Գրքեր

«Աստվածպաշտությունը կայանում է առատ ողորմածությամբ»

Քրիստոնյայի համար կյանքի ամեն մի պահն իր Փրկչին առավել մոտենալու միջոց է: Այդ պատճառով Քրիստոսին հետևող անձն իր աստվածատուր ժամանակը փորձում է իմաստավորել աստվածահաճո կյանքով: Եկեղեցու հայրերը շատ հաճախ հորդորում են ուշադիր լինել ինքդ քո հանդեպ, ուշադիր լինել, թե ինչ է կատարվում հոգումդ և արդյո՞ք կատարվածն ուղղորդում է դեպի փրկություն: Մեր հոգում են գտնվում այն ամենի արմատներն, ինչ մենք իրագործում ենք կյանքում, ուստի անհրաժեշտ է ապրել ներքին ուշադրությամբ, որի բնական պտուղներից և աստվածահաճո դրսևորումներից մեկն է ողորմության առաքինությունը:

Աստվածնմանության առաքինության՝ ողորմության շուրջ համախմբված Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 26-ին այցելեց Օհանովի 6 շենքի բն. 13 հասցեում բնակվող նախկին ազատամարտիկ, 1-ին կարգի հաշմանդամ Արմեն Գրիգորյանի (45 տ.) ընտանիք: Արմենն ապրում իր մոր՝ 68-ամյա տիկին Ռոզայի և զույգ տղաների հետ միասին: Երկու ամիս առաջ Արմենի կինը՝ 45-ամյա Նաիրա Աբգարյանը, զույգ տղաներ է ունեցել և հետծննդյան բարդությունների պատճառով մահացել է: Այժմ երեխաների խնամքով զբաղվում են դայակները, որ նշանակվել են բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկական վիրաբույժ, ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արա Բաբլոյանի կողմից:

Արմեն Գրիգորյանը մասնակցել է 1988-1994 թթ. Արցախյան ազատագրական պատերազմին, գլխի կոնտուզիա տանելով, կորցրել է շարժվելու ընդունակությունը: Նա նշեց, որ Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ Գերմանիայում բուժում է ստացել, ինչի շնորհիվ մասամբ վերականգնել է շարժվելու ընդունակությունը և այժմ կարողանում է սայլակով տեղաշարժվել: Արտերկրում բուժումը շարունակելու հնարավորություն չունի, իսկ այստեղ ժամանակ առ ժամանակ ընթացիկ բուժումներ է ստանում:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց համայնքի անդամներ Սուսաննա Աբրահամյանի (50 000 դրամ) և Մոնթե Գրիգորյանի (100 ԱՄՆ դոլար) կողմից տրամադրած դրամական օգնությունները: Նախկին ազատամարտիկն իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձանց:

 

Սբ. Հովհան Մանդակունին նշել է, որ աստվածպաշտությունը կայանում է առատ ողորմածությամբ, նեղության ու վշտի մեջ եղողներին այցելությամբ, այդպիսինն անիմանալի բարության վայելչությանը կարժանանա նաև երկրի վրա՝ իր բարեգործության փոխարեն առատ բարություն գտնելով: Ապա սուրբը մատնանշում է ողորմածությունից եկող բարիքները. «Ողորմություն անելով՝ սրբանում է ողորմածի մարմինը և հոգին, օրհնվում են նրա ինչքերը, հաջողվում աշխատանքները, շատանում են արտերը, պտղավորվում են անդաստանները, եթե միայն նա աստվածային կամքի համեմատ կատարի ողորմությունը: Որովհետև տալով աղքատներին՝ Աստծուն է փոխ տալիս, և միայն տվածը չէ, որ Աստված երկնքի մեջ կվերադարձնի, այլ նաև կփրկի ողորմածին սատանայի թակարդներից, կազատի դժոխքից և Երկնքի Արքայություն կշնորհի նրան»:

 

 

Կարինե Սուգիկյան

26.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․