտասարդ, որպեսզի կատարի Աստծո պատվերը: Իսկ մենք հակառակը, կանչված ենք ոչ թե մի երկրից մյուսը, այլ երկրից երկինք և ցույց չենք տալիս այնպիսի ջանք և համառություն, ինչպես այդ արդարը, այլ առաջ ենք քաշում դատարկ և չնչին պատճառներ: Եվ չի սթափեցնում խոստումի մեծությամբ, ոչ տեսանելիների անկարևորությանը որպես երկրային և ժամանակավոր, ոչ Կանչողի արժանապատվություն, այլ հակառակ, ցուցաբերում ենք այնպիսի անտարբերություն, որ ժամանակավորը գերադասում ենք մշտապես եղողից, երկիրը` երկնքից, և երբեք չվերջացողը դնում ենք ավելի ցածր, քան այն, որ անհետանում է ավելի արագ, քան հայտնվում է (Հովհան Ոսկեբերան):

8. Երբ մենք մեր միտքը կատարյալ դարձնենք և ցույց տանք, որ մենք արհամարհում ենք երկրավոր բաները, այնժամ Աստված շնորհում է մեզ նաև երկրայինը, բայց ոչ առաջ, այլ միայն այս բանից հետո, քանի որ մենք կապված ենք երկրավոր բարիքներին, և եթե այն ստանանք, առավել կկապվենք նրան: Ազատվիր նախ ստրկությունից, ասում է Նա, և այնժամ ստացիր, քանզի դու ստացար ոչ թե որպես ստրուկ, այլ որպես տեր: Արհամարհիր հարստությունը և կլինես հարուստ, արհամարհիր փառքը և կփառավորվես, արհամարհիր թշնամուն վրեժխնդիր լինելը, և վրեժդ կլուծվի, արհամարհիր հանգիստը և կստանաս այն, որպեսզի ստանալով, չստանաս որպես ստրուկ (ստացածներիդ), այլ որպես տեր (Հովհան Ոսկեբերան):

9. Լինելով երկնքի քաղաքացի, տիրապետելով երկնային իմաստությանը, ինչի՞ համար ես ստորացնում քեզ հավասարվելով նրանց ովքեր խորհում են միայն երկրայինը:

Միթե չգիտես դու, որ եթե նույնիսկ վերցնես ամբողջ տիեզերքը տաս անգամ ավելով կամ հարյուր կամ տաս հազար անգամ ավելի կամ այս բոլորը երկու անգամ բազմապատկելով, և այդժամ էլ սա չի կարող համեմատվել ամենափոքրագույն մասին երկնային բարիքների: Ով հիանում է ներկա բարիքներով, նա արհամարհում է գալիք բարիքները: Որքանով, որ մենք խոնարհվենք դեպի երկիր, այնքան ավելի կսկսենք խարդավանքներ գործել միմյանց հանդեպ, նմանվելով գազանների (Հովհան Ոսկեբերան):

10. Նայիր, որպեսզի չբռնկվես աշխարհի կարճատև երջանկությունով, որպեսզի չզրկվես Հավիտենական Կյանքից (Եփրեմ Ասորի):

11. Աշխարհին հաղթել, նշանակում է համբերությամբ հաղթահարել բոլոր նրա ցանկությունները, ոչ մի չար բան չանել ու պահել Աստծո պատվիրանները (Եփրեմ Ասորի):

12. Ինչպես կեղտոտ հայելին չի կարող իր վրա ընդունել պատկերներ և անդրադարձնել, այդպես էլ հոգին, որ զբաղված է այս կյանքի հոգսերով և մթնած է մարմնավոր իմաստության մոլություններով` չի կարող իր մեջ ընդունել Սուրբ Հոգու պայծառությունը (Բարսեղ Մեծ):

13. Երկրային բաների հանդեպ սերը ձյութ է, որ կապում է հոգևոր թևերը (Բարսեղ Մեծ):

14. Այս աշխարհը պանդխտություն է և ճանապարհ` անցնելու այլ կյանք, և բոլոր նրանք, ովքեր արժանացան հավիտենական կյանքին, և ովքեր արժանի պիտի լինեն, իրենք իրենց ճանաչեցին որպես նժդեհներ և պանդուխտներ և ոչ թե քաղաքացիներ (Օգոստինոս Երանելի):

15. Աշխարհի սերը և Աստծո սերը չեն կարող համատեղ բնակվել մի սրտում, ինչպես որ նույն աչքերը չեն կարող միաժամանակ նայել երկինք ու երկիր (Օգոստինոս Երանելի):

16. Այս աշխարհի հեշտ կյանքի տրտմությունը ճշմարիտ է և ուրախությունը` սուտ, աշխատանքը` ծանր, և հանգիստը` երկյուղալի, երջանկությունը կեղծ է և թշվառությունը` իսկական (Օգոստինոս Երանելի):

17. Ինչո՞ւ ես ձգտում հեշտության և ուրախության, եթե քո գլուխը` Քրիստոս, որ Հոր իմաստությունն է, փախչելով աշխարհի ուրախությունից, կամավոր դիմեց մահվան: Քրիստոս ժխտեց ամեն երկրավոր բան, որպեսզի ցույց տա, որ դրանք մերժելի են (Օգոստինոս Երանելի):

18. Աշխարհը հնոց է, իսկ տառապանքը նրա կրակը:

Բարիներն  այդ հնոցում ոսկու պես են, ու կրակը միայն մաքրում է նրանց: Իսկ չարերը հարդի պես են, որոնք վառվում են ու կրակից ոչնչանում են (Օգոստինոս Երանելի):

19. Բոլոր նրանք, որ Վերինը չեն փնտրում, այլ այն, ինչ որ երկրի վրա է, Քրիստոսի պաշտոնյաներ չեն, այլ Նեռի (Հերոնիմոս Երանելի):

20. Նույնն են ծաղրածուներին, ինչք տալն ու դևերին զոհ մատուցելը (Հերոնիմոս Երանելի):

21. Մի ցանկացիր աշխարհի փառավորներին ընկերանալ, որպեսզի Աստծո փառքը չպակասի քեզանից (Աբբա Եսայի):

22. Մի հետաքրքրվեք ու հարցուփորձ արեք աշխարհի ունայն գործերի մասին (Աբբա Եսայի):

23. Երկրավորները անարգվում են այն ժամանակ, երբ ուշադրության են առնվում երկնավորները (Գրիգոր Աստվածաբան):

24. Ով որ տարված լինի ներկայի քաղցրությամբ, կմատնվի հավիտենական սպանության (Գրիգոր Աստվածաբան):

25. Արտասուքները (որոնք առաջանում են երկյուղի, զղջման, ապաշխարության պատճառով) անմիջապես հանգցնում են աշխարհիկ ցանկությունների բոցը (Գրիգոր Աստվածաբան):

26. Կիրակի օրը պետք է հեռու մնալ ամեն մարմնական աշխատանքից և միայն աղոթքով և գոհություն տալով զբաղվել (Գրիգոր Աստվածաբան):

27. Հին թշնամին, այսինքն` սատանան, լպրծուն է, և եթե գլուխը չբռնվի, շուտով բոլորը ներս կսողոսկի (Գրիգոր Աստվածաբան):

28. Ինչքան աշխարհից հեռու, այնքան Աստծուն մոտ (Մարկոս Ճգնավոր):

29. Աշխարհից բաժանվածների դեմ դևերը բացահայտ են մարտնչում (Եվագր Պոնտացի):

30. Ով փախչում է այս աշխարհի ամեն տեսակ նյութական ցանկություններից, նա դևի համար հզոր, անմատչելի աշտարակ է (Եվագր Պոնտացի):

31. Ինչքան որ աշխարհից բան ունես, եթե մեկը այն կորզի քեզանից` մի բարկացիր դրա համար (Եվագր Պոնտացի):

32. Նեղության ժամանակ գոհացող եղիր Տիրոջից (Եվագր Պոնտացի):

33. Եթե այս աշխարհում քո ծննդից ի վեր չունես խաղաղավետ հանգստություն` անձնատուր եղիր կրոնավորությանը և ամեն ինչ տալով, ստացիր ամենաարժեքավոր մարգարիտը, որպեսզի լինես բազմաշահ վաճառական (Եվագր Պոնտացի):

