Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Միաբանության մեջ մի հայր կար՝ ազնվագույն վարքով և բոլոր ճգնությունների մեջ՝ կատարյալ, մանավանդ` խոնարհության, սիրո և հանդարտության, ողորմած էր, անհիշաչար և սիրառատ ամենքի հանդեպ: Նա ամեն ժամ և ամեն օր խնդրում էր Աստծուն և ասում. «Տեսնում եմ` որքան մեղավոր եմ, սակայն քո գթությանն ու ողորմու­ թյանն եմ ապավինում, որ Քո ողորմության շնորհիվ կփրկվեմ, ինչի համար և խնդրում եմ Քո ողորմած բարերարությունը: Տե՛ր, ինձ մի՛ հեռացրու քո ճանապարհներից այժմ և հավիտյանս, այլ ինձ հետ նաև մյուսներին արժանացրո՛ւ քո Արքայությանը՝ ըստ քո բազումո­ղորմ գթության»: Եվ ճգնում էր ամեն օր` այս աղոթքն անելով, և մարդասերն Աստված կատարում էր նրա հայցվածներն՝ ըստ հետևյալ օրինակի: Մի օր սրբերի հիշատակը կատարելու համար վանականները գնում էին մեկ այլ վանք, և այս հորը նույնպես կանչեցին, սակայն նա հրաժարվեց: Տեսիլքի մեջ ձայն եկավ նրան. «Գնա՛, բայց սկզբում քո աշակերտների՛ն ուղարկիր, հետո դու մենա՛կ գնա»: Իսկ մեծատունը, որ մեզ համար աղքատացավ` Քրիստոս` մեր ճշմարիտ Աստվածը, որ ամեն ինչով եղավ ամենքի պես, որպեսզի ամենքին ապրեցնի, ընդու­նեց տառապյալ հիվանդի կերպարանք և նստեց ճանապարհի մեջտե­ղում: Եկան նրա աշակերտները ըստ հոր հրահանգի, տեսան նրան, որ կուրծքն էր ծեծում, հարցրին պատճառը, և նա ասաց. «Հիվանդ եմ, և իմ ուղեկիցները բերեցին ինձ մինչև այստեղ, և չունեմ մեկը, որ վերց­նի ինձ»: Եվ այն հոր աշակերտներն ասացին նրան. «Մենք ինչպե՞ս վերցնենք քեզ, երբ ինքներս ոտքով ենք գնում»: Եվ թողեցին նրան ու գնացին: Քիչ անց եկավ և հայրը, գտավ անկյալին, որ հեծում էր, իմացավ պատճառը և ասաց. «Ինձանից առաջ կրոնավորներ չեկա՞ն և քեզ չտեսա՞ն»: Եվ նա ասաց. «Այո՛, սակայն իմացան պատճառը և գնացին` ասելով. «Մենք ոտքով ենք գնում, ի՞նչ կարող ենք անել քեզ»»: Աբբան նրան ասաց. «Կարո՞ղ ես փոքր­փոքր ոտնաքայլերով առաջ շարժվել»: Նա ասաց. «Չեմ կարող»: Եվ ծերը նրան ասաց. «Ա­րի՛ քեզ շալակեմ, Աստված կօգնի, և կգնանք»: Իսկ նա ասաց. «Դու ինքդ ծեր լինելով՝ ինչպե՞ս կարող ես ինձ շալակել: Ավելի լավ է՝ դու գնաս և ինձ համար աղոթք անես»: Ծերն ասաց. «Երբե՛ք քեզ չեմ թող­նի այստեղ այսպես տկարացած. այլ արի բարձրացի՛ր այս քարի վրա, ես քեզ կշալակեմ, և ընթացքում կօգնի մեզ Քրիստոս»: Եվ բարձրաց­նելով նրան` շալակեց: Սկզբում հիվանդը ծանր թվաց, բայց այնուհե­տև սկսեց թեթևանալ, և որքան առաջանում էին, այնքան ավելի թեթև էր դառնում: Ընթանում էր ծերը և զարմանում` չգիտենալով, որ իր ուսերի վրա ինքը կրում է Նրան, Ով բոլորին է կրում իր ուսերին: Եվ հանկարծակի նրա շալակած հիվանդը անհայտացավ և ասաց աբբա­յին. «Դո՛ւ, որ աղաչում էիր ինձ քո աշակերտների համար, որպես­ զի քեզ հետ միասին նրանք էլ արժանանան երկնքի Արքայությանը, այժմ տե՛ս, որ այլ է քո չափը, և այլ է նրանց չափը: Այնպե՛ս արա, որ նրանք էլ ունենան քո վարքն ու վաստակը, և կկատարվի քո խնդրան­քը, քանզի արդար դատավոր եմ և յուրաքանչյուրին տալիս եմ ըստ իր գործերի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․