Գրքեր

Ավետում

«Խնդա՛ և ուրախացիր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ և կբնակվեմ քո մեջ, - ասում է Տերը» (Զաք. 2:10):

Սիրելի՛ եղբայրակիցներ ի Տեր Հիսուս Քրիստոս, մայրեր ու քույրեր,

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր թերևս ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի ավետման տոնը, որն ամբողջովին ներծծված է գարնանային ջինջ ու պայծառ լույսով, քնքուշ ծաղիկների անուշաբույրով և մի այնպիսի մեղմիկ ու խորհրդանշական ուրախությամբ, որ միայն այս տոնին է հատուկ, քանի որ ավետել նշանակում է ուրախ լուր հայտնել: Այսօր մենք մեծ սիրով շնորհավորում ենք հատկապես մեր սիրելի մայրերին, քույրերին, կանանց ու դուստրերին, քանի որ Հայաստանում այսօր նաև պետական տոն է՝ Մայրության ու գեղեցկության օրը: Սակայն քանի որ քրիստոնյա ենք և Աստծու որդեգիր զավակներ, իսկ Սուրբ Մարիամ Աստվածածինն էլ բոլորիս հոգևոր մայրն է, ապա այսօրը մեծ ու նշանակալից տոն է անխտիր բոլորիս համար, ուստի բոլորիս եմ շնորհավորում:

Եկեղեցու աստվածազգյաց հայրերը Տեր Հիսուս Քրիստոսին նոր Ադամ են կոչում, իսկ Սուրբ Կույսին՝ նոր Եվա և այս չորս կարևորագույն անձինք են, որ առանցքային դերակատարություն են ունեցել մարդկության ողջ պատմության համար: Նախկին հրեշտակապետը՝ օձի կերպարանք առած, գայթակղեց հոգևորապես դեռևս անփորձ Եվային ու դրդեց պատվիրանազանցության: Նախամայր Եվան կատարեց իր ընտրությունը, և այն ցավալիորեն սխալ էր: Սակայն հենց Ադամն էր, որ հաստատեց ու կնքեց այդ սխալը: Նա իր սրտի դուռը փակեց Արարչի առջև՝ ոչ միայն չընդունելով սեփական հանցանքը, այլև այն բարդելով անմիջականորեն Եվայի, և անուղղակիորեն՝ հենց Աստծու վրա. «Այս կինը, որ տվեցիր ինձ, նա՛ տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա» (Ծննդ. 3:12): Թե ինչ եղավ հետո՝ բոլորս հրաշալի գիտենք. Ադամը ոչ միայն իր սրտի դուռը փակեց Արարչի առջև, այլև դրանով փակեց նաև փրկության դուռը իր իսկ առջև: Եվ ապա այնքան ժամանակ լացեց ու ողբաց այդ կողպված դռան դիմաց, մինչև որ նոր Ադամը սեփական սրբագործ արյամբ լվաց մեր նախահոր մեղքը, Իր մահվամբ պատռեց նրա պարտամուրհակն ու հրաշափառ հարությամբ խորտակեց այն փակ դուռը, այն պատնեշը, որ հազարամյակներ առաջ առաջացել էր անհնազանդ զավակի ու Հոր միջև: Սակայն նախքան այս զարմանահրաշ ու փրկչական դեպքերը կկատարվեին, տեղի ունեցավ մի անչափ գողտրիկ ու խիստ որոշիչ հանդիպում, որը և հիմք հանդիսացավ հետագա դեպքերի զարգացման համար: Այս անգամ ևս հանդիպումը հրեշտակապետի ու դեռատի աղջկա միջև էր, սակայն տրամագծորեն տարբեր էր դրա ելքը: «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկ. 1:28),- այսպես ողջունեց Գաբրիել հրեշտակապետը նազովրեցի Կույսին և ապա հայտնեց, որ նա Սուրբ Հոգու շնորհիվ պիտի հղիանա և Աստծու Որդուն ծնի, որի «թագավորությունը վախճան չի ունենա»: Սա անշուշտ աննախադեպ հանդիպում էր, աննախադեպ զրույց, որի ելքից կախված էր համայն մարդկության ճակատագիրը, և որը պիտի որոշեր տասներեք-տասնչորսամյա դեռատի աղջնակը:

