Գրքեր

Աստծո բանակի զինվորներն աղոթքի ճանապարհ անցան

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և ծիսակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը եկեղեցում ծառայող դպիրների հետ ուխտագնացության մեկնեցին Աշտարակի Ս. Սարգիս եկեղեցի: Սրբավայրը, որի դռան առջև ուխտավորները Գիշերային և Առավոտյան ժամերգությունների մասնակցեցին, կառուցվել է 19-րդ դարում, հին եկեղեցու տեղում: Դպիրները, քահանաների գլխավորությամբ, աղոթեցին Հայոց աշխարհի զորացման և խաղաղության համար, նաև փառաբանական աղոթք հղեցին առ Տեր՝ Աստծո տանը սպասավորելու օրհնաբեր հնարավորության համար:

Միասնական աղոթքից հետո ուխտավորները սիրո ճաշ վայելեցին: Ընտանեկան սիրո և ջերմ մթնոլորտ էր տիրում. դպիրների մի մասը ֆուտբոլ էր խաղում, իսկ մյուսները համախմբվել էին հոգեշահ զրույցի շուրջը:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից ապրող տասնմեկամյա Հայկը երեք տարի է, ինչ ծառայում է իր համար հարազատ դարձած եկեղեցում: «Ամեն մարդու շապիկ հագնելու, Սուրբ Խորան բարձրանալու և Աստծուն ծառայելու շնորհը չի տրվում: Թող Աստված շատ տղաներին այդ շնորհը պարգևի, որպեսզի իրենք էլ հնարավորություն ունենան Աստծուն մոտ լինելու և Նրան ծառայելու: Ուրախալի է, որ այսօր քաղաքից դուրս եկանք, միասին աղոթեցինք, խաղացինք ու զրուցեցինք»,- ասաց Հայկը:

«Ծառայել եկեղեցում, նշանակում է՝ ծառայել Աստծուն: Մենք զինվորներն ենք Աստծո բանակի, որի գլուխը Քրիստոսն է: Մեր ծառայությունը բարի պատերազմ է, պատերազմ, որը մենք՝ որպես Աստծո բանակի ամենահետին զինվորներ, Նրա առաջնորդությամբ և ողորմածությամբ մղում ենք՝ հոգու փրկությանն ու հավիտենական կյանքին արժանանալու համար»,- ասաց Աշոտ դպիր Արևշատյանը (59 տ.), ով քսանհիգ տարի է, ինչ ծառայում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում:

Քրիստոսի մարմինը կազմող եկեղեցու անդամներին Սուրբ Հոգին զանազան պարգևներ է շնորհում: Ս. Պողոս առաքյալն իր նամակներից մեկում գրում է. «Զանազան հոգևոր պաշտոններ կան, բայց նույն Տերն է դրանք բաշխողը: Նույնպես և ծառայելու զանազան կարողություններ կան, բայց նույն Աստվածն է, որ դրանք տալիս է յուրաքանչյուրին: Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով հայտնվում է ընդհանուրի օգուտի համար» (Ա Կորնթ. 12:5-8):

Սերը չի կարող մարդուն չուղղորդել ծառայելու Նրան, Ում նա սիրում է: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու դպիրներն այդ սիրո ծառայությունն է, որ անձնվիրաբար մատուցում են Տիրոջը և իրենց նմանին: Հնարավոր չէ չնկատել այն նախանձախնդիր ոգին, որ դրսևորում են իրենք իրենց ծառայության մեջ: Ամեն օր և Տերունի օրերին վաղ առավոտյան կրտսերից մինչև ավագ տարիքի դպիրները մասնակցում են Առավոտյան ժամերգությանը, ապա՝ Սուրբ Պատարագին: Բայց այսքանով չի եզրափակվում նրանց ծառայությունը. նրանք եկեղեցական տոների նախապատրաստական կամ եկեղեցու ներսում և բակում իրականացվող աշխատանքների առաջին մասնակիցներն են:

Ուխտագնացությունը, ինչպես նշեց Տեր Գրիգորը, դպիրների հետ միասին միասնաբար աղոթելու, առավել մտերմանալու և նրանց ծառայության դիմաց նրանց խրախուսելու նպատակ ուներ նաև: «Տարբեր հեղինակների և մասնագետների կողմից ընդունված կարծիք կա, որ մանուկը ծնվում է իր Արարչի հանդեպ ունեցած հավատով: Դա աստվածադիր զգացում է, որ յուրաքանչյուր մանկան հետ լույս աշխարհ է գալիս, և նրա ծնվելու պահից սկսյալ արդեն մանկան ծնողների պատասխանատվությունն է, թե արդյո՞ք այդ հավատը կարմատավորվի փոքրիկի հոգում, կդառնա՞ գիտակցական, թե՞ ժամանակի ու հանգամանքների բերումով կխամրի ու կանհետանա մանկան հոգուց: Մեր եկեղեցու փոքրահասակ դպիրների ներկայությունն արարողություններին, վկայում է այն ծնողների մասին, որոնք մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց երեխաների հոգու փրկությանը: Ծնողի, այնուհետև ազգականների, ուսուցիչների, հոգևորականների պարտականությունն է աստվածային բարի սերմեր ցանել երեխաների հոգիներում, որպեսզի հետագայում նրանք բարի պտուղներ բերեն: Երեխան նման է դատարկ անոթի, որը անուշաբույր կարձակի, եթե վարդաջրով լցնես այն, և գարշահոտություն՝ եթե աղբ: Ուստի, ծնողներն իրենց զավակներին դեպի Լույս պիտի բերեն, դեպի Հիսուս Քրիստոս, դեպի առաքելահաստատ Հայ եկեղեցի, եթե ապագայում ցանկանում են հոգատար ու հարգալիր զավակներ ունենալ, եթե ցանկանում են նրանց զերծ պահել չար կրքերից ու արատավոր երևույթներից»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

21.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․