Գրքեր

Դրախտ կամ կյանքի բարեկեցիկ պայմաններ

Մեծ Պահքի առաջին կիրակին կոչվում է բարեկենդան: Այս բառը նշանակում է զվարթություն և խնդություն, և այդ օրը պետք է ուրախություն անենք, պարարտ կերակուրներ ուտենք, որովհետև հաջորդ օրվանից պետք է պահք պահենք և զղջանք մեր գործած մեղքերի համար: Այդ օրվա ուրախությունը մեզ հիշեցնում է առաջին մարդկանց երջանկությունը դրախտում:

Իրենց նպատակին հասնելով` մարդիկ ցանկանում են մեկ այլ նպատակի իրականացում, և մարդը չի կարողանում իր ցանկություններին հագեցում, բավականացում գտնել: Թվում է, թե մենք ժառանգել ենք մեր նախածնողների կարոտը դրախտի հանդեպ և դրախտը կորցնելու ցավն ու թախիծը: Այս զգացումով մարդկությունը պատմության ընթացքում ցանկացել է դրախտներ ստեղծել երկրի վրա: Այդ փորձերը եղել են առանց Եկեղեցու և հոգևորի անտեսումով ու պատմության մեջ վերածվել են փորձությունների: 16-րդ դարում, երբ առաջ եկավ բողոքականությունը, բողոքական դարձած երկրներում փոխվեցին բոլոր եկեղեցական տոները, և փակվեցին վանքերը: Այս օրինակով 18-րդ դարի վերջում ֆրանսիական հեղափոխականները զրկեցին հոգևորականներին իրենց տիտղոսներից և եկեղեցական տոները փոխարինեցին հեղափոխական տոներով: Ֆրանսիական մեծ հեղափոխությունն ընթացավ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» նշանաբանով, սակայն հեղափոխությունը չկարողացավ իրագործել այս առաքինի գաղափարները: Գրեթե նույն ժամանակներում Անգլիայում անգլիական սահմանադրության հիմքում ընկած էր առաջին հերթին ոչ թե մարդկության, այլ հատկապես անձի երջանկության նպատակը:

Հետաքրքրական է պոզիտիվիզմի տեսությունը: Այն ենթադրում էր, որ կապիտալիզմը պետք է դառնա ավելի և ավելի կատարյալ, որի արդյունքում կձևավորվեր ծաղկող հասարակություն: Սակայն ուտոպիստներն առարկում էին պոզիտիվիզմի դեմ` ասելով, որ երկրի վրա դրախտային պայմաններ ստեղծելու համար բացի բարգավաճող հասարակությունից անհրաժեշտ է նաև աշխատանքի արդյունքների հավասար բաժանում: Այնուհետև առաջ եկավ մարքսիզմը` ուսուցանելով, որ երկրում դրախտ, այսինքն` ապահով և բարօր պայմաններ հաստատելու համար անհրաժեշտ է վերացնել մասնավոր սեփականությունը` հաստատելով հասարակական սեփականություն:

Նույնիսկ անտիկ ժամանակաշրջանում փիլիսոփաներն ու գիտնականները մտածում էին կատարյալ քաղաքական համակարգ ձևավորելու մասին: Հույն բանաստեղծ Հեսիոդոսը, ով ապրել է Ն.Ք. 8-7-րդ դարերում, մարդկության պատմությունը բաժանում է հինգ շրջանների` աստվածային, ոսկյա, արծաթյա, պղնձե և երկաթե: Նա ասում էր, որ մարդկության պատմության լավագույն շրջանն անցյալում է, և ապագայում առավել վատ մասն է գալու: Հունական մեկ այլ հայտնի փիլիսոփա և մտածող Պյութագորասը, ով ապրել է Ն.Ք. 6-րդ դարում, շեշտում էր պատմության շրջանային հասկացության տեսությունը` ասելով, որ երեք փուլեր կան` ծագում, զարգացում և վախճան: Հետևաբար, որևէ երկիր կամ պետություն անցնում է այս շրջանաձև ճանապարհով:

Պատմությունը ցույց է տվել, որ երկրում դրախտ հաստատելու բոլոր փորձերն ավարտվել են մեծ անհաջողություններով: Մարդը չի կարող դրախտ հաստատել աշխարհում, իր երկրում, իր ընտանիքում` դրախտից արտաքսված լինելով: Այդ նպատակի իրականացման համար նա պետք է կրկին արժանավոր դառնա և ստանա դրախտը: Առաջնային իմաստով իրական դրախտը Աստծո ներկայությունն է, որ մարդ զգում է իր շուրջը և իր ներաշխարհում, քանզի առանց դրա շատերի պատկերացրած առատ բուսականությամբ և կլիմայական հաճելի պայմաններով դրախտը վերածվում է սովորական պուրակի կամ զբոսայգու: Քրիստոս ևս հաստատեց, որ Աստծո Արքայությունը նաև մարդու ներսում է (Ղուկ. 17.21): Եվ այս այլաբանական իմաստով մենք պետք է ձգտենք հասնելու դրախտի, այսինքն` Աստծո իրական ներկայության: Դրանից հետո մենք կարող ենք հաստատել կյանքի եթե ոչ դրախտային, ապա գոնե մարդկային արժանավայել պայմաններ աշխարհում, մեր երկրում և մեր ընտանիքներում:

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

10.06.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․