Գրքեր

Աստծու հանդեպ երախտագիտությունից սկիզբ է առնում փառաբանությունը

- Հա՛յր, Աստծու հանդեպ մեր երախտագիտության զգացումը փառաբանությո՞ւն է:

- Հը՜մ, դա ամեն ինչ է: Այդտեղից է սկիզբ առնում փառաբանությունը:

- Իսկ ինչպե՞ս է ձեռք բերվում Աստծու հանդեպ երախտագիտությունը:

- Հոգում Աստծու հանդեպ երախտապարտ զգալու համար, շատ օգտակար է ինքդ քեզ հետևելը, մերձավորի հանդեպ քեզ ճիշտ դրսևորելը և երախտագիտության զգացում ունենալը մարդկանց նկատմամբ: Ով երախտագիտության զգացում ունի մերձավորի հանդեպ անգամ փոքր բարիքի համար, անկասկած, երախտագիտության անհամամատելի մեծ զգացում կունենա Քրիստոսի հանդեպ, Ով Իր շնորհները առատորեն տվել է ու շարունակում է տալ: Այդպիսով մարդ մշտապես տոգորված կլինի երախտագիտությամբ, չէ՞ որ երբ նա սկսի մտածել, թե ինչպես արտահայտի իր երախտագիտությունը Քրիստոսի հանդեպ, Տերը նրան ավելի շատ օրհնության կարժանացնի, այնպես, որ նախանձախնդիր հոգին կսկսի հալչել Նրա հանդեպ սիրուց: Քանի որ եթե մարդ հոգևորապես ընկալունակ է և մշտապես շնորհակալություն է հայտնում Աստծուն անգամ ամենափոքր պարգևների համար, ապա Աստված էլ դրան պատասխանում է ավելի մեծ բարիքներով:

- Հա՛յր, Աստծու պարգևած բարիքների մասին պետք է մտածել յուրաքանչյուրն առանձին վերցրա՞ծ, թե՞ ընդհանուր:

- Եթե կարող ես կոնկրետ յուրաքանչյուր բարիքի մասին մտածել, ապա դա ամենից լավն է: Եթե դու ուշադրություն ես դարձնում ամեն ինչին և ոչինչ բաց չես թողնում, ապա կզգաս Բարեգութ Աստծու անգամ ամենաթեթև հպումը և կլցվես մեծագույն երախտագիտությամբ: Երբ երեխայի միտքը սևեռված է մոր վրա, այնժամ նա զգում է նրա նուրբ հպումները: Սակայն եթե տարված է իր խաղալիքներով, ապա մայրը թեկուզ շոյի ու համբուրի նրան, նա ոչինչ չի զգա: Աստված մշտապես դիպչում է մեզ քնքշորեն: Աստծու բարեգործությունների մասին մտածող մարդը հուզվում է, նրա սիրտը թրթռում է, և նա անդադար փառաբանում է Աստծուն:

- Հա՛յր, սիրտն ինչպե՞ս պետք է սկսի ցնծալ և ուրախանալ Աստծու հանդեպ երախտագիտության զգացումից:

- Խոնարհությամբ ու սիրով է մարդ զգում Աստծու մեծամեծ բարիքները և դառնում է հավատարիմ ծառա: «Տե՛ր Աստված,- ասում է նա,- ես չարժեմ Քո հոգածությանը, օգնիր ուրիշին, նրան, ում համար ավելի դժվար է, քան՝ ինձ…» Եվ Աստված, տեսնելով նման սերն ու խոնարհությունը, հեղում է Իր շնորհը: Եվ այդպես էլ շարունակվում է այդ բռնոցին՝ մարդ երախտագիտություն է հայտնում, Աստված նորանոր պարգևներ է տալիս:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

31.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․