Գրքեր

«Աստվածավախ» գողը

Մի գող կար, որ սնոտի սեր էր տածում Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի հանդեպ, և ամեն անգամ գողության գնալիս մոմ էր վառում սրբի պատկերի առջև: Եվ կարիք չկա այս գողի վրա ծիծաղելու՝ ասելով, որ նրա հիմարությունը ակնհայտ է, քանի որ ինքներս էլ հաճախ այնպիսի արարքներ ենք թույլ տալիս՝ առանց տեսնելու դրանց անհեթեթությունը: Այսպիսով, գողը մոմ էր վառում և խնդրում սրբի օգնությունը: Երկար ժամանակ ամեն ինչ հարթ էր ընթանում, և նա այդ հաջողությունը վերագրում էր սրբի օգնությանը: Բայց մի օր այդ «աստվածավախ» գողին տեսան գողության պահին: Այն օրերին մեղքի մեջ բռնվածին մի լավ ծեծում էին՝ նույնիսկ մահվան աստիճանի: Տղամարդիկ վազեցին նրա հետևից: Մարդն արդեն զգում էր մահվան շունչը ծոծրակին: Հետապնդողներից փախչելիս նա գյուղի ծայրամասում՝ ճամփեզրին, ընկած մի սատկած ձի տեսավ: Երևում էր, որ լեշը վաղուց էր այդտեղ ընկած, քանի որ պատռված փորից թարախ էր հոսում, կենդանու մարմնի վրայով որդեր էին սողում, իսկ օդը գարշահոտությամբ էր պատված: Սակայն մահվան վախը ուժեղ է ամեն տեսակ նողկանքից: Եվ գողը մտավ կենդանու նեխած փորն ու թաքնվեց գարշահոտ փորոտիքի մեջ: Հետապնդողների մտքով անգամ չէր անցնի, որ փախչողը կարող է լեշի մեջ թաքնվել, ուստի, շուրջբոլորը զննելուց ու մի լավ հայհոյելուց հետո ձեռնունայն հեռացան: Իսկ մեր «հաջողության ջենթլմենը», գարշահոտությունից շնչահեղձ լինելով, երկընտրանքի մեջ էր՝ հատուցման վախի ու թարմ օդ շնչելու ցանկության միջև:

Եվ ահա, երբ նա կիսամեռ էր վախից ու գարշահոտությունից, նրան է հայտնվում Սուրբ Նիկողայոսն ու ասում. «Ինչպե՞ս ես քեզ զգում այստեղ»: «Սո՛ւրբ Նիկողայոս, հազիվ եմ ողջ այս գարշահոտությունից»,- պատասխանում է դժբախտը: «Ճիշտ այդպես էլ քո մոմերն են ինձ համար գարշահոտ արձակում»,- պատասխանում է սուրբը:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

30.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․