Գրքեր

Աստծու գոյությունը, մաս 6-րդ

Այլ բնապաշտներ և դիպվածապաշտներ ասում են, որ հարկ չկա Աստծուն աշխարհի ստեղծման «պատճառ» համարելու, քանի որ ողջ աշխարհն ու տիեզերքը բնության հարատև շարժման մեջ լինելու պատճառով դիպվածի արդյունքում են առաջացել: Բայց ինչպե՞ս կարելի է նման բան ասել: «Բնություն» կոչվածը առանձին ենթակայություն ունեցող էակ կամ իր չէ, ոչ էլ իբրև անձնավորություն ունեցող մի երևույթ կարող է հասկացվել: «Բնություն» ասելով հասկանում ենք իրերի հատկությունները:

Որքա՜ն զավեշտալի է ասելը, որ հատկություններն են իրերի գոյացության պատճառը: Դա կնշանակի, որ թափանցիկությունն է «գոյացրել» ապակին, օրգանականությունը ստեղծել է բույսերը, անասուններին և մարդկանց: Ավելի զավեշտալի է այն, որ դեռ ապակին չեղած՝ կար թափանցիկությունը, որ դեռ բույս, անասուն ու մարդ չեղած՝ արդեն իսկ գոյություն ուներ էակների օրգանականությունը:

Սրանից հետևում է, որ «բնություն» կոչվող անենթակա, վերացական գաղափարը արարող պատճառ չէ ու չի կարող լինել, և եթե ուզենանք «բնություն» բառը սրանից տարբեր իմաստով էլ գործածել, ապա այն շատ-շատ կարող է հասկացվել իբրև էության լինելիությունը հաստատող ցուցիչ, որը ցույց է տալիս իրի հատկությունը: Եվ արդ, բնությունը ցույց չի տալիս իրի գոյության պատճառը, այլ գոյություն ունեցող երևույթի ներգործության ձևն է մատնանշում: Սակայն այդ գոյություն ունեցող երևույթը որտեղի՞ց է ծագել. ահա՛ խնդիրը:

«Իրերի բնություն», «բնական օրենք» կոչված երևույթը չի կարող ինքնեղ և արարող զորություն լինել. իրերին գոյություն, ծնունդ և ձև տվող մեկի անխուսափելի «անհրաժեշտությունը» կա: Օրենքը օրենսդիր է ենթադրում, և ահա իրերին գոյություն, ծնունդ և ձև տվողն է Աստված, Որը բնական օրենքների Օրենսդիրն է:

Իսկ եթե «բնություն» ասելով պետք է հասկացվի առանձին ենթակայություն ունեցող զորություն, բնական օրենքների ներգործիչ, ապա դա աչք կապել, աչքին մոխիր փչել կնշանակի: Արդյոք այդպիսի առանձին ենթակայությունը, որն ամեն բանի արարչական պատճառն է, չպիտի՞ անհրաժեշտաբար  ինքնեղ, ամենազոր, իմաստուն, միակ և այլ հատկանիշներով օժտված մեկը լինի: Եվ այս բոլոր ստորոգելիներն ունեցող Էակն ուրիշ ո՞վ կարող է լինել, եթե ոչ միայն Աստված:

Եվ մի՞թե անվանական բառակռիվ է սա. տե՛ս, թե ինչ է ասում Սենեկան (Յղ. Բարերար. Դ. 7). «Չգիտե՞ս, որ Աստծու անունն ես փոխում. ուրիշ ի՞նչ է բնությունը, եթե ոչ Աստված և աստվածեղեն Բան, որ ներգործում է ողջ աշխարհի ու նրա մասնիկների վրա»:

