Գրքեր

Բարեգործություն

«…բայց լաւ է նախանձաւոր լինել ի բարիս յամենայն ժամ…» (Գաղ. 4:18)

Աշխարհի թշվառությունները և ցավերը մեղմացնող բալասանը բարեգործությունն է: Եթե մարդու ներսում բարու հանդեպ նախանձախնդրության ձգտումը չլիներ` աշխարհը վշտի ու սգի իրական հովիտ պիտի դառնար: Ընդհանրապես ամեն մարդ ունի այնպիսի վայրկյաններ, երբ պաշտպան է կանգնում բարուն և ցանկանում է բարին մտածել և գործել: Կան այնպիսիք, որ բարի սիրտ ունեն, բայց իրենց լեզվի [պատճառով] այնպիսի կարծիք է ստեղծվում, որ բարի չեն. գուցե նրանց լեզուն խիստ է, հանդուգն, բայց սիրտն ազնիվ ու բարի է և սա երևում է նրանց բարերարությունից: Կան նաև այնպիսիք, որ զգում են բարին, ճառում են բարու վերաբերյալ և հեզահամբույր ու պարկեշտ են երևում, բայց անօգուտ մարդիկ են, քանզի չգիտեն բարիք գործել, հուզվում են, ողբում կամ արտասվում, բայց երբեք բարիք չեն գործում: Բարոյախոսի խոսքի համաձայն, նրանք նման են այն տերևներին, որոնք ամբողջ օրը շարժվում են և [սակայն] երեկոյան այնտեղ են, որտեղ առավոտյան էին: Տատանվում են, բայց չեն տեղափոխվում, միշտ շարժվում են և նույն տեղում են միշտ:   

Բարին ցանկանալ՝ չի նշանակում բարիք գործել, բավական չէ բարին ճանաչել և սովորել, այն դավանելն օգուտ չունի, կարևորը և հաճելին հարաժամ բարին գործելն է: Փափագ ունենալը՝ գործել չէ, քանզի փափագել չի նշանակում կամենալ, մինչդեռ գործելը՝ կամենալն է: Փափագում ես բարին, սակայն երբ միջոցները դժվար են թվում՝ չես ցանկանում գործել, մինչդեռ երբ կամենում ես բարին, երբ նախանձախնդիր ես դրա հանդեպ, ինչքան էլ որ միջոցները դժվար լինեն՝ կարող ես իրագործել: Տկար մարդիկ են, որ առանց իրենց ներսում գործելու նախանձախնդրություն, կամք ունենալու՝ միշտ փափագում են:

Երբեք քրիստոնյա չի համարվում այն մարդը, որը միայն խորհում է բարու մասին, միայն պաշտպանում, դավանում, փափագում է բարին, բայց բարիք գործելու մղում չունի: Այդպիսի մեկը նմանվում է ամուլ ամպերի, որ գալիս և երևում են կապույտ երկնակամարում և առանց անձրևի կաթիլ իսկ տեղալու՝ իսկույն անհետանում են:

Փորձը ցույց է տալիս, որ բարեսեր կամքով կատարված գործն աննկարագրելի երջանկության և հոգևոր խաղաղության պատճառ է դառնում: Ուրիշին բարիք անել, օգտակար լինել և երջանկացնել նրան, ահա՛ երանության անսպառ աղբյուրը: Բարիք գործելու մեջ չպետք է կենտրոնանալ դրամական օժանդակության քանակի, կամ նյութական և բարոյական մեծամեծ հնարավորությունների վրա, այլ պետք է կարևորագույնին նայել, թե ինչ հոգով է տրվում, կամ օժանդակվում: Քանի որ բարեգործությունը իր վսեմ նպատակից հեռանում է, երբ գծված հաշիվներ և գծուծ ու շահասեր նկատառումներ են մտնում դրա մեջ: Քանզի բարոյական արժեք չունի այն բարին, որը համաձայնեցնում ենք մեր շահերին, մեր անձնական հեշտակեցությանը, կամ մարմնական հանգստյանը: Նույնիսկ մի կտոր հաց տալու դեպքում, բարեգործությունը պետք է սիրահոժար, անուշ խոսքով կատարվի, առանց որի բարեգործությունը դառը ազդեցություն [պտուղներ] կունենա:

Մարդու ամենավսեմ և ազնվագույն հարցադրումն աշխարհիս վրա պետք է լինի. «Ի՞նչ բարիք կարող եմ անել»: Ամեն մարդ պետք է բարիք գործի միայն բարիքի համար, առանց որևէ անձնական շահի, միայն անվնաս լինելը, կամ երբեք չարիք չգործելը բավական չէ, այլ պետք է բարիք գործելու նախանձախնդրություն ունենա: Քրիստոնեության բարոյականությունն է միայն, որ իր հետևյալ պատգամով. «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես, որ կցանկանաս քեզ հետ վարվեն», բարեգործության և գթության պատվիրան է տալիս: Տկարներին և թշվառներին օգտակար լինել, կարիքավորներին պաշտպան կանգնել, հիվանդների համար դեղ ու դարման հայթայթել, բարիներին չարերից պաշտպանել, այս է ահա՛ քրիստոնեական բարձր բարոյականությունը: «Մի՛ արեք ուրիշնեին այն, ինչ չեք ցանկանում, որ ուրիշները ձեզ անեն». Կոնֆուցիոսի այս պատվիրանը իր մեջ կատարյալ բարոյականություն չի ամփոփում: Ի՞նչ արժեք ունի քրիստոնեական կրոնի մեջ այն մարդը, որն առանց բարիք գործելու չարիք չի գործում, այն հարդի է նմանվում, որը սերմ չունի և ինչքան էլ խնամես ու մշակես՝ չի ծլարձակի: Բավական չէ միայն խնայել մեր նմանների կյանքը, ունեցվածքը, համբավը, բավական չէ միայն այլոց անձը, հարստությունը, պատիվը մեզ համար նվիրական համարել, բավական չէ միայն ստախոս չլինել, այլ պետք է նաև բարիք գործել, անձնվեր, օգտակար լինել, օգնել, պաշտպանել:

Բարիք պետք է գործել առանց երախտագիտության կամ շնորհակալության ակնկալիքի: Արեգակը չի սպասում, որ մարդիկ իր լույսը և ջերմությունը խնդրեն ու շնորհակալություն հայտնեն, այլ շարունակ տաքացնում և լուսավորում է. նույնպես էլ մարդիկ պետք է կարոտյալներին և թշվառներին բարիք անեն՝ առանց սպասելու նրանց խնդրանքին կամ շնորհակալությանը:

Բարեգործության վսեմ նպատակին մեզ մղում են Ավետարանները և Առաքյալների թանկագին թղթերը, որոնք ուղեցույց սյուներ են մարդու կյանքի ճանապարհին և ճշմարիտ կատարելության տանում են: Առանց Ավետարանների ազդարարող նշանների՝ մենք կմտնենք ամայի տափաստանների, ճահիճների, անծայր անապատների մեջ. վա՜յ այնպիսի մարդու կյանքին, վա՜յ այն մարդուն, ով Քրիստոսի Ավետարանն իր համար կողմնացույց չի դարձրել:

Ավետարանի ճշմարիտ Հովիվը՝ Հիսուս Քրիստոս, Իր աշակերտներին սովորեցրեց բարիք գործել նույնիսկ իրենց ատողների և չարչարողների հանդեպ, և հայտարարեց, որ դրանով նրանք պիտի ճանաչվեն որպես այն Երկնավոր Հոր որդիներ, Որն Իր արևն է ծագեցնում թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է տեղում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա (Մատթ. 5:44-45):

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

18.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․