34. Քո ձեռագործը վաճառելիս, շահեցրու նաև քո վաճառակցին` ավելացնելով նրա բաժնի վրա, և մի սիրիր բռնադատել նրան (Եվագր Պոնտացի):

35. Աստծուն չենք կարող տեսնել, եթե այս աշխարհի պատկերը չջնջենք մեր միջից, որ լցված է բազում ախտերով (Եվագր Պոնտացի):

36. Ով հասավ հոգևոր գիտությանը` դուրս եկավ այս աշխարհից, իսկ ով մնաց անգիտության մեջ` մնաց այս աշխարհում (Եվագր Պոնտացի):

37. Նախ աշխարհն ուրանալն այս է. հանուն Աստծո իմացության թողնել աշխարհի շահը: Երկրորդ` ուրանալը չարից հեռանալն է, որ կատարվում է մարդու ջանքերով և Տիրոջ շնորհիվ: Երրորդ` ուրանալը տգիտությունից զատվելն է (Եվագր Պոնտացի):

38. Սուրբ միտքը բուրվառ է, որ աղոթքի պահին չի հպվում նյութի (Եվագր Պոնտացի):

39. Աշխարհի ստեղծումը Աստծուց է, իսկ նրանց փառասիրությունը` սատանայից (Ամբրոսիոս Մեդիոլանցի):

40. Առանց աշխարհից հեռանալու ոչ ոք չի կարող մոտենալ Աստծուն: Ես հեռանալը անվանում եմ ոչ թե մարմնավոր տեղափոխությունը, այլ աշխարհի գործերից մի կողմ քաշվելը: Աշխարհից հեռանալու օգտակարությունը կայանում է նրանում, որ միտքը չզբաղեցվի աշխարհով (Իսահակ Ասորի):

41. Ճշմարիտ է, որ դժվար և անհարմար է մեր կողմից գործվող հոգևոր սխրանքներն այս կենցաղային գործերի մեջ (Իսահակ Ասորի):

42. Ոչինչ մեզ այնքան չի սարքում մասնակից աշխարհին և աշխարհականներին և նրանց, ովքեր աշխարհում տրված են հարբեցողության և շնության, և այնպես չի հեռացնում մեզ իմաստության գործերից և Աստծուն ճանաչելու գաղտնիքներից, ինչպես ծիծաղկոտությունը և մտքերի աներկյուղ ճախրումը: Եվ սա շնության դևի գործն է: Սրա համար անդադար հանդիմանիր ինքդ քեզ և ասա. «Ավաղ, թշվառ իմ հոգի մոտեցել է ժամը, որ բաժանվես մարմնից: Ինչի՞ համար ես ուրախանում նրանով, որն այժմ իսկ պարտավոր ես թողնել և որն էլ հավիտյան չես տեսնելու» (Իսահակ Ասորի):

43. Ուշադրություն դարձրու քո անցած կյանքին և խորհիր, թե ինչ ես արել և թե ինչու ես այդպես արել, և թե ինչպիսին է քո գործերը, ում հետ ես անցկացրել կյանքիդ օրերը, կամ ո՞վ օգտվեց քո գործերից երկրի վրա, ո՞ւմ ես ուրախացրել քո մարտնչումով, որպեսզի Նա` Տերը, ընդառաջ գա քեզ հօգուդ ելքի ժամանակ (Իսահակ Ասորի):

44. Զգուշացիր, զգուշացիր, որպեսզի քո կողմից սիրված բարեկամներդ չորս բոլորդ պատած ջրերի հորձանուտ չդառնան, և չկործանվես աշխարհսիրության հեղեղի մեջ: Մի թուլացիր բարեկամներիդ ու ծնողներիդ արցունքներից, հակառակ դեպքում հավիտենական լացը կժառանգես: Երբ բարեկամներդ շրջապատում են քեզ ինչպես մեղուներ, կամ ավելի լավ է ասել, ինչպես կրետներ և սգում են քեզ վրա, այդ ժամ իսկույն հոգևոր աչքերդ հառիր մահվան վրա և հիշիր քո մեղսալի գործերը: Որպեսզի կարողանաս մի ցավագին վիճակը վանես մեկ ուրիշով: Այս մեր «բարի կամեցողները» պարտավորվում են անել մեր համար ամեն ինչ, ինչ մենք սիրում ենք: Իսկ իրականում նրանց մտադրությունն այն է, որպեսզի արգելք հանդիսանան մեր բարի ձգտումներին, իսկ հետո ներքաշեն մեզ իրենց նպատակների մեջ (Հովհաննես Սանդուղք):

45. Եթե մերժել եք աշխարհը, էլ մի մերձեցեք նրան, քանի որ կրքերը շատ հեշտությամբ ետ են գալիս (Հովհաննես Սանդուղք):

46. Ինչպես մտրակից, խուսափիր այնպիսի վայրերից, որտեղ սայթաքելու և ընկնելու վտանգներ կարող են լինել, քանի որ երբ մենք չենք տեսնում արգելված պտուղը, այդքան անհագորեն չենք ցանկանում այն (Հովհաննես Սանդուղք):

47. Եթե որևէ մեկը մտածում է, թե չունի ոչ մի կապվածություն որևէ առարկայի հետ, իսկ դրանից զրկվելով տխրում է սրտով, ապա այդպիսին ինքն իրեն լիովին մոլորության մեջ է գցում (Հովհաննես Սանդուղք):

48. Ինչպես ջուրը և հուրը չեն կարող միասին լինել, այնպես էլ Աստծու սերն ու աշխարհի սերը չեն բնակվում մեկ սրտում (Բեռնարտոս):

49. Երբ եկեղեցի մտնես աղոթելու կամ սաղմոս ասելու, քո խճողված մտքերը դրսում թող, որպեսզի կարողանաս միայն Աստծու շուրջը կենտրոնանալ (Բեռնարտոս):

50. Մեծ չարիք է, եթե անարգ որթատունկը կամենում է մեծահարուստ լինել, քանի որ փառաց Աստվածն ու զորության Տերն ուզեց աղքատանալ (Բեռնարտոս):

51. Ցանկանո՞ւմ ես թագավորել, քեզ մեծ թագավորություն ցույց կտամ, նախ տիրապետիր քեզ և այն ժամանակ ամենքը կհնազանդվեն քեզ (Վարդապետների ասածից):

52. Անկարող է որևէ մեկը Աստծո մասին իմանա և որևէ կերպ Նրան հպվի, եթե և՛ զգայությամբ, և՛ իմացությամբ չդադարի նյութական ներգործություններից (Վարդապետների ասածից):

53. Միտքը, որ պատված է երկրավոր ցանկությամբ, աստվածայինի մասին խոկալիս չի կարող ազատ լինել (Վարդապետների ասածից):

54. Ով մարդ, անհոգ մուտք ունես Աստծո մոտ, որովհետև միջնորդ ունես Որդուն, բարեխոս` մորը. Որդին Հորը ցույց է տալիս կողի խոցվածը, իսկ մայրը Որդուն ցույց է տալիս կուրծքը և ստինքները, չի կարող դույզն իսկ մերժում լինել այնտեղ, ուր սիրո այնքան նշաններ են հավաքված (Վարդապետների ասածից):

55. Աշխարհի սերը հեռացնում է մեզանից Աստծո սերը (Վարդապետների ասածից):

56. Երեքն են, որ խաբում են մարդուն, այսինքն` սատանան, այս աշխարը և մեր մարմինը. աշխարհն աղաղակում է` ես պակասելու եմ, սատանան` ես խաբելու եմ, մարմինը` ես ապականվելու եմ, իսկ Քրիստոս` Ես նորոգելու եմ: Ո՛վ մարդ, ընտրիր, թե ում ես կամենում հետևել (Վարդապետների ասածից):

57. Ինչքան կարող ես զգուշացիր  աշխարհի ժխորից, որովհետև վտանգավոր են աշխարհիկ զբաղմունքները, նույնիսկ եթե ազնիվ մտադրություններ ունես: Ունայնությունը կարող է գերել հոգին և հպատակեցնել իրեն (Թովմաս Գեմբացի):

58. Եղիր բարեպաշտ և խաղաղ, և Հիսուս պիտի քեզ հետ ապրի: Կարող ես սակայն հեռացնել Նրան և կորցնել, ո՞վ պիտի քո ապավենը և բարեկամը լինի (Թովմաս Գեմբացի):

