Գրքեր

Ճիշտ վերաբերմունք անզավակության պարագայում

Եթե երեխա չունեցող կինն իր վիճակի նկատմամբ հոգևոր վերաբերմունք չի ունենում, ապա նա տառապում է: Որքա՜ն ես տանջվեցի մի անզավակ կնոջ հետ: Այդ դժբախտի ամուսինը բարձր պաշտոն էր զբաղեցնում: Այդ կինը մի քանի տուն ուներ, որ վարձով էր տալիս: Բացի այդ, նրանք մեծ տուն ունեին, որտեղ ապրում էին ամուսնու հետ: Բայց ամեն ինչ բեռ էր այդ կնոջ համար` թե՛ շուկա գնալը, թե՛ կերակուր պատրաստելը… Չնայած իսկի ճաշ եփել էլ չգիտեր: Տանը նստած զանգում էր ռեստորան և այնտեղից բերում էին պատրաստի կերակուրները: Նա ամեն ինչ ուներ, սակայն տառապում էր, որովհետև ոչինչ նրան ուրախություն չէր պատճառում: Օրեր շարունակ նստում էր տանը, մեկ` այս բանն այսպես չէր, մեկ` այն մեկը: Մի գործը ձանձրալի էր, մյուսը` դժվար… Հետո նրան սկսեցին տարբեր մտքեր տանջել և նա ստիպված էր դեղահաբեր ընդունել: Նրա ամուսինը գործերը տուն էր բերում և տանն էր աշխատում, որպեսզի կնոջ օրը մի քիչ ուրախ անցներ, իսկ կինը, չիմանալով, թե ինչպես ժամանակը սպանի, ամուսնու գլուխն էր տանում: Իհարկե, վերջիվերջո նա ձանձրացրեց այդ խեղճին, չէ՞ որ ամեն ինչից զատ պետք է իր աշխատանքը կատարեր: Հանդիպելով այդ կնոջը` ես խորհուրդ տվեցի. «Օրերով տանը մի՛ նստիր: Ախր լրիվ կբորբոսնես: Հիվանդանոց գնա, այցելիր հիվանդներին…»: «Էհ, ո՞նց գնամ, հա՛յր, - պատասխանեց նա,- մի՞թե այդպիսի գործն իմ ուժերով է»: «Այդ դեպքում,- ասում եմ,- ահա՛, թե ինչ արա. երբ առաջին ժամը* կարդալու ժամանակը գա, կարդա՛, հետո իր ժամանակին երրորդը կարդա և այդպես շարունակ: Մեկ-երկու ծնրադրություն էլ արա…»: «Չեմ կարող»,- պատասխանում է: «Է՜հ,- ասում եմ,- այդ դեպքում անցիր Սրբոց Վարքն ուսումնասիրելուն»: Ես պատվիրեցի նրան կարդալ բոլոր այն կանանց վարքը, ովքեր սրբության էին հասել, որպեսզի կարդացածից ինչ-որ բան նրա հոգուն դիպչեր և օգներ: Մեծագույն դժվարությամբ հաջողվեց նրան նորմալ հունի վերադարձնել, որպեսզի հոգեբուժարան չհասնի: Այդ կինն ինքն իրեն անպիտանիության էր հասցրել: Ուժեղ շարժիչ` ներսում չորացած յուղով:

Սրանով ուզում եմ ասել, որ կանացի սիրտը անպիտան է դառնում, եթե իր բնական էության մեջ ունեցած սերը ելք չի գտնում: Տե՛ս` մեկ այլ կին կարող է հինգ, վեց կամ նույնիսկ ութ երեխա ունենալ: Խեղճը կարող է նույնիսկ մի գրոշ էլ չունենալ, բայց ուրախ է: Նա վեհանձն մեծահոգություն ունի և առնական տոկունություն: Ինչո՞ւ: Որովհետև գտել է իր նպատակը:

Մի դեպք է մխրճվել ու մնացել հիշողությանս մեջ: Իմ ծանոթը երկու քույր ուներ: Մեկը շուտ էր ամուսնացել և շատ երեխաներ էր ունեցել: Այդ կինն իրեն զոհաբերում էր: Ամեն ինչից զատ, դերձակուհի լինելով, նա հագուստ էր կարում և այդ կերպ օգնում էր աղքատներին: Օրերս էլ ինձ մոտ եկավ և ասում է. «Այժմ թոռնուհիներ էլ ունեմ»: Եվ նրա սիրտն ուրախությունից թրթռում էր: Իսկ մյուս քույրը չէր ամուսնացել: Սակայն հոգևոր օգուտ էլ չէր քաղել իր անհոգ վիճակից: Ու ի՜նչ վիճակում էր նա գտնվում: Ինչպես էր ապրում` ավելի լավ է նույնիսկ չհարցնել… Նա սպասում էր, որ իր ծեր մայրն իրեն սպասարկի և դեռ բողոքում էլ էր, որ բավական եռանդով դա չի անում: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է պատահում:  Նա մայր չէր դարձել և այդ պատճառով էլ նրա ներսում ոչինչ չէր փոխվել: Բայց կարիքավորներին օգնելով` նա կարող էր գործի դնել այն սերը, որն առկա է կանացի բնության մեջ, և դրանից օգուտ քաղել: Սակայն նա չարեց դա:

Այդ պատճառով էլ ասում եմ, որ կնոջն անհրաժեշտ է իրեն զոհաբերել: Տղամարդը, եթե նույնիսկ սեր չմշակի էլ իր մեջ, առանձնապես մեծ վնաս չի կրի: Սակայն կինն իր մեջ սեր ունենալով և այն անհրաժեշտ հունով չուղղելով` նմանվում են միացրած հաստոցի, որը հումք չունենալով` ապարդյուն է աշխատում, և՛ ինքն է ցնցվում, և՛ ուրիշներին է ցնցում:

 

* Ժամեր – կարճ ժամերգության հերթականություն, որը մտնում է օրվա ժամերգությունների մեջ: Սահմանված ժամերին կարդացվող ժամերգությունները նվիրված են այն ժամերին, որոնց բաժանվում էր օրը Հռովմեական դարաշրջանում: Առաջին ժամը կարդացվում է մոտավորապես առավոտյան ժամը 6–ին, երրորդը` ժամը 9–ի կողմերը, վեցերորդը` կեսօրին մոտ և իններորդը` մոտավորապես ցերեկվա ժամը 3–ին:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

 

 

02.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․