Գրքեր

Աստծու սերը

«Աստված սեր է» (Ա Հովհ. 4:8)։

«Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը»  (Հովհ. 3:16)։

Եթե հավատքի բարոյական արժեքը բովանդակվում է «Պիտի սիրե՛ս քո Տեր Աստծուն... և քո ընկերոջը, ինչպես քո անձը» պատվիրանի կատարման մեջ, հավատքի վարդապետությունն էլ ամփոփվում է «Աստված սեր է» խոսքում։ Միայն նա կարող է տեսնել իր կյանքի կերպարանափոխումը, ով այն համոզմանը կհանգի, որ ինքն Աստծու սիրո առարկան է։ Իսկապես, մարդ բոլորովին այլ կերպ է ապրում, եթե հավատում է, որ ինքը մի կույր պատահականության «արդյունք» է։ Մինչդեռ մարդու կյանքն ավելի խանդավառվում է, երբ նա հավատում է, որ ինքն Արարչի անսահման սիրո առարկան է, հակառակ նրան, որ ամենևին արժանի չէ Աստծու սիրուն։

Երբ այն համոզումն ունեմ, որ իմ կյանքն իր տխուր և ուրախալի բոլոր կողմերով աստվածային սիրո ծրագրի «արդյունք» է, անհուն հրճվանք եմ զգում, անհամեմատելի արիություն և անսահման մի հույս, քան երբ սկսում եմ խորհել, որ պատահականության «արդյունք» երկրային հետին էակ եմ՝ պարտավորված գոյությունս «քարշ տալու», մինչև այս երկրում կյանքս ավարտվի։

Միայն ինքն իրեն Աստծու սիրո առարկան համարող գիտակցությամբ մարդը կարող է ըմբռնել ու հասկանալ, որ նա իր հերթին ուրիշների նկատմամբ սեր ցուցաբերելու պարտականությունն ունի, որ իրավունք չունի ապրելու միայն իր անձի համար, որ պարտավոր է նմանվել իրեն ստեղծած Աստծուն և, հետևաբար, պիտի ճիգ գործադրել՝ իրենում միշտ անշեջ պահելու այդ անկեղծ և ճշմարիտ սերը։

Դրանից հետո այդ մարդու կյանքն այլևս դատարկ ու անօգուտ չի լինի, քանի որ նա իր ներսում մի շարժիչ ուժ կունենա՝ սերը։ Այդուհետ այդ մարդը բոլորի միջից  ամենազորավորը կդառնա, նրա կյանքի յուրաքանչյուր մանրամասնությունը նոր արժեք կստանա, նրա ամենաաննշան խոսքերը, նրա գործերը մեծ նշանակություն և արժեք ձեռք կբերեն։ Ահա՛ թե ինչու ուզեցի որպես քարոզիս առաջին բնաբան ընտրել «Աստված սեր է» խոսքը։

Սակայն խոստովանենք, որ այս «հայտարարությունն» ընթերցելով՝ մի այնպիսի խորհրդի առջև ենք կանգնում, որի խորքերը թափանցել և այն բացատրել անգամ հրեշտակները չեն կարող։ Մենք մեր հերթին չենք կարող մարդկային սիրո ճշմարիտ նկարագիրը տալ, քանի որ սերն անբացատրելի և անիմանալի է։ Հնարավոր չէ իմանալ, թե այն ինչու գոյություն ունի, կամ ինչու է այն «հայտնվում»։ Նույնիսկ կարծես նա իր գեղեցկությունից և հմայքից մի մաս կկորցներ, եթե երևան հանեինք նրա ծածուկ պատճառներն ու թաքուն իրավունքները։

Աստված սիրում է մեզ, քանի որ Նա, սեր լինելով, պիտի սիրի։ Աստված մեզ սիրում է ոչ թե մի շարք արժանիքների համար, որոնք մենք կարող էինք ունենալ, այլ Նա մեզ սիրում է, քանի որ սեր է Նա։ Եվ սա նշանակում է, որ Աստծու ողջ փափագը, ողջ երջանկությունն Իրեն մարդկանց հետ հաղորդակցելն է՝ Իր փառքից ու կյանքից որևէ բան տալով նրանց։

