Գրքեր

Ճեմարանի ուսանողները ծանոթացան «12 քայլ» ծրագրին

Նոյեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և «Անանուն թմրամոլներ» խմբի երկու մասնակիցներ հանդիպում ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի հինգերորդ լսարանի գործնական աստվածաբանության հոսքի ուսանողների հետ: Հովվական սոցիալական ծառայության առարկայի շրջանակներում՝ ճեմարանականները ծանոթացան Տեր Գրիգորի հովվական սոցիալական ծառայության ուղուն և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործող երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբում իրականացվող «12 քայլ» ծրագրին:

Տեր Գրիգորը ճեմարանի ուսանողներին նախ պատմեց, թե ինչպես է ծանոթացել «12 քայլ» ծրագրին, ինչպիսի հետաքրքիր ընթացք են ունեցել ծրագրի վերապատրաստման դասընթացները, որոնց նա մասնակցել է Մոսկվայում և Նորվեգիայում: Ներկայացրեց նաև իր հովվական սոցիալական ծառայության փորձը, որ տարիներ շարունակ իրականացրել է ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ում, որի նպատակն է եղել նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը և հոգևոր արժեքների ձեռքբերմանը:

Այնուհետև երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի մասնակիցները ճեմարանի ուսանողներին ներկայացրեցին «12 քայլ» ծրագրի ստեղծման պատմությունը և ծրագրի տասներկու քայլերը: Կախվածություն ունեցողը քայլ առ քայլ ընդունում է, որ ինքն ի զորու չէ հաղթահարել ալկոհոլի կամ թմրադեղի նկատմամբ իր կախվածությունը, որ միայն Ամենակալը կարող է իրեն օգնել, սկսում է կյանքը գնահատել բարոյական տեսակետից, Աստծո, մարդկանց և իր առջև ինքնաքննությամբ ընդունում է իր թերությունները՝ ապավինելով Աստծո օգնությանը: Աղոթքի միջոցով նա ձգտում է հոգևոր զարթոնք և ուրախություն ապրել՝ ձգտելով այդ ուրախությանը մասնակից դարձնել նաև նրանց, որ դեռևս գտնվում են կախվածության ճիրաններում: Այսինքն՝ «12 քայլ» ծրագիրը նպատակաուղղված է անձի ֆիզիկական, հոգևոր և բարոյական առողջության ձևավորմանը:

Ճեմարականները տեղեկացան, որ աշխարհի հարյուր երեսունյոթ երկրներում մեծ արդյունավետությամբ է գործում «12 քայլ» ծրագիրը, որ իրականացվում է «Անանուն թմրամոլներ» և «Անանուն ալկոհոլամոլներ» բաց և փակ խմբերում:

«Տպավորությունները ոգևորիչ էին ու քաջալերող, քանի որ յուրաքանչյուր այսպիսի հնարավորություն առիթ է ընձեռում մեզ վերաիմաստավորելու մեր ծառայությունը Հայ եկեղեցու անդաստանից ներս: Յուրաքանչյուր հոգևորական եկեղեցուց ներս իրականացվող ծառայությունների հանդեպ ունի իր անձնական մոտեցումը, այս ոլորտում հաջողած հոգևորականների կարծիքները լսելը և հետագայում համադրելը, իդեալական պետք է լինի նոր կազմավորվող սերնդի համար: Շատ շնորհակալ ենք մեզ ընձեռված այս հնարավորության համար»,- ասաց Ռոբերտ ուրարակիր Ոսկանյանը:

 

Կարինե Սուգիկյան

02.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․