Գրքեր

ԴՐՈՇՄ

Դրոշմ. Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ սրբության

Միւռոնով պայծառացած ճակատին համար կ’ըսենք. «հայո՛ւ ճակատ». միւռոնուած մանուկի համար կ’ըսենք. «հայո՛ւ որդի». երբ մկրտութենէն անմիջապես ետք երեխան դրոշմի օծումն ընդունի իր ճակատին՝ կ’ըսենք. «Ահա հիմա հայացաւ» (Գարեգին Ա):

Ստանում ենք Սուրբ Հոգու շնորհները

«Նայի՛ր արևի ճառագայթին. յուրաքանչյուր անձ, որի վրա քնքշորեն ընկնում է լույսը, զվարճանում է. կարծես թե արեգակը ծնվել է միայն այդ անձի համար, բայց և այն լուսավորում է երկիրն ու ծովերը և խառնվում օդի հետ: Նույն կերպ Հոգին է տրվում ամեն մեկին, ով ընդունում է, որով թվում է, թե այն պատկանում էր միայն այդ անձին, սակայն նա հղում է բավական շնորհներ՝ ամբողջ տիեզերքը լցնելու համար: Ով որ մասնակից է դառնում այդ շնորհին, լցվում է ուրախությամբ՝ ըստ իր կարողության, բնական կարողությամբ, այլ ոչ թե իր ուժով»,- գրում է Սբ. Բարսեղ Մեծը իր իմացության գանձարանից:

Սուրբ Հոգու շնորհներին մասնակից է դառնում ողջ տիեզերքը և մասնակից է դառնում դրոշմի խորհրդի միջոցով, որը յոթ խորհուրդներից երկրորդն է: Այն անմիջապես հաջորդում է մկրտության խորհրդին Քրիստոսի օրինակի համաձայն, երբ մկրտվելուց անմիջապես հետո մեր Տիրոջ վրա իջավ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով (Ղուկաս 3.22):

Խորհրդի նյութը

Սուրբ Հոգու կնիքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում տրվում է սուրբ մյուռոնով:

Մկրտվածը սրբալույս մյուռոնի դրոշմամբ ընդունում է Սուրբ Հոգու շնորհը, որը նրան հոգեպես զորացնում է, հավատն ամրացնում: Այն ունի բարերար ու սրբարար, շնորհագործող ու բարեզարդ ներգործություն:

Մյուռոնը դրոշմի նյութն է, որն անուշահոտ յուղ է, բաղկացած ձիթապտղի յուղից, բալասանից, 40-ից ավելի անուշահոտ նյութերից և խորհրդանշում է Սուրբ Հոգուն: Սրբարար այս յուղը օրհնվում է աղոթքով և հատուկ արարողությամբ: Մյուռոնօրհնեքի այս նվիրական արարողությունը վերապահված է կաթողիկոսին:

Դրոշմի խորհուրդը, ինչպես և մկրտությունը անկրկնելի է: Այս խորհուրդը ընդունելուց հետո է մկրտվողը դառնում քրիստոնյա: Դրոշմել բառի փոխարեն սովորաբար գործածվում է «կնքել» բառը, և քանի որ դրոշմը Սուրբ Հոգու կնիքն է մեզ վրա, այդ պատճառով մկրտությունը և դրոշմը հաճախ անվանվում են «կնունք»:

Ինչպե՞ս է կատարվում խորհուրդը

Մկրտությունից անմիջապես հետո քահանան աղոթում է՝ ասելով. «Աստվածգիտության լույսը ծագեցնելով քո արարածի վրա, Քրիստոս Աստված, այժմ սրբեցիր, ազատեցիր այս ծառայիդ և տվեցիր նրան որդեգրության պարգևը…», և մյուռոնը լցնելով ափի մեջ, երգում է «Որ յառաջագոյն յօրէնս» շարականը և կնքում սուրբ յուղով մկրտվածի ճակատը, այնուհետև աչքերը, ականջները, հոտոտելիքը, բերանը, ձեռքերը, սիրտը, մեջքն ու ոտքերը: Այդ տեղերը դրոշմվելով՝ մանուկն օրհնությամբ ստանում է մտքի արթնություն, աչքերի լուսավորություն դեպի փրկություն, ականջների լսելություն Աստծո պատվիրանների, հավիտենական կյանքի հոտառություն, բերանի պահպանություն, ձեռքի բարեգործություն, սրտի սրբություն և հոգու ուղղություն՝ ըստ սաղմոսի (Ծ), մեջքի ամրություն չարի դեմ և ոտքերի ուղիղ ընթացք դեպի հավիտենական կյանք: Ապա մկրտվողին հագցնում են նոր, սպիտակ հանդերձ, կապում են նարոտը և երկու մոմ հանձնում կնքահոր ձեռքը, որպեսզի լույսը լինի մկրտվածի կյանքի առաջնորդը: Այնուհետև մանկանը տանում են Սուրբ Սեղան և սրբությամբ երկրպագելուց

հետո նրան Սուրբ Հաղորդություն տալիս: Չափահասները ճաշակում են Սուրբ Հաղորդությունը, իսկ նորածիններին միայն շրթնահաղորդ անում, այսինքն՝ շրթունքներին են հպում, քանի որ նրանք չեն կարող ճաշակել: Այդ կարգը վերջացնելուց և աղոթքներ ասելուց հետո համբուրում են մկրտվածին, որը խորհրդանշում է նրա և Աստծո միջև հաշտության ուխտի հաստատումը:

Մեռոնահան է անվանվում մկրտությունից հետո երեխային առաջին անգամ լողացնելը: Հնում, ինչպես որ ընդունված է նորածինների համար ութերորդ օրը մկրտել (Հայ եկեղեցին այս կարգը պահպանել է մինչ այսօր), այնպես էլ նոր մկրտվածների համար, որպես նոր ծնվածներ, ութերորդ օրը «մյուռոնից հանում էին»՝ լվանալով դրոշմված մասերը: Շատ զգուշությամբ էին վարվում նոր մկրտվածի հետ՝ մաքուր պահելով դրոշմված տեղերը (չափահասները իրենք էին հոգ տանում): Քահանան ութերորդ օրը գնում էր մկրտվածի տուն և լվանալուց հետո ասում. «Արդարացար, սրբեցար, զօրացիր, յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ»:

Այսօր, մեր մեջ տարածված է ոչ թե ութնօրեքին մյուռոնից հանելը, այլ՝ երրորդ օրը, որը հավանաբար նոր սովորություն է: Լվանալուց հետո այդ ջուրը մեծ զգուշությամբ թափում էին մաքուր տեղ:

Դրոշմի արդյունքը

«Դրոշմը հաստատության խորհուրդ է, զորացնելու և քաջ դարձնելու համար» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

Խորհրդի արդյունքը Սուրբ Հոգու շնորհն է, որով երկնային զորության կնիքն է հաստատվում մկրտվողի ճակատին՝ նրան զորացնելու, հաստատելու և պահպանելու համար: Դրոշմից հետո մկրտյալը դառնում է Քրիստոսի եկեղեցու անդամ:

Մկրտությունը, դրոշմը դուռ և ճանապարհ են մյուս խորհուրդների: Այս խորհուրդների միջոցով ձեռնամուխ ենք լինում ապրելու եկեղեցու կյանքով՝ Քրիստոսի կյանքով, և ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը:

 

29.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․