Գրքեր

Աստվածային միավորում

- Աստծուն ծառայելով՝ մարդ հայտնվում է դրախտում,- սովորեցնում էր հայր Պորֆիրիոսը։- Եթե ճանաչես ու սիրես Քրիստոսին, ապա կապրես դրախտում։ Քրիստոս դրախտն է։ Դրախտը սկսվում է արդեն այստեղից։ Եկեղեցին երկրային դրախտն է՝ նման նրան, որը երկնքում է։ Երկնքի դրախտը ճիշտ այնպիսին է, ինչպիսին երկրինը։ Այնտեղ բոլոր հոգիները մեկ են, ինչպես Սուրբ Երրորդությունը՝ երեք Անձ, մեկ էություն։

Մեր գլխավոր հոգսը մեզ Քրիստոսին նվիրելն է, միավորվելը Եկեղեցուն։ Եթե մուտք գործենք Աստծու սիրո մեջ, մուտք կգործենք Եկեղեցի։ Եթե չմտնենք Եկեղեցի, չմիավորվենք այստեղի՝ երկրային Եկեղեցուն, ապա վտանգ կա, որ կկորցնենք նաև երկնայինը։ Եվ երբ ասում ենք երկնային, չկարծենք, թե այնտեղ այլ կյանք ենք գտնելու՝ ծաղիկներով ու պարտեզներով, լեռներով, ջրերով ու թռչուններով։ Այնտեղ չկան երկրային գեղատեսիլ վայրեր։ Այնտեղ մեկ այլ՝ շատ ավելի վեհ բան է։ Սակայն այդ մյուսին մոտենալու համար հարկավոր է անցնել երկրային պատկերների ու գեղատեսիլ վայրերի միջով։

Ով ապրում է Քրիստոսով, Քրիստոսի ու Նրա Եկեղեցու հետ մեկ է դառնում։ Երկրային տեսանկյունից նա աստվածային խենթություն է վերապրում։ Այդ կյանքը բոլորովին այլ է, քան ուրիշներինը։ Դա ուրախություն է, լույս է, խնդություն, թռիչք։ Ահա թե որն է կյանքը Եկեղեցում, կյանքն՝ ըստ Ավետարանի, Աստծու Արքայությունը։

«Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ․ 17։21)։ Քրիստոս մեր մեջ է, և մենք՝ Նրա, ինչպես երկաթի կտորը, որ կրակի մեջ են դնում։ Կրակի մեջ այն ինքն էլ դառնում է կրակ ու լույս։ Իսկ կրակից դուրս՝ կրկին մթին երկաթ է։

Եկեղեցում տեղի է ունենում աստվածային միավորում, մենք աստվածանում ենք․․․ Երբ Քրիստոսի հետ ենք, ասես մտնում ենք լույսի մեջ՝ լուսավոր ենք։ Իսկ երբ լույսի մեջ ենք, այնտեղ խավար չկա։

Սակայն միշտ չէ, որ լույսը լուսավորում է։ Դա կախված է մեզանից։ Այդպես պատահում է նաև երկաթի հետ, որը կրակից դուրս դառնում է մթին։ Խավարն ու լույսը չեն համադրվում։ Երբևէ չենք կարող միաժամանակ և՛ լույս, և՛ խավար ունենալ։ Կա՛մ լույս է, կա՛մ՝ խավար։ Երբ լույսը վառում ես, խավարն անհետանում է․․․

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

14.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․