Գրքեր

«Բարին ցանկանալ՝ չի նշանակում բարիք գործել»

Մայիսի 10-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ազատամարտիկ, երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ Սարգսյան Կարենին (39 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ազատամարտիկն իր թոշակառու մոր հետ բնակվում է Դավիթաշեն 1-ին թաղամասի 7/26 հասցեում: Կարենը վիրավորվել է զինծառայության ժամանակ և առ այսօր բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել: Վերջին երեք տարիներին նրա վիճակը վատթարացել է. երեք ողնաշարային վիրահատություն է անցել, նրա մոտ ոտքի գանգրենա (փտախտ) է սկսվել, ինչի հետևանքով հեռացրել են ոտքի թաթը: Այնուհետև, պարբերաբար բուժում չստանալու հետևանքով, ոտքի վիճակը բարդացել է և այժմ պետք է հեռացնեն ոտքի մինչև ծունկն ընկած հատվածը: Կարենը մտահոգված նշեց. «Չգիտեմ ոտքիս երկրորդ վիրահատությունը պետպատվերի շրջանակում կլինի, թե ոչ, քանի որ, ըստ նոր օրենքի, երկրորդ ուղեգիրը տրվում է ծայրահեղ դեպքում, բայց ինձ մոտ էլ ծայրահեղ վիճակ է»: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց Կարենի համար:

Քրիստոնեությունը բարեգործության և գթության պատվիրան է տալիս. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7:12): «Բարին ցանկանալ՝ չի նշանակում բարիք գործել, բավական չէ բարին ճանաչել և սովորել, այն դավանելն օգուտ չունի, կարևորը և հաճելին հարաժամ բարին գործելն է: Տկարներին և թշվառներին օգտակար լինել, կարիքավորներին պաշտպան կանգնել, հիվանդների համար դեղ ու դարման հայթայթել, բարիներին չարերից պաշտպանել, այս է ահա՛ քրիստոնեական բարձր բարոյականությունը: «Մի՛ արեք ուրիշներին այն, ինչ չեք ցանկանում, որ ուրիշները ձեզ անեն». Կոնֆուցիոսի այս պատվիրանն իր մեջ կատարյալ բարոյականություն չի ամփոփում: Ի՞նչ արժեք ունի քրիստոնեական կրոնի մեջ այն մարդը, որն առանց բարիք գործելու չարիք չի գործում, այն հարդի է նմանվում, որը սերմ չունի և ինչքան էլ խնամես ու մշակես՝ չի ծլարձակի: Բավական չէ միայն խնայել մեր նմանների կյանքը, ունեցվածքը, համբավը, բավական չէ միայն այլոց անձը, հարստությունը, պատիվը մեզ համար նվիրական համարել, բավական չէ միայն ստախոս չլինել, այլ պետք է նաև բարիք գործել, անձնվեր, օգտակար լինել, օգնել, պաշտպանել»,- ասել է Տեր Ղևոնդ վարդապետ Դուրյանը:

 

Կարինե Սուգիկյան

10.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․