Գրքեր

Աստված ամենատես է

«Տիրոջ աչքը բյուր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները և նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը» (Սիրաք 23:28):

Իմաստունի այս խորախորհուրդ խոսքերն ընթերցելիս մեկ անգամ ևս համոզվում ենք, որ Աստված ամենատես է, ամենագետ և գաղտնիքներ քննող: Մեր Տեր Աստված «սրտերն ու երիկամները քննող Աստված է» (հմմտ. Սղմ.7:10): Հարկ է գիտակցել, ընդունել և աներկմտորեն հավատալ, որ Տերը ոչ միայն տեսնում է մեր կատարած բոլոր գործերը, այլև քննում մեր գաղտնի մտածումները, գիտե յուրաքանչյուրիս սրտի խորհուրդները: Խորհենք, թե օրվա ընթացքում քանի անգամ ենք պղծում մեր միտքը` չար ու զազիր խորհուրդներով, մեր լսելիքը` պիղծ և անբարո խոսքեր ունկնդրելով: Մեր բոլոր զգայարաններով մեղանչում ենք` անդադար վնաս հասցնելով մեր հոգուն: Հարկ է մշտապես զգոն լինել և չարիքից հեռու մնալ, սանձել վատ խորհուրդները և բարին գործել, չէ՞ որ Տեր Աստված տեսնում է մեզ ամեն վայրկյան. «Նրա առջև է ամեն մարմնեղեն էակի գործը, և անկարելի է թաքնվել Նրա աչքից» (Սիրաք  39:24): Նա «հայտնի է դարձնում անցյալն ու լինելիքը, բացահայտում գաղտնի բաների հետքերը: Նրանից չի խուսափում և ոչ մի մտածություն, Նրանից չի թաքնվում և ոչ մի բան» (Սիրաք 42:19-20): Սակայն անհավատ և կամ` հավատի մեջ անկատար մարդիկ այն համոզումն ունեն, որ ամենակարող Աստված չի տեսնում (կամ ոչ միշտ է տեսնում) իրենց կատարած այս կամ այն վատ արարքը, և եթե ականատեսներ էլ չկան, ուրեմն` վերջ, շուտով կմոռացվի, կանցնի, կգնա: Կամ ինչպես գողը, երբ գողություն է անում և հաջողում է, և ինչպես մարդասպանը, երբ մարդ է սպանում, ոճիր է գործում և ճողոպրում  ատյանից, չի դատապարտվում, չի  հատուցում և շարունակում է հանգիստ խղճով ապրել, ինքն իրեն մտածում է. «Բարձրյալը չտեսավ իմ մեղքը»: Բայց մի՞թե Աստված չտեսավ: Ինքներս մեզ չխաբենք: Լսենք, թե ինչ է ասում Սիրաքն իր Իմաստության գրքում. «Մի՛ ասա, թե` «Կթաքնվեմ Տիրոջից» և «Ո՞վ կհիշի ինձ»: «Բազում ժողովրդի մեջ չեմ նկատվի, որովհետև իմ հոգին ի՞նչ է այդչափ արարածների մեջ» (Սիրաք 16:16-17): «Սակայն Աստված մոտ է բոլորին և ոչ` հեռու և գիտե մարդկանց բոլոր բարի և չար խորհուրդները, անսխալ կերպով լսում է, ինչ որ խոսվում է լեզվով և հայտնապես տեսնում այն, ինչ ծածուկ գործում են մարմնով, քանզի չկա մի արարած, որ անտեսանելի լինի Նրան» (սբ. Ն. Շնորհալի): Իսկ սաղմոսերգուն ավելացնում է. «Միթե ականջ ստեղծողն ինքը չի՞ լսի, կամ աչք ստեղծողն ինքը չի՞ տեսնի... Տերը գիտե մարդկանց խորհուրդները, որոնք ունայն են» (Սղմ.  93:9, 11): Ուրեմն հավատանք, որ ամեն ինչ իմացող մեկ այլ Դատավոր կա, Ումից չենք կարող թաքցնել մեր գաղտնի չարագործությունները: Ավելի՛ն, Տերը ոչ միայն տեսնում է մեր գործերը, գիտե մեր գաղտնի խորհուրդները, այլև այն, որ տակավին ո՛չ մտածված է և ո՛չ գործված` ըստ այն խոսքի, թե` «Իմ կողմից չգործվածները տեսան քո աչքերը» (Գրիգոր Վարդապետ): Այո՛, Աստծու ամենատես աչքից ոչինչ չի թաքնվում:

Երկյուղենք Տիրոջից, հավատանք ավետարանական ճշմարտություններին, չէ՞ որ Աստծու խոսքն անսուտ է, և Աստված` անխաբելի: Եթե ամբողջ սրտով հավատանք Աստծու ամենակարողությանը, և որ` ամեն պահ տեսնում է մեզ Աստված, չենք հանդգնի սրտում չարություն խորհել, բերանով անիրավություն խոսել կամ հոգով մեղք գործել: Սուրբ Ն. Շնորհալին ասում է. «Նա, ով հավատում է, թե Աստված տեսնում է, ինչպե՞ս կհանդգնի համառորեն չար բան խոսել կամ գործել» («Թուղթ ընդհանրական»): Ուստի մշտապես մեր աչքի առջև ունենանք Աստծուն, որպեսզի չհամարձակվենք չարիք գործել: Հայրերն ասում են, թե «բոլոր հոգևոր և մարմնավոր առաքինությունների լրումն է Աստծուն միշտ աչքի առջև ունենալը»: Հնազանդվենք Տիրոջը և բարիք գործենք, քանզի` «Չար գործեր անելիս դևերին ենք ժառանգակից դառնում և եթե Աստծուն սիրենք, Աստծուն ենք ժառանգում» (սբ. Եվագր): Միավորվենք Աստծուն հավատի միջոցով:

Հիշենք, որ Աստված սահմանել է մի օր, երբ արդարությամբ պիտի դատի աշխարհը` մարդկանց ծածուկ և հայտնի գործերը, մտածումները, և ոչ մի ամբարիշտ չի արդարանա Տիրոջ առջև: Ուստի «Դատապարտվելու դատաստանի ահով ու երկյուղով զգեստավորվենք, որպեսզի հավիտենական կրակի երկյուղով անշեջ լուսավորություն հագնենք» (սբ. Եվագր): Եվ եթե ամեն անգամ չար բան խորհելիս կամ գործելիս հիշենք դատաստանի երկյուղը, Դատավորի սպառնալիքը, անշիջանելի կրակը, անքուն որդը, ձախակողմյան թևը, այծերի բազմությունը և այն, թե ուր են գնում անսահման տանջանքները, ապա կզղջանք և հեռու կմնանք չարիքից: Ականջալուր լինենք Պողոս առաքյալի խոսքին, որ ասում է. «... ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ` պարկեշտությամբ, ինչ որ` արդարությամբ, ինչ որ` սրբությամբ, ինչ որ` սիրով, ինչ որ` բարի համբավով, ինչ որ` առաքինությամբ, ինչ որ` գովությամբ,- ա՛յն խորհեցեք» (Փիլիպ. 4:8): Եվ թող Ինքը` բարյաց Պարգևատուն` Աստված, տա մեզ զորեղ և անսասան հավատ` ապրելու մեր այս պանդխտության ժամանակը` բարի կենցաղավարությամբ, խոհեմությամբ և արդարությամբ: Փութանք հասնել երկնքի վայելչությանը, լինել ժառանգորդն անմահ, ախորժելի, փառավորված կյանքի և թագավորելու Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:

 

Անժելա Խաչատրյան

 

27.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․