Գրքեր

«Չձանձրանանք բարիք գործելուց»

Յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևոր է ընթանալ Քրիստոսի ուղենշած ճանապարհով, Սբ. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, նմանվելով Աստծուն՝ որպես Նրա սիրելի որդիներ և շարժվելով սիրով, ինչպես որ Քրիստոսը սիրեց մեզ և մեզ փրկելու համար Ինքն Իրեն ընծայեց Աստծուն (Եփեսացիներ 5:1): Եվ եկեղեցու շուրջ համախմբված հավատավոր անձինք օրեցօր հզորանում են, քանի որ միավորված են աստվածնմանության կարևոր նպատակի շուրջ: Եվ աստվածնմանությունը չի կարող այլ պտուղներ տալ, եթե ոչ բարություն, արդարություն և ճշմարտություն:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, աստվածնմանության ճանապարհին իրագործում է սոցիալական մի շարք ծրագրեր՝ ամեն անգամ օգնության ձեռք մեկնելով կարիքավորին և կարոտյալին: Այս կարևոր առաքելությանը շատ հաճախ իրենց մասնակցությունն են բերում նաև արտերկրում ապրող հավատավոր հայորդիներ:

Հունիսի 29-ին համայնքը, կրկին անգամ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ, այցելեց Հովնաթան 27 հասցեում ապրող Ենգիբարյան ընտանիքին: Տնայցն ուրախություն ու լույս էր տարածել գորշ առօրյայով ապրող ընտանիքին: Մեկ սենյականոց, տարրական հարմարություններից զուրկ խոնավ բնակարանում վարձակալությամբ են ապրում ընտանիքի չորս անդամները: Խախտված էր ընտանիքի մոդելը, քանի որ արդեն չորս տարի է, ինչ լուսավոր և ժպտերես աղջնակներին՝ Ասյային (6 տ.) և Սոֆյային (5տ.), տատիկն ու պապիկն են խնամում: Երեխաների ռուս մայրը լքել է նրանց և անգամ մտադրություն է ունեցել երեխաներին մանկատուն հանձնել, քանի որ չի հարմարվել տան պայմաններին: Նրա ամուսնու ջանքերը տարհամոզելու կնոջը զուր են անցել և արդեն երկու տարի է, ինչ երեխաների հայրն էլ է լքել ընտանիքին՝ մեկնելով կնոջ մոտ՝ Ռուսաստան: 2012թ-ից երեխաների խնամատարությունն իր վրա է վերցրել երեխաների տատիկը՝ Մանուկյան Ասյան (70 տ.), ով նշեց, որ ստիպված է թոռիկներին ստել՝ ասելով, թե ծնողները շուտով կվերադառնան: «Այս տարիների ընթացքում ո՛չ որդիս և ո՛չ էլ հարսս չեն հետաքրքրվել մեզանով: Ամուսինս հիվանդացավ բարորակ տուբերկուլոզով, բարդ և դժվարին բուժումն անցնելուց հետո, այժմ նրա մոտ ուռուցք են հայտնաբերել: Չգիտեմ, թե ինչպես ենք ելք գտնելու այս դժվարություններից, քանի որ ամուսնուս թոշակը որպես տան վարձ ենք վճարում, իսկ իմ թոշակով էլ մի կերպ ենք ապրում: Տան խոնավության պատճառով ինձ մոտ էլ սուր հոդացավ է սկսվել, մտահոգված եմ նաև երեխաների առողջությամբ, նրանք իմ ամենամեծ հարստությունն են: Շարունակում եմ հույսով ապրել և ամեն ինչ Աստծո կամքին եմ հանձնել»,-ասաց տիկին Ասյան:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար, օրհնեց նրանց՝ մաղթելով Տիրոջ խաղաղությունն ու ողորմությունը, ապա ընտանիքին հանձնեց սննդի փաթեթներ և խաղեր երեխաների համար: Ընտանիքն իր գոհունակությունը հայտնեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին:

Հավատավոր անձի համար կարևոր է բարիք գործելուց չձանձրանալը, որովհետև, ինչպես Սբ. Պողոս առաքյալն է ասում, եթե հարատևենք բարու մեջ, արդյունքն անպայման կքաղենք իր ժամանակին (Գաղատացիներ 6:9):

 

 

Կարինե Սուգիկյան

29.06.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․