Գրքեր

Դատապարտված ննջեցյալները

- Հա՛յր, երբ մարդ մահանում է, ապա միանգամից հասկանո՞ւմ է, թե ինչ վիճակում է գտնվում:

- Այո, նա ուշքի է գալիս ու հարց տալիս իրեն. «Այս ի՞նչ եմ արել»: Բայց «ֆայդա յոխ»*, այսինքն այլևս օգուտ չկա այդ հարցը տալուց: Օրինակ՝ հարբեցողն սպանում է սեփական մորն ու ծիծաղում, երգեր է երգում, որովհետև չի հասկանում, թե ինչ է արել: Իսկ երբ գինովությունն անցնում է, նա սկսում է լաց լինել ու հարց տալ իրեն. «Այս ի՞նչ արեցի»: Նույնն էլ տեղի ունենում մեղավոր կյանքով ապրող մարդկանց հետ: Այդ մարդիկ հարբեցողների պես են: Նրանք չեն հասկանում, թե ինչ են անում, չեն զգում իրենց մեղքը: Սակայն, երբ մահանում են, (երկրային) գինովությունն անցնում է ու նրանք սթափվում են: Նրանց հոգևոր աչքերն են բացվում և նրանք հասկանում ենք իրենց մեղքը, որովհետև հոգին, մարմնից դուրս գալով՝ անհասանելի արագության շարժվում, տեսնում ու զգում է ամեն բան:

Որոշ մարդիկ անհանգստանում են, թե երբ է լինելու Երկրորդ Գալուստը: Սակայն, եթե կարելի է այդպես արտահայտվել, մահացող մարդու համար այն արդեն եկել է: Որովհետև մարդը դատվում է այն վիճակին համապատասխան, որում նրան մահը վրա է հասել:

- Հա՛յր, իսկ այժմ ի՞նչ են զգում դժոխքի տանջանքներում գտնվող մարդիկ:

- Այդ մարդիկ դատապարտված են: Խավար բանտում գտնվելով՝ նրանք իրենց երկրային կյանքում գործած մեղքերին համապատասխան տանջանք են զգում: Այդ մարդիկ վերջնական դատաստանին են սպասում՝ Քրիստոսի գալիք դատաստանին: Նրանց մեջ կան խիստ և հատուկ ռեժիմի դատապարտվածներ, բայց կան նաև ավելի թեթև պատիժ կրողներ:

- Իսկ սրբերն ու խելամիտ ավազակն (Ղուկ. 23:32-33, 39-43) այժմ ո՞ւր են:

- Սրբերն ու խելամիտ ավազակն այժմ Դրախտում են, սակայն նրանք դեռևս վերջնական փառքին չեն արժանացել, ճիշտ այնպես, ինչպես դժոխքում դատապարտվածները վերջնական մեղադրանքը չեն ստացել: Աստված դեռ քանի՜ դար առաջ է ասել. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3:2): Եվ չնայած դրան, Նա դեռ ձգում ու ձգում է ժամանակը, որովհետև մեր դարձին է սպասում**: Սակայն մենք, շարունակելով մեր կրքերի ու մեղքերի մեջ մնալ, անարդարացի ենք վարվում սրբերի նկատմամբ, որովհետև (մեր պատճառով) չեն կարող վերջնական փառքը ստանալ, որ պետք է Ահեղ Դատաստանից հետո ստանան:

 

* Թուրքերեն արտահայտություն է, որ նշանակում է «անիմաստ է»:

** «մեր» ասելով, Հայրը ողջ մարդկությունն ի նկատի ուներ:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

 

12.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․