Գրքեր

«Բոդենզեի հայկական արև»-ի սիրո ճառագումը

Աստված սեր է. աստվածային մեծագույն սիրո արտահայտությունը Գողգոթայի Խաչն էր, որի վրա Քրիստոս զոհեց Իր անձը՝ հանուն մարդկության փրկության: Քրիստոս հաղթեց աշխարհին Իր սիրով, և Նրա հիմնած կրոնը՝ քրիստոնեությունը, դարձավ զոհաբերվող սիրո կրոն: Առանց սիրո աշխարհն անապատի կվերածվի: Առանց սիրո հավատը մեռած ու անզոր կդառնա, նրանից միայն ձևը կմնա: Առանց սիրո հոգին կմահանա: Սիրո կորուստը հոգևոր մահվան ուղի է, այն բոլոր ժամանակաշրջանների մեծագույն արհավիրքն է և առավել դաժան է, քան բոլոր պատերազմները:

Մարդու ազատ կամքից է կախված, թե նա աստվածային սիրո բնակարան կլինի՞, թե՝ ոչ: Աստվածային սերը մուտք է գործում այն հոգին, որ բաց է նրա առաջ, մուտք է գործում այնտեղ որպես ճառագայթ՝ հոգին դարձնելով անտեսանելի լույսի մի աղբյուր: Սիրո միջոցով մարդը բացահայտում է իրական կյանքն ու ուրախությունը՝ կյանքի ուրախությանը մասնակից դարձնելով շատերին: Իրական հավատը չի կարող արտահայտվել այլ կերպ, քան սիրով և ողորմածությամբ, որոնք անբաժանելի են միմյանցից, ինչպես լույսն ու ջերմությունը՝ կրակից: «Սերը կյանքն է իսկ իր խորությամբ, լայնությամբ ու բարձրությամբ: Եթե «Աստված սեր է» ավետարանախոս առաքյալի վկայությամբ, այն ժամանակ, եթե մարդ ենք, չենք կարող չլինել սիրո ճառագայթ»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:

Ավստրիայի Ֆորալբերգի մարզում գործող “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամը հերթական անգամ իր սիրո ճառագայթն արձակեց դեպի հայրենիք՝ այս անգամ ջերմացնելով արև Ալբերտի (7 տ.) ընտանիքը: Մայիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ալբերտի մայրիկին՝ Մեհրաբյան Լիաննային (35տ.), փոխանցեց հիմանդրամի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (100 եվրո): Լիաննան իր ամուսնու, ծնողների և երկու զավակների հետ բնակվում է Վերին Չարբախի Պոպովի 28 հասցեում: Արև Ալբերտը սովորում է Երևանի Մ. Ջանբազյանի անվան թիվ 79 հիմնական դպրոցի երկրորդ դասարանում, սիրում է երաժշտություն լսել ու պարել: Լիաննան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

11.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․