Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Մի ժամանակ մեր Քրիստոս Աստծո քաղաք Երուսաղեմի ար­քեպիսկոպոս եղավ Ամովս անունով մեկը: Եվ այս Ամովսը սատանայի ներգործությամբ կրոնավորատյաց էր, թեև ինքն էլ սուրբ սքեմ էր հա­գած, որին անարժան գտնվեց: Աստծո թողտվությամբ ոմն կրոնավոր ընկավ փորձության մեջ, և այս Ամովսը, հավելումն այլևայլ պատիժ­ների, մերկացրեց կրոնավորին հրեշտակային զգեստից` փոխարենը հագցնելով խոզի, և այս տեսքով հանեց նրան քաղաքի փողոցները: Այդ գիշեր երևաց նրան սուրբ Հովհաննես Մկրտիչը և հանդիմանեց նրան` ասելով. «Այդպես արեցիր և անարգեցիր իմ զգեստը, ուստի իմ իրավունքը կպահանջեմ քեզնից դատաստանի օրը` Քրիստոսի ահա­վոր ատյանում»: Եվ նա զարթնելով՝ դողէրոցքի մեջ ընկավ, ապա գնաց և քաղաքից դուրս կանգնեցրեց տաճար՝ սուրբ Հովհաննես Մկրտիչի անունով` սուրբ Ստեփանոսի տաճարին դեմ հանդիման: Երբ ավար­տեց տաճարի կառուցումը, զարդարեց ու հարդարեց այն ամբողջու­թյամբ, ապա սուրբ սքեմը անարգելու մեղքի համար թողություն էր աղերսում` մեծամեծ հառաչանքներով, պահեցողությամբ և հսկում­ներով: Երկրորդ անգամ երևաց նրան սուրբ Հովհաննես Մկրտիչը և ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. եթե հինգ տաճար էլ կառուցես՝ ավե­լի լավը, քան սա, որ ինձ համար շինեցիր, չեն թողնվի քո մեղքերը, որ գործեցիր իմ հանդեպ, այլ դատաստան կտեսնեմ քեզ հետ այն զար­հուրելի օրը»: Եվ նույն ժամին էլ հեռացավ նրանից: Դարձավ Ամովսը կրոնավորությունից դեպի մարդկային կենսակերպի, և ովքեր տեղյակ էին այս ամենին, պատմեցին աստվածակիր հայրերին, և նրա անունը ջնջեցին սուրբ պատարագից մեր Քրիստոս Աստծո քաղաքում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

23.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․