59. Աշխարհային ո՞ր մխիթարություններն են համարվում մեղսալի:

Աշխարհային մխիթարություններն են` համեղ կերակուր, շքեղ կահավորանք, շքեղ հանդերձանք, զանազան զվարճություններ (հեռուստացույց, երաժշտություն, հաճախակի այցելություններ ծանոթներին, որոնք օգտակար չեն հոգու համար) (Հոգեշահ գրքերից):

60. Քավ լիցի, որդյակ, եթե Աստծո կենաց ժառանգությունից դուրս գաս` ժառանգելու համար անցավոր աշխարհը, որը ոչինչ է, այսօր կա և վաղը կկորչի: Հիշիր Տիրոջը, որ մեզ բարձրացնելու համար խոնարհվեց և Իր Արյունը թափեց խաչի վրա, մեր կյանքի ու մեր փրկության համար մահվան մատնվեց: Պահիր Նրան քո մըտքում և սրտովդ Նրան օգնության կանչիր (սուրբ Գայանե):

61. Աշխարհի մեջ շատ մոտ բարեկամներ, ազգականներ ու սիրելիներ ունես, հնարավոր է սրանց պատճառով խոչընդոտներ առաջանան քո ճանապարհներին, սակայն հիշիր Տիրոջ խոսքը. «Ով որ իր հորը կամ մորը Ինձանից ավելի սիրի` Ինձ արժանի չէ»: Թերևս նրանք անկեղծությամբ են սիրում քեզ, բայց այս սերը հաստատուն և մնայուն սեր չի կարող լինել, որովհետև երբ դու մեռնես, ու մարմինդ նրանց աչքերի առջևից աներևույթ լինի, քո հիշատակն էլ կվերանա: Գերեզմանի մեջ ծածկվելուցդ քիչ հետո քո հանդեպ ունեցած սերդ ամենամոտ սիրելիներիդ մեջ անգամ մարող ճրագի պես պիտի նվազի: Մտածիր հիմա, թե արժե՞ նրանց համար անձդ հավիտենական դատապարտության մատնես (Տեր Գաբրիել քահանա):

62. Երբ դու քո մեղքերով դժոխք իջնես, այնտեղ աշխարհը կամ սիրելիներդ քեզ ի՞նչ մխիթարություն կարող են տալ կամ ի՞նչ օգնություն կարող են անել: Նույնպես աշխարհի մեջ վայելած ուրախություններդ դժոխքի մեջ եղող տրտմություններիդ դեմ կարո՞ղ են որպես մխիթարություն լինել. կերուխումը, խաղն ու պարը տակավին իրենց ազդեցությունները կունենա՞ն, այն ներդաշնակ երաժշտությունների ձայները լսվո՞ւմ են. ո՛չ, ո՛չ, այլ միա՛յն հավիտենական ողբ, հուսահատություն ու հառաչանք: «Ո՞ւր են նրանց աստվածները, որոնց վրա հույս էին դրել, թող ելնեն ու ձեզ օգնեն և ձեզ պաշտպանեն» (Բ Օրին. 32:3738) (Տեր Գաբրիել քահանա):

63. Քանի որ աղոթքը մտքի համբարձումն է առ Աստված, պետք է, որ աղոթելիս միտքը զերծ լինի բոլոր աշխարհային մտածումներից, և կամքը լինի բարի կամեցողության մեջ (Պողոս Պատրիարք):

64. Մինչև ե՞րբ պիտի սիրենք պարապ, սնոտի և ոչ միայն սուտ, այլև խիստ չար այս կյանքը: Այն, ինչը որ Տիրոջ կամքն է, չենք անում, իսկ երբ այս կյանքից անդենականին անցնենք, մեր անցած օրերի համար պատիժ և վնասներ պիտի կրենք ... Նա զուր տեղը միայն մարմնի պահանջները շարժելու համար չէ, որ այս կյանքում Սուրբ Հոգին բերելով շնորհեց մեզ, այլ որպեսզի այս կյանքով հանդերձյալը շահենք: Նման կյանք պետք է միայն ձիերին, էշերին ու եզներին, որովհետև նրանց ծառայությունը միայն այստեղ է պետք, իսկ մենք, որ անմահ հոգի ունենք, ջանանք մեր համար պատրաստված լավագույն կյանքը ժառանգել, ուր Սուրբ Հոգու միջոցով մարմինը ևս պիտի անմահանա (Բարսեղ Մաշկևորցի):

65. Մտածիր, թե ո՞րչափ պիտի պատժվես Նրա կողմից, որ կյանք է շնորհել քեզ, իսկ դու երկիրն ես սիրում: Աստված ժամանակ է տվել քեզ, որպեսզի քեզ Իրեն հետ հաշտեցնես, մինչ դու այն ժամանակավոր, իզուր մեղքերի մեջ ես մաշեցնում: Երբ պարապ տեղը դրամ ես ծախսում, ցավում ես դրա համար, իսկ երբ ամբողջ օրերդ սատանայի խայտառակության մեջ ես վատնում, չե՞ս ցավում դրա համար (Բարսեղ Մաշկևորցի):

66. Ասա ինձ, եթե զավակիդ արհեստ սովորելու տայիր, իսկ նա միշտ մնար տանը կամ ուրիշ տեղ խաղար, վարպետը չէ՞ր հրաժարվի նրանից, ասելով. «Դու ժամանակ որոշեցիր, որպեսզի զավակդ արհեստ սովորի, սակայն այսքան ժամանակվա մեջ, տակավին ոչինչ չի սովորել, որովհետև երբեք չեկավ իմ մոտ, և այս իրողությունը հարկ է, որ իմացնեի քեզ»: Նույնպես և Աստված ասում է. «Ձեզ ժամանակ տվեցի, որպեսզի երկյուղածության, աղոթքի և բարեգործության արվեստը սովորեք, իսկ դուք պարապ տեղը ի՞նչ բանի համար վատնեցիք այդ: Ինչո՞ւ հաճախակի կերպով վարդապետների մոտ գնալով ուշադրություն չդարձրեցիք ասված խոսքերին և առաքինի գործեր չկատարեցիք» (Բարսեղ Մաշկևորցի):

67. Լսիր, թե ինչ է ասում մարգարեն. «Եկեք, որդիներս, լսեցեք ինձ և Աստծո երկյուղը պիտի սովորեցնեմ ձեզ» (Սաղմոս ԼԳ:12), ինչպես նաև` «Երանի այն մարդուն, որին Դու ես խրատում, Տեր, և դաստիարակում ես Քո օրենքներով»: Իսկ դու, որ այս ժամանակը պարապ տեղն ես անցկացնում, ի՞նչ պատասխան պիտի տաս (Բարսեղ Մաշկևորցի):

68. Բոլոր նրանք, որ սիրում են այս աշխարհը, նմանվում են մարդու, որ ատելով իր կնոջը, նրանից բաժանվում է և ջանում գրկել նրա ստվերը, կամ մերժում է որդուն և սիրում է նրա շողքը: Արդարև, աշխարհը ստվեր է իր բոլոր բարիքներով` փառքերով, հեշտություններով և թե այլ բաներով, որի համար էլ մարգարեն ասում է. «Մարդիկ ստվերի մեջ են շրջում», այսինքն` արագորեն շուքի ետևից են գնում, և մի ուրիշ տեղ էլ. «ծուխ և խոտի ծաղիկ» է անվանում մարդկանց գործերը: Հետևաբար, պետք չէ սիրել աշխարհի զբաղմունքները, այլ փնտրիր միայն այն, ինչ որ Աստծո կողմից գովված է (Բարսեղ Մաշկևորցի):

69. Արդ, փնտրենք արքայությունը, եղբայրնե՛ր, ոչ այնպես, ինչպես Ղովտի կինը, որ ետ նայեց և աղի արձան դարձավ, քանզի թեև դուրս եկավ Սոդոմից, սակայն ետ շրջվելով` կործանվեց: Նույնպես և մենք, եթե արքայությունը փնտրելով` թողնում ու ետ ենք դառնում դեպի աշխարհի սերը, կործանվում ենք (Գրիգոր Տաթևացի):

70. Քանզի ո՞վ կարողացավ աշխարհին տիրելու հետ միասին նաև անապականություն ստանալ. կամ ո՞ր թագավորը կարողացավ մահը կյանքի փոխարկել. կամ մարմնավոր ո՞ր երանությունը կարողացավ հավիտենական կյանք տանել (Ներսես Լամբրոնացի):

