Գրքեր

Բազմազավակ ընտանիքներ

Աստված հատկապես սիրում է բազմազավակ ընտանիքները: Նրանց մասին Նա յուրահատուկ խնամք է տանում: Մեծ ընտանիքներում երեխաները բազմաթիվ բարենպաստ առիթներ են ունենում նորմալ զարգացման համար, սակայն այն պայմանով միայն, որ ծնողները նրանց ճիշտ են դաստիարակում: Բազմազավակ ընտանիքում մի երեխան մյուսին է օգնում: Ավագ դուստրը մորն է օգնում, միջնեկը զբաղվում է փոքրով և այսպես շարունակ: Այսինքն, այսպիսի երեխաները իրենց նվիրում են մեկը մյուսին և ապրում են սիրո և զոհաբերության մթնոլորտում: Կրտսերը սիրում ու հարգում է ավագին: Բազմազավակ ընտանիքում այս հարգանքն ու սերը բնական ձևով են ի հայտ գալիս:

Այդ պատճառով, եթե ընտանիքում միայն մեկ կամ երկու երեխա կա, ապա ծնողները պետք է շատ ուշադիր լինեն այն հանգամանքին, թե ինչպես են նրանց մեծացնում: Սովորաբար, այդպիսի ոչ բազմազավակ ընտանիքներում, ծնողներն աշխատում են այնպես անել, որ երեխաները ոչ մի բանի կարիք չունենան: Այդպիսի երեխաներն ունեն այն ամենն` ինչ ցանկանում են և այդ կերպ մեծանում են բացարձակ ոչնչի հարմարված չլինելով: Օրինակի համար վերցնենք մի աղջկա, ով հարուստ ծնողների միակ զավակն է: Նա աղախին ունի, ով ժամանակին կերակուր է մատուցում նրան, կարգի է բերում նրա սենյակը և անում է տնային բոլոր գործերը: Աղախինն իր աշխատանքի դիմաց աշխատավարձ է ստանում, բայց միևնույն ժամանակ կատարելագործվում է առաքինության մեջ, քանի որ ուրիշներին օգուտ է բերում: Իսկ աղջիկը, ում նա սպասավորում է, ոչ մի զոհաբերության չի սովորում և մնում է չոր կոճղի պես պարապ ու անմշակ մարդ: Երիտասարդ տղաներին ես խորհուրդ եմ տալիս ամուսնանալ բազմազավակ ընտանիքների աղջիկների հետ, որովհետև այն երեխաները, որոնք կարիքի մեջ են մեծանում` ընտելանում են զոհաբերությանը, միշտ մտածում են, թե ինչպես օգնեն իրենց ծնողներին: Իսկ այն երեխաները, որ սովոր են հարուստ ու ապահով կյանքին, շատ հազվադեպ կցուցաբերեն նման բան:

Սակայն բազմազավակ ընտանիքների ոչ միայն երեխաները` այլև ծնողներն էլ հարուստ սիրտ ունեն: Հիշում եմ, թե ինչպես օկուպացիայի* ժամանակ, հարևան տներից մեկի փոքրիկը լրիվ որբ մնաց: Մի աղքատ մարդ, որ տասը երեխա ուներ, խղճաց դժբախտ որբուկին, վերցեց իր տուն և մեծացրեց իր հարազատ երեխաների հետ: Եվ գիտեք, թե արդյունքում Աստված այդ մարդուն ի՜նչ օրհնությունների արժանացրեց: Մի՞թե Աստված անօգնական կթողնի այդպիսի պատվասիրություն ունեցող մարդուն:

