Գրքեր

Աստծո այցելությունը

Գյուղում մի կոշկակար էր ապրում: Արդար կյանքով էր ապրում, մեծ հավատք ուներ: Եվ ահա, եկեղեցական մեծ տոներից մեկից առաջ հիվանդացավ: Շատ վշտացավ, որ չի կարող եկեղեցի գնալ և հանկարծ, տոնի նախօրեին, ինչ-որ մեկի մեղմ ու հեզ ձայնը երազում ասաց. «Քանի որ դու չես կարող ինձ մոտ գալ, ես կգամ քեզ մոտ այդ օրը»:

Կոշկակարն արթնացավ և ուրախացավ. «Մի՞թե Աստված Ինքն է ինձ այցելելու», մտածեց նա:

Ողջ առավոտ տունը մաքրեց ու կարգի բերեց, որքան կարող էր տոնական հյուրասիրություն պատրաստեց և ցանկալի Հյուրի այցին սպասեց: Եվ ահա, պատրաստության ժամանակ, պատուհանից մի լացող տղայի տեսավ: Իր մոտ կանչեց ու հարցրեց.

- Ինչո՞ւ ես լալիս:

- Այսօր միակ կոշիկներս պատռվեցին և այլևս հագնելու ոչինչ չունեմ: Իսկ մեր ընտանիքն աղքատ է և նորերը գնել չի կարող…

Այնժամ կոշկակարը հանգստացրեց տղային և ասաց.

- Կոշիկներդ ինձ տուր, ես կվերանորոգեմ:

Կարճ ժամանակ անց, երջանկությունից շողացող տղան, կանգնած էր վերանորոգված կոշիկներով: Նրան ճանապարհելով՝ կոշկակարը շարունակեց իր գործը:

Երեկոյան մի աղքատ կին եկավ նրա մոտ և ասաց.

- Ներիր ինձ, խնդրում եմ: Երկարաճիտք կոշիկներս քեզ եմ տվել վերանորոգելու, իսկ վճարել չեմ կարող… Բայց առանց դրանց էլ անհնար է դուրս գալ, որովհետև ցրտել է…

Կոշկակարը ժպտաց ու ասաց.

- Երկարաճիտք կոշիկներդ պատրաստ են: Կրի՛ր և մի՛ մաշիր,- և դրանք կնոջը տվեց՝ առանց որևէ բան պահանջելու:

Մթնեց: Կոշկակարը, գործերը վաղուց ավարտած, նստել էր պատուհանի մոտ և սպասում էր խոստացված Հյուրին: Արդեն քնելու ժամն էր, երբ անպտուղ սպասումից ընկճված կոշկակարն սկսեց անկողինը բացել: Եվ ահա, դուռը թակեցին:

Բացելով՝ իր առջև մի անցորդի տեսավ, ով ասաց.

- Թույլ տուր այստեղ գիշերեմ: Ողջ օրը քայլել եմ, բայց գիշերելու տեղ չունեմ, ոչ ոք ինձ գիշերելու տեղ չի տալիս…

Կոշկակարը խղճաց նրան և իր տուն թողեց: Իր անկողինը նրան տվեց, իսկ ինքը հատակին տեղավորվեց: Եվ ահա, մտածում էր ինքն իրեն.

- Երևի անարժան գտնվեցի Հյուրին, որովհետև այդպես էլ չայցելեց ինձ այսօր… Հավանաբար արժանի չեղա այդ մեծ տոնական օրը Նրա հետ անցկացնելու պատվին,- այսպիսի տխուր մտքերով էլ կոշկակարը քնեց:

Եվ կրկին այն նույն մեղմ ձայնը լսեց երազում, որ ասում էր իրեն.

- Ես այսօր երեք անգամ քեզ մոտ եկա և ամեն անգամ ուրախությամբ ընդունեցիր ինձ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

10.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․