Գրքեր

Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը

Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը (Առակներ 1:2): 

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.

Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր Սրբոց Թարգմանչաց տոնը: Սուրբ թարգմանիչների շնորհիվ մենք այսօր ունենք հայերեն Աստվածաշունչը և նրա մեկնություններն ու մեկնությունների թարգմանությունները: Նրանց շնորհիվ մենք այսօր հարուստ ենք հոգեշահ գրքերով: Գրքեր, որոնք կրթում են մեր հոգին և մեր մտքի համար բացում են Աստվածաշնչյան ճշմարտությունները: Անշուշտ, միայն այս տոնին հիշատակվող սրբերը չէ, որ իրենց ներդրումն են ունեցել հայ Աստվածաբանական մտքի ձևավորման, զարգացման ու տարածման գործում: Նրանք շատ են և բոլորի աշխատանքի, առաքելության ու անվան առջև մեր խոնարհումն ենք բերում որպես նրանց հետնորդ զավակներ: 

Այսօր բոլորս սոցցանցերը թեկուզ վայրկենապես թերթելու ժամանակ ունենք, ջանքեր չենք խնայում մեզ հետաքրքրող նյութերը համացանցում փնտրելու, սակայն ծուլանում ենք Աստվածաշնչի, նրա մեկնությունների, հոգևոր հարուստ գրականության հետ ծանոթանալու հարցում: Ինչպես մեզ անհրաժեշտ բաների համար աղերսում ենք Տիրոջը, խնդրում ենք, որ տրվի, փնտրում ենք, որ գտնվի, բախում ենք, որ բացվի, այնպես էլ Տերը կամենում է, որ Սուրբգրային խորհրդանիշների իմաստաբանությունը նույնպես բացահայտենք, դրանց խորհրդաբանությունը փորձենք հասկանալ, ընթերցենք աղոթական հոգով, փնտրենք՝ գտնելու համար դրանց մեկնությունները, կատարենք ավետարանական պատվիրանները, խորամուխ լինենք Հին և Նոր կտակարանների կապն ու միասնությունը տեսնելու և ըմբռնելու մեջ: Հարկ է, որ ընթերցենք այնտեղ գրվածը և ինքնահնար հերձվածողական մեկնություններ չտանք սուրբգրային ընթերցվածքներին, վստահենք տիեզերական վարդապետների և հոգեշնորհ հայրապետների մեկնություններին, որոնք, իսկապես Սուրբ Հոգով լցված, իրենց ճգնակեցությամբ, երկյուղով և աղոթքներով հանձն են առել մեկնել մեզ համար Սուրբ Գիրքը: Նրանք չե՛ն փնտրել իրենց փառքը և մերժել ու հերքել են հերետիկոսական մեկնությունները: 

Ունենալ այդքան հարուստ Աստվածաբանական գրականություն, ինչպիսին մերն է, և չփորձել հասկանալ Տիրոջ վարդապետությունը, ուղղակի անմտություն է: Կարելի է ապրել կյանքը իմաստուն կերպով և հաշվարկված, բայց Աստվածաշնչից տեղյակ չլինել, չունենալ Աստծու իմաստությունը, խղճալի է և տխուր:

Սիրելինե՛ր, կյանքը ճիշտ ապրելու համար հարկավոր է խորագիտություն: Մենք ընկնում ենք և երբեմն բարձրանալ չենք կարողանում, տխրության և անհուսության մեջ մխիթարություններ ենք փնտրում, մեղքեր ենք գործում, այնուհետև ցանկանում ենք դրանց մասին չհիշել և ազատվել դրանցից, սխալներ ենք անում և հետո երազում, որ դրանք արած չլինեինք, ինքներս մեզ հարցեր ենք տալիս, որպեսզի պատասխաններ գտնենք, ու շատ հաճախ չենք ուզում Աստծու տանը փրկություն փնտրել: Սուրբ Գրքով ո՛չ առաջնորդվել ենք ուզում, ո՛չ մխիթարվել, ո՛չ իմաստնանալ, ո՛չ էլ ապաշխարել ու ո՛չ էլ փրկվել: Կարծես ապրում ենք փարիսեցիների ու օրենսգետների պես, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին մեր առջև ենք տեսնում, բայց «ամենագետի պես հասկանում ենք», որ Քրիստոսը Աստծու Որդին և առավել ևս Աստված լինել չի կարող: Մինչդեռ Սուրբ Գիրքն ասում է. «Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը, և Աստծու տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթացիներ 1:25):

