Գրքեր

Այց մանկատուն. «Ծառն ինքն իր համար չէ, որ պտուղ կտա»

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունն արդեն մի քանի օր է, ինչ մեծ նախանձախնդրությամբ պատրաստվում էր հերթական այցի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Հոկտեմբերի 18-ին Սբ. Պատարագին մասնակցելուց հետո երիտասարդները միության հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ ճանապարհվեցին դեպի մանկատուն: Երիտասարդներն որդեգրել են ծառայասիրության ուղին: Իրենց շնորհված պարգևներն աստվածատուր նրանք ծառայեցնում են Տիրոջը՝ ծառայելով իրենց նմանին: Եկեղեցում համախմբված երիտասարդները հենց եկեղեցու միջոցով անմիջականորեն զգում են դեպի Աստված տանող ճանապարհը: Եվ այդ ճանապարհին այսօր մանակատան սաներն էին:

Մանկատան սաների մաքուր, անկեղծ և անմիջական աշխարհը կրկին անգամ ուրախ էր տեսնելու երիտասարդներին և քահանային՝ կրկին անգամ ապրելու նրանց սերն ու հոգատարությունը:

Տեր Զգոնը, ողջունելով մանկատան աշխատակիցներին ու սաներին, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը: Ապա վեց խմբերից յուրաքանչյուրում Տեր Հայրը բժշկության Ավետարան և Սբ. Գրիգոր Նարեկացու բժշկության աղոթքները կարդաց:

Երիտասարդների և համայնքի անդամների միջոցներով ձեռք բերված միրգը, քաղցրավենիքը, հագուստը, հիգենիկ պարագաները, խաղալիքները և գիպսե արձանիկները բաշխվեցին մանկատան սաներին: Չէր կարելի չնկատել երեխաների գոհունակ հայացքը, ամեն մի խմբում աստվածային սերն էր գործում. երիտասարդների մի մասը կերակրում էր սաներին, մյուսը մասը՝ խաղալիք բաժանում, ոմանք՝ զրուցում՝ գրկելով և գուրգուրելով նրանց, իսկ մի քանիսն էլ երեխաների հետ խաղում էին բակում:

Աղջիկների ավագ խմբի սաներից Սաթենիկը երիտասարդներին ներկայացնում էր ուլունքներից պատրաստած իր խաչը, սրտիկը, ներկաներին հիացնում էր նաև 15-ամյա Գայանեի նկարչական գործերը: «Ես ամեն օր աղոթում և փառք եմ տալիս Աստծուն, ամեն պահին զգում եմ Նրա ներկայությունը և հավատում եմ, որ միայն Նա կկատարի իմ երազանքը»,- ասաց Գայանեն: Գիպսե արձաններից նա ընտրեց սիրտը, քանի որ շատ է սիրում մարդկանց:

Սեր բաշխելով և սիրով հարստանալով՝ երիտասարդները սիրո մթնոլորտում հրաժեշտ տվեցին սաներին:

Սբ. Գրիգոր Լուսավորիչն ասել է. «Ծառն ինքն իր համար չէ, որ պտուղ կտա, այլ՝ ուրիշի համար»: Ամեն մի քրիստոնյա մի ծառ է, որ պտղաբերում է դիմացինի համար:

 

 

Կարինե Սուգիկյան

19.10.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․