Գրքեր

Աստծու գոյությունը, մաս 5-րդ

4. Այն «հեռավոր» թվականների հիշատակումները, ըստ որոնց շատ ազգեր՝ հույները, եգիպտացիները, հնդիկները, հրեաներն ու հին ազգերից ուրիշ շատերը պարծենում են իրենց նախնիների՝ միլիոնավոր կամ էլ առավել շատ տարիներ առաջ ունեցած գոյությամբ, միանգամայն անպատեհաբար մարդու արարչության թվականությունը շատ ու շատ ավելի վաղ են համարում:

Սա անհավատների ձեռքի գործն է, որով նրանք կամենում են Աստվածաշնչի ավանդած արարչության պատմությունը սուտ հանել, սակայն նրանց բոլոր տեսակետները, խիստ քննության քուրայի միջով անցկացնելով, պարզորոշ կտեսնենք, որ նրանք ջրհեղեղից անդին չեն կարող անցնել: Եվ ոչ միայն Սուրբ Գրքի մատնանշած արարչության ենթադրական թվականությունը չեն կարողանում եղծել, այլ դեռ հաստատում են սրբազան պատմության վավերականությունն իրենց կցկտուր, առասպելապատիր պատմություններով և թվականներով:

Օրինակ՝ վերոնշյալ ազգերից՝ հույների առասպելական հնությունն ինքնին խայտառակում է իրեն այն աստիճան, որ չարժե անգամ ջանք թափել՝ պատասխան տալու նրանց ասածին: Հույները պնդում են, որ իրենք աստվածազարմ, դյուցազն աստվածներից են սերում, և թերևս նաև այդ աստվածներին համատարիք լինելու «պահանջմունքն» էլ ունեն:

Անաքարսիս Կրտսերն իր «Ուղևորության» մեջ (Հատ. 2, գլ. 40, էջ 404) պատմում է, որ «Հելլադայի բոլոր կողմերում ամեն քայլափոխի բնակիչներից կարելի է լսել դիցախառն ազգաբանությունների մասին»: Այսպիսի խայտառակ խակամտությանը կարող են հավանություն տալ անհավատ լինելուն «փափագողները»՝ այդպիսով իրենց հիմարությունը ցույց տալով միայն:

Իսկ մենք, քանի որ քիչ առաջ ցույց տվեցինք, որ այս աշխարհն անթիվ տարիներից ի վեր բնակելի չէր, ոչ էլ հնարավոր է, որ նման բան լիներ, այս հարցի վերաբերյալ մեր պատասխանն արդեն իսկ հնչեցրած ենք համարում՝ միանգամից անցում կատարելով եգիպտական թվականության վաղեմությանը: Այս խնդրի դժվարությունը ևս ինքնին ի չիք է դառնում, երբ միայն հիշում ենք, որ Պլուտարքոսը շատ շատերին է հայտնել («Զուգակշիռներ», «Նումա» երկերում) եգիպտացիների այն սովորության մասին, ըստ որի նրանք գործածում էին լուսնային տարին, այսինքն՝ մեկ ամիսը մեկ տարի էին հաշվում:

Նույն բանը նաև Եվսեբիոսն է կրկնում («Քրոնիկոն»-ում, հատ. 1)՝ ասելով, որ Եգիպտոսում կառավարող իշխանների, աստվածների և դյուցազունների, կուռքերի ու մահկանացու թագավորների երեք հարստությունները քսանչորս հազար ինը հարյուր տարի իշխեցին «ըստ լուսնային տարիների, որոնցից յուրաքանչյուրը երեսնօրյա մի ժամանակաշրջան էր, քանի որ նրանք այժմյա մեկ ամիսն այնժամ «տարի» էին կոչում… Ըստ եգիպտացիների պատմածի նրանց աստվածությունների, դյուցազունների և կուռքերի ժամանակաշրջանը տևել է քսանչորս հազար ինը հարյուր լուսնային տարի, որն ըստ արեգակնային ժամանակի 2206 տարի է կազմում, որը եթե եբրայական ժամանակագրությամբ հաշվես, կրկնակի փոքր թիվ կստանան»:

Դարձյալ, այլ պատմագիրներ, համեմատելոտվ Մովսեսի ժամանակագրությունը եգիպտական և քաղդեական ժամանակագրությունների հետ, այն եզրակացությանն են հանգել, որ եգիպտական պատմիչ Մանեթոսի (որը 30000 տարվա պատմություն է ներկայացնում) և քաղդեական պատմագիր Բերոսոսի (որը 460000 տարվա պատմություն է շարադրում) ժամանակագրությունները երկուական մասի են բաժանվում՝ առասպելական ժամանակ և պատմական ժամանակ:

Առասպելական ժամանակը ներկայացնող պատմությունները բովանդակում են ըստ հեթանոսական ըմբռնումների աստվածներ, կիսաստվածներ և կուռքեր համարվող էակների տիրապետության մասին շարադրանքը, համաձայն որի նրանցից յուրաքանչյուրը թագավորել է 60-ից սկսած մինչև 600 տարի:

Երբ առասպելական ժամանակների պատմությունները և դրանց թվականները պատմական ժամանակաշրջանի թագավորությունների թվականությունից դուրս են հանվում, բոլորովին «համաձայնում» են Մովսեսի պատմության ժամանակագրությանը: Ըստ այդմ բաբելոնյան ժամանակագրությունը Քրիստոսից առաջ 2458 տարուց ավելի վաղեմություն չի ունեցել, իսկ եգիպտական ժամանակագրությունն էլ Քրիստոսից առաջ 2660 տարուց անդին չի անցնում:

Եգիպտական թվականության վաղեմության անհեթեթության մասին կարող ենք պատկերացում կազմել նաև նրանով, որ երբ Ալեքսանդր Մեծը հաղթականորեն մտավ Եգիպտոս, եգիպտական քրմերը, որոնք պարծենում էին՝ ասելով, որ իբր եգիպտացիները աշխարհի հնագույն ժողովուրդն են և որ բոլոր ազգերի պատմություններն իրենց կողքով են «եկել-անցել», հաճոյակատար շողոքորթությամբ Մակեդոնական տերությունն իբրև հին տերություն ցույց տալու նպատակով այդ պետության «անցյալի» վերաբերյալ մտացածին պատմություն հորինեցին:

Ըստ այդ նորընծա պատմագրության մակեդոնացիներին ութ հազար տարվա պատերազմների պատմություն էր վերագրվում՝ իբր թե Մակեդոնական և Պարսից թագավորներն ութ հազար տարուց ի վեր գոյություն ունեին ու պատերազմում էին միմյանց դեմ այն դեպքում, որ Մակեդոնիան հազիվ հինգ հարյուր տարվա ազգ և տերություն էր, իսկ Պարսկաստանը՝ երեքհարյուրամյա: Եվ որովհետև ակնհայտ է, որ այս թվականները հույժ չափազանցեցված են, ուրեմն չի կարելի ասել, որ եգիպտացիներն իրենց ազգային պատմության շարադրանքում ճշտությամբ և խղճմտանքով են «առաջնորդվել»:

Այժմ անդրադառնանք հրեաների և չինացիների թվականությանը: Չնայած այս ժողովուրդների առաջ քաշած բյուրավոր տարիների հնամենիությանը, նրանք իրենց օրացույցներում խնամքով նշել են արեգակի, լուսնի և մյուս «թափառող» աստղերի ի մի հավաքվելու միաժամանակյա համընկումը տվյալ ժամանակաշրջանում իշխող թագավորի անվան և պատմության հետ:

Ըստ այդմ բազմաթիվ աստղերի մի զարմանալի «հավաքում» է տեղի ունեցել նրանց պատմության սկզբնավորության ժամանակ, իսկ բոլորովին վերջերս Քասսինի անունով երևելի աստղագետը, աստղերի «հաշվարկ» անելով, այն եզրակացությանն է հանգել, որ արդարև նման դեպք տեղի է ունեցել Քրիստոսից 2012 տարի առաջ՝ Աբրահամի ծնունդից որոշ ժամանակ անց: Այդպիսով ապացուցվում է, որ հրեաները շատ հին ազգ են, սակայն ոչ այնպես, ինչպես իրենք են պարծենում՝ բազմաթիվ դարերի անհավատալի վաղեմիություն վերագրելով իրենց ծագմանը:

