Գրքեր

Ավետման տոնի պատգամ

Թանկագին մայրեր և քույրեր ի Քրիստոս,

Ի դեմս ձեզ Ամենախնամ Տերը մի-մի անգին գանձ է պարգևել յուրաքանչյուրիս, որի համար փա՜ռք և օրհնություն Ամենակալին: Դուք ձեր զավակների պահապան հրեշտակն եք, ձեր եղբայրների պատիվն ու պարծանքը, անգին ծաղիկն եք ձեր հայրական տան, ամուսնու հավատարիմ օգնականն ու ընկերակիցը: Եվ ես այսօր մեծ ուրախությամբ ու սիրով շնորհավորում եմ ձեզ սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ, որն էլ հիմքն է մեր հայրենիքում նշվող Մայրության ու գեղեցկության տոնի:

Անապական Կույսը, որին բազում շարականներ ու տաղեր են նվիրել քրիստոնեական բոլոր եկեղեցիների հայրերը, հիրավի աստվածային թագի այն անգին գոհարն է, այն անզուգական զարդը, որը ոչ միայն երկնային, այլև երկրային եկեղեցու պարծանքն է՝ սիրո, հիացմունքի, մեծարանքի և ընդօրինակման արժանի: Նա երկնքի Պերճաշուք Թագուհին է, երկնային Տիրուհին, առաքինազարդ Մայրը մարդացյալ Աստծու: Նա մաքրամաքուր հորիզոնն է, որից ծագեց փրկության Արեգակը, և անկիզելի մորենին, որն իր սրտի տակ կրեց աստվածային սրբագործող հուրը: Նա մեծամեծ պատիվների արժանացավ Աստծու կողմից և անգամ սերովբերենից ու քերովբեներից բարձր դասվեց Արքայության մեջ, քանի որ ընտրեց Աստծու հեզ ու հավատարիմ աղախինը լինելու ճանապարհը: Գաբրիել հրեշտակապետը նրան ավետեց ամենաբարի, ամենաշնորհաբեր ու պատվաբեր լուրը, որ կարող էր հնչել աշխարհիս երեսին. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Աստծուց դու շնորհ գտար… Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի… ու նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. 1:26-35), իսկ պատասխանը եղավ. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:38): Եվ ես այսօր խնդրում եմ Ամենասուրբ Աստվածածնի բարեխոսությունը ձեզ համար և մաղթում, որպեսզի աշխարհի կողմից առաջարկվող տարատեսակ գայթակղիչ, կեղծ ազատ ու համարձակ, իսկ իրականում սանձարձակ ու անբարո կերպարներից նախընտրեք միակ ճշմարիտն ու գեղեցիկը՝ Աստծու խոնարհ աղախնինը: Նայե՛ք, թե որտեղ են աշխարհի առաջարկած կուռքերը, իսկ որտեղ՝ մեր հոգևոր Մայրը և գերազանց, կատարյալ, ազնվագույն օրինակն ընտրեցեք ձեզ համար: Հաճախ աղոթեցեք Աստվածամորը, թույլ տվեք, որպեսզի սրբապատկերներից նայող, բոլոր խոսքերից էլ ազդու նրա ջինջ ու խորաթափանց հայացքը մինչև ձեր հոգու խորքերը հասնի ու հայտնի հավերժ սիրված, գնահատված ու երջանիկ լինելու գաղտնիքը. ողջ սրտով, հոգով ու մտքով սիրիր ու հավատարիմ եղիր քո Տեր Աստծուն: Սիրող, հոգատար, խոնարհ, նվիրյալ, քաղցրաբարո, աղոթասեր և իմաստուն մայր, կին, քույր ու դուստր եղիր նախ քո ընտանիքում, ապա համայնքում և ամենուր, որտեղ որ կլինես: Եվ այդժամ կարող ես վստահ լինել, որ Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը չի ուշանա, և շնորհաբաշխ Տիրոջ օրհնությունն ու շնորհներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Սեր և խաղաղություն ձեր ընտանիքներին, որ փոքրիկ եկեղեցի են և փոքրիկ հայրենիք: Հույս, հավատ, ուժ և սփոփանք բոլոր որդեկորույս մայրերին: Թող որ Ամենասուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Սուրբ Հոգու ապրեցնող մխիթարությունը շուտափույթ իջնի ձեր կոտրված սրտերին և ապրելու կամք հաղորդի՝ հանուն ձեր անգին զավակների հիշատակի, ընտանիքի մյուս անդամների բարօրության և այն երջանիկ հանդիպման, որ Ամենակալի ողորմությամբ տեղի է ունենալու Նրա Արքայության մեջ. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

07.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․