3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Աստծո թշնամիները

«Թշնամի» բառը լսելիս յուրաքանչյուրիս մտքում, հավանաբար, ազգերի անուններ կամ անհատներ են առաջ գալիս: Իսկ Աստված ունի՞ թշնամիներ: Մեր Տերը Հիսուս Քրիստոս ինչպիսի՞ մարդկանց կամ ի՞նչն էր իրեն «թշնամի» նկատում: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Քրիստոս չար մտածումներն ու անմաքուր սիրտը համարեց մեծագույն թշնամիներ և պայքարեց դրանց դեմ (Մարկոս 7:14-16):

Մեր միջավայրում գոյություն ունեցող չարիքները բազմաթիվ են, և եկեղեցու հայրերից օրինակ՝ Սբ. Հովհան Ոսկեբերանը պայքարում էր ոչ թե մարդկանց, այլ մարդկանց գործած չարիքների դեմ:

Քրիստոս չարիք նկատեց նաև անոթությունը և կերակրեց բազում մարդկանց (Մարկոս 6:37-44), դատապարտեց երկչոտությունը, երբ աշակերտները մեծ վախի մեջ էին հայտնվել փոթորկոտ ծովում (Մարկոս 6:49-52):

Մեղքը՝ որպես մեծագույն չարիք, սպանում է մարդու հոգին այսօր և ընդմիշտ: Քրիստոսահիմն եկեղեցին, Սբ. Գիրքը, եկեղեցու հայրերը փորձում են մարդու մեջ սերմանել մեղքերը տեսնելու և գիտակցելու կարողությունը, քանի որ մեղավորները շատ հաճախ չեն մտածում և չեն անդրադառնում իրենց մեղքերին՝ եսասիրությամբ և հպարտությամբ կուրացած լինելով: Շատերը մեղքը, փոքր և աննշան համարելով, չեն տեսնում դրա իրական դեմքը: Մեղքը, թափանցելով հոգուց ներս, իր արմատներն է տարածում, որից հետո մեղավորը սկսում է ամեն ինչին նայել մեղսալից՝ Աստծուց հեռու հայացքով:

Անհրաժեշտ է բարոյական արիությամբ պայքարել մեղքի դեմ: Այդ պայքարը հարատև է: Քանի դեռ մարդը ապրում է, պետք է պայքարի: Մեղքի ցանցից հնարավոր չէ դուրս գալ առանց Աստծո օգնության: Մենք չենք կարող անտարբեր գտնվել մեր իսկ հոգու փրկության հանդեպ:

Մեր ազգային պատմությունն արիասիրտ ու քրիստոնեական սկզբունքերին հավատարիմ եկեղեցական առաջնորդների օրինակներով լեցուն է, որոնք, չսարսելով իսկ իշխանների սպառնալիքներից, անձնազոհ նախանձախնդրությամբ մաքառեցին իրենց ժամանակի բարոյական զեղծումների և միջավայրի ամբարիշտ սովորությունների դեմ:

Հայոց կաթողիկոսներից Սբ. Ներսես Մեծը, որ հայտնի է իր բարեկարգություններով, քրիստոնեական կարգ ու կանոններ տարածեց ամենուր, և բարեգործական հաստատություններ հիմնեց: Նա գործնականորեն հաստատեց Ավետարանի մարդասիրական սկզբունքները: Սբ. Ներսեսը, թեև չկարողացավ ամբողջովին արմատախիլ անել դեռևս այն ժամանակ տիրող հեթանոսական սովորությունները, սակայն շատ բարեփոխությններ կատարեց: Որբերի, ծերերի և չքավորների համար զանազան տեղերում հաստատեց անկելանոցներ ու պատսպարաններ: Եվ յուրաքանչյուրին, եկամուտները հաստատուն հիմքերի վրա դնելու համար, գյուղեր և ագարակներ հատկացրեց: Ընտանեկան և ընկերային կյանքից վտարեց շատ հեթանոսական սովորություններ՝ պայքարելով բոլոր չարիքների դեմ: Բազում անգամ Հայաստանը փրկեց ավերումից, մանավանդ՝ ներքին բարոյական ավերումից:

Սբ. Ներսեսն ամենուր կիրառեց քրիստոնեական սիրո և ծառայության սկզբունքները: Իշխաններին, գործատերերին, ուսուցիչներին և ծնողներին սովորեցրեց սաստկության փոխարեն սեր, բռնության փոխարեն բարություն գործադրել: Կանոններ սահմանեց, որ բոլոր իշխանավորները և մեծավորները գութ ու կարեկցություն ունենան իրենց ստորադասների նկատմամբ. մարդավայել վերաբերմունք ցուցաբերեն նրանց և չափազանց տուրքերով չնեղեն: Սբ. Ներսեսը մեծագույն եռանդով նվիրվեց այս բարեկարգությունների իրագործմանն ու տարածմանը երկրի ամեն կողմերում: Եվ այս բոլոր բարեկարգություններն իր կյանքի բարի օրինակով էր ցույց տալիս ու հաստատում: Այնպես որ պատմագիրն իր մասին ասում է. «Ինչ որ ուսուցանում էր, նախ ինքն էր գործադրում»:

Սբ. Ներսեսն արժանացավ «Մեծ» տիտղոսին, որովհետև մեծ սրտով աշխատեց «Աստծո թշնամիներին» վտարել իր միջավայրից:

Այսօր, անկասկած, մենք էլ կարող ենք «Ներսեսներ» լինել՝ ջանալով մեր կարողության չափով մեր միջավայրում գտնվող չարիքները հաղթահարել և այնտեղից վտարել «Աստծո թշնամիներին»:

Խնդրենք Աստծուն, որպեսզի բացի մեր մտքերը, որ մենք մեզ տեսնենք այնպիսին, ինչպիսին Աստված է մեզ տեսնում, փրկի մեզ մեր անձնական սխալները չճանաչելու մեղքից, կամքի տկարությունից, նախանձախնդրության ու զգուշավորության պակասից և հոգեկան ամեն տեսակի լճացումից:

 

Գայանե Սուգիկյան

22.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․