Այժմ անդրադառնանք դիպվածականությանը: Հաստատապես կարող ենք ասել, որ բնության մեջ «դիպված» կոչվող երևույթ չկա, քանի որ ամեն բան ունի իր պատճառը: Զառի այսպես կամ ոչ այնպես անկումը դիպված չէ. ծանրության, շարժման, մղման և այլ երևույթների չափն է դրա պատճառը: Կան զառով խաղացողներ, որոնք, զառերը նետելով իրենց ուզած թվերի վրա, կանգնեցնում են դրանք: Բիլիարդ խաղացողներն էլ, գավազանով հարվածելով գնդակներին, դրանց կանխամտածված շարժումների են մղում և իրենց ուզած տեղում կանգնեցնում են դրանք:

Շենքի՝ առանց տեսանելի պատճառի փուլ գալը դիպվածի հետևանք չէ: Դրա պատճառ կարող են լինել շենքի հնությունը, քարասյուների իրար ամուր ագուցված չլինելը, խոնավության, ծանրության, շարժման, մղման և շատ ուրիշ զորությունների ու շատ այլ պատճառների համագումարը:

Բնության՝ մշտապես շարժման մեջ լինելու, մշտապես «գործելու» արդյունքում անհնար է, որ դիպվածի բերումով մարդ, հոգեղեն էակ, անասուն, բույս կամ այլ արարած առաջանա: Ինչպես վերը նշեցինք, սրանց գոյավորությունն անհրաժեշտաբար «արարիչ-պատճառ» է ենթադրում: Բնության օրենքները, հատկությունները, կարգավորությունները շարժման մեջ դնող միակ Պատճառը կարող է գոյացրած լինել դրանք:

Եթե բնությունը կամ դիպվածը կարող են ճարտարապետ կամ բրուտ ստեղծել, ուրեմն ինչո՞ւ ապարանք, տուն, խրճիթ կամ ջրի կուժ չեն կարող «արարել»: Եթե մատենագիրը կարող է դիպվածի «արդյունքում» գոյանալ, ապա ուրեմն մատենագրի մատյանն ինչո՞ւ չի կարող այդ նույն դիպվածով գոյանալ: Ուրեմն ինչո՞ւ այդ սքանչելարվեստ դիպվածով Աստվածաշունչ մատյան, Վերգիլիոս, Հոմերոս կամ փոքրիկ օրացույց չի «բուսնում»:

Եվ դարձյալ, ինչպե՞ս է, որ այդ զարմանահրաշ դիպվածը մեկ անգամ էլ չի կրկնվում, ու բավական չէ՝ մինչև այժմ չենք տեսել, դեռ մի բան էլ ոչ էլ լսել ենք, որ լեռից կամ գետից դիպվածի բերումով մարդ է ծնվել, կամ էլ ջրից կամ ամպերից նորատեսակ մի էակ է առաջացել, թո՛ղ որ դա մի չնչին ճճու լինի:

Արդարև, կարծիք կար, որ խոնավությունից կամ քիմիական եռումից որդեր ու ճճուներ են գոյանում, սակայն այժմ բոլոր բնագետների կողմից միաբանորեն ընդունված և ապացուցված ճշմարտություն է, որ առանց սերմի անհնար է օրգանական էակի ծնունդը, ո՛չ զեռունների, ո՛չ ճճուների և ո՛չ կենդանիների, ո՛չ էլ տնկիների ու բույսերի: Սրանց բոլորի գոյացության տարրը միայն ու միայն սերմի մեջ է: Առանց սերմի անհնար է կենդանի էակի ծնունդը:

Ուրեմն մեզ մնում է կրկնել մեր տեսակետը, համաձայն որի բնության գործառնության մեջ ամենևին դիպված կամ նմանատիպ մեկ այլ բան չկա, և դիպվածը հակասում է նյութի ու բնական օրենքներին: Քանի որ ի՞նչ է «բնական օրենք» և «նյութի օրենք» ասվածը. դա բնական զորությունների՝ նյութեղեն իրերի վրա ներգործելու եղանակն է, կամ էլ կարող ենք ասել, որ դա գործողության պատճառի ու արդյունքի միջև եղած անհրաժեշտ կապակցությունն է այնպես, որ մեկի գոյությունը անխուսափելիորեն պայմանավորում է մյուսի լինելը:

Պատճառից անհրաժեշտաբար պիտի բխի գործը, և գործը տեսնելով էլ՝ հարկավորաբար պիտի ճանաչվի պատճառը: Ուրեմն «գործ» կոչվածն անհրաժեշտաբար ենթադրում է «գործողի» առկայությունը, քանի որ առանց այդ «գործողի» չի կարող «գործ» լինել: Մինչդեռ դիպվածականության «վարդապետությունը» դեմ և հակառակ է այս ճշմարտությանը, քանի որ «դիպված» ասելով հասկացվում է «գործն առանց պատճառի», որը բացարձակապես անկարելի է: Իսկ մեր խոսակցական լեզվում էլ «դիպված» ասելով հասկանում ենք այն եղելությունները, որոնց պատճառը մենք անզոր ենք կանխատեսելու, սակայն միևնույն ժամանակ ստուգապես գիտենք, որ այդ եղելություններն ունեն իրենց պատճառները:

Արդ, երբ տեսնում ենք տիեզերքի սքանչելի կարգավորվածությունն ու ներդաշնակությունը, բնության մեջ առկա գործերի ու պատճառների հրաշալի կապակցումը՝ ամենահաղթանդամ մարմիններից մինչև հետին, ամենաչնչին ու աննշան էակներ, համոզվում ենք, որ անկարելի է՝ ողջամիտ մարդն ասի, որ այդ ամենը անբանական, անխորհուրդ, ապիկար և կույր դիպվածի արդյունք է՝ փոխանակ խոստովանելու, որ դա իմաստուն, խոհուն, ամենակարող, նախատես Էակի ձեռքի գործն է: Եվ ահա՛ այդ Էակն Աստված է:

Երևելի, մեծ գիտնական Ակազիսը, որ մի քանի տարի առաջ վախճանվեց Ամերիկայում, բնական գիտության մասին խոսելիս բնության մեջ հանդիպող երևույթների ու իրերի վերաբերյալ հաճախ ասում էր. «Այս իրերը ցույց են տալիս մտքի առկայությունը, սրանք ապացուցում են, որ բնության «հեղինակը» խորհող և իմաստուն մի միտք է»:

Մեծն Նյուտոնն էլ ասում էր. «Աշխարհը Ստեղծողին պատշաճում էր նաև այն կարգ ու կանոնի մեջ դնելը: Ողջամիտ փիլիսոփայությանը հակասում է աշխարհի՝ այլ կերպ ծագումը փնտրելը կամ պնդելը, որ աշխարհը կարող էր քաոսից առաջանալ լոկ բնության զորությունների միջոցով»:

Դարվինն էլ իր «Տեսակների ծագումը» գրքում ասում է. «Իմաստուն միտք է հարկավոր՝ ստեղծելու այն, ինչ բնական է»: Իսկ Վիկտոր Հյուգոն ասում է. «Ով ջանում է քննել բնության գաղտնիքները, նա գիտի այս ճշմարտությունը, որ փիլիսոփայությունը բնավ չի կարող բացարձակապես ինքնաբավ լինել, չի կարող ո՛չ պատճառի սահմանը, ո՛չ հետևանքի չափը սահմանել, իսկ ահա խորագետ մտածողը հիացումների անհատակ անդունդն է ընկնում, երբ տեսնում է, որ այս բոլոր բնական ուժերը քայքայվում են՝ վերստին միություն կազմելով: Ամեն ինչ գործում է ամեն բանի համար:

Աստղագետն ուշադիր զննում է ամպերը, աստղի ճառագայթալի շողը վարդից «օգուտ է քաղում»: Խորհրդածել կարողացող որևէ մարդ չի համարձակվի ասելու, որ սպիտակ դժնիկի անուշահոտությունն անօգուտ է համաստեղությունների համար: Արդյոք ո՞վ կարող է հաշվել հյուլեի մեկ ընթացքը: Մի՞թե մենք կարող ենք գիտենալ, թե արդյոք ավազի հատիկների անկումից աշխարհներ չեն ստեղծվում:

Արդյոք ո՞վ գիտի ամենամեծ ու ամենափոքր էակների փոխադարձ մակընթացություններն ու տեղատվությունները, էության անջրպետներում պատճառների աղմկալի արձագանքը և արարչագործության մեծամեծ գործերը: Միջատն էլ կարևորություն ունի. փոքրը մեծ է, և մեծը՝ փոքր: Ամեն բան հավասարակշռություն է հարկավորության մեջ. զարհուրելի՜ երևույթ մարդկային մտքի համար:

Էակներն իրար հետ այնպիսի հարաբերություններ ունեն, որ հրաշքներ են գործում: Այս անսպառելի ամբողջության մեջ՝ արևից սկսած մինչև լուն, ամենքն իրար կարիքն ունեն: Երբ լույսը դեպի կապտագույն մթնոլորտ է տանում երկնային անուշահոտությունները, գիտե, թե դրանք ինչ պետք է անի. գիշերն աստղային ծաղկանյութ պիտի բաշխի նիրհող ծաղիկներին:

Բոլոր թևածող թռչունների թևն անսահմանության թելն ունի իր վրա: Բողբոջումն օդերևույթի ծագմանն ու հավկիթը կոտրել փորձող ծիծեռնակի կտցի հարվածին է միախառնված, և մարդ որդի ծնելու ժամանակ նաև նոր Սոկրատ լույս աշխարհ բերելու հնարավորությունն ունի:

Որտեղ վերջանում է հեռադիտակը, սկսվում է մանրադիտակը: Երկուսից որի՞ «տեսողությունն» է ավելի մեծ. ընտրի՛ր: Բորբոսն էլ բյուրավոր ծաղիկների խումբ է, Ծիր Կաթինը աստղերի բազմություն է: Իմացականության առարկաները և նյութի արտադրանքները նույն խառնուրդն ունեն, խառնուրդ, որն առավել քան զարմանալի է:

Տարրերն ու սկզբունքներն իրար հետ այնքան են խառնվում, միավորվում, զուգավորվում և իրարով բազմապատկվում, որ վերջիվերջո նյութական աշխարհն ու բարոյական աշխարհը միևնույն ճառագայթին են հանգում: Երևույթն այլ բան չէ, եթե ոչ ինքն իր վրա սևեռած մշտնջենական ուշադրություն: Տիեզերական ընդարձակ փոխանակությունների մեջ հանրային կենդանությունն անհայտ քանակություններով է շարժվում, և այդ ընթացքի ժամանակ ամեն բան տիեզերական արտաբուրումների աներևույթ գաղտնիքի մեջ է ընկղմում, ամեն ինչ գործածում է, չի «կորցնում» քնի երազն անգամ:

Այստեղ կենդանություն է սերմանում, այնտեղ աստղ է թափում, ճոճում և օձի պես անցնում: Լույսը՝ ուժի, և մտածումը տարրի է վերածում: Ցաքուցիր է լինում, բայց և անբաժանելի է մնում, ամեն բան լուծարում է, բացի այն երկրաչափական կետից, որը կամքն է: Ամեն բան ուղղորդում է դեպի անհատը, որը հոգին է: Ամեն բան փթթեցնում է՝ դեպի Աստված ուղղորդելով: Բոլոր գործառնությունները՝ վսեմագույններից մինչև ամենաստորինները, ահարկու մեքենայության միության մեջ է խառնակում:

Զեռունի թևածությունը երկրի շարժումին է հարում, իսկ երկնքի հաստատության վրա մոլորակի շարժման մասին ո՞վ կարող է իմանալ: Այս տիեզերական կենդանությունը թերևս գեթ օրենքի նույնությամբ է մի կաթիլ ջրի մեջ եղող որդի վրա իր ազդեցությունը թողնում: Այդ տիեզերական կենդանությունը մտքի մեքենա է, այն անվավոր ատամների խառնուրդ է, որի առաջին շարժիչ ուժը մժեղն է, և որի վերջին անիվը Զոդիակոսն է» («Թշվառներ», մաս 2, գիրք 3, գլուխ 3):