«Ահա՛վասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ» (Հայտն. 3:20). սուրբ Հովհաննես Ավետարանիչը տասնամյակներ անց միայն պիտի գրեր Տիրոջ այս հայտնի խոսքերը, սակայն առաքինազարդ Կույսն այս դեռևս չգրված տողերի ամենապատրաստակամ ու խոնարհ իրագործողը եղավ: Նրա հեզ ու մաքուր սիրտը զգաց իր Փրկչի այցելությունը, և իրավ, Տերն ասես թակել էր մանկամարդ Մարիամի հոգու դուռն ու ոչ պակաս խոնարհությամբ սպասում էր նրա պատասխանին: Այո, այո Ամենակալ Աստված՝ երկնքի ու Երկրի Արարիչն ամենայն հեզությամբ սպասում էր Իր իսկ արարածի թույլտվությանը: Ինչպես այնժամ, այնպես էլ այժմ և միշտ Տեր Աստված Իր սուրբ կամքը ոչ մեկի չի պարտադրում, ոչ մեկի ստիպողաբար չի փրկում, այլ թակում է յուրաքանչյուրի սրտի դուռը, նրա առջև դնում փրկությունն ու կործանումը, Իր անհուն սերն ու մարդատյաց թշնամու ատելությունը, և ասում. «Լա՜վ մտածիր և ընտրիր, զավակս: Ես ոչ մի պարագայում քո կործանումը չեմ ցանկանում, այլ փրկվելն ու ապրելը: Դու որքան էլ հեռացած լինես Իմ հայրական գրկից, որքան էլ պատառոտած լինես որդիական պատմուճանդ, որքան էլ աղտոտված լինես խոզերի ընկերակցությունից, որքան էլ ժանտահոտ արձակես մարմինդ պատած խոցերի պատճառով, Ես միևնույն է սիրում եմ քեզ ու սպասում դարձիդ, միայն թե որոշի՛ր»: Իհարկե, Սուրբ Աստվածածինն այն եզակի Ծաղիկն էր, այն «անապական Տաճարն» ու «անմատույց գեղեցկությամբ փողփողյալ զարդը», որն Աստծու մեծագույն ողորմության ու հրաշքի ծնունդը լինելով, Տիրոջ Տաճարում մեծանալով ու դաստիարակվելով, սուրբ և անապական վարք էր ձեռք բերել և իր ողջ էությամբ նվիրվել Ամենակալին, սակայն միևնույն է, Աստված անգամ այս «ընտրյալ Անոթի» ազատ կամքի դրսևորմանն ու համաձայնությանն էր սպասում: Եվ ահա, ինչպես Եկեղեցու հայրերն են ասում, երբ սուրբ Կույսն արտասանեց «թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:38), այդ «թող լինի»-ն բացեց և՛ նրա սրտի, և՛ երկնքի դարպասներն ու անբովանդակ Աստծուն երկիր իջեցրեց: Դեռատի աղջնակն այդ անակնկալից չապշեց, չվախեցավ, խուճապի չմատնվեց, այլ միայն կամեցավ համոզվել, որ պատգամաբերն իսկապես Աստծուց էր, և երբ համոզվեց՝ առանց երկմտելու ընդունեց Տիրոջ կամքը՝ առանց ծանրութեթև անելու դրա հետևանքները: «Ինչպես որ Հոբն է հիացմունք առաջացնում ոչ այնքան նրանից, որ համբերությամբ էր կրում հարվածները, որքան այն բանից, որ (այդ անում էր) ոչինչ չիմանալով հետագա վարձքի մասին, որ ստանալու էր փորձության դիմաց, այնպես էլ Նա՝ Սուրբ Կույսը իրեն պահպանեց մտքին անհասանելի պարգևների համար՝ չիմանալով դրանց մասին. հարսանեկան առագաստ եղավ՝ առանց ակնկալելու Փեսային, և երկինք եղավ՝ առանց իմանալու, որ արևն իրենից է ծագելու» (Բյուզանդացի հայրերի գրվածքներից):

