Գրքեր

Բամբասանք

Ի՞նչն է համարվում բամբասանք, որտեղի՞ց է սկսվում այն:

Բամբասանքն անհատական ընկալումով բացասական տեղեկատվության կամ ապատեղեկատվության տարածումն է: Չնայած կարծիքներ կան, որ բամբասանքը դրական նշանակություն ունի հասարակության մեջ խմբերի կապը պահպանելու, հաղորդակցվելու համար, սակայն Պողոս առաքյալը բամբասանքը նշում է տարբեր մեղքերի շարքում (Բ Կորնթ. 12.20), որովհետև բամբասանքը, լինելով ինչ-որ տեղեկություն, բայց առավելաբար` մարդու անձնական մտավոր-զգացական ընկալումով և ավելի հաճախ բացասական երանգավորումով, կարող է բերել նաև խռովությունների ու գժտությունների կամ առնվազն այդպիսի տրամադրությունների ստեղծման: Պետք է նշել, որ երբեմն բամբասանքների ստեղծման ու տարածման աղբյուր են հանդիսանում նաև զանգվածային լրատվական միջոցները:

Բամբասանքի հոմանիշ բառն է բանսարկությունը, հետևաբար, բամբասող և բանսարկու բառերը ևս հոմանիշներ են: Սուրբ Գրքում բանսարկու կոչվում է նաև սատանան (Հուդա 9), որովհետև չարն իշխանություն չունի մարդու վրա ստիպողաբար ազդելու և նրան ուղղակիորեն մեղքի, հանցագործության տանելու, այլ այդ ամենն անում է բանսարկությամբ, մարդու մտքի մեջ չար մտածումներ ներարկելով: Դրա համար եկեղեցական հեղինակների բառապաշարում մեղավոր մտքերն ու մտածումները բնութագրվում են «եկամուտ մտքեր» արտահայտությամբ` դրսից մարդու մեջ սողոսկած լինելու իմաստով: Այսպիսով, կրոնական տեսակետով` բամբասանքը դասվում է մեղքերի շարքը, և եկեղեցում մեղքերի ընդհանրական խոստովանության ժամանակ նշվում է նաև բամբասանքը, որով և այն գործած մարդը պետք է զղջա և ապաշխարի:

 

Եթե մի մարդու մոտ որևէ բան ես պատմում կամ կարծիք հայտնում մի երրորդ անձի մասին, դա բամբասա՞նք է:

Բամբասանքը սուբյեկտիվ կարծիք կամ տեղեկություն է մի երրորդ անձի կամ անձերի մասին` արտահայտված նրանց բացակայության պայմաններում, որովհետև նրանց ներկայության դեպքում հնչած խոսքերը գուցե ընդհանրապես չասվեին: Մարդիկ քաջություն են ունենում նաև հրապարակավ սեփական զգացականի կամ սեփական կանխակալ մոտեցման ու դիրքորոշման դրսևորումով այդպիսի կարծիք հնչեցնել, եթե միայն հստակ գիտեն, որ տվյալ անձի հետ իրենք դեմառդեմ առնչություն չեն ունենալու: Այդ տեսակի են հատկապես այսօրվա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող հրապարակումները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում բամբասանքի ժանրից եղող տեղեկատվությունները կամ ապատեղեկատվությունները, որոնց որոշ լրագրողներ լուրջ տեսք հաղորդելու համար, դրանք անվանում են մեկնաբանություններ կամ վերլուծություններ: Բամբասանքները կարող են տանել կեղծավորության կամ երեսպաշտության, որովհետև խնդրո առարկա մարդու ներկայությամբ չեն ասվում և կամ եթե բարձրաձայնվում են այդ մարդու ներկայությամբ տվյալ անձի հանդեպ կանխակալ ու բացասական տրամադրվածությամբ, իրականության խեղաթյուրմամբ կամ չափազանցմամբ, ապա վերածվում են պարզապես զրպարտության:

 

Բամբասանք և չարախոսություն. դրանք տարբե՞ր բաներ են:

Չարախոսությունը կարող ենք համարել նաև բամբասանքի առավել ծանր ձևը, և «չարախոսություն» բառն ինքը հուշում է, թե որն է դրա իմաստը` չար խոսքեր ասել մեկի մասին, ինչն արվում է հիմնականում տվյալ անձի բացակայությամբ: Պողոս առաքյալը բամբասանքի և չարախոսության նույնություն չի անում, այլ սրանք երկուսը տարբեր մեղքեր է դիտարկում (Բ Կորնթ. 12.20): Ի տարբերություն բամբասանքի, որի մեջ տեղեկությունը կարող է աղճատված, բացասական երանգավորումով ձևափոխված լինել, չարախոսությունը հիմնականում սուտ տեղեկության և միաժամանակ մեկի հասցեին վիրավորանք պարունակող լուրերի տարածումն է:

Բամբասանքի և չարախոսության մեջ չկա քրիստոնեական սիրո ոգին, քրիստոնեական ներողամտությունը, թշնամիներին սիրելու և ներելու Քրիստոսի պատվիրանների (Մատթ. 5.43-44) իրագործման ցանկությունը: Եվ քանի որ բամբասանքն ու չարախոսությունն իրենց էությամբ դեմ են քրիստոնեական սիրո սկզբունքին, դրանք վայել չեն քրիստոնյաներին և համարվում են մեղքեր, որոնցից պետք է հեռու մնալ:

 

Ո՞վ է հիմնականում մեղք գործում` բամբասո՞ղը, թե՞ նրան լսողը:

Մկրտության խորհրդի կատարման ժամանակ օծվում են մկրտվողի մարմնի ինը մասերը, որոնցից` ականջները և բերանը: Ականջներն օրհնվում են, որպեսզի լսեն աստվածային պատվիրանները, և մարդն իր կյանքում առաջնորդվի այդ պատվիրաններով: Շուրթերն օծվելիս ասվում է. «Քրիստոսի անունով այս կնիքը քեզ համար պահպանություն թող լինի բերանին և ամուր դուռ` քո շուրթերի համար»: Սա նշանակում է, որ մկրտված և սուրբ մյուռոնով օծված քրիստոնյան զորություն է ստանում պահպանելու իր բերանը անսուրբ խոսքերից և իր շուրթերը փոխաբերական իմաստով դարձնելու ամուր դուռ` չար, մեղավոր բառերի, խոսքերի արտաբերում թույլ չտալու համար: Սուրբ Ներսես Շնորհալին իր աղոթքներից մեկում խնդրում է, որ Ամենախնամ Տերը երկյուղը դնի իբրև պահապան ականջներին` չախորժելու չար խոսքեր լսել և բերանին` սուտ չխոսելու համար: Ուրեմն, թե՛ չար բան լսելու ցանկությունն է մեղք, թե՛ չար բան, սուտ խոսելը: Հետևաբար, թե՛ բամբասողն է մեղք գործում, ինչպես որ բամբասանքը հիշված է Սուրբ Գրքում որպես մեղք, և թե՛ այն անձը, ով հոժարությամբ լսելով` մասնակից է լինում բամբասանքի մեղքի կատարմանը:

 

Որևէ մեկի վատ արարքը պատմելը բամբասա՞նք է, մատնությո՞ւն, թե՞ պարզապես զրույց:

Երբ խոսում ենք բամբասանքի դեմ, չի նշանակում, որ ընդհանրապես մերժելի ենք համարում վատ արարքների մասին հայտնելը կամ չարագործությունները պախարակելը, դատապարտելը: Հաղորդումները կամ հաղորդագրությունները հանցագործությունների բացահայտման, հանցագործների, նրանց տրված պատժի վերաբերյալ ամենևին էլ մերժելի չեն: Մենք կարող ենք խոսել վատ արարքների մասին և դատապարտել դրանք, բայց այդպիսի վարմունքը չպետք է վերածենք երեսպաշտության կամ քծնանքի այն առումով, որ համարձակ կարող ենք խոսել մարդու բացակայության դեպքում, բայց նրա ներկայության պարագայում քաջություն չենք ունենա նույնն ասելու: Օրինակ` Քրիստոս խոսեց փարիսեցիների վատ վարմունքների մասին նրանց բացակայության դեպքում, երբ աշակերտներին խրատելով` ասում էր. «Բայց ասում եմ ձեզ, որ, եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, Երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 5.20): Բայց Քրիստոս նույն համարձակությամբ Իր մեղադրանքները ներկայացնում էր նաև հենց փարիսեցիներին ուղղակիորեն դիմելով, ինչպես վկայում է Մատթեոսի Ավետարանի 23-րդ գլուխը, որի պարբերությունները սկսում են «Վա՜յ ձեզ կեղծավորներիդ» մեղադրական արտահայտություններով: Սա ցույց է տալիս, որ երբ արարքի դատապարտումը կատարվում է արդարորեն, կամ մեկի մասին տեղեկություն ենք հաղորդում, խոսում արդարորեն`առաջնորդված առաջին հերթին ոչ թե մեր սեփական հակակրանքի զգացումով, այլ արդարության սկզբունքով և դա կարող ենք ասել նաև նրա ներկայությամբ, դա արդեն ոչ թե բամբասանք է, այլ իրապես վատ արարքների դատապարտում:

 

Հաճախ բամբասողների մեծ մասը վատաբանում է իր հարազատներից որևէ մեկին և ոչ թե օտարին կամ թշնամուն, ինչո՞ւ:

Մարդկանց մեջ լինում է, որ բացակայում է մարդու մասին քրիստոնեական ընկալումը, գիտակցությունը` աստվածաստեղծ մարդուն արարչագործության պսակ համարելու և որպես բացառիկ էակ ընկալելու, սիրելու ու նվիրվելու, բարություն ու բարեգործություն անելու: Այսպիսի ոգու և գիտակցական ընկալման բացակայությունն առաջացնում է չարություն, նախանձ, հակակրանք, և մարդիկ չարախնդությամբ են խոսում անգամ իրենց հարազատների կամ բարեկամների թերությունների կամ անհաջողությունների մասին, քննարկում այս կամ այն խոսքը, որակումներ անում մարդու հասցեին: Բամբասանքները հաճախ վերաբերում են հարազատներին կամ բարեկամներին, որովհետև մարդու շփումն առաջին հերթին այդ շրջանակում է, և եթե մարդու մեջ կա նախանձ ու քեն, հակակրանք ու սեփական անձը ուրիշից ավելի վեր դասելու, ավելի լավը համարելու սովորություն կամ այլ կերպ ասած` խոնարհությանը հակառակվող հպարտություն, գոռոզություն, ուրեմն, այս պարագայում հեշտությամբ է ծնվում բամբասանքը: Քրիստոս պատվիրեց անգամ թշնամիներին սիրել, անիծողներին օրհնել, ատողներին բարություն անել, չարչարողների և հալածողների համար աղոթել, (Մատթ. 5.43-44), չարին բարիով հաղթել (Հռ. 12.21), ինչպես որ կրակն են հանգցնում ջրով: Եվ եթե անգամ հարազատը կամ բարեկամը ոչ ճիշտ վարմունք է ունենում, սխալ արտահայտություններ անում, քրիստոնեական վարվեցողությունը պահանջում է ոչ թե շտապել մեկ ուրիշի մոտ և վատաբանել նրան, այլ աղոթել սխալ գործած մարդու համար, սեփական բարության ու հեզության շնորհիվ փոխել դիմացինի անընդունելի վերաբերմունքը, խնդրել Աստծուն, որ օրհնի այդ մարդուն և օգնի իր կյանքում քայլելու ճիշտ ճանապարհներով:

 

Բամբասանքը կարող է լինել կուտակված մտահոգության, խնդրի կամ ասելիքի խտացված արտահայտություն: Հնարավո՞ր է, որ բամբասանքը լինի սեփական բարդույթներից խուսափելու, դրանք քողարկելու հետ կապված հոգեբանական երևույթ, որի արդյունքում ինչ-որ պահի, խոսելով դրանց մասին մեկ ուրիշի օրինակով, մարդն ինքն «ազատագրվում է» դրանցից:

Բամբասանքը կարող է լինել մարդու մեջ ծանրացած վիրավորական զգացումից ազատվելու ձգտում` ուղղակիորեն կամ անուղղակի պատճառված այն մարդու կողմից, որի վերաբերյալ հնչում է բամբասանքը: Բայց այս երևույթը կարող է ցույց տալ նաև մարդու մեջ առկա հոգեբանական խնդիրները` ինքնավստահության պակասը կամ թերարժեքության բարդույթի առկայությունը: Ոչ ինքնավստահ կամ թերարժեքության բարդույթ ունեցող մարդը դիմացինի ակնարկները, խոսքերը կարող է ընկալել իբրև վիրավորանք երբեմն նաև այն դեպքում, երբ դրանք իրականում այդպիսին չեն էլ եղել: Վիրավորված մարդն իր տրամաբանությամբ վրեժխնդրություն է իրականացնում` մեկ ուրիշի հետ խոսելիս փոխադարձ վիրավորանք հասցնելով այն անձին, ով խոցել է իր ինքնասիրությունը: Քրիստոնեական ընկալումով այսպիսի մոտեցումը սխալ է. պետք է ներողամտություն ցուցաբերել և զերծ մնալ նախանձի, ատելության, վրեժխնդրության ու քենի զգացումներից:

 

Ինչպե՞ս խուսափել բամբասանքից և բամբասելուց:

Բամբասելու և դրան առնչվելու մեղքից հեռու մնալու համար պետք է ամրապնդվել հավատքի մեջ, որովհետև քրիստոնեական հավատքը ցույց է տալիս մարդկանց միջև վարմունքի ու վերաբերմունքի, միջանձնային հարաբերությունների բոլորովին այլ սկզբունքներ: Քրիստոնեական հավատքի վրա հիմնված մարդկային հարաբերությունները բացառում են բամբասանքի, հայհոյանքի, տրտունջի, բացասական դժգոհության դրսևորումները, որոնք այսօր այնքա՜ն տարածված են մեր հասարակության մեջ և բազմաթիվ ընտանիքներում, շատ մարդկանց առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Պետք է նաև հիշել, որ յուրաքանչյուր մեղք հակառակ է Աստծո կամքին: Բամբասելու հակում ունեցողները պետք է աղոթեն և ջանք գործադրեն, որպեսզի հեռու մնան բամբասանքից` այն մեղքից, որը հատուկ է նաև սատանային:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

06.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․