Այդ իսկ պատճառով Աստվածաշունչն ու նրա մեկնողական գրականությունը ուսանելի են բոլորիս համար: Դրանք միայն վարդապետների ուսումնասիրության առարկան չպետք է լինեն: Դրանք ընթերցողներին փիլիսոփա չեն դարձնում, այլ միմիայն մի նպատակ են հետապնդում, այն է՝ Աստծու խոսքը հասու դարձնել բոլորին: Դրանք չեն ստեղծվել, որպեսզի հպարտանանք մեր հարուստ բազմադարյան մշակույթով, այլ ստեղծվել են, որ Աստծու խոսքը ծլարձակի մեր մտքերում և պտուղ դառնա մեր գործերով:

Սուրբ Գրքի մեկնիչներն ու թարգմանիչները շարունակել են Աստծու մարգարեների, աշակերտների, առաքյալների գործն ու առաքելությունը: Նրանք եկեղեցիների զանգերի ղողանջն են, որ մշտապես մեզ կանչում են Աստծու մոտ, բարձրացնում Երկնքի Արքայության սանդուղքով, հեշտացնում այդ դժվար ճանապարհը, նեցուկ լինում, երբ մեր խիղճը մեղքերի բազմությունից տանջում է մեզ և ապաշխարության կոչ անում: Ինչպես Հիսուս Քրիստոսի աշակերտներն էին շրջում ավետարանելու համար Աստծու խոսքը, այնպես էլ եկեղեցու հայրերի գրվածքներն են գալիս լրացնելու նրանց գործը:

Ի վերջո ի՞նչ նպատակով ստեղծվեց հայոց այբուբենը: Սուրբ Մեսրոպ Մաշտոցը խոր ցավ էր ապրում, որ իր ժողովրդին անհասկանալի է Աստվածաշունչը, մարդիկ անհաղորդ են մնում փրկության Ավետարանին, բազմաթիվ մարդիկ դեռևս խարխափում են հեթանոսական խավարի և անգիտության թմբիրի մեջ: Դա նման է այն բանին, որ մարդու դիմաց դրված է իրեն բժշկող դեղամիջոցը, սակայն նա չի կարողանում դրանից օգտվել, վերցնել և ընդունել այդ դեղը, որովհետև տեղյակ չէ, որ դա իրեն անհրաժեշտ է, կամ էլ իր անխելքության պատճառով անփույթ ու անտարբեր է իր առողջության նկատմամբ:

Աստվածճանաչության և հոգու փրկության ճանապարհներից մեկն էլ հոգևոր գրականության ընթերցանությունն է: Վանականը, առանց հոգևոր եղբոր առաջնորդության և փորձառության փոխանցման, կարող է կործանվել կես ճանապարհին: Ահա թե ինչու մեր հոգևոր կյանքի ճանապարհը վստահում ենք մեր Եկեղեցու հայրերին, որոնց մի մասը կյանքն ավարտել է՝ հասնելով սրբության աստիճանի: Երբ ընթերցում ենք նրանց խրատներն ու հորդորները, Աստվածաշնչյան մեկնությունները, մենք դրանով մեր «սրտի քայլերն ենք անում» նրանց մոտ՝ նրանցից ուսանելու, նրանց փորձառությամբ հաստատվելու և նրանցից խորհուրդ հարցնելու: Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմոթեոս 3:16, 17): 

Ուստի, սիրելինե՛ր, եկեք անդավաճա՛ն կերպով ուսանենք մեր եկեղեցու հայրերից, նրանց թողած ժառանգությամբ իմաստնանանք և հարստանանք, որից հետո այլ տեղերում հոգևոր սնունդ փնտրելու կարիք չենք զգա: 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. ամեն:

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

10.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․