Գրքեր

Աստծո անվան և էության մասին

Ո՞րն է «Աստված» բառի մեկնաբանությունը:

Խոսրով Անձևացին` Սուրբ Գրիգոր Նարեկացու հայրը, իր «Ժամակարգության մեկնության» մեջ ասում է, որ «Աստված» բառն արարչագործության ակնարկումն ունի, նշանակում է «աստ էած», այսինքն` գրաբարից թարգմանաբար` մեզ այստեղ բերեց, այս կյանքի բերեց: Ըստ մեկ այլ կարծիքի` Խոսրով Անձևացին իր բացատրության մեջ նկատի ունի ոչ թե «աստ»` «այստեղ» բառը, այլ «աստ» ասելով` հաստումն, ստեղծումն, ինչը նշանակում է, որ ստեղծման բերեց, ստեղծեց, ընդհանուր իմաստով` արարչագործեց:

Ներսես Լամբրոնացին Պատարագի իր մեկնության մեջ նշում է, որ «Աստված» նշանակում է այստեղ բերող, այսինքն` չգոյությունից այս գոյությանը բերող: Մեկ այլ բացատրությամբ «Աստված» նշանակում է աս տված` ասել, խոսել, շունչ տված:

 

Հին Կտակարանում հիշատակվող Աստծու անունը` Եհովա, Աստվածաշնչի թարգմանություններից շատերում «Տեր» է թարգմանվում: Ի՞նչ է նշանակում Եհովա:

Աստված հայտնվեց Մովսես մարգարեին անկեզ մորենու միջից և հայտնեց իր անունը` «Ես եմ` Ես այն Աստվածն եմ որ Է» (Ելք 3.2, 6, 14): Սա «ես» դերանվան ներկա ժամանակի բայաձևի հետ գործածումն է, որը եբրայերենում օգտագործված է միայն տետրագրամմայի` չորս տառերի տեսքով («տետրագրամմա» բառը հունարեն «չորս» և «տառ» բառերի միացությամբ է առաջացել), քանի որ եբրայերենում չէին գրում ձայնավորները: Այս պատճառով տետրագրամման փոխադրում կամ արտասանում են երկու ձևով` Եհովա կամ Յահվե: Եբրայական գիտնականներն ավելի ճիշտ են համարում «Յահվե» ձևը: Ներկա ժամանակաձևով «Ես եմ, որ Է» արտահայտությունը` ասված Մովսեսին Աստծո կողմից, ցույց է տալիս Աստծո հավերժական գոյություն ունենալը:

«Աստված» բառին իբրև հոմանիշ եբրայական Աստվածաշնչում գործածված են «Ադոնայ» և «Էլոհիմ» եբրայական բառերը, որոնք թարգմանվում են` Ադոնայ – իմ Տեր, Էլոհիմ - Աստված: Հրեաները Եհովա անվան արտասանության փոխարեն հաճախ նախընտրել են «Ադոնայ» բառը: Այս պարագայում բավականին հետաքրքրական է, որ «Ադոնայ», «Էլոհիմ» բառերը հոգնակի են, սակայն գործածվում են եզակի թիվ ցույց տվող բայի հետ, ինչպես օրինակ մարդու արարման պատմության մեջ: «Ադոնայ» բառի եզակին է «Ադոնա»: «Էլոհիմ» բառը ևս միաժամանակ և՛ եզակիության, և՛ հոգնակիության նշանակությունն ունի, գործածվում է ինչպես եզակի, այնպես էլ հոգնակի թվով բայերի հետ` եզակի թվով բայերի հետ գործածման պարագայում շեշտելով Աստծուն, հոգնակիության դեպքում` առավելաբար կուռքերին` չաստվածներին կամ իշխանություններին: «Էլոհիմ» բառի մեջ եբրայական «իմ» վերջավորությունը բառը հոգնակի է դարձնում: Աստվածաշնչում Աստծո համար գործածված է նաև «Էլ» բառը, որին հանդիպում ենք եբրայական հատուկ անունների բաղադրիչներում, ինչպես օրինակ` Իսրայէլ - Աստծո հետ մարտնչող, Եզեկիէլ - Աստված կզորացնի, Դանիէլ - Աստված է իմ դատավորը, Միքայէլ – ո՞վ է Աստծո (Էլ-ի) նման, Գաբրիէլ - Աստված է իմ զորությունը, Ռաֆայէլ - Աստված բժշկում է:

Եկեղեցական հեղինակները հատկապես «Էլոհիմ» հոգնակի բառի և դրան վերաբերող եզակի բայի գործածումը, որը թարգմանության մեջ նաև արտահայտվում է «Աստված» եզակի և բայի հոգնակի ձևով, բացատրում են Սուրբ Երրորդության և մի Աստվածության նախանշման փաստով, մանավանդ, որ մարդու արարչագործության պատմության մեջ բացի Աստծուն նշանակող հոգնակի թվով բառի և եզակի բայի օգտագործումից, Աստված ևս հոգնակիության գործածումով ասում է. «Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ»...»: Այստեղ գործածված է «Էլոհիմ» (եբրայերեն գրությամբ` אֱלֹהִים) հոգնակի ձևը (Ծննդ. 1.26-28): Եսայի մարգարեն Քրիստոսին առնչվող մարգարեության մեջ Նրան կոչում է «սքանչելի խորհրդակից» (9.6)` ցույց տալով աշխարհի արարման գործողությամբ Սուրբ Երրորդության անձերի գործակցությունը, որը և երևում է մարդու ստեղծման ժամանակ Աստծո խոսքից:

Մուսուլմանության մեջ Աստծուն ասում են «ալլահ»: Այն արաբերեն ձևն է «Էլի» բառի, որը նշանակում է Աստված իմ: «Էլի» ձևն Աստվածաշնչից հայտնի է հատկապես 21-րդ սաղմոսից և խաչի վրա Քրիստոսի արտասանած խոսքից. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն` Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27.46, Մարկ. 15.34, Սաղմ. 21.2): Աստվածաշնչում գործածվող «Էլոհիմ» բառի եզակին առանց եբրայական հոգնակիակերտ «իմ» ածանցի կլինի «Էլոահ», որտեղից էլ և արաբական ձևը` «ալլահ»:

Հինդուիզմում կան բազմաթիվ աստվածություններ, որոնցից է Բրահմանը` գերագույն, տիեզերական հոգին: Այստեղ «աստված» հասկացության համար գործածվում է նաև «Իշվարա» բառը, որը նշանակում է գերագույն էակ, բացառիկ զորությամբ էակ: Հինդուիզմում կրոնական տարբեր ճյուղեր օգտագործում են իրենց պատկերացմամբ աստծո համար տարբեր անուններ, որոնցից են Վիշնու` Բարձրագույն Աստված, Կրիշնա` Վիշնուի ութերորդ մարմնացումը և այլն:

           

Ի՞նչ է ուսուցանում քրիստոնեությունն Աստծո մասին: Մի կողմից ասում է, որ Աստված հոգի է և չի կարող արտահայտվել մարդկային բառերով ու հասկացություններով, քանի որ ցանկացած բառ լիովին չի կարող արտահայտել կամ բովանդակել «Աստված» հասկացությունը, մյուս կողմից` մենք կանգնած ենք Սուրբ Գրքում և բազում սրբերի փորձառությամբ տրված Աստծո Հայտնության, Աստծո Ինքնահայտնության փաստի առաջ:

«Աստված հոգի է» (Հովհ. 4.24),- ասում է Հովհաննես Ավետարանիչը` ամփոփ ներկայացնելով Սուրբ Գրքի հայտնութենական նկարագիրն Աստծո մասին: Աստծո հոգի լինելն է նաև, որ բացահայտում է Նրա ամենուրեքությունը, քանզի մարմնավորի և նյութականի հետ անպայմանորեն առնչվում է սահմանափակությունն ու որոշակի տարածության մեջ լինելը: Հին և Նոր Կտակարաններում Աստծո մասին պատկերացում կազմում ենք մարդկության պատմության մեջ Աստծո ներգործության վերաբերյալ տեղեկություններից, ինչը նաև ցույց է տալիս, որ Աստված, Իր արարչագործության ընթացքին անմասնակից դիտորդ չէ, այլ մուտք է գործում մարդկության պատմության, արարչագործության մեջ, Իր նախախնամությամբ ուղղորդում, Իր պատվիրաններն ու հորդորները բերում:

Աստծո մասին հինկտակարանյան և նորկտակարանյան պատկերացումների որոշ տարբերությունը բացատրվում է Հին Կտակարանում գործածված անթրոպոմորֆիզմով` Աստծո պարագային մարդկային մտքին ընկալելի լինելու համար մարդակերպական բնութագրումների գործածմամբ: Օրինակ` Աստծո բարկությունը կարող ենք բացատրել որպես մեղքի պատճառով մարդու հեռացում երկնային ողորմությունից և ոչ թե Աստծո զգացումների կամ տրամադրության փոփոխություն, քանզի Աստված անայլայլելի է: Այսպես նաև Աստծո զղջալը բացատրելի է իբրև աստվածային կամքի դրսևորման, վճռի արտահայտություն, Աստծո` որևէ մեկին հիշելը` Իր ողորմությանն արժանացնելը և այլն:

«Մատյան ողբերգության» մեջ Սուրբ Գրիգոր Նարեկացին մեկտեղված թվարկում է Աստծո հատկանիշները, որոնք կարելի է համախմբել նաև եկեղեցական հեղինակների, աստվածաբանների տարբեր աշխատություններից: Սուրբ Գրիգոր Նարեկացու գործում համատեղ բերված բնութագրումները կարող ենք ներկայացնել ըստ դասակարգման:

Աստծո էության կամ ինչպիսին լինելու մասին` անսկիզբն, անժամանակ, անսահման, ամենակալ, ամենակարող, ամենազոր, զորեղ, հզոր, անըմբռնելի, անիմանալի, անճառելի, անտեսանելի, անշոշափելի, ճշմարիտ, կատարյալ, սուրբ, ամենագետ, անտեսանելի, ինքնաբուն բարի, սոսկալի, ահեղ, ահավոր, ահարկու, ծածկագետ, անեղծ, անզննելի, անքնին, փառավորյալ, բարերար, ամենաստեղծ, ամենակատար:

Աստված-մարդ հարաբերության մեջ Աստծո դրսևորման մասին` արդար, արդարացնող, բարձր և խոնարհ, անշամանդաղ գիտություն, անտարակույս վստահություն, աներկբա խոստում, աննվազելի շնորհ, անպակասելի գանձ, բժշկություն, աղքատասեր պաշտպան, ստրկամեծար թագավոր, մշտահարուստ տվիչ, ամենաբաշխ աջ, արդարակշիռ ձեռն, անաչառատես ակն, մխիթարության ձայն, բերկրության բերումն, նախախնամող մատն, կենդանարար կամք, աննենգելի խրատ, անզուգական գութ, բազմազեղ ողորմություն, անոխակալ և երկայնամիտ, ներող, բարեգութ, ողորմած, մարդասեր:

Մարդու կողմից Աստծուն ուղղված գոհաբանությամբ հատկանիշներ` օրհնյալ, օրհնաբանելի, գովյալ, բարեբանյալ, քարոզյալ, ավետարանյալ, ապավեն գովյալ, օրհնաբանելի գոյություն, անստվեր ծագում:

 

«Ես եմ քո Տեր Աստվածը. Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար» (Ելք 20.2-3): Ի՞նչ է նշանակում «Ես եմ»` անձնական դերանվան գործածությունը: Արդյո՞ք դա նշանակում է, որ Աստված ոչ թե տիեզերական կամ վերտիեզերական գերբնական ուժ է, այլ կոնկրետ անձնավորություն:

Աստված Իրեն հայտնում է որպես անձ, ում հետ մարդու հաղորդակցությունը կայանում է անձնական հարաբերության շրջանակում: Աստվածաշնչում անձնային այս հատկության շեշտումով Աստված պատկերվում է որպես սիրող հայր, հոգատար ծնող, ով իր խնամքի ներքո է պահում իր զավակներին` մարդուն և ողջ արարչագործությունը (Բ Օր. 32.6, Ես. 63.16, 64.8, Մաղաք. 2.10, Երեմ. 3.19, 31.9, Մատթ. 6.9, 26, 7.11, Ղուկ. 6.35-36, 12.32, Հովհ. 16.27, Հռ. 8.15-16, Ա Հովհ. 3.1): Քրիստոնեության մեջ Աստծո ընկալման բացառիկությունն անձնավորյալ և սիրող ու ներող, բայց նաև արդար ու ճշմարիտ Աստծո գաղափարն է, ով հայտնվել է մարդկության պատմության մեջ աստվածային հայտնութենական ներգործություններով, ինչպես նաև Իր մասնավոր հայտնությունն է բերում հավատացյալի կյանքում: Այս ընկալումով Աստծո լինելիության և գործունեության պատկերացումը դուրս է դեիզմի` մարդկային կյանքին անմասնակից վերին գերբնական ուժի վերաբերյալ պատկերացումից, և հիմնվում է թեիզմի գաղափարի վրա, որն ուսուցանում է Աստծո ներկայությունն ու մասնակցությունը մարդու անհատական կյանքին, աշխարհի պատմությանը: Պետք է նշել, որ թեիզմից տարբերվող հասկացություններ են նաև պանթեիզմը` ըստ որի` բնությունն ու տիեզերքը նույնական են աստվածության հետ, և պանենթեիզմը, որը շեշտում է աստվածայինի ներթափանցված լինելը նաև բնության, տիեզերքի մեջ:

 

Քրիստոնեությունից դուրս զանազան պատկերացումներ կան Աստծո մասին. ի՞նչ տարբերություններ կան Աստծո քրիստոնեական ըմբռնողության և դրանից դուրս գտնվողների միջև:

Աշխարհում առկա բազմաթիվ կրոնների վերաբերյալ պետք է իմանալ, որ դրանք նույն Աստծուն չեն ներկայացնում տարբեր անուններով, ինչպես ոմանք սխալմամբ թյուր տեսակետ են արտահայտում: Այդ տարբեր աստվածները տարբեր հասկացություններից են գալիս և բոլորովին անհամապատասխան են Աստծո մասին քրիստոնեական ընկալմանը, աստվածաշնչյան հայտնության ճշմարտություններին: Տարբեր կրոններում տարածված ընկալումներն «աստված» հասկացության մասին նույնիսկ հակառակ են քրիստոնեական աստվածհայեցողությանը: Քրիստոնեությունն ուսուցանում է Ամենակարող, Բարի, Ամենողորմ, Մարդասեր Աստծո մասին, որը սեր է, հոգի է, անձ է` միաստվածություն բարդ մեկությամբ, Սուրբ Երրորդություն է` կրակի կամ արևի լույսի և ջերմության միաժամանակյա գոյությամբ և միավորությամբ մեկ լինելու օրինակով: Քրիստոնեությունից հետո և քրիստոնեության հիմքի վրա առաջացած մուսուլմանությունն ուսուցանում է մեկ Աստծո` Ալլահի մասին, որն ամենազոր է, անսահման, ամենուր, սակայն մերժում է քրիստոնեության հիմնական հավատալիքը Սուրբ Երրորդության, որով և` Քրիստոսի աստվածությունը, Նոր Կտակարանում Քրիստոս-Աստծո կերպարը: Հինդուիզմում բարձրագույն էակը Բրահմանն է, ով դրսևորվում է բազմաթիվ աստվածների և աստվածուհիների միջոցով: Ջայնիզմն ուսուցանում է բազմաթիվ աստվածների գոյության մասին: Ճապոնական հնագույն կրոն սինտոիզմն ընդունում է բազմաստվածությունը, հին աստվածների կամ ոգիների գոյությունը: Բուդդայականությունն «աստված» հասկացությունը բացատրող հատուկ վարդապետություն չունի:

 

Ինչպիսի՞ն է Աստծո քրիստոնեական ընկալման բացառիկությունը: Դա արտահայտվո՞ւմ է «Երրորդության» գաղափարով:

Ըստ քրիստոնեական վարդապետության` Աստծուն չի կարելի պատկերացնել որպես պարզ մեկություն, այլ Աստված բարդ մեկություն է: Աստված պարզունակ չէ: Քրիստոնեական աստվածաբանությունը սովորեցնում է մի Աստվածության երեք Անձերի` Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին, որոնք ունեն մեկ և նույն բնությունը, համագո են, միավորյալ մեկ աստվածություն լինելով՝ տարբերվում են նրանով, որ Հայրը պատճառն է Որդու ծննդյան և Սուրբ Հոգու բխման: Այդ պարագան, սակայն, ստորակայության կամ ժամանակայնության հատկություն չի ենթադրում:

Պատարագամատույցում քրիստոնեական հավատքի հանգանակի արտասանությունից հետո նզովք է ասվում նրանց, ովքեր ժամանակային տարբերություն, անհավասարություն և կամ ստեղծված, փոփոխելի լինելու տեսակետ կարտահայտեն Աստվածության վերաբերյալ: Եկեղեցական հայրերը Սուրբ Երրորդությունը որոշ չափով հասկանալի լինելու համար բերել են կրակի օրինակը, որը լույսի և ջերմության հետ է լինում: Լույսն ու ջերմությունը չեն լինում կրակից առաջ կամ հետո, այլ միաժամանակ, և կրակն էլ, ըստ իր բնության, առանց լույսի և ջերմության չի կարող գոյություն ունենալ: Այսպես Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մի Աստվածություն են: Աստված հոգի է (Հովհ. 4.24), հավիտենական է (Սաղմ. 89.2, Ես. 40.28, Հռ. 14.25), ամենուր է (Սաղմ. 138.7-12, Գործք 17.27), բարի է (Սաղմ. 24.7, Մարկ. 10.17, Ղուկ. 18.19):

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

18.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․