Գրքեր

Այն ամենն, ինչ Աստված թույլ է տալիս, բխում է մարդու հանդեպ տածած սիրուց

- Հա՛յր, իսկ Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ դժբախտություն պատահի:

- Բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Երբեմն Աստված թույլ է տալիս, որ դժբախտություն պատահի, որպեսզի ինչ-որ ավելի լավ բան տեղի ունենա դրանից, իսկ մեկ այլ պարագայում՝ «դաստիարակչական» նպատակներով: Ոմանք վարձք են ստանում, մյուսները վճարում են մեղքերի դիմաց. ոչինչ չի կորչում: Իմացեք, որ Աստծու կողմից թույլատրված ամեն բան մարդասիրական է, նույնիսկ, օրինակ, մարդկային զոհերը: Չէ որ Աստված «սրտացավ» է: Հիշե՛ք, թե քանի մարդու կոտորեց Եղիան (Գ Թագ. 18:17-40)․ Բահաղի հարյուրավոր քրմերի: Նրանց ասաց. «Դուք էլ աղոթեք, ես էլ կաղոթեմ: Ում կրակն ինքն իրեն այրվի, նրանն է ճշմարիտ Աստված»: Այնժամ Բահաղի քրմերն սկսեցին բղավել. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»: Բայց ոչ ձայն եղավ, ոչ՝ ծպտուն: «Ձեր աստվածը,- ասաց նրանց Եղիա մարգարեն,- զբաղված է երևի ու չի լսում ձեզ: Ավելի բարձր կանչեք»: Նրանք շարունակում էին բղավել ու ըստ սովորության՝ դանակներով կտրատել իրենց մարմինները, որպեսզի ավելի բարձր բղավեն ցավից, ու Բահաղը լսի իրենց: Վերջ ի վերջո, երբ ոչ մի արդյունքի չհասան, Եղիա մարգարեն ասաց. «Թրջե՛ք իմ փայտերը», և երեք անգամ կրկնել տվեց այդ: Փայտի ու զոհի վրա կրկին ու կրկին ջուր լցրեցին, այնքան, որ ջուրը հոսում էր զոհասեղանի վրայով ու թափվում փոսերի մեջ: Եվ երբ Եղիա մարգարեն աղոթեց, երկնքից կրակ իջավ ու զոհն իր զոհասեղանի հետ այրեց: «Բռնեցե՛ք քրմերին,- ասաց մարգարեն ժողովրդին,- որովհետև նրանք կռապաշտության են մղում ժողովրդին»: Եվ հետո կոտորեց այդ բոլոր կեղծ մարգարեներին:

Շատերն ասում են. «Եղիա մարգարեն ինչպե՞ս կարող էր այդքան մարդու կոտորել»: Աստված դաժան չէ, և մարգարեն էլ դաժան չէր: Սակայն կռապաշտ քրմերն այն ժամանակ արդեն ողջ ժողովրդին էին մոլորեցրել: Այն աստիճանի էր հասել, որ մարգարեն ստիպված էր ասել, որ ինքը մենակ է մնացել: Սարսափելի է: Եվ բացի այդ, կռապաշտ քրմերն իրենց սեփական վերքերից ավելի շատ էին տանջվում, քան Եղիա մարգարեի սրից, որը վերջ դրեց նրանց տառապանքին: Ինքնախեղումից առաջացած ցավն ավելի սաստիկ էր: Տեսնո՞ւմ ես, այն, ինչ Աստված թույլ է տալիս՝ մարդու հանդեպ ունեցած սիրուց է, իսկ այն վերքերը, որ պատճառում էին իրենք իրենց, տանջալից էին իրենց համար:

- Հա՛յր, իսկ Հին Կտակարանում Աստծու պատիժն ինչո՞ւ էր այդպես անհապաղ վրա հասնում:

- Հինկտակարանյան մարդկանց այդ լեզուն էր հասկանալի, այդ օրենքը: Աստված այն ժամանակ էլ էր այնպիսին, ինչպիսին հիմա է, սակայն հինկտակարանյան օրենքն այն ժամանակների մարդկանց համար էր նախատեսված, որովհետև այլ կերպ չէին հասկանում: Թող Հին Կտակարանի օրենքը ձեզ դաժան ու Ավետարանից տարբեր չթվա: Այն ժամանակաշրջանի համար այդ օրենքն օգտավետ էր: Օրենքը դաժան չէր, այլ՝ սերունդը: Այսօրվա մարդիկ, իհարկե, կարող են է՛լ ավելի դաժան լինել, բայց այժմ նրանք գոնե ի զորու են հասկանալ դա: Մեր օրերում բավական է մի կանթեղ օրորվի, և մարդիկ հուզմունք են ապրում: Իսկ այն ժամանակ ինչեր ասես, որ չէր անում Աստված: Տե՛ս, Նա փարավոնին տասը պատուհաս ուղարկեց, որպեսզի իսրայելցիներին դուրս բերի Եգիպտոսից, ցամաքեցրեց Կարմիր ծովը, որպեսզի կարողանան դրա միջով անցնել: Ցերեկը ամպ էր տալիս նրանց, որ չայրվեն արևից, իսկ գիշերը՝ կրակե սյուն, որ ուղղորդի: Եվ այդ բոլոր հրաշքներից հետո նրանք խնդրեցին ոսկե հորթ պատրաստել իրենց համար ու սկսեցին դրան Աստծու փոխարեն պաշտել (Ելից 32:1-6): Այժմյան մարդիկ ոչ մի դեպքում չէին ասի, թե ինչ-որ մի հորթ կարող է իրենց Ավետյաց Երկիր տանել:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

22.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․