Մարդը, ով շատ երեխաներ ունի, սկզբնական շրջանում կարող է դժվարությունների հանդիպել: Բայց Աստված այդպիսի մարդուն մենակ չի թողնի: Ձեզ մի դեպք պատմեմ: Մի ընտանիքի հայր, որ վեց երեխա ուներ, խնդրեց ինձ աղոթել, որպեսզի Աստված փափկեցնի այն մարդկանց սրտերը, որոնց տունը նա վարձակալում էր, որպեսզի նրանց փողոց չվռնդեն: Դժբախտաբար շատ տանտերեր, որ իրենց տները վարձով տալիս են ընտանիքների, որ բաղկացած են երկու հոգուց և հինգ կատվից կամ շնից, որոնք աղտոտում են նրանց տունն ու շրջակայքը, չեն ցանկանում տունը հանձնել բազմազավակ ընտանիքներին` վախենալով, որ երեխաները իբր թե կարող են ինչ-որ բան փչացնել: Եվ ահա, այդ խեղճ բազմազավակ հայրն ուղղակի ուժասպառ էր եղել. մի տանտերը նրանց տանից դուրս էր հանել, մյուսն ընդհանրապես հրաժարվել էր տունը նրանց վարձով տալ և նա ստիպված էր երեխաների ու իրենց իրերի հետ միասին դռնեդուռ ընկնել: Ընտանիքին կերակրելու համար այդ մարդն օրնիբուն աշխատում էր: Նա նույնիսկ տան վարձի համար չէր սակարկում, բավական էր միայն, որ տանտերերն ուղղակի թույլ տային նրանց ապրել այդ տանը մի քանի տարի և մի փոքր հանգիստ առնել անվերջ տեղափոխություններից: Երբ սա լսեցի` մեծ ցավ ապրեցի նրա համար: «Մի՛ տրտմիր,- ասացի նրան,- Աստված հոգ է տանում քո երեխաների մասին ևս: Չէ՞ որ Նա Արարիչն է, Ով երեխաներին տալիս է ամենակարևորը` հոգին, իսկ դու և քո կինը` մարմինը: Հետևաբար, Աստված ձեր երեխաներին մասին ավելի շատ է մտածում` քան դուք»: Դեռ երկու-երեք ամիս էլ չէր անցել, երբ այդ մարդը նորից ինձ մոտ եկավ, այս անգամ շատ ուրախ և ասաց. «Փա՜ռք Աստծո, Աստված ինձ տուն նվիրեց և դեռ բավականին էլ գումար է մնում»: Ես հարցրեցի նրան, թե ինչ էր պատահել և նա հետևյալը պատմեց. «Երբ ես իմ գյուղն էի վերադառնում, նստել էի կանգառում ու սպասում էի ավտոբուսին: Ինձ մոտեցավ վիճակախաղի տոմսեր վաճառողն ու առաջարկեց տոմս գնել: Ես, քրիստոնյա լինելով, վիճակախաղի տոմսեր չեմ գնում, այդ պատճառով էլ հրաժարվեցի: Սակայն տեսնելով, որ այդ մարդը հեռանում է, մտածեցի միգուցե նա խիստ կարիքի մեջ է: Այդ պատճառով էլ նրան ետ կանչեցի, որպեսզի վճարեմ մի տոմսի համար, բայց տոմսը չվերցնեմ: Բայց այդ մարդը պատվասիրություն ուներ և ուղղակի գումարը վերցնել չցանկացավ: Այդժամ ես էլ վշտացա և կամենալով օգնել նրան, ասացի. «Դե լավ, մի տոմս տուր, միգուցե պետք գա»: «Թող այդ մարդը մի փոքր ուրախանա,- մտածեցի ես,- իսկ ես, խախտելով իմ սկզբունքները, թող մի քիչ էլ վշտանամ` հոգ չէ»: Եվ ահա իմ գնած վիճակախաղի տոմսով ես մի մեծ գումար շահեցի, տուն գնեցի և դեռ բավականաչափ փող էլ մնաց` երեխաներին մեծացնելու համար: Եվ ճշտելով, թե որտեղ է ապրում այդ տոմսերը վաճառողը, ես աննկատ նրա տուն գնացի և մի կլորիկ գումարով ծրար թողեցի նրա փոստարկղում: Ես գիտեի, որ եթե այդ գումարը նրան առձեռն հանձնեմ, ապա նա չի վերցնի»: Զարմանալի բան է, թե ինչպես է Աստծո սերը գործում պատվասեր մարդկանց մեջ:

 

* Խոսքը 1941-1944թթ. Հունաստանի օկուպացիայի մասին է` Գերմանիայի, Իտալիայի և Բուլղարիայի կողմից:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

28.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․