Գրքեր

Աշխատասեր և ողորմած մարդը Աստծո տվածը Աստծուն է վերադարձնում

Աստված իր ստեղծած մարդուն բնակեցրեց բերկրության դրախտում, որը գեղեցկատեսիլ էր և առատ ամեն ինչով: Թվում էր, թե անելու ոչինչ չի լինի, բայց Աստված պատվիրեց առաջին մարդուն, որ աշխատի, մշակի և պահպանի այն: Անգամ դրախտում Աստված աշխատելու պատվեր տվեց: Երբ Նա Ադամին և Եվային վտարեց դրախտից անհնազանդության մեղքի պատճառով, մյուս պատիժների հետ միասին ասաց նաև հետևյալը. «Ճակատիդ քրտինքով քո հացը ուտես» (Ծննդոց 3:19): Սա պատիժ էր թե՛ առաջին մարդկանց և թե՛ հաջորդ սերունդների համար, բայց Ս. Հովհան Ոսկեբերանն աստվածային այս խոսքում ներշնչանք և ուսուցում է տեսնում, նաև բժշկություն`մեղքից առաջացած վերքի համար:

Աստվածաշնչում Ս. Պողոս առաքյալի մասին կարդում ենք, որ նա անդադար աշխատում էր ոչ միայն ցերեկը, այլև`գիշերը. «Եղբայրներ, հիշեցեք մեր վաստակը և ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք» (Ա Թեսաղոնիկեցիներ 2:9): Հաճույքի և հոգևոր հանգստի համար չէ, որ նա աշխատում էր, ինչն անում էին եղբայրներից շատերը, այլ այնպիսի ջանք էր թափում աշխատանքի ժամին, որ օգնում էր նաև ուրիշներին:

Մի օր մի վանահայր իր աշակերտին հետևյալ խորհուրդը տվեց՝ որքան կարող ես աշխատիր, որպեսզի քո աշխատանքով օգնես նրան, ով կարիքի մեջ է հայտնվել, քանի որ գրված է. «Ողորմությամբ և հավատքով մաքրվում է մեղքը» (Առակներ 15:27):

Ս. Հովհան Ոսկեբերանը հորդորում է ամուր բռնվել աշխատասիրությունից, որպեսզի մարդը թե՛ այս կյանքում ապրի բարեվայելչությամբ և կարիքավորներին էլ օգնի իր ունեցվածքից` կատարելագործելով իր հոգին և թե՛ ստանա հավիտենական բարիքները:

Այսօր էլ հավատքի մեջ գտնվող շատ անձինք իրենց աշխատասիրությամբ և ողորմածությամբ Աստծո տվածը Աստծուն են վերադարձնում: Ուրախալի է փաստել, որ բազմաթիվ հավատավոր հայորդիներ թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից իրենց աշխատանքի առատ պտուղներից իրենց աջակցությունն են բերում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերին: Այս անգամ սոցիալապես անապահով տասը ընտանիքների իր բարի ծառայությունը բերեց մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքը: Հունվարի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կիրակոսյան Գյուլնարային (61 տ.) հանձնեց Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ գնված սննդի փաթեթ: Գյուլնարան, իր տարեց մոր և որդու հետ, բնակվում է Վերին Զեյթունի Ռայնիսի 1/16 հասցեում: Նա որպես մաքրուհի է աշխատում: Բայց իր աշխատավարձն ու մոր հաշմանդամության (երկրորդ խումբ) թոշակի գումարը չի բավարարում ամենօրյա կարիքները և տիկին Գյուլնարայի ու իր մոր բուժման ծախսերը հոգալու համար: Կիրակոսյան ընտանիքը զգացված էր և երախտապարտ այն ուշադրության համար, որ ցուցաբերվեց իրենց հանդեպ:

 

 

Կարինե Սուգիկյան

12.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․