Գրքեր

Չապաշխարելով՝ մարդը քարանում է մեղքի մեջ

Ապաշխարություն բառը ժամանակակից շատ քրիստոնյաների մոտ հնչում է սոսկ իբրև մի բառ, որը կապ չունի իրենց առօրյա կյանքի ու նպատակների հետ: Այն գործ ունի այնքանով, որքանով մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես կրոնական մի գործառույթ, որը ապահովագրում է իրենց կրոնական փրկության «հավիտենական տոմսի» անհրաժեշտ գինը, սակայն այդ «հոգևոր օդանավակայանից» դուրս այն այլևս տեղ չունի կյանքում:

Սուրբ Իսահակ Ասորին ասում է. «Որպես բարձրագույն շնորհ, մկրտությունից հետո մարդկանց տրված է ապաշխարությունը, քանզի ապաշխարությունը երկրորդ վերածնունդն է Աստծուց: Եվ այն պարգևը, որը մենք գրավ ենք ընդունել հավատից, ստանում ենք ապաշխարության միջոցով: Այս դռնով ենք մուտք գործում Աստծու ողորմածության մեջ»: Իսկ հանրահայտ ամերիկացի աստվածաբան Բիլլի Գրեհեմը «Խաղաղություն Աստծո հետ» գրքում նշում է՝ Հիսուս Քրիստոսի հնչեցրած ավետիսի առաջին խոսքում ասվում է. «Ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է Երկնքի Թագավորությունը» (Մատթ. 4:17): Այսպես է ավետել Հայր Աստված իր Որդու միջոցով: Հիսուս Քրիստոս մեզ մոտ եկավ սիրով և կարեկցանքով առլեցուն սրտով, բայց միաժամանակ իսկույն ևեթ ազդարարեց հանցանքի ու մեղքի մասին: Նա մարդկանց կոչ էր անում ընդունել իրենց հանցանքները և հետ կանգնել սխալ ուղուց: Հիսուս Քրիստոս հրաժարվում էր սքողել անբարոյականությունը:

Նա պնդում էր, որ ամեն ոք պետք է նախ ինքն իրեն դատի և միանգամայն հեռու մնա մեղքից: Պնդում էր, որ մարդիկ պետք է իրար միջև բոլորովին նոր հարաբերություններ ստեղծեն: Մի անգամ Հիսուսի մոտ մարդիկ են գալիս և պատմում գալիլեացիների մասին, որոնց արյունը Պիղատոսը խառնել էր իրենց զոհերի արյան հետ, երբ հռոմեական լեգեոնները ճնշում էին Հուդայում ծագած ապստամբությունը: Պատմում են Նրան նաև Սելովամի աշտարակի մասին, որը փուլ էր եկել և շատ մարդ սպանել: Հիսուս Քրիստոս պատասխանում է. «Կարծում եք, թե այն գալիլեացիները մյուս բոլոր գալիլեացիներից ավելի մեղավո՞ր էին, որ այդպիսի պատահարների ենթարկվեցին: Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:2-3):

Ուրիշ խոսքերով ասած, Հիսուս Քրիստոս բացատրել է, որ անկախ այն բանից, մարդիկ բռնությամբ ու դժբախտ պատահարներից են զոհվում, թե բնական մահով մեռնում, նրանց ճակատագիրը նույնն է մնում, եթե ապաշխարելով դարձի չեն եկել առ Աստված: Քանի դեռ դա չի կատարվել, հավատը միանգամայն անհնար է: Սա չի սահմանափակում Աստծու ողորմությունը, սակայն ապաշխարությունը ճանապարհ է բացում Նրա շնորհի համար: Մենք գիտենք, որ փրկությունը հիմնվում է բացառապես Աստծու շնորհի վրա: Աստվածաշունչն ասում է, որ ոչ մի մարդ օրենքով արդարացված չէ Աստծու առաջ, այլ ուսուցանում է, որ «արդարը հավատով է ապրելու» (Հռոմ. 1:17): Փրկությունը, ներումը և արդարացումը հիմնված են բացառապես Հիսուս Քրիստոսի քավության պատարագի վրա: Սակայն, որպեսզի խաչի վրա Քրիստոսի պատարագն իրական դառնա յուրաքանչյուր մարդու համար, անհատը պետք է ապաշխարի, զղջա գործած մեղքերի համար և հավատով ընդունի Քրիստոսին: Հովնան մարգարեն ապաշխարություն քարոզեց Նինվեում, և Նինվեն ապաշխարեց: Եզեկիել մարգարեն ապաշխարություն էր քարոզում, երբ ասաց. «Դրա համար, ով Իսրայելի տուն, ձեզնից ամեն մեկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ասում է Տեր Աստված: Դարձի եկեք և ձեր բոլոր հանցանքներից հետ դարձեք, որպեսզի անօրենությունը ձեր կորստի պատճառ չլինի» (Եզեկ. 18:30): Հովհաննես Մկրտչի մեծ պատգամն ամփոփված է ապաշխարության քարոզում, երբ ասաց. «Ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է Երկնքի Արքայությունը» (Մատթ. 4:17):