Անվավոր ժամացույցի կամ մեկ այլ զարմանալի մեքենայի մասին «պատահականության արդյունքում է առաջացել» ասող հիմարի հանդեպ խղճահարություն կարելի է տածել միայն, ուրեմն արդյոք իրավունք չունե՞նք կրկնակի խղճահարվելու այս տիեզերական հիասքանչ մեքենայի մասին «դիպվածի արդյունքում է առաջացել» ասողի հիմարության պատճառով: Այդպիսի մեկը լոկ իր խառնագնաց, անզուսպ և անիրավ բարքերի համար է հնարում դիպվածականության «վարդապետությունը»՝ ուզենալով և փափագելով, որ մարդկանց արարքներին վարձահատույց եղող ու պատուհասող Աստված «չլինի»:

Ասածներս հաստատելու համար Սուրբ Գրքից միայն այս խոսքն եմ մեջբերում. «Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»» (Սղմ. 52. 2): Չի ասվում՝ «իր մտքում», որտեղ բանականություն, դատողություն կա, այլ՝ «իր սրտում», որտեղ միայն փափագներ կան: Այդպիսով սաղմոսերգուն կամենում է ասել, որ միտքը, ուղղամիտ դատողությունը չի կարող ընդունել «Աստված չկա» ենթադրությունը:

Անկարող լինելով բնության այս զարմանահրաշ հորինվածքը, որի յուրաքանչյուր մասնիկի վրա խորհրդի և իմաստության անջնջելի կնիքն է դրոշմված, անբանական, անգո դիպվածի կամ լոկ անուն ունեցող, անիրական, «անէակ» բնության գործ համարելու՝ միայն իր հոռի կամքի ու խառնակ կրքերի գերին եղող անմիտ հիմարն է կարող փափագել և փափագում է, որ Աստված չլինի: Սուրբ Օգոստինոսի խոսքն էլ է նույնի մասին վկայում. «Միայն ա՛յն մարդն է ուրանում Աստծու գոյությունը, որին ավելի լավ է թվում այն, որ Աստված չլինի»:

Սակայն Աստծու գոյության մեծագույն ապացույցը մեր գոյության մեջ, մեր ներսում է: Ինչի՞ց է, որ մանուկները, դեռ իրենց բանականությունը չզարգացած, իրենց հոգում, իրենց մտքում տպավորված ունեն Արարչի գոյության գաղափարը՝ առանց որևէ մեկի կողմից ուսուցանված լինելու: Դա, ի սկզբանե անկերպարան մի գաղափար լինելով, բանականության զարգացմանը զուգահեռ կատարելության է հասնում:

Երեխան իր մանուկ մտքով անգամ չի կարողանում ընդունել, որ որևէ բան կարող է ինքն իրեն առաջացած լինել, ուստի իր բոլոր տեսած իրերն ստեղծողի ու կառուցողի մասին հարցեր է տալիս՝ ի բնե հակված լինելով գիտենալու, որ ամեն ինչ արարչական պատճառ ունի:

Ո՞վ է երեխայի հոգում դրել այդ գաղափարի սերմը: Նյութական աշխարհը, նյութը չէր կարող դա արած լինել, քանի որ նյութն իմացական էակ չէ, իմացականություն չունի: Ապա ուրեմն Արարիչն Ինքն է, մարդուն ստեղծելով, նրա բնության, հոգու և մտքի մեջ իբրև ներքին վկայություն դրոշմել Իր գոյության գաղափարը:

(Շարունակելի)

 

Տեր Սահակ քհնՏեր Սարգսյան, «Քննական կրոնագիտություն հավատքի

ապացույցներով հանդերձ», ԿՊոլիս, 1897 թ.,

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկԿարապետյանը

 

23.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․