Աստված ուզում է երջանկացնել բոլոր նրանց, ովքեր Իրեն են պատկանում։ Նրա բոլոր մտածումները, ծրագրերն ու մտադրությունները սիրո մտածումներ և սիրո ծրագրեր են։ Եվ երբ մարդ մռայլ ու անհարթ ճամփաներով է անցնում, Աստված ո՛չ թե հաճույք է զգում մարդու տառապանքից, այլ հաստատուն և անայլայլ կամքով ուզում է նպաստել նրա ճշմարիտ բարիքին։

Հավակնոտություն չունեմ ասելու, որ ինչ խոսեմ Աստծու սիրո մասին, կբովանդակի Նրա սիրո խորհուրդը։ Այդ սերը միշտ «անլուծելի», անքննելի է, բայց երբեք հակառակ չէ բանականությանն ու սրտին։ Այն համապատասխանում է բանականության «պահանջներին» և սրտի «պետքերին»։ Եթե մեզ ասվեր, որ Աստված անզգա ու անտարբեր է Իր արարածների նկատմամբ, այդ գաղափարն ավելի կհակասեր բանականության «պահանջներին» և սրտի «պետքերին»։

Եվ երբ հարցնում ենք մեր խղճին, պարզորոշ լսում ենք հավիտենապես անգերազանցելի այս ճշմարտությունը. «Կա՛մ Աստված սեր է, կա՛մ Նա գոյություն չունի»։ Միայն սերն է ամենավեհը, ամենավսեմն ու ամենակատարյալը, և Աստված, որ բոլոր կատարելությունների Աղբյուրն է, «պետք է» ունենա այդ սերը։

Բայց այստեղ երևան են գալիս ու մեր առջև են ցցվում ահեղ, զարհուրելի առարկություններ, որոնք երբեմն նկատի չէին առնվել, կամ որոնց ուշադրություն չէր ընծայվել, և որոնք, սակայն, այժմ իշխում են բանականության ու խղճի վրա և մեզ ներքնապես ու խորապես խռովում։ Սրանք լուրջ առարկություններ են և հիմնովին ավերում են այն ապացույցները, որոնք երբեմն իբրև փաստարկներ էին բերվում ի նպաստ Աստծու սիրո։

Օրինակ՝ երբեմն բնության տեսարաններն իբրև Աստծու սիրո ապացույցներ էին բերվում հետևյալ տրամաբանությամբ. «Չէ՞ որ բնության «ծոցում» մենք ականատես ենք լինում հիացմունքի արժանի սքանչելի և փառաշուք երևույթների, որոնք մեր սիրտը գոհունակությամբ են լցնում և մեզ բարձրացնում են դեպի Նա, ով Իր իմաստությամբ ստեղծել է դրանք։

Գեղեցիկ, երփներանգ և անուշաբույր ծաղիկները, պսպղուն կապույտ երկինքը, բարձրաբերձ հսկա լեռները, ընդարձակ ծովն ու նրա ծփացող ալիքները, աստղազարդ գիշերը և գիշերվա լուսինը մի՞թե մեծագույն ապացույցները չեն այն բանի, որ գոյություն ունի Սիրո Աստված, Որն ուզում է երջանկացնել Իր արարածներին և գեղեցկացնել այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են։ Այն, որ բնության տեսարաններն այդքա՜ն հրաշալի են, ուրիշ պատճառով չէ, այլ որովհետև Աստված ամեն բան սիրով է անում, սիրով է տնօրինում, սիրով է հոգ տանում և խնամում ու չի մոռանում այս աշխարհում ապրող էակներից և ոչ մեկին»։

Այս տրամաբանությամբ մեկնաբանվող Աստծու սերը համոզիչ և ընդունելության արժանի էր թերևս սրանից հիսուն տարի առաջ, այսօր, սակայն, գիտությունից քիչ թե շատ հասկացող մարդը չի կարող բնության հմայիչ տեսարանները դիտարկել իբրև Աստծու սիրո ցոլք ու արտահայտություն։

Եվ եթե ուզի էլ դրանք որպես Աստծու սիրո փաստ կամ ապացույց համարել, ինքն իրեն ծիծաղի առարկա կդարձնի և այդ «դատողությունն» էլ իր իսկ դեմ դուրս կբերի, քանի որ եթե աստղազարդ գիշերը, գեղեցիկ ծաղիկը, դայլայլող թռչնակը, խաղաղ ծովակը, վեհապանծ լեռը Աստծու սիրո արտահայտություններն են, ապա ի՞նչ կարող ենք ասել աստղազարդ գիշերվան հաջորդող մռայլ գիշերվա և սև ամպերով ծածկված երկնքի մասին, որտեղ ո՛չ աստղի, ո՛չ էլ լույսի նշույլ անգամ չի երևում, երբ ահն ու սարսափն են պատում քեզ, և մռայլ խորհուրդները ճնշում են միտքդ ու սիրտդ։

Ապա ի՞նչ կարող ենք ասել գեղեցիկ ծաղկի փշի մասին, որ վնասում է ձեռքդ, կամ էլ նրա թունավոր «պտղի» մասին, որ առանց խնայելու՝ մահ է սփռում։ Ապա ի՞նչ կարող ենք ասել դայլայլող թռչնակից փոքր-ինչ այն կողմ բնակվող վնասակար ու ահավոր գազանների, կապուտակ գետի կոհակների միջից սարսափելի դնչով հանկարծ դուրս ցցվող կոկորդիլոսների մասին։

Ի՞նչ կարող ենք ասել վեհապանծ լեռների կողքին «հանգրվանած» այն լեռների մասին, որոնք հուր են ժայթքում և մահ սփռում իրենց շուրջը՝ անհամար զոհերի պատճառ դառնալով։ Ո՞վ չի մտաբերում փոթորկալից ծովի զարհուրելի նավաբեկությունները, երբ անթիվ մարդկային կյանքեր մեկ վայրկյանում հօդս են ցնդում։ Այս ասվածներն այնքան ճշմարիտ են, որ որևէ գիտուն ոչ միայն հրաժարվում է բնության մեջ Աստծու սիրո ապացույցը տեսնելուց, այլև այնտեղ տեսնում, հայտնաբերում է, ավելի շատ ատելությամբ լցված թշնամո՛ւ ձեռքի գործը, որն անգթորեն հարձակվում է Նրա արարածների դեմ։

Իսկ եթե թողնենք բնությունը իր որքան գեղեցիկ, նույնքան էլ տգեղ «կողմերով», իր որքան վսեմ, նույնքան էլ անհամակրելի երևույթներով, այն նույն բնությունը, որը լալիս է, երբ պետք էր ժպտալ, և որը ժպտում է, երբ պետք էր լալ, ու մեր ուշադրությունը սևեռենք մարդկության և նրա պատմության վրա, արդյո՞ք ավելի գոհ կլինենք։ Տարակուսում եմ։

Օ՜հ, հիրավի, պատմության մեջ գեղեցիկ, շա՜տ գեղեցիկ էջեր կան, կան շա՜տ գրավիչ իրադարձություններ, շա՜տ վսեմ անձնավորություններ, շա՜տ հզոր կերպարներ, շա՜տ անձնազոհ հոգիներ, շա՜տ այրեր ու կանայք, որոնք արարածների հպարտությունն ու միաժամանակ Արարչի փառքն են, որոնք մարդու և Աստծու «բարությունն» ու «գորովն» են, բայց այդ լուսապայծառ էջերի կողքին քանի՜ սև էջեր կան, որոնք տխրեցնում և շփոթեցնում են մեզ. արցունքի և արյան էջեր, էջեր ատելության ու սպանության, էջեր հարստահարության և վրեժխնդրության, անգթության ու ավերածությունների։

Համաշխարհային պատմությունն ուսումնասիրողը կհամոզվի, որ մարդկության պատմությունն աղեկեզ ու սրտաճմլիկ է։ Այդ ուսումնասիրությունից առաջ եկած տպավորությունն այն պիտի լինի, որ մարդը չար ու անպիտան է։ Եվ ուսումնասիրողը պիտի սկսի խորհել, թե իրապես հնարավո՞ր է, որ այդքան չար արարածը բարի Աստծուց ստեղծված լինի։ Ինչպե՞ս կարելի է երևակայել, որ ատելի ու չար զավակը գորովալիր ու գթասիրտ հորից ծնված լինի։