71. Մեր Տերը մարդասիրության լավ խրատ է տալիս մեզ` հաճախ ասելով. «Օ՛, եկե՛ք գնանք այստեղից» (Մատթ. 26:46), այսինքն` երկրից երկինք. իսկ մենք երկրից դեռ չենք հրաժարվում, այլ օձի նման երկրի վրա քարշ ենք գալիս (Սարգիս Շնորհալի):

72. Մի տարվիր հարստությամբ, քանի որ դրա հանդեպ ունեցած հոգսը` հակառակ քո կամքի, կհեռացնի քեզ Աստծուց (Նեղոս Սինայեցի):

73. Ինչքերի կուտակման մասին միտքը քեզ հուշում են ծերությունը և հիվանդությունները, որպեսզի Աստծո վրա ունեցած մեր հույսը բաժանես ունեցվածքի վրա ունեցած հույսի հետ (Նեղոս Սինայեցի):

74. Անընչասերն ապրում է անհոգ կյանքով, իսկ ընչաքաղցը հարստության մասին հոգսը կրում է որպես մշտական հիվանդություն (Նեղոս Սինայեցի):

75. Արծաթսիրությունն արմատն է ամենայն չարիքի: Ով ուզում է ոչնչացնել կրքերը, թող սկզբից արմատախիլ անի արծաթսիրության արմատը, քանի դեռ մնում է արծաթսիրությունը, ոչ մի օգուտ չես ստանա ճյուղերը կտրելուց, քանի որ եթե նույնիսկ կտրես էլ ճյուղերը, ապա շուտով նրանք նորից կաճեն (Նեղոս Սինայեցի):

76. Մի ուրախացիր իրերով և նրանց փառքով, ապա թե ոչ` մեղավորները կխփեն ոչ միայն թիկունքիդ, այլև երեսիդ, որպեսզի ծաղրեն քեզ` հրապուրելով և խաբելով անօրեն խորհուրդներով (Նեղոս Սինայեցի):

77. Երբ խոսում է ոսկին, մնացած խոսքերն անզոր են, այն կարողանում է համոզել, չնայած համր է (Գրիգոր Աստվածաբան):

78. Արծաթսիրության մոլությունն էր պատճառը, որ սատանան Հուդայի սիրտը սողոսկեց, ապա այն գրավեց և հետո համարձակաբար հաստատվեց նրա մեջ (Գրիգոր Աստվածաբան):

79. Արծաթասերի ձեռքում հարստությունը նույնն է, ինչ խենթի ձեռքում սուրը (Հովհան Ոսկեբերան):

80. Ինչպես որ ծովն առանց ալիքների համարյա թե չի լինում, այնպես էլ արծաթասեր մարդու սիրտը առանց վշտերի, վախի ու անհանգստության չի լինում (Հովհան Ոսկեբերան):

81. Մարդիկ այլևս ոսկե ու արծաթե կուռքեր չեն պաշտում, այլ պաշտում են ուղղակի ոսկին ու արծաթը, և իրենց հույսը դնում են դրանց վրա (Հովհան Ոսկեբերան):

82. Եթե ուզում ես երկինք գնալ, ապա երկրի վրա ոչինչ մի ունեցիր, որը կարողանա արգելք հանդիսանալ (Հովհան Ոսկեբերան):

83. Ով հաղթել է հարստասիրության մոլությանը, նա է ամենահարուստը (Հովհան Ոսկեբերան):

84. Սարսափելի, ճշմարտապես սարսափելի բան է արծաթսիրությունը: Այն փակում է թե աչքերը, և թե ականջները, դարձնում է գազաններից ավելի կատաղի, թույլ չի տալիս մտածել ոչ խղճի մասին, ոչ ընկերության, ոչ հարաբերվելու մասին, ոչ էլ սեփական հոգու փրկության մասին, սա հանկարծ ետ է դարձնում այս ամենից, և իրենով գերվածներին դարձնում ստրուկներ, ինչպես ոմն դաժան բռնավոր: Եվ ի՞նչն է ավելի վատ, որ այս դառը ստրկության մեջ, սա ստիպում է որպեսզի էլ ավելի իրենով տարվեն, և ինչքան ավելի է տարածվում, ավելի հաճելի է թվում արծաթասերին: Եվ հիմնականում այս բանից է, որ այս հիվանդությունը դառնում է անբուժելի, և սրանից է, որ այս գազանը չի սանձահարվում (Հովհան Ոսկեբերան):

85. Արծաթսիրությունը Գեեզիին աշակերտից և մարգարեից դարձրեց բորոտ, սա կորստի մատնեց Անանիային, նաև Հուդային դարձրեց դավաճան: Սա ծնել է անհամար պատերազմներ, ճանապարհները լեցունացրել է արյունով, քաղաքները` սգով ու լացով: Սա և խորհրդավոր ընթրիքի արարողությունը դարձնում է անմաքուր և ճաշկերույթը մերժելի: Դրա համար էլ Պողոսը անվանում է սա կռապաշտություն և ինչո՞ւ, որովհետև շատերն ունենալով հարստություն, չեն համարձակվում օգտվել դրանից, համարելով դա որպես սրբություն և ամբողջովին այն փոխանցում են թոռներին և նրանց սերունդներին, չհամարձակվելով դիպչել դրան, կարծես թե մի բանի, որ նվիրված է Աստծուն: Եվ եթե նույնիսկ երբևէ ստիպված են լինում, այնժամ այնպիսի մի վիճակի մեջ են ընկնում, որ կարծես թե գործել են ինչ-որ անթույլատրելի մի արարք: Մյուս կողմից, ինչպես որ կռապաշտը պահպանում է կուռքը, սրանք արգելափակում են ոսկին դռներով և պարըսպով, տաճարի փոխարեն պատրաստում և արծաթե տարաների մեջ են այն պահում: Դե եթե դու էլ նման ձևով երկրպագում ես ոսկուն, ոչնչով չես տարբերվում կուռքին երկրպագող հեթանոսից (Հովհան Ոսկեբերան):

86. Հեթանոսը ավելի շուտ կտա իր աչքերը և իր անձը, քան թե կուռքը, այդպես և ոսկի սիրողը: Բայց դու կասես, որ ոսկուն չե՞ս երկրպագում: Հեթանոսն էլ նույնն է ասում, որ չի երկրպագում կուռքին, այլ նրա մեջ բնակվող դևին: Այսպես և դու չես երկրպագում ոսկուն, սակայն երկրպագում ես դևին, որը խցկվում է հոգուդ մեջ ոսկու տեսքից և նրա հանդեպ քո կրքոտությունից (Հովհան Ոսկեբերան):

87. Արծաթսիրության կիրքը դևից վատթար է և սրա առաջ ավելի շատերն են խոնարհվում, քան հնում կուռքերին: Կուռքերին շատ բաներում չեն լսում, իսկ արծաթսիրությանը ամեն ինչում հնազանդվում են և անում են ամենը, ինչը  նա հրամայի կատարել: Իսկ ի՞նչ է նա ասում: Եղիր, ասում է նա,  բոլորի հանդեպ թշնամի և հակառակորդ, մոռացիր բնությունը, արհամարհիր Աստծուն, զոհաբերիր քեզ ինձ, և ամեն բան հնազանդվում է սրան: Կուռքին որպես զոհ բերում են անասունների, իսկ արծաթսիրությունը ասում է. «որպես զոհ ինձ մատուցիր քո անձը», և սա կատարում են: Տեսնո՞ւմ ես թե ինչպիսի զոհասեղաններ ունի սա, և ինչպիսի զոհեր է ընդունում: «Ագահները, -ասում է առաքյալը, -Աստծո արքայությունը չեն ժառանգում», բայց սրանք այս խոսքերից էլ չեն զարհուրում (Հովհան Ոսկեբերան):

88. Չնախանձենք հարուստներին և չարհամարհենք աղքատներին, քանզի թե մեկը, և թե մյուսը լինում են Աստծուց, նաև` ոչ Աստծուց: Բայց կասես, որ ասված է, թե. «Հարստությունը և աղքատությունը Աստծուց է» (Սիրաք 11:14): Բայց հարցնենք մեզ հակաճառողներին, բոլոր հարստություննե՞րն են Աստծուց, և արդյոք ամեն մի աղքատությո՞ւն է, որ Աստծուց է: Ով կարող է դա ասել: Քանզի մենք տեսնում ենք, որ շատերն իրենց մեծ հարստությունը հավաքում են հափշտակությամբ, կախարդությամբ և նմանօրինակ այլ միջոցներով: Դե ասա ինձ, կարելի՞ է ասել, որ նման հարստությունը Աստծուց է: Ոչ, ուրեմն որտեղի՞ց է` մեղքից: Պոռնիկը պղծում է իր մարմինը և հարստանում, այսպես և գողը` ծակելով պատը, հավաքում է անիրավ հարստություն: Եվ ինչ, արդյո՞ք ամեն մի հարստություն է, որ Աստծուց է: Բայց լսիր, որ լինում է նաև աղքատություն, որ Աստծուց չէ: Մի անժուժկալ պատանի ծախսեց իր հարստությունը անառակ կանանց, կախարդների և նմանօրինակ այլ բաների վրա և դարձավ աղքատ, հայտնապես է, որ սա Աստծուց չէ, այլ սեփական անժուժկալությունից: Այսպես է նաև, եթե մեկն աղքատանում է պարապությունից, դառնում է կարիքավոր` սեփական անմտությունից, կամ որ արել է բաներ վտանգավոր և անօրեն, պարզ է, որ նման մարդիկ Աստծուց չէ, որ ընկել են նման վիճակի մեջ (Հովհան Ոսկեբերան):

89. Ինչպիսի՞ աղքատությունն է և ինչպիսի՞ հարստությունն է, որ տրվում է Աստծուց: Նա դարձրեց հարուստ Աբրահամին, նրանից հետո նաև Հոբին, ինչպես որ ասում է. «Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ 2:10): Հակոբի հարստությունն էլ այստեղից առաջ եկավ: Լինում է և Նրանից չքավորություն, որը պատճառ է բարիքի, որը և Նա երբեմն առաջարկեց հարուստին հետևյալ խոսքերով. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ունեցվածքը և բաժանիր աղքատներին և եկ իմ ետևից» (Մատթ. 15:21): Եվ հիմա կհարցնես, եթե հարուստները օգտակար չեն, ուրեմն, ինչի՞ համար  նրանք գոյություն ունեն: Նրանք են անպիտան, ովքեր իրենք իրենց են հարստացրել, իսկ ում հարստացրել է Աստված, նրանք հույժ օգտակար են: Սա կարելի է տեսնել և իր գործերից: Աբրահամը տիրում էր հարստության և հօգուտ բոլոր ճամփորդների օտարականների ու կարիքավորների:

Այսպիսին էր և Հոբ Երանելին. «Իմ դուռը բաց էր բոլոր այցելուների համար» (Հոբ 31:32), «Կույրին աչք էի և կաղ մարդուն` ոտք ու խեղճին` հայր» (Հոբ 29:15), «Օտարը դրսում չէր օթևանում, իմ դուռը բաց էր եկվորի առաջ» (Հոբ 31:32), «Կորած մեկին անտեսեցի՞ և չհագցրեցի՞» (Հոբ 31:15): Եվ սրանից առավելն էր անում նա:

Իսկ հիմա ուզու՞մ ես տեսնել նրանց, որ հարստացան, բայց ոչ Աստծուց, և տեսնել, թե ինչպես էին նրանք վարվում իրենց ունեցվածքի հետ: Նայիր հարուստին, որ հիշատակվեց Ղազարոսի հետ, որ մի հատիկ իսկ չհեռացրեց իրենից, նաև Աքաբին, որ հափշտակեց այգին և նմանօրինակ այլոց (Հովհան Ոսկեբերան):

90. Հիմա կհարցնես. ինչո՞ւ է Աստված թույլ տալիս նման մարդկանց հարստանալ: Որովհետև Նա երկայնամիտ է և ուզում է մեզ բերել ապաշխարության, որովհետև Նա պատրաստել էր գեհենը և օր նշանակել, որում պիտի դատի ամբողջ երկիրը: Եթե նա նույն պահին պատժեր հափշտակությամբ հարստացողին, այնժամ Զակքեոսը ժամանակ չէր ունենա զղջալու և քառապատիկ ավելին տալու իր հափշտակածից, դնելով և իր սեփական ունեցվածքի կեսը, Մատթեոսը չէր կարող փոխվել և դառնալ առաքյալ, եթե չունենար համապատասխան ժամանակամիջոց, և նմանօրինակ ուրիշ շատերը: Եթե նրանք չուզենան զղջալ և շարունակեն նույնն անել, ուրեմն, նրանց համար է ասել Պողոսը, որ նրանք իրենց. «Խստությամբ և անզիղճ սրտով բարկություն են դիզում իրենց անձի դեմ բարկության օրվա և Աստծո դատաստանի հայտնության օրվա համար» (Հռոմ. 2:5): Որպեսզի մենք խուսափենք այս բարկությունից, ապա հավաքենք երկնային հարստություն և փնտրենք չքավորությունը, որ արժանի է գովասանքի, և այնժամ մենք էլ կարժանանանք գալիք անանց բարիքներին (Հովհան Ոսկեբերան):

91. Զարհուրենք արծաթսիրությունից և փախչենք այս մեղքից: Արծաթսիրությունը խռովքի է մատնել ամբողջ աշխարհը, ամեն ինչ մատնեց անկարգության, նա հեռացնում է մեզ Քրիստոսին ծառայելու երանավետությունից, քանի որ մամոնան լիովին հակառակ է Քրիստոսին: Քրիստոսն ասում է.«Տուր կարիքավորներին», իսկ մամոնան` «Խլիր կարիքավորից», Քրիստոսն ասում է. «Ներիր քո հանդեպ չար խորհողին և վիրավորողին», իսկ մամոնան` «Խարդավանքներ սարքիր մարդկանց դեմ, չնայած որ քեզ ոչ մի վնաս չեն հասցրել», «Եղիր մարդասեր և հեզ», իսկ մամոնան` հակառակը. «Եղիր դաժան և անմարդկային, ոչինչ համարիր կարիքավորների արցունքները», և այս կերպով դատաստանի օրը մեզ համար զարհուրելի է դարձնում Դատավորին: Այնժամ մեր բոլոր գործերը կհառնեն մեր աչքերի առջև, մեր կողմից վիրավորված և զրկվածները մեզ կզրկեն ամեն մի արդարացումից (Հովհան Ոսկեբերան):

92. Արհամարհենք դրամը և փառքը: Այս կրքերից ազատվածը ազատ է բոլոր մարդկանցից առավել և հարուստ է արքայական պատմուճան հագնողից: Չե՞ս տեսնում արդյոք, թե որքան չարիք է լինում դրամի պատճառով: Չեմ ասում, որքան ագահությունից, այլ որքան փողի հանդեպ կրքոտությունից: Օրինակ, մեկը փող է կորցրել և հիմա ապրում է մի կյանքով որ մահվանից ավելի անտանելի է: Ինչի՞ համար ես դու սգում, ով մարդ, ինչի՞ համար ես լացում, արդյոք դրա համա՞ր, որ Աստված ազատեց քեզ ավելորդ հոգսերից: Այն բանի՞ համար, որ էլ չես նստում ահի և դողի մեջ: Եթե մեկը քեզ նստեցներ իր գանձի մոտ և հրամայեր գիշեր ու զօր այն հսկել, դու կդժգոհեիր դրա համար և կտրտնջայիր: Բայց երբ դու ինքդ ես քեզ կապել անտանելի կապանքներով, էլ ինչու՞ ես սգում, որ արձակվել ես այդ կապանքներից (Հովհան Ոսկեբերան):

