11 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

«Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է»

«Եւ ետես Աստուած զամենայն զոր արար, եւ ահա բարի են յոյժ»։

«Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է» (Ծննդոց 1։31)։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․

Մարդը միշտ ցանկանում է գեղեցիկ կյանքով ապրել և հարմարավետություններ ունենալ։ Մարդիկ տարբեր նպատակներ, ծրագրեր, ձգտումներ ունեն, որոնք ցանկանում են իրականացած տեսնել։ Եվ այս ամենը կարող է մարդկանց ներքաշել վազքի մեջ, յուրաքանչյուրին՝ իր ձևով։

Մարդկանց մեծամասնության համար կյանքի գեղեցկությունը վերջին սերնդի տեխնոլոգիաներից օգտվելն է, շքեղության մեջ ապրելը, նորաձևության հետևությամբ հագնվելը, արդուզարդի պարտադիր առկայությունը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցե՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթեոս 6։19-21)։

Եթե հնագույն ժամանակներում մարդիկ Աստծուն թողած երկրպագում էին կուռքերին, ապա այսօր ոչ թե ձուլածո արձաններին են երկրպագություն մատուցում, այլ իրենց ժամանակն ու ուշադրությունը ընդհանրապես հատկացնում են իրենց կողմից կարևորություն տրվող երևույթներին, արարածներին, բազմաբնույթ բաներին, որոնք նույնպես ձեռակերտ են։ Ասում ենք արարածներին, որովհետև այս աշխարհում ամեն ինչ Աստծո արարչագործության արդյունքն է։ Մեկն իր աշխատանքի մասին է մտածում, մյուսը՝ հաճույքների, երրորդը՝ ավետարանական անմիտ մեծահարուստի պես շտեմարանները քանդելու և մեծացնելու մասին։ Եվ այդ ամենը կարող է պատճառ դառնալ Աստծուց հեռանալու և Աստծո Արքայության սեղանին մասնակից դառնալուց հրաժարվելու համար, ինչպես Հիսուսի պատմած «Մեծ խնջույքի առակում», ընթրիքի հրավիրվածները հրաժարվեցին զանազան պատճառաբանություններով. մեկը ագարակ էր գնել, մյուսը՝ հինգ լուծ եզներ, իսկ երրորդը կին էր առել (Ղուկաս 14։15-24)։ Այդ պարագայում մարդն այլևս չի մտածում ճշմարտապես գեղեցիկ ապրելու մասին, որը հնարավոր է միայն Աստծով և Աստծո ցույց տված ճանապարհով ընթանալով, կիրակնօրյա պատարագներին մասնակցելով, օրվա ընթացքում գոնե մեկ անգամ աղոթելով, Աստծո հետ հաղորդակցվելով և Աստվածաշունչ ընթերցելով։ Այսպիսի խոսք կա. «Եթե Աստված մարդու կյանքում առաջին տեղում է, ապա մնացած ամեն ինչ իր տեղում է»։

Սիրելինե՛ր, արդարև մարդու կյանքը գեղեցկանում է, երբ նա սիրում ու հավատում է Աստծուն և ընտրում է առաքինի վարքը։ Այդժամ գեղեցկությունը ստեղծվում է բարեպաշտությամբ, ուրիշների մասին հոգ տանելով, մաքուր սրտով, սեփական կոչման մեջ ունեցած հավատարմությամբ և առաքելության մեջ ունեցած պատասխանատվությամբ։ Գեղեցկությունը ոչ միայն սեփական կյանքի ճիշտ ընթացքն է և գոհունակությունը, աշխատելն ու արարելը սեփական անձի համար, այլ նաև արարելը և ստեղծելը ընդհանուր բարօրության համար։ Իրական գեղեցկությունը մարդկային մաքուր ու բարի հարաբերություններից է ծնունդ առնում։ Մարդկային գեղեցիկ փոխհարաբերությունների պտուղները բարի են, ինչպես Սիրաքի իմաստության մեջ է ցույց տրվում. «Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։ Դրանք են՝ եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը և՝ երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ» (Սիրաք 25։1, 2)։