Իսկ եթե տիեզերական պատմությունն էլ հանգիստ թողնելով, մարդու անհատական պատմությանը, մեր յուրաքանչյուրի պատմությանն անդրադառնանք, կկարողանանք հիշել ժամեր, օրեր, նույնիսկ տարիներ, որոնց ընթացքում մենք այնպիսի՜ հոգեկան հրճվանք ու երջանկություն ենք վայելել, որոնք, ինչպես կարծում և հավատում էինք, միայն Աստծու սիրո արդյունք կարող էին լինել։

Սակայն ինչպիսի՜ հուսախաբություն. ահա՛ այդ օրհնյալ ժամանակներին հաջորդում են փորձության, դառնության, ցավի և սգի ժամանակներ, երբ մարդ հակվում է խորհելու, որ եթե Սիրո Աստված է կառավարում աշխարհը, ինչո՞ւ է Նա այս դժնդակ ու դառը փորձությունները մեզնից անպակաս պահում, ինչո՞ւ է անտարբեր մեր ցավերին, ինչո՞ւ է խուլ մեր տագնապներին, և ինչո՞ւ չի լսում մեր աղաղակները։

Վախենամ, որ այդ պարագաներում այնպես կարծվի, որ Սիրո Աստված գոյություն չունի։ Ոմանք հենց այդպես էլ խորհում են։ Ուրեմն ի՞նչ է, պետք է իբրև արտառոց ու սուտ խոսք մերժե՞լ իմ ընտրած «Աստված սեր է» բնաբանը։ Չեմ կարծում։ Սակայն պետք է փնտրենք զորավոր մի ապացույց, հաստատուն ու համոզիչ ապացույց, որ Աստված իրոք սեր է։ Արդ, որտե՞ղ կարող ենք գտնել այդ զորավոր, հաստատուն և համոզիչ ապացույցը։ Եկե՛ք, ո՜վ ունկնդիրներ, մինչև 2000 տարի հետ գնանք, գնա՛նք Պաղեստին, և այնտեղ պիտի հանդիպենք մի Մարգարեի, Որը ավելի շատ կամեցավ կոչվել «Մարդու Որդի» անունով, և անպատվություն չհամարեց հյուսնի որդի, հյուսն լինելը։

Նստե՛նք այդ Մարգարեի ոտքերի առջև, ուկնդրե՛նք Նրա խոսքերը, ապա հետևե՛նք այդ Մարգարեի կյանքին և գործերին, հետևե՛նք Նրա ընթացքին Գալիլիայի գյուղերից ու քաղաքներից մինչև Երուսաղեմ, և այնտեղից էլ՝ Գեթսեմանի ու Գողգոթա։ Մինչև Նրա վերջին շունչը փչելու վայրկյանը անցած-գնացած դեպքերն ուսումնասիրելուց հետո համոզվածությամբ կտեսնենք, որ Նրա կյանքը սիրո կյանք է եղել։ Կտեսնենք, որ նույնիսկ ամենադժվարին ու դժնդակ դեպքերում Նրա ողջ Անձից աստվածային սերն է ճառագայթում, կտեսնենք, որ Նա իրապես սիրո մարմնացում, սիրո անձնավորում է։

Այդ Մարգարեն ուրիշ մեկը չէ, այլ Նա, Ով գիտակից մարդկության կողմից կոչվեց «Հիսուս-Քրիստոս»։ Նա Աստծու վսեմ հայտնությունն է, մարդացած, մարմին առած Աստված, որ կարողացավ ասել. «Ով Ինձ տեսավ, տեսավ Հորը... Ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ Իմ մեջ... Հայրը, որ բնակվում է Իմ մեջ, Նա՛ է անում գործերը» (Հովհ. 14:9-10)։ «Ես և Իմ Հայրը մի ենք... Իմ Հայրը մինչև այժմ գործում է» (Հովհ. 10:30, 5:17)։