93. Տերն ասաց. «Երանի հոգով աղքատներին» (Մատթ. 5:3): Մտածիր, թե ինչպիսի օրհնության կարժանանաս Աստծո կողմից, եթե այդ բանը գործով ցույց տաս: Նա մեզանից պահանջում է մի բան, որպեսզի ամեն ինչի համար Աստծուն գոհություն հայտնենք և մենք ունենանք ամեն բան ավելիով: Օրինակ, եթե դու կորցրել ես 100 ոսկի տեղում, իսկ գոհացիր Աստծուց և Իրեն դիմելու և գոհություն հայտնելու մեջ դու կստանաս 100 000-ից ավելի: Եվ սատանան էլ վնասում է մեզ ոչ այն բանի համար, որ հափշտակի մեր ունեցվածքը, քանի որ նա գիտի, թե այդ բոլորը ոչինչ են, այլ որպեսզի այդ բանի միջոցով մեզ ստիպի արտահայտել մի ինչ-որ աստվածհայհոյություն: Այսպես և Հոբ Երանելուն նա ցանկանում էր զրկել ոչ միայն ունեցվածքից, այլև դարձնել նրան աստվածհայհոյող: Երբ չարը զրկեց Հոբին իր ունեցվածքից, տես, թե ինչ ասաց կնոջ միջոցով. «Աստծուն հայհոյիր ու մեռիր» (Հոբ 2:9): Բայց դու, ո՜վ չարք, նրան զրկեցիր ամեն ինչից: «-Ես այն բանին չէի ձգտում, ինչ-որ արեցի, -ասում է նա, -այլ ես ձգտում էի այս բոլորի միջոցով Հոբին զրկել Աստծո օգնականությունից` Նրա դեմ տրտունջ հարուցելու միտումով, սրա համար է, որ նրան զրկեցի ունեցվածքից, իսկ եթե այդ բանին չհասնեմ, Հոբը ոչ մի վընաս չի կրի, այլ ավելի մեծ օրհնության կարժանանա»:

Տեսնո՞ւմ ես, որ չար ոգին գիտի, թե ինչպիսի վնասներ է լինում նման անհամբերությունից: Դրա համար էլ նա նման խարդավանքներ էր նյութում Հոբի դեմ (Հովհան Ոսկեբերան):

94. Ես չեմ դատում նրանց, որոնք ունեն տներ, դաշտեր, դրամ, ծառաներ և այլն: Այլ միայն ցանկանում եմ, որ նրանք իմաստությամբ և պատշաճ կերպով վարվեն այնպես, ինչպես որ տերը, այլ ոչ թե ստրուկը, այսինքն` տիրել հարստությանը և թույլ չտալ, որպեսզի այն տիրի մեզ վրա, օգտագործել այն, բայց չչարաշահել (Հովհան Ոսկեբերան):

95. Դժոխքը չի ասի` հերիք է, հարստատենչը երբեք չի ասում, թե` բավական է (Բարսեղ Կեսարացի):

96. Ժլատը, քանի դեռ կենդանի է, ոչ մի լավ բան չի անում, միայն նրա մահից հետո է բարիք լինում, երբ կուտակված հարստությունը լույս աշխարհ է գալիս (Բարսեղ Կեսարացի):

97. Ինչքան ծանր են ժլատի սնդուկները, այնքան թեթև է հարազատների վիշտը (Բարսեղ Կեսարացի):

98. Դրամ մի՛ ցանկացիր, և այն կուղարկվի առատությամբ (Եպիփան Կիպրացի):

99. Մի ասա, որ դրամ ես հավաքում աղքատների համար, քանի որ որբևայրի կինը երկու լումայով գնեց Երկնքի արքայությունը (Հովհաննես Սանդուղք):

100. Արծաթսիրությունը հաղթահարողը արմատախիլ է արել հոգսերը, իսկ նրանով տարվածը երբեք մաքուր չի աղոթում (Հովհաննես Սանդուղք):

101. Արծաթսիրությունն սկսվում է ողորմություններ բաշխելու անվան տակ և վերջանում աղքատների հանդեպ ատելությամբ: Արծաթասերը ողորմած է, քանի դեռ դրամ է հավաքում, իսկ երբ դրամը կուտակվում է, այն ժամ պինդ փակում է իր ձեռքը (Հովհաննես Սանդուղք):

102. Տեսել եմ աղքատներ, որոնք ապրելով հոգով աղքատների հետ, հոգեպես հարստացել են և մոռացել իրենց աղքատությունը (Հովհաննես Սանդուղք):

103. Ինչպես որ ոսկին կավի հետ փոխանակողը մեծ վնաս է հասցնում իրեն, այդպես էլ նրանք, որոնք մարմնավոր, նյութական շահի համար խոսում են հոգևոր բաներ (Հովհաննես Սանդուղք):

104. Հարստությունը համարիր ոչ այլ ինչ, քան տատասկ, որն արյունոտում է նրանց, որոնք իրենց ձեռքերով ամուր սեղմում են այն (Օգոստինոս Երանելի):

105. Հարց. -Երբ ինչ-որ մեկի հետ հաշիվ եմ անում, ապա մի ձայն ինձ ստիպում է գոնե մի փոքր թաքցնել, խաբել, համաձայն մեղավոր բնույթի: Ի՞նչ անեմ:

Պատ. -Ընդհակառակն արա, աշխատիր նրան ավելի շատ տալ, ինչքան էլ դժվար լինի քեզ համար: Գոնե մի պղնձադրամ, որպեսզի խուսափես չար վաշխառությունից: Քանզի նա, ով աշխատում է գոնե մի փոքր ավելի տալ, դրանով իսկ հեռացնում է իրեն մեղքից` որևէ բան ավել ունենալուց: Փոքրի մեջ մեղանչողը մեծի մեջ է մեղանչում, նաև փոքր կրքերը մեծ կրքեր են դառնում: Թող Աստված քեզ Իր երկյուղի մեջ հաստատ պահի (Բարսիլիսկոս Մեծ):

106. Հարց. -Եթե որևէ մեկը գնում կամ վաճառում է որևէ իր, մեղք չէ՞ արդյոք սակարկելը:

Պատ. - Եթե դա ստիպողաբար չի արվում, այլ ազատ կամքով, փոխադարձ համաձայնությամբ, ապա մեղք չէ տալ կամ վերցնել պայմանավորված գինը: Սակայն եթե մեկն ավելի շատ ձեռք բերեց, քան իրական արժեքն է, ապա նա, ինքնըստինքյան, պետք է վերադարձնի ավելցուկը և հենց դրանով բարի գործ կանի, որի համար էլ երախտագիտության կարժանանա: Իսկ եթե որևէ մեկն իր ենթականերից մեկնումեկի հետ է պայմանագիր կնքում, ապա պետք է զգոն լինի, որպեսզի իր իշխանությամբ ճնշում չգործադրի, քանի որ սա մեղք է: Պետք է նախապես ասել. ես չեմ վիրավորվի, եղբայր, եթե դու չհամաձայնես այն գումարին, ինչ ես եմ առաջարկում, ավելին տալ չեմ պատրաստվում: Այդ պատճառով էլ արա, ինչպես ուզում ես, կամ ինչպես հարմար ես գտնում (Բարսիլիսկոս Մեծ):

107. Ոչ թե հարստություն ունենալ, այլ` հարստության կարիք չունենալ` ահա մեծ հարստությունը (Աբբա Հովհաննես):

108. Քանի որ ագահն իր գանձերը երկրի վրա դիզելու ետևից է գնում, իհարկե, նրա սիրտն ու սերն էլ երկնքից ու Աստծուց հեռու են (Տեր Գաբրիել քահանա):

109. Աստված մինչև անգամ մեր սննդի և հագուստի և այլ կարիքների համար հոգ անել չի պատվիրում. «Քո հոգսը Տիրոջ վրա դիր, և Նա կխնամի քեզ» (Սաղմ. 55:22): Բայց ագահը գործնական է, ուզում է իր և իր ընտանիքի ապագան ապահով հիմքերի վրա դնել իր իսկ ջանքերով (Տեր Գաբրիել քահանա):

110. Արծաթսիրությունը միայն շատը ցանկանալը չէ, այլ այն ինչ-որ մեր անհրաժեշտությունից առավել է: Մի՞թե ոսկու և թանկարժեք քարերի շատությունն էր, որ մատնողին հրապուրեց, ոչ, եղածն ընդամենը երեսուն արծաթ էր (Բարսեղ Մաշկևորցի):

111. Տեսնում եմ, որ ամենքս էլ արհամարհում ենք Քրիստոսին և պատվում ինչքերին: Մեզանից ո՞վ է արդյոք Քրիստոսին հաճելի լինելու համար այնքան հոգում և աշխատում, որքան հարստության համար, և կամ ո՞վ է Քրիստոսի հանդեպ այնքան սեր ցույց տալիս, որքան չեմ ասում իր կնոջ և զավակների, այլ կենդանիների, պարտեզների և այգիների համար: Այս բոլորի համար բազմապիսի խընամք ենք տանում, մինչ Քրիստոսի համար` երբեք (Բարսեղ Մաշկևորցի):

