Գրքեր

Աստված կոչում է մեզ Իր որդիները լինելու

Ապաշխարող և մեղքի դեմ պայքարող անձը նորոգում է մեղքից վնասված իր հոգին՝ ընտրելով աստվածնմանության ուղին: Ավետարանն ու առաքելական նամակները բազմիցս կոչում են մարդուն աստվածնմանության. «Նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ» (Եփեսացիներ 5:1): Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ (Գաղատացիներ 3:27), ուստի «ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին, պետք է ապրի այնպես, ինչպես Քրիստոսն Ինքը ապրեց» (Ա Հովհաննես 2:5):

Աստված կոչում է մեզ Իր որդիները լինելու, բնականաբար ցանկանալով, որ մենք նմանվենք Իրեն: Որդիները նմանվում են իրենց հորը և նրանից օրինակ վերցնում, ուստի Աստծո որդիներն էլ պետք է նմանվեն իրենց Երկնավոր Հորը: Ինչպե՞ս կարող ենք նմանվել Աստծուն. նախ, աստվածային անսպառ սերն ու ողորմածությունը օրինակ ունենալով, հարկ է կյանքի կոչենք մեր Փրկչի հորդորները. «Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկաս 6:36), «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48):

«Ինչը կարող է ավելի քաղցր հնչել, քան այս խոսքերը՝ նմանվիր Աստծուն: Դու նմանվում ես Աստծուն, երբ Նրա հետ միասին ներում ես: Դու ունես ևս մեկ անհրաժեշտություն Աստծուն նմանվելու, ոչ միայն այն պատճառով, որ Նրա բարերարությունն ես կրում, այլ նրա համար, որ դարձել ես Նրա սիրելի որդին: Քանի որ ոչ բոլոր որդիներն են իրենց հայրերին նմանվում, այլ միայն սիրելիները»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:

Որքան քրիստոնյան ջանում է նմանվել Իր Նախապատկերին, այնքան իր կյանքում առավել զգալի է դարձնում Տիրոջ ներկայության հրաշքը: «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը, Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ Հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ» (Հովհաննես 14:23): Կյանքի նպատակը «աստվածային բնությանը հաղորդակից լինելն է» (Բ Պետրոս 1:4):

Սուրբ Գրքի բազմաթիվ հատվածներ հաստատում են այն, որ փրկությունն անխզելի կերպով կապված է հոգու նորոգության հետ: Ողորմած Աստված բոլորին կոչում է Երկնային Արքայության, միայն անհրաժեշտ է ջանք թափել այնտեղ հասնելու համար. «Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծո Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթեոս 6:33): Ընդհանրական եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ Երկնքի Արքայությանն արժանանալու համար բավարար չէ միայն մեղքերից ազատվելը, այլ հարկավոր է առաքինությունների մեջ վարժվել:

Մեղքը, շեղելով մարդուն աստվածնմանության ճանապարհից, ուղղորդեց դեպի կործանարար ուղի: Մեր Տերը, վերականգնելով մեղքի պատճառած վնասները, օգնեց մեզ վերադառնալու ճշմարիտ և փրկարար ուղուն: «Պետք է ոչ միայն հավատալ Քրիստոսին,- ասում է Ս. Մակար Մեծը,- այլ չարչարակից լինել Նրան՝ գրվածի համաձայն. «Աստված ոչ միայն Քրիստոսին հավատալու շնորհ տվեց, այլ նաև Նրա համար չարչարվելու շնորհ» (Փիլիպպեցիներ 1:29): Աստծուն միայն հավատալը հատուկ է իմաստակներին, անգամ չասեմ անմաքուր հոգիներին, որ Տիրոջը տեսնելով՝ ասում էին. «Ի՞նչ ես ուզում մեզանից, Հիսո՛ւս, Աստծո՛ Որդի, եկար, որ ժամանակից առաջ տանջե՞ս մեզ» (Մատթեոս 8:29): Ահա դեպի Աստված տանող հիմնական ուղին. մեծ համբերությամբ, հույսով, խոնարհամտությամբ և հոգու աղքատությամբ քայլել կյանքի ուղիով, որի շնորհիվ մարդը ձեռք կբերի արդարացում, իսկ արդարացման ներքո, անշուշտ, Իրեն՝ Աստծուն:

Աստվածնմանության ճանապարհն ընտրած անձը պետք է արթուն և զգոն լինի: «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքում հանդիպում ենք արթնության հետևյալ կոչին. «Հսկե՛նք, ով եղբայրներ, և արթո՛ւն լինենք և աղոթքի վարժվենք, որպեսզի ապրենք, բարի՛ն գործենք, որպեսզի հաճո լինենք Աստծուն. նմանվե՛նք զինվորի, որ զինավառված է պատերազմի մեջ և ուրիշ ոչ մի բանի մասին հոգ չի տանում, բացի իր կյանքից և հաղթանակից: Այսպիսին է նաև որսորդը, որը միմիայն որսին է հետամուտ. ուրեմն՝ սրա՛նց նմանվենք: Եվ ով պահում է Աստծո խոսքը, նա Աստծո մեջ կբնակվի, քանզի գրված է. «Կբնակվեմ նրանց մեջ, Աստված կլինեմ նրանց, և նրանք Ինձ ժողովուրդ կլինեն» (Բ Կորնթացիներ 6:16)»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

19.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․