Այնպես որ մենք, Քրիստոսին նայելով, հենց իսկ Աստծուն տեսած կլինենք։ Հիսուսին նայելով՝ մենք այլևս երբեք չենք կասկածի Աստծու՝ սեր լինելուն։ Նրան նայելով՝ մենք կհամոզվենք, որ Նա միայն Աստծու կողմից կարող է ուղարկված լինել մարդկության փրկության համար։ «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16)։

Ինչ տրամադրությամբ ու ոգով էլ ընթերցեք Նրա կյանքի պատմությունը, այն եզրակացությանը պիտի հանգեք, որ Նա սիրո կյանք է ապրել։ Ինչպես ամենախիստ քննադատը, այնպես էլ ամենաանաչառը, ամենակասկածամիտ ուսումնասիրողն ու ամենահեգնող հետաքրքրասերը, ամենաբանական ու ամենագրապաշտ միտքը վստահությամբ և միաձայն հայտարարում են, որ Նազովրեցի Հիսուս իրապես ճշմարիտ ու սուրբ սերն «ապրեց»։ Այնպիսի մի սեր, որպիսին մինչև Նա և մինչև այժմ ոչ ոք չկարողացավ ցուցաբերել։ Այնպիսի մի սեր, որի մասին Նապոլեոնը հիացմունքով ասաց. «Ես ձախողվեցի այնտեղ, որտեղ Հիսուս հաջողեց. Նա Իր սիրով գրավեց աշխարհի բոլոր սրտերը»։

Մարդուն մնում է խորհել ու եզրակացնել, որ Քրիստոսի այս սերն ուրիշ բան եղած լինել չի կարող, այլ միայն Աստծու սիրո վսեմ ու կատարյալ պատկերը։ Այս մասին Փրկիչն այնքա՜ն համոզված էր և այնքա՜ն խորապես էր հավատում, որ Իր մռայլ ու դժնդակ պահերին, հակառակ որ շուրջբոլորն աննպաստ հանգամանքներ էին, Նա փարվեց այդ համոզումին և չհեռացավ այդ հավատքից։ Եթե վսեմ, բայց մռայլ պահին Հիսուս աղաղակեց. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ», բայց ահա՛ Նա վերադառնում է Հոր ճշմարիտ սիրուն, երբ Իր վերջին աղոթքն է անում. «Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին» (Ղուկ. 14:46)։

Հիսուսի այս համոզումն ու հավատքը յուրաքանչյուր օր Նրա զորության ու արիության աղբյուրը եղավ և Նրան «թույլ տվեց» իրականացնելու Իր ծանրագույն պարտականությունը։ Եթե Քրիստոս Իր աննկարագրելի հոգեկան ցավերի ու անձկությունների ժամանակ չդադարեց Աստծու սիրուն հավատալուց, մենք ինչո՞ւ պիտի դադարենք այդ սիրուն հավատալուց, երբ մեր հոգեկան անձկությունները Փրկչի հետ համեմատությամբ ավելի թեթև են։ Քրիստոս չէր կարողանա ապրել, եթե սկսեր ենթադրել, որ Իր երկնավոր Հայրը չի սիրում Իրեն։ Մենք չենք կարող ճշմարտապես ու բնական կյանքով ապրել, եթե չունենանք այն հոմոզումը, որ մենք Աստծու սիրո առարկաներն ենք։ 

Քրիստոսի կյանքն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ Նա բոլոր մարդկանց հանդեպ անայլայլ սեր ու գորով ուներ։ Ով Նրան մոտեցավ խոնարհ և անկեղծ սրտով, ընդունվեց բաց բազուկներով։ Այսուամենայնիվ մենք միևնույն ժամանակ տեսնում ենք, որ Փրկչի սերն ամենքի հանդեպ նույնը չէր։ Նա յուրաքանչյուրին անձնական և հատուկ սիրով էր սիրում։     

