Գրքեր

«Դու հավատում ես, որ մեկ Աստված կա, չէ՞. շատ լավ ես անում, բայց դևերն էլ են նույն բանին հավատում….»

Սբ. Պողոս առաքյալն Եբրայեցիներին ուղղված իր նամակում հետևյալ հարցադրումն է անում՝ ի՞նչ է հավատը, ապա՝ պատասխանում. «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում» (Եբրայեցիներ 11:1):

Հավատքը մեծագույն պարգև է Աստծո կողմից մարդուն տրված, այն քրիստոնյայի համար հոգևոր մի ուժ է: Ռուս մանկավարժ Կ. Դ. Ուշինսկին գրել է. «Հավատը դա երկնային մի գանձ է, որ տրված է մարդուն Արարչից, ինչպես դրախտը Ադամին, որպեսզի այն «խնամի և մշակի»»:

Ռուս հայտնի բժիշկ, ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Ն. Ի. Պիրոգովն (19-րդ դար) ասել է, որ հավատը մարդու մեջ հոգեբանական մի այնպիսի ընդունակություն է, որով նա առավել քան տարբերվում է կենդանուց:

Երեքամյա քարոզչության ընթացքում Հիսուս Քրիստոսի գործած բոլոր հրաշքներն ու բժշկությունները հիմնված էին միայն հավատքի վրա: Մեր Տերն Իր հայրենի քաղաքում՝ Նազարեթում, չկարողացավ որևէ հրաշք գործել, այլ միայն սակավաթիվ մարդկանց բժշկեց՝ նրանց վրա դնելով Իր ձեռքերը: Նա զարմանում էր Իր համաքաղաքացիների անհավատության վրա (Մարկոս 6:5):

Աստված չի հարկադրում մարդուն հավատքի մեջ: Եկեղեցու հայրերից մեկն ասել է. «Հիշեք, որ Աստված տվել է մեզ ազատություն, եթե Աստված չտար այդ ազատությունը, ապա կոչնչացներ և հավատքի ուղին ու մարդկանց դեպի Իրեն կբերեր հարկադրական գիտությամբ: Երբեմն որոշները տգիտաբար ասում են՝ կհավատանք Աստծուն, եթե ապացուցեք մեզ Նրա գոյությունը… Ապացուցելու դեպքում չի կարող լինել հավատք, այլ կլինի հարկադրական գիտություն, այդ դեպքում չի լինի և փրկության ուղին»:

Աստծո արդար դատաստանը խանգարում է մեղավորին ապրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում և իր հանգստության համար նա անհրաժեշտություն ունի իր սրտում ասել, թե՝ Աստված չկա (Սաղմոս 13:1): «Ոչ ոք չի ժխտում Աստծուն, եթե ոչ նա, ով հետաքրքրված է նրանում, որ Նա՝ Աստված, չլինի»,-ասել է Սբ. Օգոստինոսը: Անգամ Աստծուն չհավատալով՝ հնարավոր չէ չհամաձայնվել այն փաստի հետ, որ մարդը լիարժեք հանգստություն և ուրախություն է ապրում՝ հավատալով Աստծուն: Քանի որ այս համոզմունքը տարբեր պայմաններում գտնվող միլիոնավոր մարդկանց փորձառությունն է, այդ փորձառությամբ է ապրում և եկեղեցին:

Անսահմանելի մեծ արժեք է փրկարար հավատը, որը մարդկային հոգու առջև բացում է դուռը Երկնային Արքայության, որը «մեր ներսում է» (Ղուկաս 17:21):

Այս մեծագույն պարգևը՝ հավատը, տրվում է մարդուն խոնարհության և ապաշխարության առկայությամբ: Սիլուան վանականը գրել է. «Հպարտ մարդն իր մտքով և գիտությամբ

ցանկանում է ճանաչել ամեն ինչ, բայց նրան տրված չէ աստվածճանաչողությունը, քանի որ Աստված միայն խոնարհ հոգիներին է Իրեն բացահայտում: Աստվածճանաչողության համար հարկավոր չէ ունենալ գիտելիք, բայց հարկավոր է ունենալ խոնարհ հոգի: Հավատը չի կարող տրվել հպարտ սիրտ ունեցողներին, եսասերներին, կրքերի ենթակայության տակ գտնվողներին, այդպիսի սրտերը չեն կարող կրել հավատի պարգևները, քանի որ հավատը պարտավորեցնում է շատ բաների՝ առավել ևս զոհաբերվող սիրո սխրանքին»:

Որպեսզի հավատն իրապես փրկարար լինի, մի քանի պայմաններ է անհրաժեշտ: Սբ. Հակոբոս Տեառնեղբայրն ասել է. «Դու հավատում ես, որ մեկ Աստված կա, չէ՞. շատ լավ ես անում, բայց դևերն էլ են նույն բանին հավատում և սարսափում» (Հակոբոս 2:19), այնինչ դևերը, այդ «հավատքի» մեջ լինելով, սպասում են հատուցմանը՝ փրկությունից դուրս: Ուստի փրկարար հավատը կայանում է միայն գործերով, քանի որ՝ հավատն առանձին, առանց գործերի մեռած է (Հակոբոս 2:17): Այս ամենին Սբ. Պողոս առաքյալն ավելացնում է. «Եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ» (Ա Կորնթացիներ 13:2):

«Հարսանիքին հրավիրվածների առակ»-ում Տերը հարսանիքից դուրս է վռնդում այն անձին, ով հարսանիքին պատշաճ հագուստով չէր ներկայացել, այսինքն, ըստ մեկնիչների, ուներ հավատ, բայց չէր կրում սիրո և ողորմածության հագուստը: Այսպիսով, սիրո գործերը կենդանացնում են հավատքը: Այդ պատճառով Սբ. Պողոս առաքյալը փրկության հիմքում դնում է հավատը, հույսը և սերը՝ երեքից մեծագույնը համարելով սերը (Ա Կորնթացիներ 13:13):

«Հավատը, ինչպես և սերը չի տրվում անմիջապես և հեշտությամբ, այն պետք է փնտրել, ձգտելով դրան, և միայն ժամանակի ընթացքում հոգևոր ջանադիր աշխատանքից հետո է, որ հավատը գրավում է մարդու ներքին էությունը՝ դառնալով նրա համար կենսական նշանակություն ունեցող գոյության նպատակ» (Սբ. Արսեն):

Հրեաների Քրիստոսին ուղղված այն հարցին, թե ի՞նչ անենք, որ Աստծո ուզած գործերը կատարած լինենք, Հիսուս պատասխանեց. «Աստծո ուզած գործն այն է, որ դուք հավատաք Նրան, Ում Նա ուղարկեց» (Հովհաննես 6:28-29), իսկ թերահավատ Թովմասին Քրիստոս ասաց՝ դու հավատացիր, որովհետև Ինձ տեսար, չէ՛. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանձ Ինձ տեսնելու (Հովհաննես 20:29):

Իսկ հավատը մեր մեջ պահպանվում, աճում և ամրանում է՝ Տիրոջ խոսքը լսելով. «Հավատը ծնունդ է առնում քարոզչությունը լսելիս, իսկ քարոզչությունը հավատ է արթնացնում, երբ Քրիստոսի խոսքերն են քարոզվում» (Հռոմեացիներ 10:17): Այդ իսկ պատճառով հավատը կարող է մարել, երբ մարդը գիտակցաբար չի զղջում իր մեղքերը, հոժարակամ գտնվում է անհավատ միջավայրում կամ էլ հակաքրիստոնեական գրքեր է ընթերցում: Մեծագույն սրբերից Սբ. Անտոն Եգիպտացին, անմիջապես դադարեցնում է խոսկացությունը մի անձի հետ, երբ իմանում է, որ նա հերետիկոս է:

Եթե հոգին համեմատենք այգու հետ, ապա ինչպես ամեն մի առաքինություն, հավատն էլ նուրբ մի ծաղիկ է, որն անհրաժեշտ է սիրով աճեցնել՝ զգուշորեն պահպանելով բազմաթիվ վնասներից՝ մեղքերից, առավել ևս մահացու մեղքերից, որ մահացու վերքեր են հասցնում:

 

Կարինե Սուգիկյան

02.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․