Գրքեր

Բարին գործող մարդը Աստծո գործակիցն է

Քրիստոս մարդացավ, որպեսզի մարդիկ Նրան հետևելով, նոր մարդ դառնան՝ հին մարդուց հրաժարվելով: «Մի՛ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մարդ եղեք նորոգված մտքերով, որպեսզի իմանալով Աստծո կամքը, ձեր փորձառությամբ ընտրեք լավը, այսինքն՝ ինչ որ բարի է, ինչ որ ընդունելի է Նրան և կատարյալ»,- ասել է Ս. Պողոս առաքյալը (Հռոմ. 12:2): Քրիստոնյայի համար Քրիստոս լավագույն օրինակ է, Ում պետք է բոլորն ընդօրինակեն: Զուր չէ, որ եկեղեցին հարգում է սրբերին և հարգում է ոչ այն պատճառով, որ նրանք առանձնահատուկ էակներ են, այլ որ Քրիստոսին նմանվելու ճանապարհին նրանք մեծ ջանք ու եռանդ թափեցին: Որքան մարդ մոտ է Քրիստոսին, այնքան առավել է կրում Նրան իր սրտում և այնքան առավել է Նրա լույսն ու սերը ճառագում իր միջավայրում:

Հոկտեմբերի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակում, Կարապետյան Էլմիրային (36 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արփի Դալլաքյանը: Էլմիրան իր յոթ զավակների հետ բնակվում է Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի Թումանյան 3 հասցեում: Ընտանիքի հայրը մեկ ու կես տարի առաջ մահացել է, և բազմազավակ ընտանիքը մի շարք խնդիրների առջև է կանգնել: Միայն կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակով բավարարվող և ընտանեկան նպաստ ստացող ընտանիքը դժվարությամբ է կարողանում հոգալ իր ամենօրյա կարիքները: Էլմիրան իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար:

Հոգևոր ուղին, որով անցնում է քրիստոնյան, ճանաչելի է դառնում Սուրբ Հոգու պտուղներով, որոնք են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն (Գաղ. 5:22): Սուրբ Հոգու պտուղները տեսանելի են առօրյա կյանքում մարդկային փոխհարաբերությունների մեջ: Ամենայն բարիք, որ ունի մարդ, Աստծո պարգևն է, և քանի որ Աստված է բարության աղբյուրը, ապա բարին գործող մարդը Աստծո գործակիցն է:

 

Կարինե Սուգիկյան

04.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․