Գրքեր

Աստծո սիրո իսկությունը

«Տիրոջ Հոգին Իմ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու, և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկաս 4:18,19):

Գերաշնո՛րհ սրբազան հայր, արժանապատի՛վ տեր հայրեր և սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Սուրբգրային այս խոսքերը մեզ զորացնում են մեր հավատքի մեջ, քանզի դարձյալ տեսնում ենք Աստծո սերը, ուշադրությունն ու հոգատարությունը մարդու հանդեպ: Աստծո Միածին Որդին աշխարհ եկավ մարդուն փրկելու համար: Աստվածաշունչը մեր համար բացահայտում է Աստծո Գթասրտությունն ու Բարեգթությունը մարդու հանդեպ, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեզ օգնում է ընդունել Աստծո Ողորմածությունը: Եկեղեցին իր հավատավոր զավակներին առաջնորդում է Աստվածային գթառատ սիրով, օրհնությամբ և զորությամբ: Սուրբ Գրքում Աստծո սերն ու մեծահոգությունն ենք տեսնում մարդկային տկարությունների, մեղքերի, սխալների և անկումների նկատմամբ: Աստծո սերը զորավիգ ու պաշտպան է մեզ: Երբեմն մարդիկ հեռանում են Աստծուց, մինչդեռ Աստված երբեք չի լքում մարդկանց: Մենք համոզվում ենք Աստծո սիրո իսկության մասին՝ մեր կյանքում, որովհետև Աստված ամեն վայրկյան հոգ է տանում մեզ համար: Մեր մարդկային սխալականությունը երբեք Աստծուն չվանեց մեզանից: Աստծո սիրո մեծագույն արտահայտությունն այն է, որ Նա Իր Միածին Որդուն տվեց հանուն մարդկանց: Հովհաննես առաքյալը իր ընդհանրական առաջին նամակում ասում է. «Մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա՛ սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն մեր մեղքերի քավության համար» (Հովհաննես Ա, 4:10): «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը, որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի» (Հովհաննես 3:16,17): Քրիստոնեական ճանապարհի սկիզբը աստվածային պատվիրանների դեմ չմեղանչելն է: Սուրբ Գիրքը մեզ ուղղորդում է դեպի Աստվածային Սերը: Այդ Սերն է, որ լցնում է մեր հոգիները, հագեցնում մեր սիրո փափագը, այդ սիրով է, որ մենք ստանում ենք մեր Աստվածային պատկերն ու նմանությունը: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք սիրեք միմյանց» (Հովհաննես 14:34): Այդ սիրով առաջնորդված է, որ մենք ձգտում ենք բարիք գործել, մեր սերը բաշխել մյուսներին, սիրել չսիրվածին, ձեռք դառնալ ձեռք չունեցողի համար, աչքերի լույս դառնալ կույրերի համար, որովհետև սերը աճում է մեր մեջ և պտուղներ տալիս: Աստված մեզ սովորեցնում է սիրել մերձավորին, գետին ընկածին չտրորել և չհարվածել, ինչպես այս աշխարհն է անում, այլ ապրել բարի սամարացու պես, հետևելով Աստվածադիր օրենքներին, ստանձնել ճշմարիտ քրիստոնյայի պատասխանատվությունը և պարտականությունը: Հռոմեացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալն ասում է. «Ոչ ոքի պարտապան մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը» (Հռոմեացիներ 13:8): Մենք, առաջնորդվելով այդ Աստվածային Սիրով, չպետք է դատենք մեր մերձավորներին, այլ, իբրև քրիստոնյաներ, կոչված ենք Աստծո սիրով ընդունելու, ինչպես մեր մայր եկեղեցին է անում՝ իր հոգածության տակ առնելով բոլորիս: Եզնիկ Կողբացին ասում է, որ եղբայրասեր հավատացյալը Քրիստոսի հետ ազգակցություն ունի: Սիրելի՛ հավատացյալներ, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս մեզ սովորեցնում է, որ ամեն մարդ իր գործած բարիքի և ողորմածության համաձայն իր հատուցումն ու վարձքը կստանա Դատաստանի ժամանակ. «Եկեք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցած էի, և Ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվիք, օտար էի, և Ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և Ինձ այցի եկաք»: Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն Նրան ու ասեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք Քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարավ և ջուր տվեցինք, ե՞րբ տեսանք քեզ օտար և մեր մեջ առանք, կամ՝ մերկ և հագցրինք, ե՞րբ տեսանք Քեզ հիվանդ կամ բանտի մեջ ու եկանք Քեզ այցի»: Թագավորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ի՛նձ համար արեցիք» (Մատթեոս 25:34-40):

Հայոց պատմության մեջ Աշոտ Գ Բագրատունի (953-977թթ.) արքան իր աղքատախնամ գործունեությամբ և հաշմանդամների ու կարիքավորների նկատմամբ ունեցած իր հոգածությամբ հայտնի դարձավ իբրև Ողորմած թագավոր, և, ինչպես հաղորդում է Ստեփանոս Տարոնեցի պատմիչը, քավեց իր մեղքերը ողորմությամբ: Մենք՝ քրիստոնյաներս, բարիք գործելու և վարձք անելու բազմաթիվ հնարավորություն և առիթներ ենք ունենում ամեն պահի: Կարևորը ողորմած սիրտ ունենալն է: Ուստի՝ եկեք, իբրև քրիստոնյաներ, չդադարենք բարիք գործելուց, որովհետև բարիք գործելով մենք նմանվում ենք մեր Երկնային Տիրոջը: Կյանքի ընձեռած յուրաքանչյուր պահ փառաբանենք Տիրոջը մեր խոսքերով ու գործերով: Դավիթ թագավորի պես սաղմոսենք՝ ասելով. «Գոհություն պիտի մատուցեմ Քեզ, Տե՛ր, քանզի լսեցիր ինձ, և ինձ համար փրկություն եղար: Գոհություն մատուցենք Տիրոջը, քանզի բարի է Նա, քանզի հավերժ է ողորմությունը Նրա» (Սաղմոս 117:28,29): Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

22.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․