Թե՛ մարմնի գեղեցկությունը, թե՛ հարուստ ունեցվածքը, որոնք կարող են ընկալվել իբրև գեղեցիկ կյանքի նշանակ, պետք է գայթակղության առիթ չհանդիսանան և բարուն ծառայեն։ Աշխարհի համար գեղեցկության չափանիշներն այլ են, քրիստոնեության համար՝ այլ։ Գեղեցիկ կարող են լինել, օրինակ, խոսքերը, բայց քրիստոնեության համար դրանք անարժեք են, եթե գործերով չեն հաստատվում։ Հիշենք Ավետարանի «Երկու որդիների առակը»։ Մի մարդ երկու որդի ուներ։ Մի օր նա մի որդուն խնդրեց. «Որդյա՛կ, գնա այսօր աշխատի՛ր այգում»։ Այս որդին ասաց, որ կգնա, բայց չգնաց։ Մյուս որդուն էլ խնդրեց։ Սա էլ ասաց, որ չի ուզում, բայց հետո զղջաց ու գնաց այգին։ «Արդ երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը», – հարց է տալիս Հիսուս (Մատթեոս 21։ 28-31)։

Գեղեցիկ կարող են համարվել տարբեր ֆիլմեր՝ սպանության, մերկության, ավազակության, անպատիժ հանցագործության տեսարաններով, գողությունը՝ իբրև ճարպկություն և հնարամտություն ներկայացնող պատմություններով, մինչդեռ քրիստոնեության համար դրանք սերունդների դաստիարակության հարցում վատ հետևանքներ թողնող երևույթներ են, որովհետև Տերն ասում է. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանաքար վեմ կախվեր, և նա ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ։ Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար» (Ղուկաս 17։1-3)։ 

Երբ Աստված արարեց աշխարհը, արևն ու լուսինը, երկինքն ու երկիրը, բուսական ու կենդանական աշխարհը, նայելով իր արարածներին, չասաց՝ գեղեցիկ է, ասաց՝ բարի է, այսինքն՝ ինքնանպատակ գեղեցկություն չէ արարչագործությունը, այլ բարի արդյունքներ տվող շնչավոր և անշունչ էակներ են։   

Մենք էլ Աստծո արարածներն ենք և մեր ժամանակը միայն նյութական ունեցվածք ձեռք բերելուն չհատկացնենք, այլ Աստծուն և աղոթքին նույնպես ժամանակ նվիրենք։ Նրա պատվիրաններով բարի գործեր կատարենք և Աստծո ցանկալի պտուղները տանք։ Եվ միայն դրա շնորհիվ կգեղեցկանա մեր կյանքը, կդադարի անիմաստ վազքի վերածվելուց։ Գեղեցկություն կգծագրվի մեր կյանքում և մեր ընտանեկան հարկերից ներս։ Անիրավ տնտեսի առակում տնտեսը մտածեց. «Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները» (Ղուկաս 16։4)։ Ի վերջո նրան գովասանքի արժանացրեց այն, որ նա, իր հնարամտությամբ և պարտամուրհակների մեջ պարտքերի թիվը փոխելով, կարգավորեց իր և այլոց հարաբերությունները։

Սիրելինե՛ր, ճշմարիտ գեղեցկությունը Աստվածահաճո հատկանիշներով զարդարված լինելն է։ Ըստ Սուրբ Գրքի՝ անգին զարդեր են առաքինությունները՝ սերն ու բարությունը, իմաստությունը, հնազանդությունը, խոնարհությունը, հոգու խաղաղությունը, անհիշաչարությունը, որոնցով զարդարված պետք է լինեն թե՛ ծերերը, թե՛ երիտասարդները, թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ, որոնք էլ կազմում են մարդկային իրական հարստությունն ու գեղեցկությունը, որոնց համար արժե համառորեն պայքարել, հասնել ու պահպանել։   

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

28.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․