Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Այսօր Մայր Եկեղեցին անբավ սիրով ու գորովանքով նշում է իր սիրասուն զավակների՝ բոլոր սրբերի՝ հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը, և ես մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիս այս կարևոր ու գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Յուրաքանչյուր ոք, ով երբևիցե լսել է քրիստոնեության ու քրիստոնեական Եկեղեցու մասին, անպայման լսել է նաև գեթ մեկ սրբի անուն կամ գոնե տեսել նրա սրբապատկերը: Եկեղեցին կանգուն է սրբերով, և հավատքը՝ կենդանի նրանցով: Տիրոջը հավատարիմ ու նվիրյալ այդ հոգիներն իրենց կյանքով են ապացուցել, որ իրագործելի են Աստծու պատվիրանները, եթե պահպանում ես Սուրբ Հոգու շնորհն ու առաջնորդվում աստվածային սիրո օրենքներով: Նրանք ապացուցել և ապացուցում են, որ մեղավոր մարդը կարող է և պետք է ձգտի սրբության, որովհետև իրենք էլ սուրբ չծնվեցին, այլ շահեցին այն անկոտրուն հավատի, հոգևոր հարատև պայքարի ու ջերմեռանդ աշխատանքի շնորհիվ: Սեփական մեղավոր անձը ուրանալով՝ մեռան աշխարհի համար ու ձեռք բերեցին երկրի վրա երկնաբնակներ լինելու և Աստծուն տեսնելու մեծագույն պատիվը, քանի որ սուրբ ու մաքուր սիրտն է միայն ի զորու Նրան տեսնելու (հմմտ. Մատթ. 5:8, Եբր. 12:14): Անապատներում ու քարքարոտ ծերպերի վրա ճգնելով ու զօրուգիշեր աղոթելով իրենց և ողջ աշխարհի համար՝ հոգու տատասկն ու փուշը երկնային բուրաստանի վերածեցին: Սրտի արյամբ լվացին և ապաշխարության արտասուքով ճերմակեցրին իրենց հոգին և Քրիստոսին հրավիրեցին մշտապես բնակվելու իրենց սրտում և Սուրբ Աստվածածնին՝ իրենց հոգու անգին զարդը դառնալու: Նրանք ապրեցին արտաքուստ դժվարին, սակայն ներքուստ երանելի կյանք, քանի որ սրբությունը հաստատվում է Աստծու մշտական ներկայությամբ և այն չի կարող գոյատևել առանց դրա արտաքին դրսևորման: Այդ պատճառով է, որ նաև սրբերի միջոցով ենք տեսնում աստվածային լույսն ու զգում դրա կենարար ներգործությունը մեր կյանքում: Նրանք բոցավառվեցին Քրիստոս Արեգակի սիրուց, երախտագիտությամբ ընդունեցին Ավետարանի լույսն ու իրենք էլ մի-մի անշեջ կանթեղ դարձան Երկնքում վառված, որ լուսավորում են փրկության ճանապարհն ու ճշմարիտ ուղեցույց հանդիսանում տունդարձի ճամփան բռնածների համար:
Սիրելի՛ հավատացյալներ, ինչպես արդեն նշեցի, Եկեղեցին այսօր հիշատակում է նաև անհայտ սրբերին, որոնք միշտ եղել են և վստահ եմ այժմ էլ կան մեր կողքին, սակայն որոնց սրբությունը միայն Ամենակալին հայտնի պատճառներով անհայտ է մնացել մարդկությանը, սակայն, բնականաբար, հայտնի է Ամենատես Աստծուն: Աղաչենք, որպեսզի նրանք էլ բարեխոսեն Ողորմած ու Սիրող Հորը մեր հոգիների փրկության համար: Սակայն այժմ դառնանք այն սրբերին, որոնց կյանքն ու վարքը հայտնի են մեզ և ակնառու օրինակ՝ մեր ընթացքի համար: Հիշե՛նք, մեր եկեղեցու սիրելի սուրբ Անանիա առաքյալին, մեր սուրբ հայրապետ Գրիգոր Լուսավորչին, սուրբ Գրիգոր Նարեկացուն և սուրբ Գրիգոր ու Մովսես Տաթևացիներին: Հիշե՛նք սուրբ Գևորգ և Սարգիս Զորավարներին ու սուրբ Վարդանանց: Հիշե՛նք սուրբ Մարիամ Եգիպտացուն, սուրբ Աբդլմսեհին, սուրբ Կիրակոս մանկանն ու նրա երանելի մայր Հուղիտային: Հիշե՛նք Սուրբ Բարսեղ Մեծի ընտանիքն ու սուրբ Հռիփսիմյանց կույսերին, Սուրբ Անտիոք և Պանդալեոն անարծաթ բժիշկներին, սուրբ Հովհան Ոսկեբերին ու սուրբ Նիկողայոս Սքանչելագործին: Մեզ հայտնի սրբերի անունները կարելի է անվերջ թվարկել, քանի որ նրանք մի մեծ ու պայծառ աստղաբույլ են կազմում Երկնքում և դրա համար փա՜ռք ու պատիվ Զորությունների Տիրոջը, սակայն նպատակս այժմ ոչ թե իմ գիտելիքները ցուցադրելն է, կամ ձերը ստուգելը, այլ ձեր ուշադրությունը հրավիրելն այն փաստին, որ սրբությունը հասանելի է բոլորին անխտիր՝ անկախ սեռից, տարիքից, դիրքից ու ազգությունից: Եվ որպես ձեր հոգևոր հովիվ հորդորս է, որպեսզի այսօր և առաջիկա օրերին անպայման ընթերցեք սրբերի վարքն ու տեսնեք, թե մեղավոր բնությամբ մարդն ինչպես կարող է հաղթահարել դժվարութունները, մաքրվել ախտերից ու սրբության բարձունքին հասնել:
Սրբության մասին Ներսես Շնորհալին ասում է. «Առաջին` սուրբ է նա, ով մաքուր է հոգու հետ պատերազմող ամեն ախտից, ով սկզբից ո՛չ վերքեր է ընդունում և ո՛չ էլ` դեղերի է կարոտ: Երկրորդ` սուրբ է նա, ով թեպետ խոցվում է մեղքերի նետերով, սակայն մինչև վերջ չի ենթարկվում թշնամուն, ախտերի հեշտանքին տեղի տալով` չի խոցոտում իր հոգին և դա, սովորության վերածելով, իր համար չի դարձնում երկրորդ բնություն, այլ մանավանդ` անցյալի խոցերը բժշկում է ապաշխարության դեղերով և առաջիկայում սպասվողներից զգուշանում է աղոթքի ու պահքի զենքերով և զգայարանների պահպանությամբ` սովորական նետերով վերստին չխոցվելու և դրանք այնքան ատելու, որ մինչև իսկ դրանց հիշատակումը ոչ թե հեշտություն, այլ տրտմություն բերի մտքին»: Եվ սրբությանը, սիրելինե՛ր, կոչված ենք բոլորս, քանի որ Տեր Հիսուս Քրիստոս ասաց. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Իսկ առաքյալը հավելեց. «…. նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կյանքով սո՛ւրբ եղեք. քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես» (Ա Պետ. 1:15, 16): Սրբության անհրաժեշտությունը անմիջապես հաջորդեց նախամարդու անկմանը, իսկ սրբության ծարավը Ադամին մղեց դառնորեն լաց լինելու և ողբալու իր մերժվածությունը: Սրբության գաղափարն ատելի է մեղքերի մեջ կործանվող աշխարհին և նա կատաղի պայքար է մղում դրա յուրաքանչյուր դրսևորման դեմ: Սակայն մարդու աստվածապատկեր հոգին մշտապես սրբության ու դրան մերձենալու որոնումնների մեջ է, թեկուզ և մարդը դա չգիտակցի: Սրբությանն առնչվելու մղումն է, որ մարդուն տանում է դժվարամատչելի սրբավայրեր, ստիպում համբերությամբ կանգնել երկար հերթերում սրբի գերեզմանին կամ մասունքներին մոտենալու համար: Սրբությանը հաղորդակից լինելու ներքին մղումն է անհավատ մարդու քայլերը եկեղեցի ուղղում կամ ստիպում սրբության վերաբերյալ որևէ նյութ կարդալ կամ դիտել: Սրբության ձգտումը մարդու աներևույթ ուղեկիցն է նրա ողջ կյանքում և պարբերաբար հիշեցնում է իր մասին խղճի ձայնի և զանազան այլ միջոցներով: Մարդը կարող է և պետք է սուրբ կյանքի ձգտի, սիրելինե՛ր, դրա համար նրանից միայն անկեղծ ցանկություն և հաստատակամություն է պահանջվում, իսկ մնացածը Սիրող Հայրը կհավելի, ինչպես սուրբ Մակար Մեծն է ասում. «Թեկուզ մանկիկն անզոր է ինքնուրույն որևէ բան անելու և չի կարող իր ոտքով մոտենալ մորը, սակայն նրան փնտրելով՝ շարժվում է, բղավում ու լաց լինում: Եվ մայրը խղճում է նրան: Նա ուրախ է, որ մանուկն այդպիսի ջանքով ու աղաղակով փնտրում է իրեն: Իսկ քանի որ մանկիկը չի կարող մոր մոտ գնալ, ապա մայրն ինքը, մանկան հանդեպ տածած սիրուց հաղթվելով, նրա երկարատև փնտրտուքի համար, մոտենում է նրան և մեծ սիրով գիրկն առնում, շոյում ու կերակրում: Նույնն անում է նաև մարդասեր Աստված այն հոգուն, որը գալով՝ Իրեն է պահանջում»:
Ուստի հերթական ընտրության առջև կանգնելիս, ապավինելով Երկնավոր Հորն ու հետևելով մեր սուրբ եղբայրների ու քույրերի օրինակին, քայլ անենք սրբությանն ընդառաջ՝ հրաժարվելով այն ամենից, ինչը հեռացնում է մեզ Սրբության Աղբյուրից: Ժամանակավոր ու սին հաճույքների ետևից գնալով՝ չզրկենք մեզ Քրիստոսի հարատև ու երանություն պարգևող ներկայությունից, պատճառաբանելով, թե՝ սուրբ չենք, այլ միշտ հիշենք այն խոսքը, որ. «Սրբերն անցյալ ունեն, իսկ մեղավորներն՝ ապագա»: Հիշենք սա ու մեղավոր ներկան մաքրելով՝ քայլենք դեպի սրբակենցաղ ապագան: Քայլենք՝ Երկինք նայելով: Քայլենք՝ հոգեհարազատ որևէ սրբի ձեռքը բռնած և վստահ լինենք, որ Գթառատ Տերը չի անտեսելու մեր ձգտումն ու ջանքը, այլ օգնելու է, որպեսզի սիրով հաղթահարենք բոլոր դժվարություններն ու փորձությունները և պատվով միանանք Հաղթանակած Եկեղեցուն: Եվ քարոզս ավարտեմ Պողոս առաքյալի խոսքով, որ ասում է. «Ուրեմն, մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դե՛ն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ. նայենք Հիսուսին՝ հավատի Զորագլխին, այն Կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծո աթոռի աջ կողմում» (Եբր. 12:1-2), Որին փառք և երկրպագություն, հավիտյանս հավիտենից. ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան