Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Մի երիտասարդ կրոնավոր ճգնեց քսան տարի` շաբաթական մի բուռ թրջած ոսպ ուտելով և հպարտացավ իր սրտում` իրեն մեծ մեկը կարծելով, և ուզում էր նշաններ գործել: Եվ գթաց նրան Տերը և նրա սիրտը գցեց Պողոսի խոսքը, որ ասում է. «Մենք մեր անձերից որևէ բանի կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողությունը (Բ Կորնթ. Գ 5)»: Ինքն իր մեջ ասաց. «Եթե մեծն Պողոսն անգամ չէր համարձակ­վում որևէ բան խորհել իր անձից, որքա՜ն ես կարիք ունեմ սովորե­լու ուրիշներից: Գնամ այն անվանի մենակյացի մոտ, և ինչ որ ասի՝ կանեմ»: Գնաց մի նշանավոր ծերի մոտ, և մինչ մոտենում էր, ծերը տեսավ նրա ուսերին նստած երկու սև հնդիկների, որոնք շղթա էին գցել նրա պարանոցից, և յուրաքանչյուրը քաշում էր նրա գլուխը դեպի իրեն: Ծերն այս տեսնելով` հասկացավ պատճառը, քանզի հո­գետես էր, ապա սկսեց հառաչել և լալ առանձին: Երբ եղբայրը ներս մտավ, ողջունեցին միմյանց և մոտ մեկ ժամ լուռ նստեցին, քանզի ծերն այդ սովորությունն ուներ: Ապա եղբայրն ասաց ծերին. «Հա՛յր, շահի՛ր ինձ և ուսուցանի՛ր փրկության ճանապարհը»: Պատասխանեց ծերը և ասաց. «Չեմ կարող, որդյա՛կ, քանզի ես ինքս կարիք ունեմ օգ­նականի և առաջնորդի»: Իսկ նա ասաց. «Մի՛ հրաժարվիր շահել ինձ, հայր իմ, քանզի քեզ եմ հուսացած և Աստծուն երդվել եմ անսալ քո խոսքին և կատարել այն»: Իսկ ծերն ասաց. «Ես հրաժարվում եմ քեզ որևէ խոսք ասել, որովհետև գիտեմ, որ չես կատարի»: Իսկ նա երդվեց նրան կատարել այն ամենը, ինչ որ լսի: Եվ ծերը տվեց նրան դահե­կաններ և ասաց. «Գնա՛ քաղաք, գնի՛ր տասը հատ հաց, նույնքան գի­նի և նույնքան կիլոգրամ էլ միս և բեր՛ ինձ մոտ»: Երբ եղբայրը լսեց այս, տրտմեց, որ երդվել էր հնազանդվել նրան, և գնաց: Մինչ ճանա­պարհ էր գնում, ալեկոծվում էր բազում խորհուրդներից և ասում էր մտքում` ի՞նչ է կամենում սրանով անել ինձ ծերը, և ինչո՞ւ գնեմ այս­ քան ուտելիք և ձեռքս բռնելով՝ գայթակղեցնեմ տեսնողներին: Եվ ող­բալով ընթանում էր այդ ճանապարհը, ապա հասնելով քաղաք՝ գնեց հացն ու գինին: Թեպետ խիստ տրտմում էր մսի համար, բայց գտնե­լով մի երկյուղած մարդու` խնդրեց նրան գնել միսը: Եվ մեծ ամոթով վերցնելով այդ ամենը` եկավ ծերի մոտ: Ծերը տեսավ, որ եղբոր մի ուսից հնդիկն անհետացել էր: Ասաց նրան ծերը. «Մի՛ մոռացիր, սի­րելիս, որ Աստծուն ուխտել ես հնազանդվել այն ամենին, ինչ որ ասեմ քեզ: Արդ, վերցրո՛ւ այս բոլորը և տա՛՛ր քո սենյակ, և երբ կատարես աղոթական կարգը, ճաշի ժամին կուտես մեկ հաց, մեկ կիլոգրամ միս և կըմպես մեկ շիշ գինի: Այդպես կանես տասն օր և կգաս ինձ մոտ, և ես քեզ կասեմ այն, ինչ Աստված կտա խոսել ինձ»: Երբ եղբայրը լսեց այս, սոսկաց հույժ, բայց երդման պատճառով չկարողացավ ընդդի­մանալ: Եվ վերցնելով այդ ամենը, գնաց ողբալով և խիստ տրտմու­ թյամբ, և տանը նստած՝ լալիս էր ու ասում. «Վայ ինձ` եղկելիիս, որ պահքից զրկվելով` ընկա որկրամոլության մեջ. և ինչ անեմ` չգիտեմ` ուտե՞մ, թե՞ չուտեմ. եթե չուտեմ, Տերը կբարկանա ինձ վրա Իր անու­նով երդվելու համար, որ ուխտեցի, թե ծերն ինչ ասի, պիտի անեմ այն` որպես թե Աստծո բերանից է դուրս եկել, իսկ եթե ուտեմ, ի՞նչ կլինի իմ վաստակը: Արդ, Տե՛ր, նայի՛ր տառապանքներիս և ողորմի՛ր բռնադատվածիս, և թողությո՛ւն տուր մեղքերիս, քանզի բռնադատ­վում եմ գործելու ճգնությանս հակառակը»: Այսպես ողբալով՝ գնաց իր տուն և արեց այն ամենը, ինչ հրամայել էր ծերը, և ավելի շատ էր աղոթում. և ամեն անգամ, երբ մոտենում էր ուտելու ժամը, արտա­սուքներով թրջում էր սեղանը և ասում. «Տե՛ր, իսկապես թողեցի՞ր ինձ»: Երբ Տերը տեսավ նրա խոնարհությունն ու հնազանդությունը, մխիթարություն տվեց նրա սրտին և ճանաչեցրեց նրան գործի խոր­հուրդը, և թե ինչու նրա հետ պատահեց այս բանը: Արտասուքներով գոհացավ Աստծուց ու խոստովանեց մարգարեական խոսքը, թե` եթե Տերը չշինե տունը` զուր են ջանում շինողները, և եթե Տերը չպահպա­նի քաղաքը, զուր են արթուն մնում նրա պահապանները (Սաղմ. ՃԻԶ 1): Եվ երբ լրացան այդ օրերը, հընթացս որի կատարեց ծերի հրամանները հեզությամբ և արտասուքներով, գնաց նրա մոտ. և ավելի թորշոմած և մաշված էր մարմնով, քան այն ժամանակ, երբ շաբաթը մեկ անգամ ոսպ էր ճաշակում: Երբ ծերը տեսավ նրան այդպես խոնարհված, և սև հնդիկների փոխարեն՝ նրա աջ ու ձախ կողմերում` պայծառ երեսնե­րով լուսո հրեշտակների, ընդառաջ գնաց նրան և ուրախությամբ ներս ընդունեց, ապա աղոթք անելով` լուռ նստեցին: Եվ ասաց ծերը նրան. «Որդյա՛կ, մարդասեր Աստված նայեց քեզ և թույլ չտվեց թշնամուն տիրելու քեզ, քանզի նա սովորություն ունի խաբելու առաքինիներին և գցելու ամբարհավաճության մեջ, և ներշնչում է անելու ավելին, քան կարող է, և անվանում է բարձրագույն չափ, որպեսզի դրանով հեշտությամբ որսա նրանց: Սակայն Աստված հեզերի և խոնարհների մեջ է բնակվում, և մեղքերից ոչ մեկը այնքան ատելի չէ Աստծուն, որքան ամբարտավանությունը, և չկա Աստծո առաջ ավելի պատվա­կան առաքինություն, քան՝ հեզությունն ու խոնարհությունը, քննի՛ր և ուսանի՛ր այս խոսքերս փարիսեցու և մաքսավորի առակով (Ղուկ. ԺԸ 9-14): Որովհետև չափազանցված ճգնությունները խիստ վտանգավոր են, քանզի հեշտ են կործանում, ինչպես հայրերից մեկն է ասում` ինչը չափից ավելի է` դևից է: Գնա՛, որդյա՛կ, կե՛ր քո հացը ամեն երեկո, և եթե հարկ լինի, առանց երկմտության և խղճմտության փո­խի՛ր սահմանված ժամը: Եթե ստացվի, որ օրվա մեջ երկու անգամ ուտես, մի՛ տրտմիր, քանզի օրենքի բռնադատության տակ չենք, այլ՝ Հիսուս Քրիստոսի շնորհների: Իսկ երբ ուտելու լինես, մի՛ հագեցիր, այլ զսպիր քեզ՝ որքան կարող ես, և պարարտ կերակուրներից հոռին ընտրիր, բայց ամենից առավել սիրտդ պահիր և բոլոր առաքինու­ թյուններից առավել խոնարհություն ստացիր, քանզի խոնարհ հոգին է պատարագն Աստծո, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում, և դարձյալ` խոնարհվեցի, և փրկեցիր ինձ, իսկ Եսայի մարգարեն Տիրոջ անունից ասում է` Ես որտեղ եմ բնակվում, եթե ոչ հեզերի և խոնարհների մեջ, որոնք դողում են իմ խոսքերից (Եսայի ԿԶ 2): Արդ, դու քո ողջ հույսը դիր Աստծո վրա և քո հոգսը գցիր նրա վրա, քանզի եթե Տերը չնայի քեզ, ընդունայն է քո վաստակը: Գնա՛ խաղաղությամբ քո ճանապարհը, որդյա՛կ, և թող Տերն ուղղորդի քեզ և որպես լույս ծագեցնի քո արդարությունը և քո իրավունքը` որ­ պես միջօրե (Սաղմ. ԼԶ 6)»: Այսպես ծերը շահելով եղբորը` հաստատեց նրան և սիրալիր հյուրընկալելով` կերակրեց նրան և արձակեց գնալու իր սենյակը: Եվ նա գնաց խնդությամբ` ասելով. «Քո երկյուղածները թո՛ղ խրատեն ինձ, և նրանք, ովքեր ճանաչում են քո վկայություննե­ րը (Սաղմ. ՃԺԸ 79)»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

 

16.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․