Գրքեր

Չսպասված օրը և ժամը

«Զգույշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը. որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին» (Ղուկ. 21:34-35):

Մեր սուրբ վարդապետ Գրիգոր Տաթևացին ասում է, որ մարդը միշտ երկրաքարշ է, ավելի արագ և հեշտ է սովորում մեղքը, քան` առաքինությունը: Եվ Աստվածաշնչում Տերն ասաց. «Մարդկանց չար արարքների համար Ես երկիրն այլևս չեմ անիծի, որովհետև մարդկանց միտքը մանկուց չարի ծառայության մեջ է» (Ծննդ. 8:21): Մանկությունից երեխան ավելի արագ սովորում է մեղքը, քան բարի բան, և շատ արագ ընդօրինակում է իր ծնողներից, շրջապատից չար սովորություններ, մեղքեր, իսկ երբ մեծանում է, դրանք այլևս արմատակալում, արմատներ են գցում իր հոգու, սրտի մեջ և այնուհետև շատ դժվարությամբ է ձերբազատվում չար սովորություններից: Իսկ մի բարի առաքինություն, աղոթասիրություն, պահք, ապաշխարություն ձեռք բերելու համար երկար չարչարանք է պետք, ամբողջ ուժով և զորությամբ պետք է պայքարել մարմնի երկրաքարշ բնության դեմ, որովհետև մեկ ուրիշ տեղ Քրիստոս ասում է. «…հզորներն են հափշտակում այն (Երկնքի Արքայությունը)» (Մատթ. 11:12): Իրապես, այն հզոր մարդիկ, ովքեր կարողանում են իշխել իրենց կրքերի և  մարմնի վրա, սանձել իրենց չար սովորությունները, միայն նրանք են կարողանում առաքինություն ձեռք բերել և հափշտակել Երկնքի Արքայությունը: Ուստի, Քրիստոս մեզ ասում է. «Զգույշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ…», իսկ դրա համար պետք է անդադար աղոթել, պետք է հսկել մտքի, հոգու և սրտի վրա: Անապատական հայրերն ասում են, որ երբ որևէ կերակուր կամ ճաշ կրակի վրա է դրված և դրա տակ մարմանդ կրակ է վառվում, ապա ճաշի կամ կաթի վրա երբեք զեռուններ, միջատներ կամ փոշի չի նստում, այլ միշտ մաքուր է լինում կաթի երեսը, իսկ երբ կրակը հանգցնում են, անմիջապես ամեն տեսակի միջատ, զեռուն, փոշի նստում է կաթի վրա: Ճիշտ այդպես էլ կաթի նման մաքուր է մեր հոգին, քանի դեռ նրա տակ վառվում է աղոթքի շնորհի կրակը. երբեմն ուժեղանում է կրակը, բորբոքվում է մեր մեջ աստվածային սերը, երբեմն` թուլանում է, բայց մշտապես պետք է վառվի այդ կրակը, որպեսզի հոգևոր ջերմությունը մեր սրտից, մեր հոգուց չդադարի, իսկ եթե մենք հանգցնենք աղոթքի և շնորհի կրակը, այսինքն` տրվենք զեխության, անառակության, աշխարհիկ հոգսերի, որոնք ևս մեղք են համարվում, ապա կհանգի մեր կրակը և ամեն տեսակի զեռուններ, միջատներ, այսինքն` ամեն տեսակի մեղքեր, չարի որոգայթներ և սատանայի խաբկանքներ կլցվեն մեր հոգու վրա, կսկսեն տանջել մեր խիղճը. մենք դժոխքի տանջանքները կզգանք մեր հոգու մեջ, երբ Աստծու շնորհը հեռանա մեզնից: Զգույշ լինենք Աստծու շնորհի հետ, այն շատ նուրբ է գործում մարդու հոգու հետ. միայն աղոթասեր, հոգևոր, առաքինի մարդու մեջ է միշտ վառվում, իսկ ով մարմնավոր է, մեղավոր, նյութական, ապա նրա մեջ Աստծու շնորհը չի կարողանում գործել, խեղդվում է:  

Վանականները նստած էին վանահոր առջև և լսում էին նրա խրատները: Վանահայրը խոսում էր հոգևոր բաներից և մինչ խոսում էր, չարը անընդհատ քուն էր բերում վանականների վրա. նրանց աչքերը ծանրանում էին, մի կերպ լսում էին: Եվ հասկացավ, որ չարի խաբկանքն էր այդ, որ վանականները չէին կարողանում լսել հոգևոր խոսքն ու խրատը: Ուստի, վանահայրը մի հնարք բանեցրեց` փոխեց խոսելու թեման, սկսեց առօրեական խնդիրներից, կենցաղից խոսել, թե ինչպես հողը մշակեն, ջրեն և այլն: Երբ թեման փոխեց, անմիջապես զվարթացան, արթնացան վանականները և մտան խոսք ու զրույցի մեջ: Եվ վանահայրն ասաց վանականներին, որ երբ ինքը խոսում էր հոգևոր թեմաներից, նրանք բոլորը քնած էին, իսկ երբ թեման փոխեց, սկսեց աշխարհիկ գործերի մասին խոսել, անմիջապես արթնացան: Ուրեմն, պետք է իմանալ, որ չարն է մեզ հետաքրքրություն և կայտառություն բերում, երբ խոսքը, զրույցը և գործը աշխարհին ու մեղքին է վերաբերվում, բայց երբ սկսում է հոգևոր զբաղվածություն լինել, այսինքն՝ երբ մենք պետք է աղոթենք, աշխատենք հանուն Աստծու և բարի գործեր անենք, ապա չարը ամեն կերպ խաբկանքներ ու արգելքներ է բերում, որպեսզի մենք չկարողանանք որևէ բարի բան անել: Ուստի մենք ճիգ ու ջանք պետք է գործադրենք բարին գործելիս, որովհետև չարը միշտ բարուն հակառակ է, բայց չարը միշտ պարտվում է բարուց, քանզի բարին պետք է հաղթանակի, սակայն մենք պետք է զորավիգ և աջակից լինենք բարուն:

Եվ Տերը շարունակում է և ասում. «Որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին» (Ղուկ. 21:35): Ո՞ր օրն է դա, որ պետք է որոգայթի նման հասնի: Նախ` մեր մահվան օրն է, որ իրապես որոգայթի նման պետք է հասնի մեր վրա և մենք չգիտենք, թե երբ կլինի այդ օրը. մահը ստույգ է, սակայն ժամանակն անստույգ: Մահվան մասին Բարաղամ ճգնավորը մի հետաքրքիր առակ է պատմում: Մի մարդ միեղջյուրից փախչելով հասնում է անդունդի եզրին և ոտքը սայթաքում ու ընկնում է անդունդը, սակայն ձեռքը մեկնում ու բռնվում է ծառից: Երբ աչքերը բացում է, տեսնում է որ ներքևում մի ահռելի վիշապ կա նստած, որն իր բերանից կրակ է դուրս հանում և սպասում է, թե երբ ինքը կընկնի, որ լափի իրեն: Երբ աչքը վերև է բարձրացնում, տեսնում է, որ երկու մկներ կրծում են ծառի այն ճյուղը, որից ինքը բռնվել է և որը շուտով պետք է կոտրվի և ինքն էլ ընկնի անդունդը: Բացի այդ, ծառի այն ճյուղին, որին ոտքն էր դրել, չորս օձեր մոտենում են, որպեսզի խայթեն իր գարշապարը: Եվ այս վշտի, սարսափի և տագնապի մեջ տեսնում է, որ ծառի փչակներից մեկից մեղր է ծորում: Եվ մոռանալով ամեն ինչ, գնում և ուզում է այդ մեղրից ուտել: Ճիշտ այսպես էլ մարդու կյանքն է. և ահա մարդը, երբ հասնում է մահվան շեմին և պետք է անդունդն ընկնի, որտեղ գեհենի կրակն է, վիշապը` սատանան է, որը գեհենի կրակի մեջ պատրաստվում է մեզ տանջանքների ենթարկել, և ահա մի կերպ ծառի ճյուղից բռնվում է, որն այս կյանքի ընթացքն է և տեսնում է, որ ծառի ճյուղը կրծում են երկու մկներ` սև և սպիտակ, այսինքն` գիշեր և ցերեկ, մշտապես կրծում են մեր կյանքի օրերը և մի օր կկտրվի այդ ծառի ճյուղը, այսինքն` մի օր կվերջանա մեր կյանքի ընթացքը, և ոտքերի տակ չորս օձերն են, որ կամենում են գարշապարը խայթել. չորս օձերը խորհրդանշում են չորս տարերքները` հողը, հուրը, ջուրը և օդը, որոնցից բաղկացած է մարդը, այսինքն` չորս տարերքները մեռած մարդու մեջ կամաց-կամաց սկսում են քայքայվել և տարրալուծվել: Սակայն այս ամբողջ վտանգը, ամբողջ վիշտը թողած մարդը տեսնում է, որ ծառի ճյուղից մեղր է հոսում և սկսում է ուտել այդ մեղրը. մեղրը խորհրդանշում է աշխարհի մեղքերն ու վայելքները: Այս ամբողջ տագնապն ու վտանգը մոռացած մարդիկ մեղքեր են գործում և իրապես նրանց համար որոգայթի նման կգա այդ օրը, այսինքն` ով մեղքերի մեջ զեխանում է, վայելքների ու հաճույքի մեջ թավալվում, ապա հանկարծակի կհասնի նրա վրա այդ օրը, երբ նա չի սպասի: Բայց մեզ` քրիստոնյաներիս, Քրիստոս հորդորում է և ասում. «Արթուն կացեք այսուհետև, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ» (Ղուկ. 21:36): Եվ Քրիստոս Իր զավակներին զգուշացնում է, որ եթե աղոթեն, բարեպաշտ լինեն, ապա նրանց վրա այդ օրը որոգայթի նման չի գալու, այլ նրանք սիրով պետք է սպասեն Տիրոջ գալուստին, որովհետև արդեն իսկ հրաժարված կլինեն աշխարհի ամեն ինչից` աշխարհի հոգսերից, մեղքերից և անօրինություններից: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մարմնից դուրս գալը և Քրիստոսի հետ լինելը ավելի լավ եմ համարում. իսկ մնալ այս մարմնի մեջ` առավել կարևոր է ձեզ համար: Եվ համոզված եմ ու գիտեմ, որ կմնամ ու կապրեմ ձեզ բոլորիդ հետ, որ դուք զարգանաք և ուրախ լինեք հավատի մեջ…» (Փիլ. 1:23-25): Ճիշտ այդպես մենք պետք է ապրենք. մեզ համար պետք է աշխարհն ու մարմինը մեռած լինեն, պետք է ապրենք միայն Տիրոջով, միայն հոգևոր առաքինություններով և սիրով սպասենք Տիրոջ գալուստին, և չպետք է սարսափենք Քրիստոսի գալուստից և մահվան օրվանից: Եվ, որպեսզի արժանի լինենք կանգնել մարդու Որդու առջև, Քրիստոս ասում է` «ամեն ժամ աղոթք արեք»: Ամեն ժամ աղոթել նշանակում է միտքը միշտ զբաղեցնել աղոթքով, հոգով միշտ խոսել Տիրոջ հետ, փորձել խաղաղության մեջ ապրել, ամեն տեսակի հոգս, վիշտ և նեղություն հանձնել Քրիստոսին և այդպես խաղաղության մեջ ապրել:

Հայր Մակարը գնում է վանքերից մեկը, տեսնում է վանահորն ու ասում. «Ինչպե՞ս եք դուք ապրում»: Վանահայրն ասում է. «Մենք միշտ աղոթում ենք, ոչ մի ձեռագործ չենք անում»: Հայր Մակարը հարցնում է. «Ի՞նչ գործ եք անում»: Վանահայրը պատասխանում է. «Մենք ձեռագործ չենք անում, մեր կենցաղավարությունն ավելի բարձր է, մենք միշտ աղոթում ենք»: Տեսնելով, որ հպարտ է խոսում վանահայրը, հայր Մակարը հարցնում է. «Իսկ երբ դուք քնում եք կամ ճաշում եք, ապա ո՞վ է ձեր փոխարեն աղոթում»: Ոչինչ չի կարողանում պատասխանել վանահայրը: Եվ հայր Մակարն ասում է. «Իսկ մենք այդպես չենք անում. մենք օրվա որոշակի մասը, բացի աղոթքից, ձեռագործ ենք անում և ձեռագործի ժամանակ սկսում ենք սաղմոսել. «Ողորմեա ինձ Աստուած ըստ մեծի ողորմութեան Քում. ըստ բազում գթութեան Քում քավեա զանօրենութիւնս իմ» (Սղմ. 50:3): Եվ հարցնում եմ ձեզ, մի՞թե սա աղոթք չէ, եթե ձեռագործի ժամանակ անդադար աղոթքի մեջ ենք. անպայման աղոթք է: Եվ ահա, այդ ձեռագործից ստացված գումարի մի մասը մենք բաժանում ենք աղքատներին և երբ քնում ենք, աղքատներն են մեր փոխարեն աղոթում: Եվ մի մասն էլ տալիս ենք եկեղեցուն և երբ ուտում ենք, եկեղեցում են մեզ համար աղոթում: Այսպիսով, դուրս եկավ, որ մենք Քրիստոսի խոսքը կատարում ենք, որ ասում է` «ամեն ժամ աղոթք արեք»»: Ուրեմն, մեր Տիրոջ պատգամը այս է, որ ամեն ժամ աղոթենք, և Ինքն էլ այդպես էր անում. Ավետարանում ասվում է. «Եվ ցերեկը ուսուցանում էր տաճարի մեջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրա, որը կոչվում էր Ձիթենյաց» (Ղուկ. 21:37), որտեղից պետք է համբարձվեր, քանզի Ձիթենյաց լեռից համբարձվեց մեր Տերը: Եվ ամբողջ ժողովուրդը առավոտները վաղ շտապում էր Նրա մոտ` տաճարում Նրան լսելու համար: Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի նման էր աղոթում Ս. Անտոն անապատականը. ամբողջ գիշեր աղոթում էր և չէր ուզում, որ արեգակը դուրս գար, որովհետև գիշերվա խաղաղությունն ու հանդարտությունը նրան կատարյալ հոգևոր անդորր էր շնորհել: Եվ երբ արեգակը պետք է ծագեր, ասում էր. «Արեգակ, մի ծագիր, մի քիչ էլ սպասիր, ինձ մի զրկիր աղոթքից»: Այսպիսին էին սուրբ հայրերը, նմանվում էին մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին: Մենք էլ փորձենք անդադար աղոթքի հոգին կրել մեր մեջ, որպեսզի արժանի լինենք Քրիստոսի երկրորդ գալուստին Նրա առջև կանգնելու և արդարանալու: Ամեն:

 

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան

          

01.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․