Գրքեր

Աստծու գոյությունը, մաս 4-րդ

3. Եթե նյութը հավիտենապես գոյություն ունեցած լիներ և բոլոր նյութեղեն էակները ներգործաբար կամ կրավորաբար նրանից ծնված ու առաջացած լինեին, այսինքն՝ կա՛մ նյութն ինքն իրենից նրանց կերպավորած ու եղանակավորած լիներ՝ իբրև էակ ստեղծելով, կա՛մ էլ այդ էակներն ինքնածնելիությամբ առաջանային այդ հավիտենական նյութից, այդ դեպքում հարկ կլիներ խոստովանելու նաև, որ նյութն իրենում ի բնե ծնելիության զորություն և հատկություն ուներ: Մինչդեռ բոլոր բնագետները միահամուռ համոզված են, որ նյութի մեջ ինքնաշարժություն չկա, նյութի բնական հատկությունն անշարժությունն է կամ ավելի ճիշտ՝ նյութն իրենում շարժման կամ դադարի հատկություն չունի, սակայն ենթակա է այդ երկուսին էլ: Նյութը շարժումն ու դադարն ընդունում է իրենից դուրս, արտաքին զորությունների ներգործությունների միջոցով:

Ապա ուրեմն անհնար է, որ նյութը ծնունդ տա կամ իրենից կյանք բխեցնի, ոչ էլ այդ նյութի մի որևէ մասնիկ կարող է ինքնածնելիությամբ և ինքնաշարժությամբ հանդես գալ իբրև կենդանի էակ: Բայց եթե մի վայրկյան ենթադրենք, որ նյութի մեջ ծնելիության զորություն կամ հատկություն է եղել, ապա նյութն այդ զորությունը պիտի ունենար կա՛մ հավիտենությունների սկզբից, կա՛մ ժամանակի մեջ՝ ավելի ուշ ստանալով այդ կարողությունը:

Սակայն նյութն այդ զորությունը չէր կարող հավիտենության մեջ ունեցած լինել, քանի որ նյութի ներգործական զորությունները, մշտապես հարկավորաբար և միօրինակ շարժում լինելով և շարժման մեջ գտնվելով, ինչպես նաև հավիտենականության սկզբից ի վեր անսկիզբ ժամանակին ենթակա դառնալով, այդ անսկզբնական ժամանակի մեջ էլ պիտի ծնած լինեին այս բոլոր էակներին, գոնե նրանց, որոնք տեսանելի են այս երկրագնդի վրա և մանավանդ օրգանական էակներին:

Հետևաբար բոլոր օրգանական էակների յուրաքանչյուր տեսակից միայն մեկ զույգ պիտի ծնունդ առած լիներ հավիտենության մեջ, որոնք էլ, ինչպես անսկիզբ ժամանակի մեջ էին, այդպես էլ անվախճան հավիտենականության մաս պիտի կազմեին՝ մինչև այժմ իրենց գոյությունը կամ տեսակը պահած լինելով:

Այդ դեպքում ուրիշ վկայությունների կարիք չէինք ունենա, այլ այդ «հավիտենական» էակներին տեսնելն էլ բավական կլիներ մեզ, սակայն դրանցից գեթ ոչ մեկը ցարդ չի տեսնվել: Ընդհակառակը, մենք գիտենք աշխարհի բոլոր կողմերի բնակիչների, ազգերի, թագավորությունների սկզբնավորման մասին, տեղյակ ենք բոլոր արվեստների և գյուտերի պատմություններին ու ճանաչում ենք գյուտարարներին, և մեր իմացած այդ նյութեղեն էակներն իրենց թվականությամբ վեց-յոթ հազար տարուց անդին չեն անցնում, էլ ուր մնաց, որ հավիտենական լինեին այդ բոլոր էակներն ու այս աշխարհի լինելիությունը, քանի որ այդժամ անհնար կլիներ գիտենալ դրանց սկզբնավորության մասին:

Գիրն էլ չէր կարող մեզ համար պահպանել այդ էակների մասին պատմությունները, քանի որ արվեստներն ու հայտնագործություններն էլ մարդկանց հետ անսկիզբ ժամանակների անհուն դարերում սկիզբ առած կլինեին, մինչդեռ գրի գյուտը չորս-հինգ հազար տարվա բան է, Սեմի ցեղի պանծալի հնարքն է այն: Եթե անգամ գրի գյուտը ջրհեղեղից առաջ էլ «տեղադրելու» լինենք, ինչպես այդպես ենթադրողներն են անում, դարձյալ հինգ հազար հինգ հարյուր տարուց անդին չի կարող անցնել այդ հայտնագործության թվագրությունը՝ ըստ Յոթանասնից թվականության:

Իսկ եթե նյութը ծնելիության զորությունը հավիտենապես չուներ, այլ հետո ստացավ (որն ըստ բնական օրենքների անհնար է, քանի որ այսպիսի ժամանակավոր կամ ապաժամանակյա զորություններ և հայտնություններ բնության մեջ ի հայտ չեն եկել), ուրեմն եղել է մեկը, որը այդ զորությունն ու հատկությունը հաղորդել է նյութին, և ահա այդ Հաղորդողը Աստված է եղել:

Կամ եթե նյութն այդ հատկությունն ի բնե ուներ, բայց հավիտենության մեջ չծնեց, այլ ավելի ուշ՝ ժամանակի մեջ սկսեց ծննդագործել (որը ևս անկարելի է, քանի որ նյութի ներգործականությունը հարկավորաբար է, կամայական չէ, նյութը չի կարող կամք ունենալ), որ նշանակում է՝ նյութի մեջ այդ հատկությունը դադարի վիճակում, քնի մեջ էր, և արդեն ժամանակի մեջ այն շարժող, արթնացնող մեկը եղավ, ընդ որում ևս մեկ անգամ նշենք, որ նյութի՝ դադարի մեջ գտնվելու պարագան չէր կարող շարժման վերափոխվել առանց արտաքին միջնորդ-զորության, առանց շարժողի, քանի որ նյութի մեջ ինքնաշարժություն չկա:

Դա նման է ձվի մեջ պահվող սերմին: Այդ սերմը թեև ինքնին կյանքի սկզբունք է՝ կյանք ծնող, սակայն ինքնաշարժությամբ և իր ուզած ժամանակ չի կարող «ստիպել» ձվին՝ ճուտ ծնելու: Միջնորդ-զորության կարիք է զգացվում, հարկավոր է, որ թխսի ջերմությունը տաքացնի այն, և այդ ժամանակ միայն սերմը կկենդանանա, կարդյունավորի և ծնունդ կարտադրի:

Ահա այդպես էլ նաև նյութի պարագան է: Եթե նյութի մեջ եղած էլ լիներ ծնելիության զորությունը, միևնույն է անկարելի էր, որ նյութն ինքնին պտղավորվեր իր ուզած ժամանակ, այլ հարկավոր էր մեկը, որը նյութին «գործի կգցեր» պտուղ տալու համար: Ահա այս շարժիչ Ուժն է Աստված:

Եթե ընդունենք էլ վերոնշյալ տեսակետը, պիտի խոստովանենք սակայն, որ նյութը, ինչ ձևով ու եղանակով էլ որևէ բան «արտադրելու»՝ ծնելիության զորությունը գործադրելու կարողութուն ունենա, միևնույն է այն չի կարող մարդ, անասուն կամ բույս ստեղծել, քանի որ, ինչպես արդեն ասացինք, ծնողն իրենից ծնվածներին միայն այն կատարելությունները կարող է հաղորդել, որոնք ինքն ունի, իսկ իր չունեցած կարողություններից որևէ բան չի կարող ժառանգել իր սերունդներին:

Եվ արդ, նյութը չունի մարդկանց, անասունների և բույսերի հատկություններից և ոչ մեկը: Ուրեմն ինչպե՞ս անբանական, անկենդան, անմիտ, անհանճար, անշունչ, անզգա, անօրգանական նյութը կարող է ծնել կամ արտադրել իմացական, բանական հոգի, միտք, հանճար, շունչ, կյանք ու կենսական օրգաններ ունեցող մարդ, անասուն և բույս:

Եթե այդ նյութը մեկ անգամ «հաջողացրել» է այսպիսի ծնունդներ արտադրել, անտարակույս այժմ էլ կարող է նույնն անել և անհրաժեշտաբար պիտի անի, քանի որ նյութի հատկությունները հարկավորաբար են գործում, դրանք միօրինակ և անեղծանելի են, իսկ բնությունն էլ մշտապես գործառնության մեջ է: Ուրեմն ինչո՞ւ այժմ էլ այդպիսի հրաշալի «ծնունդներ» չեն արտադրվում, ինչո՞ւ բնավ չենք լսում, որ այսինչ լեռից կամ ագարակից, ծովից կամ ծառից մարդ կամ անասուն է ծնվել, կամ էլ անասունից բույս կամ ծառ է բուսնել: Դա ամենավերջին անիմաստությունն է և բոլորովին հակասում է բնության օրենքներին նաև ըստ բնագետների՛ «խոստովանության»: Ապա ուրեմն հոգեղեն, հավիտենական, ինքնագո Էակն է արարչագործել այս ամենը, և այդ թվում նաև նյութը:

Դարձյալ, անաստվածը, ամեն տեսակի ճարտարություն բանեցնելով, մարդկային բանականությամբ անբանական, անխորհուրդ բնությանն ու նյութին օգնության «ձեռք մեկնելով»՝ անկարող եղավ հաստատելու նյութի ծնելիության զորության մասին փաստող «վարդապետությունը», մանավանդ այն տեսակետը, որ նյութը կարող է իմացական, զգայուն և կենսական էակներ ծնել:

Ուստի բնական է, որ մարդկային հնարամտության արդյունքում ձևավորված այդ «վարդապետությունն» անընդունելի է հենց այն պատճառով, որ այդպիսի մտացածին էակներն իրենց նմանատիպ զորության մասին վկայող փաստերով «աչքի չեն ընկնում»: Իսկ դրա պատճառն այն է, որ անհնար է՝ նյութն իր չունեցած հատկություններն ածանցի իրենից «ծնվածներին»:

 

Տեր Սահակ քհն. Տեր Սարգսյան, «Քննական կրոնագիտություն

հավատքի ապացույցներով հանդերձ», Կ. Պոլիս, 1897 թ.,

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

08.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․