Գրքեր

Աստվածներ, «Աստված» բառի ստուգաբանությունը

Աստվածներ

Սուրբ Գիրքը աստվածներ է կոչում Աստծո սրբությանը կամ գիտությանը կամ իշխանությանը հաղորդակից անձանց: Սուրբ Դիոնիսիոսն իր «Երկնային քահանայապետությունների մասին» գրքում նշում է, որ աստվածաբանությունն աստվածներ է կոչում երկնայիններին և մեզանից ավելի բարձր էություններին, իսկ մեզանից էլ` աստվածասերներին և սրբազան այրերին: Օրինակ` Ելից գրքում Աստծո կողմից աստվածներ են կոչվում մարգարեները (22.28), ինչպես նաև Մովսեսն անվանվում է աստված փարավոնի համար (Ելք 7.1): Սաղմոսում աստվածներ են կոչվում դատավորները, այնուհետև Աստված հավատացյալ մարդկանց ևս աստվածներ է կոչում և Բարձրյալի որդիներ (Սաղ. 82.1, 6): Քրիստոս հենց այս սաղմոսը վկայակոչեց, երբ հրեաները Նրան սկսեցին մեղադրել այն բանում, որ Իրեն ներկայացնում էր որպես Աստված և Իրեն Աստծո Որդի էր ասում (Հովհ. 10.33-36):

Վերոնշյալ սաղմոսում նշվում է մարդկանց վեր լինելը մյուս արարածներից, ըստ որի էլ Արարիչը մարդկանց մեծ կարողություններն ու աստվածանմանությունը նկատի առնելով ասում է, թե մարդիկ ևս աստվածներ են:

«Աստված» բառի ստուգաբանությունը

Աստված բառը ստուգաբանվում է` «աստ ած», որ գրաբարից թարգմանաբար նշանակում է` այստեղ բերեց: Խոսրով Անձևացին` Սուրբ Գրիգոր Նարեկացու հայրը, իր ժամակարգության մեկնության մեջ ասում է, որ Աստված անունը արարչական է և մեզանում ստուգաբանվում է` «Աստ էած զմեզ», այսինքն` մեզ այստեղ` այս լինելիությանն ու գոյությանը բերեց: Մեր եկեղեցական հայտնի հեղինակներից Ներսես Լամբրոնացին իր Պատարագի մեկնության մեջ նշում է, որ արարածների ստեղծող գիտենք միայն Նրան, այդ պատճառով էլ ստեղծվածների արարչին կոչում ենք Աստված, այսինքն` ոչնչությունից դեպի էության ու գոյության, այն է` երկնավորներին ու երկրավորներին այստեղ բերող` աստ ածող: Աստված բառի ստուգաբանությունների մեջ նշվում է, ոչ միայն աստ ած-ը, այլև` աստեաց կամ հաստեաց, այսինքն` այստեղ բերեց, գոյացրեց, ստեղծեց արարածներ: Սուրբ Ներսես Շնորհալին իր եղբայր Գրիգոր Դ Պահլավունի Կաթողիկոսի հրամանով Միջագետքի Ասորվոց կոչվող նահանգի քահանաներին ուղղված թղթում ասում է, որ Նրան` ստեղծողին է հատուկ ու վայելուչ Աստված անունը, որը վեր Է քան բոլոր անունները, որովհետև Աստված արարչության անուն է:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

16.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․