Գրքեր

«Դիվահարների բժշկումը» տեսարանի պատկերագրական նկարաձևը

«Դիվահարների բժշկումը» տեսարանի պատկերագրական նմուշներ է ներկայացված Մատենադարանի № 7651 ձեռագրում: Մատթեոսի ավետարանում (8:28-34) խոսվում է երկու, Մարկոսի (5:1-20) և Ղուկասի (8:26-39) ավետարաններում՝ մեկական գերգեսացի դիվահարների մասին, որոնք բնակվում էին գերեզմանների մոտ: № 7651 ձեռագրում բացակայում են Մարկոսի և Ղուկասի մոտ հիշատակված շղթաները և ոտնակապերը, որ դիվահարը մոլեգնած խորտակում է: Փոքր ֆրիզաձև մանրանկարների հեղինակը դիվահարներին ներկայացրել է կիսամերկ և ոչ թե մերկ: Բացակայում են նաև դիվահարների բերանից դուրս եկող դևերը: Միշտ ձախում Քրիստոսն է պատկերված, աջում՝ դիվահարները: Դիվահարները խոնարհված են Տիրոջ առջև, ազդրերին շոր փաթաթած, մեկ այլ նկարում՝ ծնկաչոք, մարմինը փաթաթած շորով:  № 7651 ձեռագրի երեք նկարներից երկուսը  բաղկացած են երեք փուլից՝ ա) Քրիստոսը և դիվահարը. բ) ապշահար խոզարածները և ծովը թափված դիվահարված խոզերը. գ) Քրիստոսը աշակերտի հետ նավի մեջ է և ծովի վրա: Վերջին տեսարանը փաստորեն բժշկության տեսարանին չի վերաբերում, այլ զուտ սյուժետային հաջորդականության: Տարբեր է ձեռագրի մյուս՝ երրորդ նկարը, որ զուտ կենտրոնացած է բժշկության տեսարանի վրա:

Հանդիպում ենք նկարների, որտեղ պատկերված է Քրիստոսը և դիվահարը, վերջինիս բերանից դուրս է գալիս դևը: Կան նկարներ էլ, որտեղ պատկերվում են դիվահարները, խոզերն էլ ծովի մեջ: Այդպիսի պատկերագրական նկարաձևի ենք հանդիպում Սարգիս Պիծակի «Բժշկության ավետարանում». մի էջում տեքստի մեջ պատկերված է այն պահը, երբ Քրիստոսը դիվահարից դուրս է կորզում այսերին, իսկ հաջորդ էջում այսերը մտնում են խոզերի երամակի մեջ, որոնք կատաղած ծովն են նետվում, իսկ խոզարածները ահաբեկված՝ կենդանիների այդ տարօրինակ արարքից, ծովի հակառակ ուղղությամբ փախչում են: Հանդիպակած էջերում տեքստը պատմում է այդ երկու դրվագը, իսկ պատկերները վերարտադրում են դրանք:

Սարգիս Պիծակը միշտ էլ գտնում է նրբին մի եղանակ՝ իր կերպարներին հաղորդելու կենդանի հույզ՝ նրանց հանդեպ հարուցելով սեր և կարեկցանք: «Բժշկության ավետարանի» դիվահարներին նկարիչը պատկերել է ծնոտը սրված, քիթը խոշոր, ճակատն էլ նեղ: Պիծակն այդպիսի պրոֆիլով է օժտել այն պերսոնաժներին, որոնց մեջ դև է մտել:

Հրաշագործությունների շարքում կիլիկյան մանրանկարիչների մոտ դիվահարի փրկության դրվագում Տիրոջ ձեռքի հրաշագործ շարժումով պիղծ ոգիները դուրս են թռչում նրա բերանից: Դրանք երբեմն լինում են չղջիկների տեսքով, երբեմն էլ՝ սողունի մարմնով, միայն թե վայրի թռչնի գլխով:

«Բժշկության ավետարանը» ուշագրավ է ոչ միայն իր թեմատիկայով, այլև՝ բարձր արվեստով: «Երկու դիվահարների բժշկումը» ձեռագրի ամենագեղեցիկ պատկերազարդ էջերից մեկն է: Էջի վերևի մասում՝ ձախից նկարված են Պետրոս առաքյալը և Հիսուսը, իսկ աջից՝ երկու դիվահարներ: Էջն այնպես է դասավորված, որ ցածի մասից մինչև նրա կեսը բարձրանում է տեքստը, ապա այն երկու կողմից սեղանաձև հատվում է՝ ձախում առաքյալի և Հիսուսի, աջում՝ երկու դիվահարների նկարներով: Ձախում Հիսուսի ֆիգուրը ծածկում է առաքյալին գրեթե կեսից, աջում՝ երկու դիվահարները նկարված են կողք-կողքի: Նկարում չկա ոչ մի կողմնակի զարդ և ավելորդ խորհրդանիշ: Հանդիպակած էջում միայն տեքստն է, և դա դյուրացնում է նկարի ընկալումը, շեշտում՝ նրա բովանդակությունը: Գույները ցայտուն են: Դեղին-կանաչ-կապույտ-կարմիր միացությունը ոսկու հետ է տրված: Ձախակողմյան դիվահարի հագուստի կարմիրի և կապույտի հնչեղությունը խլացվում է աջակողմյան դիվահարի հագուստի մեղմ վարդագույնի ու դեղնականաչի հարևանությամբ:

Նկարի ձախ խումբը Հիսուսն է առաքյալներից մեկի (Պետրոսի) հետ: Առաքյալը հագել է ոսկեշող պարեգոտ և կապույտ տունիկա: Գլխի ու մարմնի մոտավորապես 1/5 անկանոն համամասնությունը խիստ չի զգացվում, որովհետև ֆիգուրը վարպետորեն է նկարված: Պիծակը սիրում է թեթևակի նշել ուրվագիծը, որոնք ամբողջացնում ու եզրափակում են ֆիգուրը: Գլուխը, մազերը, մորուքը ուրվագծված են սևով և մուգ դարչնագույնով, բայց բարձր ճաշակով ու նրբությամբ, հատկապես աչքերի, հոնքերի և առհասարակ դեմքի վրա: Առաքյալի դեմքին պահպանված է մագաղաթի գույնը: Դեմքը երեք քառորդով թեքված է աջ՝ դեպի Հիսուսը: Աչքերի կոպերի համար նկարիչը երբեմն օգտագործում է կարմիրը, բայց այնքան բարակ ու նուրբ, որ այն միաձուլվում է աչքի սևի հետ: Նուրբ կարմրով նշվում է նաև բերանը՝ մորուքի ու բեղերի միջև: Քթի ստվերը նշված է մեղմ կապտավունով, իսկ լուսավոր մասը նկարիչը թողել է մագաղաթի գույնը: Այտերի մոտ մաշկի թեթևակի լոկալ գույն է դրված: Մազերը և մորուքը սպիտակավուն են՝ ոճավորված գանգուրների տեսքով, որ հավանաբար գալիս է անտիկ շրջանից՝ բյուզանդական մշակումով: Մազերի ալեխառնությունն ստացվել է բաց գորշավուն, սպիտակ և սև բծիկներով ու գծիկներով, ընդ որում, ամենից նուրբ ու բարակ նշված են սպիտակները:

Հիսուսի կերպարանքը, ինչպես ասվեց, ծածկում է առաքյալին: Նա մեղմ, բայց թեթև ու ճկուն շարժման մեջ է: Հիսուսի գլխի և մարմնի 1/4 համամասնությունը ավելի անկանոն է, քան առաքյալինը: Բայց այդ «անկանոնությունը» չի զգացվում, որովհետև կերպարանքը նկարված է մեծ վարպետությամբ: Նրա շագանակագույն մազերը ասես «շարունակվում» են իբրև բաց մելանագույն պատմուճան: Տունիկան զրնգուն կապույտով է նկարված: Հիսուսի աչքերի արտահայտությունը սևեռուն է:

Հիսուսի առաջին պլանի (աջ) ոտքը մի փոքր ետ է քաշված: Այդ պատճառով պարեգոտի վրա առաջացել են նուրբ ծալքեր՝ նշված բարակ սպիտակ գծիկներով: Նա աջով սաստում է դևերին, իսկ մեկնված ձախ ձեռքի թևքից գեղեցիկ ծալքերով իջնում է պարեգոտի ծոպը: Ուրվագծերը տարբեր գույներով են:

Ավելի ակտիվ շարժման մեջ են դիվահարները՝ հատկապես կտրուկ գույների շնորհիվ, որոնք ավելի են շեշտում դիվահարությունը, քան դեմքերի արտահայտությունները: Նրանց զգեստները յուրահատուկ են: Աջակողմյանի ձախ թևքը և աջ ոտքը ծածկված է խուլ վարդագույն, կրծքի խորքի մասը և առաջին պլանի ոտքը՝ կանաչ, դեղնախառը ուժեղ և տաք ծալքերանգներով: Ձախակողմյան դիվահարի հագուստին կապույտի և ալ-կարմիրի նույնօրինակ հարաբերություն է: Նրանցից դուրս եկող դևերը մոխրագույն են՝ թռչնակերպ, մուգ սևավուն գծերով նշված փետրաձևերով: Դևերը դուրս են գալիս դիվահարների բերանից: Դիվահարները ծնկաչոք ասես սահում են դեպի Փրկիչը, ձեռքերն առաջ մեկնած: Նրանց դեմքերը ավելի անկանոն են նկարված: Անմորուք են, շագանակագույն մազերով, աջ դիվահարի մազերի վրա դրված են սև երանգներ: Այս պատկերի ֆիգուրներում ծանրություն չի զգացվում, նրանք բոլորն էլ սահում են ինչ-որ վակուումային տարածության մեջ, որ մագաղաթի ֆոնն է:

Ձեռագրի մյուս էջերում արդեն վարպետը պատկերել է դիվահարի բժշկման միևնույն պատմության տարբեր փուլերը: Այդ իմաստով, անկախ պատկերման եղանակից, նկարներին տրվել է պատմողական բնույթ: Մի էջում պատկերված է այն պահը, երբ այսահարը՝ Հիսուսին տեսնելով հեռվից «ընթացաւ և երկիր եպագ նմա. աղաղակեաց ի ձայն մեծ և ասէ. Զի՞ կայ իմ և քո, Յիսուս որդի Աստուծոյ բարձրելոյ. երդմնեցուցանեմ զքեզ յԱստուած, մի՛ տանջէր զիս»: Մյուս՝ հանդիպակաց էջում պատկերված է այն պահը, երբ Հիսուսն արձակում է նրա միջի դևերին, որոնք «մտին ի խոզսն, և դիմեաց երամակն ի դարէ անտի ի ծովն…Եվ խոզարածքն փախեան, և պատմեցին ի քաղաքին և յագարակս…» (Մարկ. 5:1-14):

Մեկ այլ էջում նկարն արված է տեքստի վերևում: Հիսուսը երկու պիղծ այս (դև) է հանում դիվահարից: Նրա կիսաֆիգուրը մեջքի կողմից հավասար բարձրանում է տեքստի հետ՝ չխախտելով լուսանցքը: Միայն լուսապսակի սկավառակն է մասամբ անցնում լուսանցքի դաշտը: Հիսուսի գլուխը պատկերված է սովորական երեք քառորդ դիրքով: Քիթը և աչքերը ներկայացված են թեթև լույս և ստվերի միջոցով, սրճագույն պարեգոտի ծալքերը՝ նշված սպիտակ, ճաշակով նրբագծված գծիկներով: Եվ այդ գծիկները թեզանիքի կապույտ, պինդ ծեփված ճերմակափայլ ծալքերի հետ մտնում են գրավիչ ռիթմիկ խաղի մեջ: Ձեռքերը նուրբ են: Կանգունի չնչին կորությամբ նկարիչն ստեղծում է փափկության և ճկունության պատրանք: Աջը օրհնության ժեստ ունի: Ձախով բռնել է կարմիր փաթեթ:

Այսահարը պատկերված է ծնրադիր: Գլխի և մարմնի փոխհարաբերությունը բավականաչափ կանոնավոր է, մարմինը՝ բարեձև, ունի փափուկ կապտա-դեղնավուն ստվերաձևեր և ուրվագծեր, որոնք մարմնին փղոսկրյա փայլ են տալիս:

Ի դեպ, այս ձեռագրում ևս Պիծակը նկատելիորեն խուսափում է կտրուկ շարժումներից, գունախաղերից՝ միշտ պահպանելով զուսպ կեցվածքներ: Ֆիգուրների համար նկարիչը տեքստում բաց է թողնում ուղղանկյունաձև «պատուհաններ»: Մի ուղղանկյուն բացված է այսահարի հորիզոնական ծալված ոտքերի տեղադրման, երկրորդը՝ մարմնի, երրորդը՝ նրա գլխի և այսերի տեղադրման համար: Մի ուղղանկյուն, որ ձախից հատում է տեքստը, ընդգրկում է Հիսուսի կիսանդրին: Վերջապես մեկ այլ ուղղանկյուն բացված է դիվահարի ձեռքերի տեղադրման համար:

