Գրքեր

«Աստված է կյանքը, և ով հեռացնում է իրեն Նրանից, նա մահանում է»

Հողից ստեղծված մարդն Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով դատապարտվեց կրկին հող դառնալու. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդոց 3:19): Երկիրը, ուր բնակվեցին մարդիկ դրախտից արտաքսվելուց հետո, դարձավ նրանց հայրենիքը, իսկ երկրային կյանքը՝ դեպի դրախտ՝ իրական հայրենիք, վերադառնալու նախապատրաստության շրջանը:

Եկեղեցու հայրերը մարդու երկրային կյանքը համեմատում են մանկան ներարգանդային կյանքի հետ: Մանուկը դեռ ինն ամիսներ պետք է աճի և զարգանա, որպեսզի լույս աշխարհ գա՝ ապրելու համար իրական և լիարժեք կյանքը: Եթե հղիությունն ընթանում է ինչպես հարկն է, ապա երեխան ծնվում է ժամանակին և առողջ, իսկ հակառակ պարագայում՝ երեխան կարող է ծնվել թույլ, հիվանդ կամ նույնիսկ մահացած: Այդպես և երկրային կյանքն է շնորհվել մարդուն՝ որպես հոգևոր աճի և զարգացման մի շրջան, որը նախապատրաստելու է նրան, որպեսզի նա ժամանակին ծնվի իրական և լիարժեք կյանքի՝ Երկնային Արքայության համար: Այդ նախապատրաստությանն օգնում է մեզ Տերը՝ պարգևելով աստվածաշնչյան պատգամներ, եկեղեցու սուրբ հայրերի մեկնություններ, եկեղեցու սուրբ խորհուրդներ, ժամերգություններ և արարողությունների արարողությունը՝ Սուրբ Պատարագը: Եթե մարդը հետևում է Տիրոջ պատգամներին, ապա նրա «ներարգանդային» զարգացումն ընթանում է ճիշտ, և նա ժամանակին ծնվում է որպես Երկնային Արքայության՝ իրական հայրենիքի, լիարժեք քաղաքացի: Իսկ եթե մարդն իր երկրային կյանքի ընթացքում արհամարհում է Տիրոջ պատվիրանները, ապրելով մեղքի և կրքերի մեջ, ապա նրա հոգևոր զարգացումը խախտվում է, ինչն արգելք է հանդիսանում, որ նա ծնվի հավիտենական կյանքի համար: Շատ հաճախ մարդիկ չեն ձգտում հոգևոր ծնունդին, այնինչ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մարդացավ, չարչարվեց, խաչվեց և հարություն առավ, որպեսզի մարդը կյանք ունենա և չդատապարտվի անխուսափելի ու հավիտենական մահվան:

Մարդը մինչև իր իրական ծնունդը երկու ընտրության հնարավորություն ունի՝ կամ հետևում է Քրիստոսին և հավիտենական կյանքի արժանանում, կամ հրաժարվում է Նրանից՝ դատապարտվելով հավիտենական մահվան: 

Ջանանք հոգևոր ծնունդով արժանանալ իրական կյանքին, քանի որ իրական մահը, ըստ Կյուրեղ Ալեքսանդրացու, այն չէ, որ բաժանում է հոգին մարմնից, այլ՝ այն, որ հեռացնում է հոգին Աստծուց. «Աստված է կյանքը, և ով հեռացնում է իրեն Նրանից, նա մահանում է և չունի համարձակություն Աստծո առջև, որովհետև հեռվացել է կյանքից: Իրական մահը սատանայից է: Մահվան հայրը՝ սատանան, կանգնած է՝ ինչպես ամուր զինված ռազմիկ, պատրաստ՝ հարձակվելու մեզ վրա սուրբ օրերին: Թույլ չտանք պիղծ դևերին՝ ծաղրելու մեզ, քանի որ Աստված ունենք, որը մեր Փրկիչն է, իսկ դևը՝ կորուսիչը: Եթե մենք մեր սրտերի մեջ ունենանք Աստծո երկյուղը և հոգում կրենք մահվան հիշողությունը, այնժամ մեզ վրա թող սպառազինված ելնեն բոլոր դևերը, որովհետև նրանք էլ չեն կարող մեզ հասցնել և ոչ մի վնաս, այլ՝ կնմանվեն խոյերի, որոնք առանց որևէ հաջողության խոյահարում են պարիսպը: Մեր պարիսպն անխորտակելի է, քանի որ մեզ հետ է մեր Տեր Աստվածը»:

 

Կարինե Սուգիկյան

08.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․