Սիրելի՛ հավատացյալներ, մեզնից շատերը հաճախ են ամեն առիթով մեղադրում նախամայր Եվային՝ փորձելով սեփական սխալները նրա վրա բարդելով՝ արդարացնել. «Այ եթե Եվան պտուղը կերած չլիներ…» Ու հետո միևնույն սխալն են գործում՝ ամեն օր ընտրության առջև կանգնելով: Ստե՞լ, թե՞ ճշմարտությունն ասել, չարախոսե՞լ, թե՞ գոնե լռել, պարծենա՞լ, թե համեստորեն հետ քաշվել, օգնե՞լ, թե՞ կրկին անտարբերություն ու խստասրտություն դրսևորել… Մեր ընտրությունը հաճախ հօգուտ պատվիրանազանցության է ցավոք: Իսկ պիտի որ հօգուտ պատվիրանապահության, հօգուտ Աստծու սուրբ կամքի լինի, ինչպես որ Ամենասրբուհի Աստվածածնի պարագայում էր: Նախամայր Եվան ապաշխարել է, սիրելինե՛ր, իր բաժին մեղքը լիուլի քավել դժոխքի խավարում և վաղուց սրբվել ու արդարացվել է Երկնավոր Հոր կողմից: Իսկ մենք դեռ պիտի մտածենք մեր հոգու մասին, մեր ամենօրյա ընտրությամբ փորձենք Աստծու հեզ ու խոնարհ Ծաղկին նմանվել, որի համար միշտ և ամեն պարագայում առաջնայինն ու ամենակարևորն Աստծու սուրբ կամքի իրագործումն էր, քանի որ նա իր մաքրամաքուր սիրտը, միտքը, ձգտումներն ու ողջ էությունը անմնացորդ կերպով Տիրոջն էր նվիրել ու Նրա առաջնորդությունն ընտրել: Դրա համար էլ հավետ երանելի է սրբուհի Մայրը և օրհնյալ բոլոր կանանց մեջ: Արդ, աղերսենք Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի սովորեցնի մեզ սիրով փնտրել Տիրոջ կամքն ու մեղմ խոնարհությամբ հնազանդվել՝ «թող լինի», քանի որ ինչպես մերօրյա հոգևորականներից մեկն էր ասում՝ այն մարդն, ով մերժում է փրկության մասին բարի լուրը, անպայման լսում է չարը՝ սեփական կործանման մասին: Ուստի, թող որ Ավետարանի բարի լուրն ընդունողները, կատարողներն ու տարածողները լինենք ամենքս: Մեր Երկնավոր Մոր օրինակին հետևելով՝ մաքրենք ու պատրաստենք մեր սիրտը և ապա դրա դռները սիրով ու պատրաստակամությամբ բանալով Տիրոջ առջև՝ ներս հրավիրենք Նրան այնտեղ բնակվելու, մեզ նորոգելու և փրկության ճանապարհով առաջնորդելու համար: Հիանանք Սուրբ Կույսով, ընդօրինակենք ու մեծարենք մեր սիրելի Տեր Հիսուս Քրիստոսի անարատ ու քաղցրիկ ծնողին՝ երկնային վեհաշուք Թագուհուն՝ հուսալով նրա մայրական բարեխոսությանը մեր մեղավոր հոգիների փրկության համար. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, մերկացած նախաստեղծի փառք անկապտելի, վշտացյալ անիծապարտ մոր սփոփանք քավիչ, խաղաղության ձայնատու նրանց խռովված որդիներին: Եվ արդ, ո՞ր խոսքը բաղդատելով կարող է գերհռչակել անհամեմատ մեծությունը քո, Արարչի մայր, անհասի ծնող, անբավի գրկարան, ամենակալի անձանցիչ, փառազարդողի զգեցուցիչ, վերօրհնյալ գգվիչ: Ահա՛ սրանց համար, ըստ անսուտ քո խոսքի, հիրավի երանի ենք տալիս քեզ, ով մայր Հիսուսի» (Սբ. Գրիգոր Նարեկացի). ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

07.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․