Ասիայի մասին իր գրքում Ռեմյուսան ասում է. «Չինացիների արժանահավատ պատմությունը Քրիստոսից առաջ քսաներկուերրորդ դար է հասնում միայն, և մի քանի ավանդություններ էլ մեզ թույլ են տալիս ևս չորս դար «առաջ տանել» այդ պատմությունն ու այն հասցնել մինչև նախքան Քրիստոս 2637 թվականը» (Remusa, Nouveaux Melanges Asiatique, հատ. 1, էջ 65 հմմտ. Մայլիա, Histoire generale de la Chine):

Օքսֆորդի «Հին պատմության» դասախոս Ռոլինսն էլ ասում է. «Ես տարակուսանքով եմ նայում Քրիստոսից 550 տարի առաջ գրված չինական պատմությանը», քանի որ համատարած ընդունված է, որ այդ թվականից է սկսվում առավել արժանահավատ պատմությունը:

«Համաշխարհային պատմության» հեղինակ գիտնական-մատենագիրները թաթարների ու չինացիների մասին պատմություններում հաստատում և հավանական են համարում այն, որ Քրիստոսից 637 տարի առաջ, երբ սկյութները Մետիսի առաջնորդությամբ Վերին Ասիա արշավեցին, Չինաստանի տարածքի մեծ մասը դեռ շատ քիչ բնակչություն ուներ:

Խունտեմիր անունով մատենագիրը, որն արևելյան մի գրագիր էր, հրեական պետության ծագման մասին խոսելով՝ ասում է, որ Հաբեթի որդիներից մեկը բազմամարդ դարձրեց Չինաստանը. նա գտավ մետաքսագործության եղանակը, ինչպես նաև կենցաղօգուտ ուրիշ շատ գյուտեր արեց: Այդ դեպքում ուրեմն ո՞ւր մնացին այն միլիոնավոր տարիները, որոնցով նրանք պարծենում և հիմնավորում են իրենց տերության հաստատման հնությունն ու վաղեմիությունը:

Այսպիսով՝ չինական պատմության սկզբնավորության թվագրման առասպելի անհեթեթության հարցում համոզվելով՝ այժմ անդրադառնանք նրանց պատմությանն առհասարակ, որն այլ բան չէ, եթե ոչ արարչագործության ճշմարիտ պատմությունը, որը, բերնեբերան փոխանցվելով, աղավաղվել ու բոլորովին նոր պատմության կերպարանք է ստացել:

Այս չինացիներն իրենց թագավորության սկիզբը համարում են տասը հազար տարվա մի ժամանակաշրջան, որի ընթացքում հաջորդաբար, հազարական տարիներ տասը թագավորներ են գահակալել: Ակնհայտ է, որ սա Ադամից մինչև Նոյ ընկած նախաջրհեղեղյան տասը ազգերի այն նահապետների պատմության աղավաղումն է, որոնք իսկապես հազարական տարիներ էին ապրում, բայց ոչ թե հրեաների ասածի պես նրանցից յուրաքանչյուրը հազար տարի ապրելուց հետո իր որդուն իրեն հաջորդ էր թողնում՝ ժառանգելով թագավորական իշխանությունը, այլ այդ հազար տարին «լրանում» էր հոր և որդու գահակալման տարիներն իրար գումարելով:

Այնուհետ չինական պատմության մեջ հանդիպում է Սատիավարմանա թագավորը, որը նաև Մենու է կոչվում (ինչպես հայտնի է, այս «Մենու» անունը «Նոյ» անվան աղավաղումն է): Նրա մասին ասվում է, որ «անհայր» ծնունդ էր, իսկ մայրն էլ բազմած էր ծիածանի բոլորակի մեջ: Եվ թե այս Սատիավարմանան յոթ մաքուր կենդանիներ էր պահում Բարձրյալ Հոգուն զոհ մատուցելու համար: Նաև, նրա օրոք երկինքը երկրի վրա «շուռ եկավ» (այսինքն՝ երկնքի սահանքները բացվեցին) և ողջ մարդկային ցեղը ջնջվեց:

Այնուհետ Մենուն իջնում է Մոտսիա երկիրը, այգի է տնկում, գինովնում է, նրա Քարմա (Քամ) որդին էլ, հոր մերկությունը տեսնելով, իր եղբայրների առջև բացահայտում է այն: Շերման (Սեմ) և Հապետոսը (Հաբեթ) ծածկում են իրենց հոր մերկությունը: Սրանից ավելի լուսավոր ու պարզ ի՞նչ վկայություն կարող է լինել այս կամ այն ազգի ավանդությունից՝ ապացուցելու Սուրբ Գրքի պատմած արարչագործության, տասը նահապետների, ջրհեղեղի, ծիածանի, Նոյի և նրա երեք որդիների պատմությունների ստուգությունը:

Հրեաների, հնդիկների (ինչպես նաև այլ հին ազգերի)՝ կամայականորեն իրենց ազգային պատմությունների թվականները աճեցնելն ու հետևաբար նաև դրանց հավատ ընծայելուն միտվելու եռակի հիմարություն լինելը մատնացույց անելու համար առաջադրում ենք այս իրողությունը ևս. նրանք ոչ միայն դարերի ու թվականների հարցում, այլ նաև իրենց մյուս բոլոր հաշիվներում են թվերը չափազանցում:

Օրինակ՝ հնդիկների «Բուրանա» կոչվող նվիրական մատյանում ասվում է, որ Մերու կամ Սոմերու լեռը բնակատեղի է արեգակի, լուսնի ու բոլոր աստվածների համար, որոնցից յուրաքանչյուրն այնտեղ բնակվում է իր սեփական պալատում, կանանց և զավակների հետ:

Ասում են, որ այդ լեռը 600000 մղոն բարձրություն ունի, 124000 մղոն խորություն: Լեռը գլխիվայր պտտված կոնի ձև ունի, որի վերի կողմի շրջագիծը 256000 մղոն է, իսկ հիմքինը՝ 128000 մղոն: Արդյոք հավատալի՞ է, որ հազիվ 8000 մղոնի չափ տրամագիծ ունեցող այս փոքրիկ հողագնդի վրա 724000 մղոն խորություն ու բարձրություն ունեցող, այսինքն՝ երկրի զանգվածից առնզվազն տասը-քսան անգամ ավելի մեծ զանգված ունեցող լեռ լինի:

Մինչդեռ ստուգապես հայտնի է, որ աշխարհի ամենաբարձր լեռները հինգ մղոնից ավելի վեր չեն ծովի մակերևույթից: Ինչպիսի՜ մեծ տարբերություն կա հինգ մղոնի և յոթ հարյուր քսանչորս հազար մղոնի միջև. յուրաքանչյուր 1 մղոնին «հավելվել» է 144800 մղոն: Ուրեմն որքան անհավատալի է այս չափական թվերի տարապայման մեծությունը, որը դեմ է բնությանը, այդքան էլ այս ժողովրդի ազգաբանական տարիների տարապայման ստվարությունն է սուտ և ծաղրելի:

Երկրաբանությունն էլ չի կարողանում ընդունել երկրագնդի այսչափ, միլիոնավոր տարիների հնությունը՝ նրա «պատմական ժամանակից» (այսինքն՝ բնակելի դարձած ժամանակից) սկսած: Յուրաքանչյուր օր երկրի բարձունքից բյուրավոր, միլիոնավոր կիլոգրամներով նյութ է վար իջնում՝ լցնելով երկրի ընդերքը: Արդ, եթե մեր այս երկրագունդը մշտապես եղել է կամ էլ այդքան շատ, միլիոնավոր տարիների հնություն ունի, ուրեմն մինչև այսօր արդեն երկրի բոլոր կողմերը համահավասար հարթություն կներկայացնեին: Որևէ տեղ բնավ խորություն ու բարձրություն չպիտի լիներ, ո՛չ ծով և ո՛չ լեռ, մինչդեռ այսօր տեսնում ենք, որ մինչև հինգ մղոն բարձրություններ ու խորություններ կան այս երկրագնդի վրա: Ուրեմն դեռ շատ երիտասարդ, դեռ իր մանկության մեջ է երկիրը:

(Շարունակելի)

 

Տեր Սահակ քհն. Տեր Սարգսյան, «Քննական կրոնագիտություն հավատքի

ապացույցներով հանդերձ», Կ. Պոլիս, 1897 թ.,

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

17.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․