Գրքեր

«Այն, ինչ մարդն ունի, իրեն չի պատկանում»

Եկեղեցական համայնքային կյանքը, որին կոչված է յուրաքանչյուր քրիստոնյա, անդադար ծառայություն է Աստծուն և մարդուն: Այդ ծառայությունն իրագործվում է տարբեր կերպերով. «Ձեզնից յուրաքանչյուրը, որպես Աստծո բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին» (Ա Պետ. 4:10): Ս. Պողոս առաքյալն էլ նշում է, որ Սուրբ Հոգին յուրաքանչյուրին, ինչպես Ինքն է կամենում, պարգև է շնորհում (Ա Կորնթ. 12:8-11): Եկեղեցու համայնքի անդամները՝ Սուրբ Հոգու շնորհներով զորացած, հոգևոր սպասավորների գլխավորությամբ, կյանքի են կոչում սոցիալական ծառայություններ, որոնք սիրո ծառայություններ են և որոնց շնորհիվ իրենք հնարավորություն են ունենում՝ իրենց հավատը գործով արտահայտելու:

Դեկտեմբերի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, համայնքի Տիգրանյան ընտանիքի կողմից Ալիսա Քեշիշյանին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ): Ալիսան իր ամուսնու, սկեսուրի և չորս զավակների հետ բնակվում է Արմավիրի մարզի գյուղ Հայթաղի Չարենցի 17 տ. հասցեում: Ալիսան և իր ամուսինը 3-րդ խմբի հաշմանդամ են և ի վիճակի չեն աշխատելու, իսկ նրանց չորս զավակներից Գրիգորը (21 տ.) 1-ին խմբի հաշմանդամ է և տառապում է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդությամբ: «Փորձում ենք մեր կարիքները հոգալ մեզ տրամադրվող ընտանեկան նպաստի և հաշմանդամության գումարներով»,- ասաց Ալիսան և շնորհակալություն հայտնեց աջակից Տիգրանյան ընտանիքին:

Եկեղեցու հայրերից Ս. Գրիգոր Աստվածաբանն ասել է. «Այդպես և նա, ով ունի երկրային հարստություն, օգնում է կարիքի մեջ հայտնված իր մերձավորին, ով ուսուցման պարգև ունի, իր խոսքով ցրում է մերձավորի անգիտության խավարը, ով ժամանակավոր իշխանություն ունի, կեղեքվածներին պաշտպանում է կեղեքիչներից, ով ստացել է բժշկության շնորհ, իր շնորհը խոնարհաբար գործածում է հիվանդների բուժման համար, ով ազատ է երկրային գործերից և որոշել է Աստծուն ծառայել, աղոթում է անօրենության մեջ գտնվող իր մերձավորների համար: Հաճախ պատահում է, որ երկրային հարստությանը կապված անձը չի աղոթում այնքան, որքան անհրաժեշտ է, իսկ աղոթքին նվիրված անձն էլ ապրուստի համար անհրաժեշտ միջոցներ չի ունենում: Բայց երբ հարուստը աղքատին հագուստ ու սնունդ է տալիս, և աղքատն աղոթում է հարուստի հոգու փրկության համար, այս դեպքում առաքինության թևերը, միմյանց օգնելով, տարածվում են: Առաքինության թևերը չէին տարածվի, եթե ամեն մի թևը մտածեր միայն իր օգտի մասին: Այն, ինչ մարդն ունի, իրեն չի պատկանում, այլ Աստծո պարգև է, որ պետք է գործածել՝ հօգուտ մերձավորի»:

 

Կարինե Սուգիկյան

11.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․