Կարո՞ղ ենք ասել, որ Նա Պետրոսին սիրեց այնպես, ինչպես սիրեց Հովհաննեսին, կամ կարո՞ղ ենք ասել, որ Նա Նաթանայելին սիրեց այնպես, ինչպես՝ Մատթեոսին, կամ Մարթային սիրեց այնպես, ինչպես՝ Մարիամին։ Չէի համարձակվի ասել, որ Հիսուս մեկին մյուսից ավելի սիրեց, բայց նրանց սիրեց «զանազանությամբ», նման՝ զավակների հանդեպ ծնողների սիրուն։ Նկատի՛ ունեցեք, քանի որ Հիսուսի աշակերտներն ունեին անհատական դժվարություններ, անձնական լավ կամ վատ ունակություններ և մասնավոր հատկություններ, պետք էր, որ Հիսուսի սերը համապատասխան լիներ յուրաքանչյուրի հոգեկան պահանջմունքներին։

Քրիստոսի սերն իբրև Աստծու սիրո իրական մարմնացում ընդունելով՝ դյուրին է եզրակացնել, որ ամենքս էլ, առանց բացառության, Աստծու սիրո առարկան են, և այդ սերը անայլայլ է ամենքիս հանդեպ, փույթ չէ, որ այն յուրաքանչյուրիս նկատմամբ տարբեր կերպ է դրսևորվում. բավական է հավատանք, որ ամենքս էլ այդ սիրո առարկան ենք։

Թերևս ձեզանից ոմանք ասեն, որ արժանի չեն այդպիսի սիրո, որ իրենք շա՜տ վատ, շա՜տ հանցավոր, շա՜տ ճղճիմ են կարծում իրենց։ Ես անձնապես նույնն եմ զգում և ըմբռնում եմ այդ զգացումը։ Սակայն ինչ էլ լինի մեր անձնական վիճակը, անհատական դրությունը կամ արժանիքը, մենք չենք կարող որևէ դեր կատարել ու ազդել Աստծու սիրո վրա, քանի որ մեր արժանիքի կամ արժանավորության համար չէ, որ Աստված սիրում է մեզ, այլ որովհետև Նա ՍԵՐ է, որովհետև Նրա բնությունը ՍԵՐ է։

Բոլոր նրանք, ովքեր տեսականորեն հավատում են աստվածային այս սիրուն, թող նաև գործնականորե՛ն հավատան։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր դժբախտության են մատնվում, թո՛ղ չհուսահատվեն, այլ քաջությամբ առաջ ընթանան իրենց կյանքի ճանապարհով՝ նեցուկ ունենալով արիացնող և քաջալերիչ այս միտքը. Աստված սեր է, և Նա ինձ սիրում է գորովալի ու կարեկից սիրով։ «Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ Իմ ողորմությունն է պակասելու քեզնից,
և ո՛չ էլ քո խաղաղության ուխտը պիտի վերանա»,- ասաց Տերը» (Եսայի 54:10)։

Եթե ունկնդիրներիս մեջ կա մեկը, որը չի կարողանում հավատալ, որ Աստված սիրում է իրեն, ես նրան պիտի ասեմ հետևյալը. այդ համոզումին գալու համար նա թող փաստ կամ ապացույց չփնտրի՛ զանազան բարձունքներում ու հեռուներում, այլ թո՛ղ ինքնամփոփվի և սրտի՛ն հարցնի իր հոր ու մոր սիրո մասին։ Եվ այդտեղ՝ այդ սրբարանում, զգացմունքների այդ խորության մեջ նա այլևս չի կասկածի ծնողների սիրուն, եթե անգամ ապաշնորհ զավակ էլ լինի։

Հարցնում եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ, ձեզնից մեկը կա՞, որ կասկածում է իր հոր կամ մոր սիրուն։ Հաստատապես գիտեմ՝ որևէ մեկը ծնողների սիրո հանդեպ տարակուսանք չունի և չի ունեցել։ Իսկ ո՞վ է այդ սերը ծնողների սրտում դրել։ Մի՞թե այդ սերը սրտում սերմանող Արարիչը կարող է զուրկ լինել սիրո զգացումից։ «Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի գթա իր որովայնի ծնունդներին, և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա»,- ասում է Տերը» (Եսայի 49:15)։

 

Տեր Ղևոնդ վրդԴուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատորՓարիզ, 1925 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

22.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․