Այսահարը հագել է վարտիք՝ կապտավուն երանգի, որը մոտենում է սպիտակի հետ խառնված ուլտրամարինի: Ծալքերի կոնտրաստներն այստեղ այնքան ուժեղ չեն, ինչպես Հիսուսի թեզանիքում: Նրա գլուխը եռանկյունաձև է, թուխ մազերով: Գլխի եռանկյունի ձևը կազմվում է մորուքի շնորհիվ: Այն իր հերթին առնված է մեկ ուրիշ, շատ ավելի մեծ եռանկյան մեջ, որ նրա հետ կազմում են երկու կողմից ելնող այսերը:

Պիղծ ոգիներն ունեն թևավոր երեխաների կերպարանք, նկարված են մոխրագույն-սպիտակ գծիկներով ու սև, համեմատաբար հաստ, կոպիտ ուրվագծերով: Թևերի գլխամասերը ծեփված են սպիտակով: Դրանք այլանդակ, դեգեներատ երեխաներ են, որ իրենց այլանդակությամբ, կոպտությամբ հակասության մեջ են Հիսուսի և դիվահարի նրբագեղ ֆիգուրների հետ:

Սարգիս Պիծակի նկարազարդած ձեռագրի մեկ այլ էջում պատկերված նկարն ավելի պայմանական է: Աջում ոսկեգույն կորագծերով շրջանակված մակերեսում բաց և մուգ կապույտներով ալիքաձև գծեր են, որոնք ծով են նշանակում, իսկ կապույտով և սպիտակով արված պարույրները՝ ալիքներ ու փրփուրներ: Այս մակերեսի մեջ կան կարմիր օխրայով, մուգ մոխրագույնով արված զանգվածներ, հորիզոնական դիրքով շարված միմյանց վրա, որոնք նման են գետաձիերի: Դրանք բարձունքից ծովն ընկած խոզերն են, որոնց մեջ էին մտել դիվահարից դուրս նետված այսերը: Թեթև սև բծիկները, որ արված են կարմիր խուլ օխրայի զանգվածների վրա, ակնարկում են խոզի մազերը: Սև խոզերի վրա նշված են սպիտակ կետերով մանր աչքեր, կարմրավուն խոզերի աչքերը՝ սև և փոքր-ինչ բաց գույնով կոր բծեր: Նրանց վրայով ևս անցնում են կարմրասպիտակավուն ալիքաձև գծեր:

Ծովային այդ «խորհրդանիշից» աջ նկարված են երկու խոզարածներ, որոնք, ահաբեկված անսովոր տեսարանից, խուճապահար հեռանում են ծովի հակառակ ուղղությամբ: Նրանցից մեկը մանկադեմ է, մյուսը՝ երիտասարդ, փոքր մորուքով: Նրանք երկուսն էլ ունեն նույն շարժումը, երկուսն էլ, չնայած նկարի եղծվածությանը, ասես վերցված են իրականությունից, հատկապես հասակավորը, որի մազերի տակից երևում է բացվող ճակատը, հոնքերը վեր են քաշած, աչքերն ունեն նեղ կտրվածք, որ տալիս է փոքր-ինչ քնատ տեսք:

Մանրանկարիչ Հովհաննես Խիզանցու նկարազարդած № 3717 Ավետարանում հատկապես հետաքրքրական են դիվահարի և լալկանների կերպարների պատկերագրական ու գեղարվեստական մեկնաբանությունները: Առաջինը չափերով բավական մեծ է, ոտքերն ու ձեռքերը կապված են, մարմինը ներկայացված է անբնական ու ջղաձիգ անկման մեջ, մազերը երկար են ու խռիվ: Նմանատիպ մազերով են նաև լալկանները: Ակնհայտ է, որ Հովհաննես Խիզանցու օգտագործած գաղափար օրինակի պատկերագրությունը նրանց և դիվահարի միջև հավասարության նշան է դնում: Դա պատահական չէ: Միջնադարում լալկանների նկատմամբ բացասական վերաբերմունք կար: Համարվում էր, որ այդ «մասնագիտությունը» էությամբ հեթանոսական է:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

24.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․