Ապաշխարություն բառը յոթանասուն անգամ հիշատակվում է Նոր կտակարանում: Հիսուս Քրիստոս ասել է՝ եթե չապաշխարեք, ամենքդ էլ կորչելու եք (Ղուկ. 13:3): Հոգեգալստյան օրը Պետրոսի կարդացած ճառում ասված է. «Ապաշխարեցեք, և ձեզնից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար» (Գործք 2:38): Պողոս առաքյալը ևս նույն բանն է քարոզում. «Վկայություն տվեցի հրեաներին և հեթանոսներին՝ Աստծու առաջ ապաշխարելու և մեր Տեր Հիսուս Քրիստոսին հավատալու մասին» (Գործք 20:21): Սուրբ գիրքն ասում է, որ Աստված ապաշխարություն է ուսուցանում (Գործք 17:30): Ի՞նչ նկատի ուներ Քրիստոս ապաշխարություն ասելով: Ինչո՞ւ է այն մշտապես կրկնվում Աստվածաշնչում: Եթե նայեք ժամանակակից բառարանը, կտեսնեք, որ ապաշխարություն նշանակում է զղջում` գործած մեղքերի կամ հանցանքների համար: Սակայն բնագրում հունարեն բառը, որ ավետարանում արձանագրված է, անհամեմատ ավելին է նշանակում: Այն շատ ավելի մեծ իմաստ ունի, քան կատարած որևէ բանի համար սոսկ զղջալն է: Աստվածաշնչային «ապաշխարություն» բառը նշանակում է փոփոխություն, շրջադարձ: Սա զորություն և գործողություն ցույց տվող բառ է: Այն նշանակում է լիակատար հեղափոխություն մարդու ներսում: Երբ Աստվածաշունչն ապաշխարության կոչ է անում, նշանակում է, որ պետք է հետ դառնանք մեղքի ճանապարհից, որ պետք է լրիվ շրջվենք և գնանք մեղքի ու դրա հետ առնչվող ամեն ինչի հակառակ ուղղությամբ: Հիսուս Քրիստոս, անառակ որդու առակը պատմելով, շեշտում է, թե ինչ է ուզում ասել ապաշխարություն բառով: Երբ անառակ որդին զղջում է, ապա նստած չի մնում իր տեղում՝ սոսկ ափսոսալով իր գործած բոլոր մեղքերի համար: Նա չի մնում կրավորական, անշարժ վիճակում: Չի շարունակում մնալ այնտեղ, ուր շրջապատված էր խոզերով: Նա վեր է կենում և գնում: Իր քայլերն ուղղում է ուրիշ կողմ: Գտնում է հորը, ապաշխարում նրա առջև և ստանում իր պարգևը: Ժամանակակից քրիստոնյաներից շատերն են աչքաթող արել այն իմաստը, թե ինչ է ենթադրում Աստվածաշունչը խոսելով ապաշխարության մասին: Նրանք կարծում են, թե ապաշխարությունն ընդամենը մի փոքր ավելի է նշանակում այն բանից, երբ մեկն իր մեղքերի մասին մտորելիս օրորում է գլուխն ու ասում՝ ախ, ափսոս, ինչո՞ւ այդպիսի բան արեցի, իսկ այնուհետև շարունակում է ապրել ճիշտ մինչ այդ ապրածի պես: Ապաշխարությունը նշանակում է փոփոխություն, շրջադարձ որևէ բանից և ընթացք նոր ուղղությամբ: Ափսոսալը դեռ ապաշխարություն չէ: Հուդան մեղադրեց իրեն և ափսոսաց արածի համար, բայց չապաշխարեց: Ապաշխարությունը համակցում է, թե՛ բանականությունը, թե՛ զգացմունքը, թե՛ կամքը: Նախ և առաջ պետք է լինի մեղքի գիտակցումը: Էական է, երբ մարդ ոչ միայն գիտակցում է, այլև փոփոխում է իր ապրումներն ու կամքը: Մեր կամքը հնազանդեցնելով Աստծո կամքին՝ կարող ենք ըմբռնել ապաշխարության խորությունը: Պետք է լինի մեղքից հրաժարվելու, դրա նկատմամբ վերաբերմունքդ փոխելու, զգացմունքներդ, մտածելակերպդ, կյանքիդ ամբողջ իմաստը հեղաշրջելու հաստատակամություն: Միայն Աստծու Հոգին կարող է մեզ օժտել այն վճռականությամբ, որն անհրաժեշտ է իսկական ապաշխարության համար: Սա ավելին է նշանակում, քան պատմությունն այն աղջնակի, որն աղոթում էր. «Տե՛ր, ինձ լավը դարձրու, բայց ոչ իսկապես լավ, այլ միայն այնքան լավ, որ դպրոցականներն ինձնից վախենան ու չծեծեն»: Մեր երկրում բազմաթիվ քրիստոնյաներ կան, ովքեր եկեղեցի են գնում, դրամ են նվիրաբերում եկեղեցուն, պատարագներից ու ժամերգություններից հետո սեղմում քահանայի ձեռքը, գովում նրա կարդացած քարոզը: Կարող են լուսաբանել քրիստոնեական շատ գիտելիքներ, ամբողջական հատվածներ բերանացի մեջբերել Աստվածաշնչից, սակայն իրականում երբեք ճշմարիտ ապաշխարություն ապրած չլինել: Այս մարդիկ շատ անորոշ դիրք են գրավում քրիստոնեական հավատի հանդեպ. դիմում են Աստծուն, աղոթում, բայց նրանք չեն աղոթում, որպեսզի փոխվեն ու նոր մարդ դառնան, այլ որպեսզի Աստված պարզապես իրենց անձնական ու գործնական նպատակները հաջողեցնի: Բայց Աստվածաշունչը ուսուցանում է, երբ մարդ գալիս է դեպի Հիսուս Քրիստոսը, նրա հոգում այնպիսի փոփոխություն է կատարվում, որն արտացոլվում է նրա արած ամեն բանում: Սուրբ գրքում չկա մի հատված, ուր ասվում է, թե կարող եք քրիստոնյա լինել, բայց ապրել ձեր ուզած կյանքով: Երբ անհատը որոշում է հաղորդակից լինել Աստծուն, նա այլևս հեռանում է հին կենցաղից ու կյանքից: Սակայն այդ ամենը նվիրում է պահանջում, կատարյալ նվիրում առ Աստված: Արդի քրիստոնյաներից շատերն ավելի շուտ կհրաժարվեն եկեղեցի գնալուց, քան նոր, գեղեցիկ տուն, մեքենա ձեռք բերելուց: Եթե նրանց առջև դրվի նոր ավտոմեքենայի կամ կիրակնօրյա դպրոցի կառուցման համար վճարելու ընտրությունը, դժվար չէ կռահել, թե որին կտրվի գերադասությունը: Իսկության մեջ հազարավոր մարդիկ, ովքեր իրենց կոչում են քրիստոնյաներ, բարձր կենսամակարդակի բաղադրատարրերը, իրենց փողն ու իրերը վեր են դասում Քրիստոսից ու Նրա վարդապ՞Շետությունից: Դժվար չէ նկատել, որ հատկապես բազմաթիվ երիտասարդներ միշտ ժամանակ ունեն կինոյի, ֆուտբոլի կամ այլ միջոցառումների ու ժամանցի համար, բայց երբեք ժամանակ չեն գտնում Աստծուն հասկանալու, Նրան ճանաչելու և Նրա հետ քայլելու համար: Մենք կարող ենք նոր տան, հեռուստացույցի, համակարգչի կամ թանկարժեք հեռախոսի համար գումար կուտակել և կենտրոնանալ նմանատիպ իրողությունների վրա՝ մի կողմ թողնելով ամենակարևորը՝ հոգևոր գիտակցությամբ և կյանքով ապրելու ձգտումը, որովհետև ժամանակ չենք գտնում Աստծու համար: Պետք է վերափոխություն լինի: Մենք պարսավում ենք անցած-գնացած հեթանոսներին ու կռապաշտներին, բայց մեր և նրանց միջև եղած միակ տարբերությունն այն է, որ մեր կուռքերը շինված են ալյումինից, պողպատից և հանդերձավորված են ժամանակակից տեխնոլոգիաներով: Բայց մարդը Երկնքի Արքայություն չի կարող մտնել, եթե չհրաժարվի նման իրողություններից՝ գերադաս համարելով Հիսուս Քրիստոսին իր կյանքում: Հրաժարվել որոշ մեղքերից և շարունակել մեղք գործել այլ բաներում, կյանքի մի մասը տալ Քրիստոսին, իսկ մնացյալը՝ ցանկությունների համաձայն ապրել, այսպիսի կիսատ-պռատ նվիրմամբ հնարավոր չէ մտնել Երկնքի Արքայություն, որովհետև Աստված կատարյալ է և պահանջում է կատարյալ նվիրում ու անհատական փոփոխություն Իր հանդեպ: Սուրբ Իսահակ Ասորին ասում է՝ երբ մեղքի մեջ եք ընկնում, պետք չէ տխրել, քանի որ հաճախ ընկնում են նաև կատարյալները: Սակայն պետք է տխրել այն դեպքում, երբ չապաշխարելով՝ մարդը քարանում է մեղքի մեջ: Իսկ անկման մեջ քարանալը կատարյալ մահ է: Արդ, եթե վճռել եք, որ հրաժարվում եք մեղքից, հետ եք դառնում դրանից և Քրիստոսին եք տալիս ամեն ինչ, ուրեմն դուք արել եք հաջորդ քայլը Աստծու հետ հաշտության և խաղաղության ճանապարհին:


Պատրաստեց 
Հովհաննես  Մանուկյանը

 

Աղբյուրը՝ irates.am

17.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․