112. Տակավին ոմանք այնքան չար են ու խիստ, հակառակ այն բանի, որ զավակ չունեն, չեն ուզում իրենց ժառանգությունը այլոց թողնել: Ավելի շուտ փափագում են, որ գետինը բացվի ու այն ծածկի, որպեսզի չտեսնի, որ ուրիշները տիրանում են իր հարստությանը, ինչը որ չար մտքի ծնունդ է: Սակայն դու գրիր որ Քրիստոսին ես ժառանգում հարստությունդ: Սա ողջությանդ ժամանակ պիտի անեիր, որովհետև մեծագույն ողորմությունը կենդանության ժամանակ արվածն է: Քանի որ այդ չես արել, գոնե մահվանիցդ հետո արա, որպեսզի ձախակողմյան ուլերի հետ չդասվես (Մատթ. 25:32,32), թեև գառների հետ չես կարող փառավորվել, սակայն գեթ նրանց շարքերը կանցնես, ինչը որ նվազ բարիք չէ (Բարսեղ Մաշկևորցի):

113. Ով չար վաշխի անօրենություն, որ ստացողների համար մահվան որոգայթ է, և չեն իմանում, որ խեղդակապ է անձին, կապանք` հոգուն, առիթը` գեհենի, առաջնորդ խավարի, պատրաստող ամեն տեսակի չարչարանքների և հավիտենական ամոթի, որի համար և հարկ է, որ խիստ զգուշությամբ հրաժարվենք ստացվածք տենչալուց: Փախչենք այդ չար ախտից, փախչենք չարաժանի գազանից, խույս տանք սատանայական մեքենայություններից: Որովհետև վաշխառությունը չար օձի վարդապետությունն է, դիվային հնարք է, թշնամու սերմն է, տանջանքների հավաստիքն է, բարեպաշտության խափանարարը, գեհենի ճանապարհը, արքայության զրկումն է, մարմնի խռովքն է և հոգու սատակումը, և բոլոր արդարությունների մերժումը (Բարսեղ Մաշկևորցի):

114. Հարստության ձգտելիս հիշի՛ր, որ հարստությունը ծնում է հպարտություն, սնապարծություն, որովայնամոլություն, վավաշոտություն և ամեն տեսակի շքեղություն: Անկարելի է միաժամանակ մի աչքով երկինք նայել, մյուս աչքով` երկիր: Նմանապես անհնար է թե՛ երկրավոր, թե՛ երկնային սիրով Աստծուն հաճելի լինել (Խոսրով Անձևացի):

115. Ագահության նման ուրիշ ոչ մի ախտ չի կարող Աստծո սիրո հանգույցը քանդել. նրանից գերվողը Աստծուն մամոնայի հետ կփոխի, որովհետև դրամի սիրուց կարհամարhի Աստծո պատվիրանները, գեհենի սպառնալիքները և Արքայության պատիվը: Երբ նա արհամարhում է Արքայության Տիրոջը և կորստյան որդի Հուդայի նման Նրան ոսկու փոխարեն ծախում, ապա նրա համար ուրիշ ի՞նչ պատվական բան կմնա: Այսպիսիների վճիռը մեր Տերը Ի՛նքն է, որ բացորոշ կերպով հայտարարեց. «Չե՛ք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթ. 6:24). ուզենալով ասել այն, որ Աստծո ծառան չի կարող ծառայել և հնազանդվել մամոնային. իսկ նա, որ մամոնայի ծառա է, Աստծո ծառայությունից հեռացած է և կռապաշտների հետ պիտի դատվի, որովհետև Պողոսը կռապաշտների հետ է դասում այնպիսիներին` ասելով. «Ագահությունը կռապաշտություն է» (Կող.3:5) (Սարգիս Շնորհալի):

116. Տերը մեզ հրամայում է, որ մեր գանձերը պահենք երկնքում, որը գողերի համար անմերձենալի է (Ղուկ. 12:33), իսկ մենք մեր ունեցած գույքը հողի մեջ ենք թաղում և գողերի ու ավազակների համար ենք հավաքում (Սարգիս Շնորհալի):

117. Ծաղկաթափ փառքերի վրա չզարմանանք, երանի չտանք հարուստներին, որովհետև նրանց փառքը ոչ միայն խոտի ծաղիկներից ավելի դյուրաթառամ է, այլ սարդոստայնից ավելի արագ է քանդվում: Ստվերի և երազի պես է նրանց կյանքը և դեռ` շատ ավելի դյուրին է ջրի վրա գրելը, քան նրանց հարստություը, որովհետև այնքան արագավախճան և դյուրափշուր են, որ անձրևի պղպջակներից ավելի դյուրին են պայթում ու անհետանում և իրենց շահից ձեռք գցած մեղքն է, որ տանում են իրենց հետ: Զրկվում են անդենական փառքից` հետապնդելով անցողիկ բարիքներ, առանց իսկ սրանք վայելելու: Լանք նրանց համար և մեծապես ողբանք, որովհետև ջանում են ձեռք գցել անցավորը և տեսանելի փառքով պատվվելը, որով և զրկվում են Աստծո փառքից: Ավաղ, նրանց մտքի կուրությանը և չափազանց անզգամությանը (Սարգիս Շնորհալի):

118. Չենք վախենում Աստվածաշնչի դատապարտությունից, որ ասում է. «Հարուստն իր հարստությամբ պիտի թոշնի» (Հակ. Ա 11):

Իսկ եթե Աստվածաշնչի պատգամներին չեք հավատում, գեթ նայեցեք անցյալի հարուստներին և սովորեցեք հարստության ունայնությունը, որովհետև սրանք սարդոստայնից ավելի թույլ գտնվեցին, մրրիկից քշված փոշուց ավելի շուտ անհետացան և կարմիր կակաչից ավելի շուտ անհետացան, իսկ աշխարհիկ հարստությունից ոչինչ չտարան իրենց հետ, բացի մեղքից, որն է Աստծո բարկության պատճառը և անդենական տանջանքների առիթը: Որովհետև իր հարստության վրա որքան ավելի դիզի, այնքան իր անձի վրա ցավ կավելացնի և իր համար խավար, որդ և գեհեն կհավաքի (Սարգիս Շնորհալի):

119. Ինքն իր համար հավաքելը և պահելը ուրիշ ի՞նչ կարող է լինել, եթե ոչ ագահություն, որ երկրորդ կռապաշտությունն է: Իսկ նըրանք, որ ասում են, թե իրենց զավակների համար են հավաքում և սա որպես հարմար պատճառաբանություն են նկատում, թող իմանան, թե սա բանսարկուի խաբեությունն է: Նա` չկարողանալով հայտնապես կռապաշտությամբ խաբել և մահացնել, իրենց զավակների պատճառով նույնն է գործել տալիս և անհույս դարձնում Քրիստոսից: Ով  հիմար, Նա որ քեզ ստեղծեց, որդուդ էլ չստեղծե՞ց, Նա որ քեզ ինչքեր տվեց,  զավակներիդ չի՞ կարող տալ: Չլինի՞, թե քեզ իրենից ավելի է սիրում, քեզ տվեց, նրան կզլանա՞: Չմտածես, որ նրան հանձնելով քեզ, իր խընամքից հեռացրեց: Եվ ինչպես կարող է մեծը տալուց հետո փոքրը զլանա, մարմինն ստեղծեց, հոգին տվեց, իսկ ինչ որ հոգուն և մարմնին պետք է, մի՞թե պիտի չտա: Չլսեցի՞ր Քրիստոսի խոսքը. «Հոգին կերակրից ավելի կարևոր է, և մարմինը` հագուստներից» (Մատթ. 6:25), իսկ եթե լսեցիր` ինչո՞ւ ես անհավատ մնում և թույլ չես տալիս Արարչին, որ խնամք տանի: Ինչո՞ւ ես զավակիդ Արարչի խնամքից զրկում` տարօրինակ կերպով նրա համար հոգ տանելովդ: Նրանն է ստեղծվածը, Իրեն ապավինիր և վայելուչ առաքինություն սովորեցրու զավակիդ` կատարելով Աստծո պատվիրանը (Սարգիս Շնորհալի):

120. Զավակիդ բարեպաշտության օրինակ թող, այլ ոչ թե` հարստություն: Աղքատների երամին արած գթությամբդ, զավակիդ վերակացու թող Աստծո անսահման գթությունը և ոչ թե փայլող ոսկի: Սովորեցրու ողորմության բարիքը և ոչ թե տմարդության չարիքը, սովորեցրու Աստծված պաշտել և ոչ թե մամոնա, սովորեցրու երկնավոր բաներ ցանկալ և ոչ թե երկրավոր: Վարժեցրու պատվասեր լինել երկնային պատվին և ոչ թե մեր սին, ծաղկաթափ կյանքին, սովորեցրու սիրել ոչ թե առօրյա կյանքը` անցավորը, որ լի է դառնությամբ, թշվառությամբ այլ կայուն է, մնայուն է և բյուրապատիկ հանգստով լեցուն է (Սարգիս Շնորհալի):

121. Արդ, առաջին հերթին, ինչու՞ Աստծո բարկության պատճառները չես ոչնչացնում` բաշխելով և տալով ինչքերդ, այլ նրա բարկությանը կցորդ և բաժնեկից ես դարձնում զավակիդ: Սա ատելության նշան է և ոչ թե սիրո, որովհետև չար գործերի փոխանորդ ես նշանակում զավակիդ, որ քեզանից սովորած անիրավություններն ավելի կատաղի և նախանձախնդիր կերպով է գործածելու: Եթե ճշմարիտ է Սուրբ Գրքում գրվածը, թե. «Հայրերը ազոխ կերան, և որդիների ատամները ցավեց» (Եզեկ. 18:2), և այն էլ, երբ գործով պարտական չեն իրենց հայրերի մեղքերին, հապա, երբ որդիներն իրենց հայրերից էլ անցնեն չարության մեջ, ինչպիսի տանջանքի վրեժ պիտի ընդունեն Աստծուց: Այս բոլորը լսելով, ով հարուստներ, զղջացեք ձեր սրտերի մեջ, շահեցեք ձեր անձերը ու որդիներին, վախեցեք Աստծու դատաստանից և անձերի ու զավակների կորստյան պատճառ լինելուց (Սարգիս Շնորհալի):

122. Այսքանով աղաչում եմ ձեզ, ով Լուսո որդիներ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, հեռու պահեցեք ձեր անձերը երկրորդ կռապաշտությունից` ագահությունից, արծաթսիրությունից, որը թեև կարգով երկրորդն է, սակայն զորությամբ և չարիքներով առաջինից ոչնչով նվազ չէ: Լսիր առաքյալին, որ ասում է. «Ամեն չարիքների արմատը արծաթսիրությունն է» (Ա Տիմ. 6:10): Այս բանը լսելով, աղաչում եմ, սիրելիներ, վախենանք և զարհուրենք, միգուցե աստվածպաշտության կերպարանքով մեռնենք և ամեն չարիքների արմատը մեր հետ թաղենք: Սաստիկ երկյուղ և ահավոր տագնապ է սպասվում մեզ, որովհետև քրիստոնյա լինելով հանդերձ, ոչ որպես քրիստոնյա կամ կրոնավոր գերեզմանից հարություն պիտի առնենք և Դատավորի առջև պիտի կանգնենք, այլ որպես կռապաշտ (Սարգիս Շնորհալի):

123. Արդ, եթե իբրև քրիստոնյա պիտի մեռնենք և Աստծո մոտ պիտի մտնենք, այս կռապաշտությանը հակառակը վարվենք, մամոնայի կուռքերը խորտակենք ողորմածությամբ` սփռելով և աղքատներին այն տալով: Նա, որ ունի և առատորեն մատակարարում է, իբրև Աստծո կողմից վստահված ինչքեր, նրան կոչում են հոգևոր քսակ, ինչպես Հոբը, Աբրահամը և Կոռնելիոսը (Սարգիս Շնորհալի):

124. Ագահությունը կորստյան պտաճառ է դառնում ինչպես որ գրում է Եսայի մարգարեն ագահի մասին. «Վա՜յ նրանց, ովքեր տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, իսկ ընկերոջը արտաքսում են զրկանքներով, թեպետ և մեծամեծ շինություններ էլ կառուցեն, ավերակ են դառնալու»: Գրված է. «Իզուր է տագնապում ու ճիգ թափում, գանձ կուտակում` հոգին կորցնելով և չիմանալով, թե ով է ժառանգելու այն», ինչպես որ բազմիցս տեսնում ենք: Այդ աղբն էր, որ գործել տվեց Հուդային և Գեհեզին (Վարդան Այգեկցի):

125. Արծաթսիրությունը ագահության և կռապաշտության ընկերն է, եղբարյն ու գործակիցը: Միապես չար է նրանց և գործը, և խորհուրդը, որովհետև արծաթի (դրամի) սիրո համար շատերն անհոգ գողանում են, զրկում ու սպանում, և հեռանում հավատից (Վարդան Այգեկցի):

126. Ահա վատ գինով հարբելուց բազմապատիկ վատ և դիվահարությունից բազմապատիկ գարշելի է արծաթսիրությունը: Արծաթի սիրուց գործած չար Հուդայի օրինակը բավական է մեզ, քանզի նա արծաթսիրության պատճառով խաչի մատնեց իր Արարչին ու Վարդապետին, Որը եկել էր կյանք տալու ողջ աշխարհին և տվեց անսահման պարգևներ և շնորհներ: Այստեղից սովորիր, թե որքան չարիք է գործվում աշխարհում այս չարագլուխ ախտի պատճառով: Իսկ մեր ժամանակներում շատերը մի քանի արծաթի, փոքր ինչ շահի, այսինքն` մեկ դրամի և կամ հինգ խերեվեշի համար չարաչար երդվելով` ուրանում են Քրիստոսին և զրկում շատերին (Վարդան Այգեկցի):

127. Հիրավի են ասում, որ գողությունն առավել չար մեղք է, որովհետև դրանով բազում անմեղ հոգիներ են գայթակղվում և կասկածով լցվում: Այս մեղքին հավասարազոր է տոկոս վերցնելը, որին վաշխառություն են անվանում: Մարգարեն գրում է. «Վա՜յ նրան, որ իր արծաթը կամ մի այլ բան փոխ է տվել և վաշխով ու տոկոսով ետ պահանջել»: Որովհետև այսպիսինն Աստծուն հակառակ է գործում` ավելացնելով մեղք-մեղքի վրա: Գամլիքի մեծ սյուն Բարսեղը վաշխը բազմագլուխ գազան անվանեց, որովհետև օձի պես գալարվելով` պատում է վաշխով տվողի մարմինն ու հոգին և կործանում է նրանից ծնված երեք կամ չորս սերունդներին (Վարդան Այգեկցի):

128. Կան մարդիկ, որոնք նեղության մեջ գտնվելով, աղքատին դահեկան են տալիս` հացի, գինու և այլ կարիքների համար, իսկ հետո նեղում են նրան` պահանջելով. «Այսքան գինի և այսչափ ցորեն տուր մի դահեկանի դիմաց»: Սա ծածուկ վաշխառություն է, որն ավելի ծանրագույն մեղք է, քան այն, երբ բացահայտորեն են վաշխը վերցնում: Կան մարդիկ, որ գրավ են վերցնում և պահում են աղքատների սեփականությունը, սա նույնպես հավասար է վաշխառության, որովհետև գաղտնի է սատանայի որոգայթը և գաղտնի կերպով է կործանում մարդկանց ոգիները: Այս երեք ախտերը` գողությունը, վաշխառությունը և զրկելը կոչվում են զրկանք  (Վարդան Այգեկցի):

129. Այս ախտը սատանան սերմանում է ոչ միայն տգետ մարդկանց, այլ նաև քահանաների մեջ, որոնց հրամայվեց աղ և լույս լինել Աստծո ժողովրդի համար: Եվ սա գործել է տալիս արծաթսիրության ագահ ախտը (Վարդան Այգեկցի):

130. Քրիստոսին տեսնում է նա, ով ատում է հարստությունը (Եզնիկ Կողբացի):

 

Նյութերը վերցված են <<Խրատանի ապաշխարության>> գրքից:

03.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․